Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԿՏԻՆՈՄԻԿՈԶ ( <ակտինո… + μύκης – սունկ), կենդանիների և մարդկանց քրոնիկական վարակիչ հիվանդություն։ Հարուցիչները ճառագայթասնկերն են։ Կենդանիները հիվանդանում են ճառագայթասնկերով վարակված կերից։ Մարդու մոտ վարակի ուղիները բերանի խոռոչը և շնչառության օրգաններն են։ Հիվանդությունը արտահայտվում է ծնոտոսկրի, նրա շրջապատի փափուկ հյուսվածքների, պարանոցի, երբեմն՝ թոքերի, թոքամզի, մաշկի, աղիքների և այլ օրգանների վրա՝ ուռուցքների առաջացմամբ։ Ուռուցքները փափկում են, թարախակալվում և քայքայում օրգաններն ու հյուսվածքները։ Արտադրված թարախը հարուստ է ճառագայթասնկերով։ Բուժումը վիրաբուժական է։ Օգտագործվում է նաև ճառագայթային բուժում և դեղաբուժում (ակտինոլիզսւտ, անտիբիոտիկներ ևն)։


ԱԿՏԻՆՈՄԻՑԵՏՆԵՐ (Actinomicetes), միկրոօրգանիզմների խումբ, տես Ճառագայթասնկեր։


ԱԿՏԻՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, փոփոխական հոսանքի շղթայի լրիվ դիմադրության էլեկտրական էներգիա կլանող մասը։ Ա. դ. ակտիվ (կլանված) հզորության հարաբերությունն է հոսանքի գործող արժեքի քառակուսուն՝ ։ Հաղորդչի կտրվածքով փոփոխական հոսանքի անհամասեռ բաշխվածության (սկին էֆեկտ), մրրկային հոսանքների և հիստերեզիսի վրա ծախսվող էներգիայի պատճառով Ա. դ. մեծ է հաստատուն հոսանքի դիմադրությունից։ Ա. դ. փոփոխական հոսանքի շղթայի դիմադրությունների եռանկյան էջն է։ Ա. դ. ակտիվ հաղորդականության հետ կապված է առնչությամբ, ուր շղթայի լրիվ դիմադրությունն է (տես Դիմադրության էլեկտրական շղթայի


ԱԿՏԻՎ ԼԱՐՈՒՄ (կամ լարման ակտիվ բաղադրիչ), լարման գործող արժեքի վեկտորի պրոյեկցիան հոսանքի վեկտորի ուղղության վրա։ Uա=Ucosφ (տես գծ.)։ Ա. լ. չափվում է P ակտիվ հզորության և I հոսանքի գործող արժեքի հարաբերությամբ՝ Uա=P/I։ Լարման Ս վեկտորի վերածումը Սա (ակտիվ լարում) և Uռ=Usinφ (ռեակտիվ լարում) բաղադրիչների ցույց է տրված z լրիվ դիմադրությամբ շղթայամասի վեկտորային դիագրամայի և հաջորդաբար միացված r-ակտիվ, x ռեակտիվ դիմադրությունների համարժեք սխեմայի վրա։


ԱԿՏԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ռադիոընդունման խանգարումներ, որ ստեղծում են էլեկտրամագնիսական էներգիայի բնական և արհեստական ճառագայթիչները։


ԱԿՏԻՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, 1. քիմիական կինետիկայում, քիմիական ռեակցիայի ընթացքում առաջացող միջանկյալ նյութեր՝ մոլեկուլների բեկորներ (ազատ ռադիկալներ կամ ատոմներ), որոնք կենտ էլեկտրոն ունենալու պատճառով քիմիապես հագեցած չեն և արտակարգ ռեակցունակ են։ Ա. կ. են պայմանավորում շղթայական ռեակցիաները։ Մոլեկուլների տրոհումը և Ա. կ–ի առաջացումը տեղի են ունենում ջերմության, լույսի, ճառագայթային մասնիկների ազդեցությամբ կամ մոլեկուլների փոխադարձ հարվածների շնորհիվ։ 2. Հետերոգեն (տարասեռ) կատալիզում, կատալիզատորի մակերևույթի այն մասերը, որոնց վրա ընթանում է քիմ. ռեակցիան։ 3. Ֆերմենտային կատալիզում, ֆերմենտների մոլեկուլների այն մասերը, որոնք փոխազդման մեջ են մտնում կատալիզվող նյութի հետ։


ԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ակնթարթային հզորության միջին արժեքը փոփոխական հոսանքի մեկ պարբերության ընթացքում։ Չափվում է վատտմետրով։ Սինուսոիդալ հոսանքի Ա. հ. կախված է լարման և հոսանքի գործող արժեքներից և դրանց փուլերի տեղաշարժման անկյունից՝ ։ Ա. հ. կարելի է արտահայտել նաև տեսքով ( – ակտիվ դիմադրություն, – ակտիվ հաղորդականություն)։ Շղթայի թվացող հզորության հետ Ա. հ. կապված է առնչությամբ։


ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԷՆԵՐԳԻԱ, էներգիայի նվազագույն քանակը, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տվյալ ռեակցիայի մեջ մտնելու համար։ Ա. է. անհրաժեշտ է մասնիկների վանողական ուժերը հաղթահարելու և տրոհվող քիմ. կապերը խարխլելու համար։ Ռեակցվող մասնիկների իրար մոտեցումը հանգեցնում է համակարգի պոտենցիալ էներգիայի աճին։ Առաջացող քիմ. կապերի հետագա ամրապնդմանը և վերջանյութերի մասնիկների իրարից հեռանալուն զուգընթաց՝ համակարգի պոտենցիալ էներգիան նորից փոքրանում է (տես. նկ.)։ Միևնույն ելանյութերից տվյալ վերջանյութերի անմիջական առաջացումը՝ տարրական ակտը, կարող է ընթանալ տարբեր ճանապարհներով։ Ռեակցիան հիմնականում ընթանում է այն ճանապարհով (ռեակցիայի ուղի), որը պահանջում է համակարգի պոտենցիալ էներգիայի նվազագույն աճ։ Այդ ճանապարհով ռեակցող համակարգի վիճակը, երբ համակարգի էներգիան ունի առավելագույն արժեքը, կոչվում է անցումային վիճակ, իսկ համակարգը այդ վիճակում՝ ակտիվացրած կոմպլեքս։ Վերջինիս և ելանյութերի մասնիկների ամենացածր տատանողական էներգիաների մակարդակների տարբերությունը Ա. է. է։ Եթե ելանյութերի լրիվ էներգիան ավելի մեծ է, քան վերջանյութերինը, ապա ռեակցիան էքզոթերմիկ է (գծ.ա), հակառակ դեպքում՝ էնդոթերմիկ (գծ. բ)։ Ռեակցիայի մեջ կարող են մտնել միայն այն մասնիկները, որոնց էներգիան մեծ կամ հավասար է Ա. է–ին։ Այսպիսի մասնիկների թիվը որոշվում է Բոլցմանի բաշխումով (տես Բոլցմանի վիճակագը–

Էլեկտրոնների թիվը ակտինիդների ատոմների վերջին երեք ենթամակարդակներում

Տարրի
անվանումը
Կարգա–
համարը
Քիմ.
նշանը
s
(V մակ.)
p
(V մակ.)
d
(V մակ.)
f
(V մակ.)
s
(VI մակ.)
p
(VI մակ.)
d
(VI մակ.)
s
(VII մակ.)
Թորիում 90 Th 2 6 10 0 2 6 2 2
Պրոտակտինիում 91 Pa 2 6 10 2 2 6 1 2
Ուրան 92 U 2 6 10 3 2 6 1 2
Նեպտունիում 93 Np 2 6 10 4 2 6 1 2
Պլուտոնիում 94 Pu 2 6 10 6 2 6 0 2
Ամերիկիում 95 Am 2 6 10 7 2 6 0 2
Կյուրիում 96 Cm 2 6 10 7 2 6 1 2
Բերկլիում 97 Bk 2 6 10 8 2 6 1 2
Կալիֆոռնիում 98 Cf 2 6 10 9 2 6 1 2
էյնշտեյնիում 99 Es 2 6 10 11 2 6 0 2
Ֆերմիում 100 Fm 2 6 10 12 2 6 0 2
Մենդելենիում 101 Fm 2 6 10 13 2 6 0 2
102*) - 2 6 10 14 2 6 0 2
Լոուրենցիում 103 Lr 2 6 10 14 2 6 1 2
  • ) Առայժմ համընդունված անվանում չունի։