Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԿՆՈՑ 227

ԱԿՆԱԴԻՏՈՒՄ, օֆթալմոսկոպիա (<հուն. όφθαλμός - աչք + σχοπεω - դիտում եմ), ակնահատակի ստուգման մեթոդ։ Կատարվում է ակնադիտակի (օֆթալմոսկոպ) օգնությամբ։ Ա. առաջարկել է Հ. Հելմհոլցը 1851-ին։ Ակնադիտակը հարթ կամ գոգավոր հայելի է, կենտրոնում՝ անցք։ Ա. լինում է հետադարձ և ուղիդ։ Հետադարձ ակնադիտման ժամանակ հետազոտվողի կողքին տեղավորվում է լույսի աղբյուր։ 40–45 սմ հեռավորությունից բժշկի աչքի առջև դրված ակնադիտակից անդրադարձող ճառագայթները, ընկնելով հիվանդի բբի վրա, լուսավորում են ակնահատակը, որը տեսնելու համար քննվողի աչքի առջև պետք է պահել խոշորացույց (13,0–20,0 դ հավաքող ապակի)։ Աչքի խոռոչից անդրադարձած ճառագայթները խոշորացույցով անցնելիս բեկվում են և հավաքվում ֆոկուսային կետում, որտեղ ստացվում է ակնահատակի իսկական, խոշորացած և շրջված պատկերը։ Ուղիղ Ա. կատարվում է 3–5 սմ հեռավորությունից, առանց խոշորացույցի։ Ակնահատակի պատկերը երևում է խոշորացած (15–16 անգամ), ուղիղ դիրքով։ Ա. կատարվում է նաև ավելի բարդ սարքերով։

Գրկ. Архангельский В.Н., Морфологические основы офтальмоскопической диагностики, М, 1960.


ԱԿՆԱԽՈՏ (Euphrasia), խլածաղկազգիների ընտանիքի միամյա բույս։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Ցողունը խավոտ է, 5–10 սմ բարձրությամբ։ Տերևները՝ հակադիր, խոշոր ատամնավոր եզրերով։ Ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն, երկշուրթ պսակով, պտուղը՝ տուփիկ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում և Նոր Զելանդիայում։ ՀՍՍՀ–ում հայտնի է Ա–ի 6 տեսակ, որոնք աճում են ալպյան մարգագետիններում, արոտավայրերում։ Նախկինում օգտագործել են ակնաբուժության մեջ (այստեղից՝ «Ակնախոտ» անունը)։ Հացաբույսերի մակաբույծ է, իջեցնում է բերքատվությունը։

(նկ․) Ակնախոտ, ա. Ծաղիկը։ բ. Տերևը։ գ. Պտուղը։


ԱԿՆԱԿԱՊԻՃ, գանգի դիմային մասի զույգ փոսեր, որոնցում տեղակայված են ակնագնդերն իրենց օժանդակ օրգաններով (անոթներ, նյարդեր, մկաններ, արցունքագեղձ և արցունքապարկ)։ Ա. կազմված է ճակատոսկրից, այտոսկրից, վերին ծնոտից, մաղոսկրից, արցունքոսկրից։ Ա. հաղորդակցվում է գանգախոռոչի, քթախոռոչի և թեակերպա–քմային փոսի հետ։


ԱԿՆԱՂԲՅՈՒՐ (մինչև 1967՝ Ներքին Աղդան, 1967–70-ին՝ Մորուտ), գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս։ 494 բն. (1970), հայեր։ Պտղաբանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։


ԱԿՆԱՄՈՄ, մեղվասոսինձ, գորշ կանաչավուն, դառը, անուշահոտ, մածուցիկ նյութ։ Ա–ով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը (թռիչքի անցքը)՝ ցրտից պաշտպանվելու համար։ Պարունակում է 50% խեժ և բալասան, 35% մոմ, 10% եթերային յուղ, 5% ծաղկափոշի։ Օգտագործվում է լաքերի և ներկերի արդյունաբերության մեջ, ձայնապնակներ պատրաստելու, երաժշտական գործիքները և փայտյա ամանները լաքապատելու համար։ Ա. վաղուց հայտնի է հայ ժողովրդական բժշկության մեջ որպես մի շարք հիվանդությունների (կոշտուկների, վերքերի, ականջի ցավի ևն) բուժման միջոց։


ԱԿՆԱՇԱՐԺ, ակնագնդերի հորիզոնական, ուղղահայաց կամ պտուտաձև ակամա, ռիթմիկ շարժումներ։ Առաջացման պատճառները բազմազան են։ Ախտածնությունը պարզված չէ։ Ա. լինում է փորձարարական, ինքնաբեր, երբեմն՝ բնածին։ Փորձարարական Ա–ի միջոցով ստուգում են հավասարակշռության օրգանների գրգռվածությսւն աստիճանը։ Ինքնաբեր Ա. նկատվում է ուղեղի կոթոնի հիվանդությունների, հավասարակշռության օրգանների ախտահարման ժամանակ։ Բնածին Ա–ի դեպքում, ի տարբերություն ինքնաբեր Ա–ի, վեր նայելիս պահպանվում է ակնագնդի հորիզոնական շարժումը։


ԱԿՆԱՇԱՐԺ ՆՅԱՐԴ, գլխուղեղային 3-րդ զույգ նյարդը։ Նյարդավորում է աչքի բիբը նեղացնող շրջանաձև, ոսպնյակի ուռուցիկությունը կանոնավորող, ինչպես նաև ակնագնդի բոլոր մկանները (բացառությամբ վերին թեք և դրսային ուղիղ մկանների)։

ԱԿՆԱՐԿ, պատմողական գրականության (գեղարվեստական, գիտական, հրապարակախոսական) ժանր։ Իրականությունը պատկերում է դեմքերի, վավերագրական փաստերի ու դեպքերի միջոցով, որոնց ականատես է եղել հեղինակը։ Սկզբնավորվել է XVIII դ. (Անգլիայում՝ Ռ. Ստիլ և Ջ. Ադիսոն, Ֆրանսիայում՝ Վոլտեր և Դ. Դիդրո)։ Հայ գրականության մեջ Ա–ի ժանրը ձևավորել են Րաֆֆին, Հ. Պարոնյանը, Վ. Փափազյանը և ուրիշներ։ Ա. լայն տարածում գտավ սովետական տարիներին (Ե. Չարենց, Ա. Բակունց, Ն. Զարյան, Գ. Սահարի, Հ. Քոչար, Վ. Անանյան ևն)։ Սովետական շրջանում Հայաստանի մասին գրած իրենց Ա–ներով ռուս, գրականության մեջ հայտնի են Մ. Գորկին, Մ. Շահինյանը, Վ. Գրոսմանը, Ն. Տիխոնովը, Օ. Մանդելշտամը, Ա. Բիտովը ևն։ Կան Ա–ի ուղեգրական, հուշագրական ե այլ տեսակներ։ Ա–ի ժանրը լայնորեն օգտագործվում է նաև կինոյում և հեռուստատեսության մեջ։

Գրկ. Ջրբաշյան Է., Գրականության տեսություն, 3 վերամշ. հրտ., Ե., 1967։

ԱԿՆԵՐ, գյուղ Կիլիկիայում, Բարձրբերդ և Ցախուտ գավառների սահմանագլխին, համանուն վանքի (տես Ականց անապատ) մոտակայքում։ Ա. հիշատակվում է 1130–ական թթ.։ Գյուղի մասին վկայություններ ունեն Սմբատ Գունդստաբլը, Հեթում Պատմիչը և ուրիշներ։ Ա–ում է մահացել (1270) Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա։ XIV դարից Ա–ի անունն այլևս չի հիշատակվում։

ԱԿՆԵՐ (ն. Որնակ), գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Վարչա–տերիտորիալ կարգով ենթարկվում է Ալավերդու քաղսովետին։ 802 բն. (1970), հայեր։ Սիավորված է Սանահինի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժական–մանկաբարձական կայան, կինո։ 1871-ին Ա. Երիցյանը Ա–ում բաց արեց մ. թ. ա. I հազարամյակին պատկանող մի քանի դամբարան (առաջին հնագիտական պեղումները Կովկասում)։

ԱԿՆՈՑ, սարք՝ աչքի օպտիկական թերություններն ուղղելու (օպտիկական Ա.), լույսի ուժեղ ճառագայթներից, մեխանիկական և քիմիական վնասակար ազդեցություններից պաշտպանելու (պաշտպանիչ Ա.) համար։ Ըստ կառուցվածքի լինում են՝ մոնոկլ (բաղկացած է հոնքի տակ դրվող մեկ օպտիկական ապակուց), լորնետ (շրջանակին ամրացված բռնակով պահվում է աչքերի առջև), պենսնե (սեղմիչով ամրացվում է քթարմատի վրա) և ականջակալների օգնությամբ պահվող Ա–ներ։ Վերջին տարիներին որպես Ա. կիրառվում են փոքր չափի օպտիկական հատուկ ապակիներ (կոնտակտային ոսպնյակներ), որոնք պատրաստվում են անհատական ձևով և տեղադրվում են անմիջապես աչքի վրա։ Օպտիկական Ա–ները շտկում են հեռատեսությունը (երկուռուցիկ ապակիներով), կարճատեսությունը (երկգոգավոր ապակիներով), ինչպես նաև ակնագնդի միևնույն ուղղության վրա լույսի ճառագայթների անկանոն բեկման հետևանքով առաջացող անպարզ տեսողությունը՝ աստիգմատիզմը (հատուկ աստիգմատիկական ապակիներով)։ Նույն ակնոցով մոտիկ և հեռու տարածությունները պարզ տեսնելու համար օգտագործվում է երկֆոկուսանի (բիֆոկալ) ապակիներով Ա., որի վերևի մասը ծառայում է հեռուն, ներքեինը՝ մոտիկ տարածությունը տեսնելու համար։ Տեսողության ուժեղ անկման դեպքում կիրառվում են մի քանի զույգ ոսպնյակներ ունեցող տելեսկոպային Ա–ներ, որոնք կառուցվածքով նման են հեռադիտակի։ Պաշտպանիչ Ա–ները պատրաստվում են դեղին, կապույտ, շագանակագույն, կանաչ ապակիներից (ուժեղ լույսից աչքը պաշտպանելու համար) կամ չկոտրվող օրգանական ապակուց, մետաղական ցանցից։ Օգտագործվում են նաև օպտիկական գունավոր ապակուց պատրաստված Ա–ներ, որոնք միաժամանակ կատարում են աչքի տեսողությունը շտկող և պաշտպանիչ դեր։ Ա–ի ստեղծման տեղն ու ժամանակը ստուգապես հայտնի չեն։ Ա–ի գործածության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XIII դ.։ Հավանաբար Ա–ի հայրենիքը եղել է Վենետիկը։ Հայերն Ա.