Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոն, միգոն, ձյուներ), որոնք ամբողջապես կապված էին եղանակի ու գյուղատնտ. համապատասխան աշխատանքների հետ։ Դրանք ընդունելություն չգտան։

Հայկական օրացույցում Ա–ներն ունեն 30-ական օր, իսկ լրացուցիչ՝ 13-րդ Ա. ունի 5 (կամ 6) օր։ Այդ Ա–ներն են՝ նավասարդ, հոռի, սահմի, տրե, քաղոց, արաց, մեհեկան, արեգ, ահեկան, մարերի, մարգաց, հրոտից, հավելյաց։ Նավասարդ նշանակում է նոր տարի (տես Ամանոր), հավելյացը՝ ավելացած։ Մնացածները կապված են եղանակի ու գյուղատնտ. աշխատանքների և կամ հեթանոս․ աստվածների անունների հետ։

ԱՄԻՏՈԶ (<հուն. α-ժխտ. մասնիկ + միտոզ), կորիզի ուղղակի բաժանում, նախակենդանիների, բուսական և կենդանական բջիջների կորիզի բազմացման ձև։ Առաջին անգամ նկարագրելէ գերմ. կենսաբանՌ. Ռեմակը (1841)։ Տերմինն առաջարկել է գերմ. հյուսվածաբան Վ. Ֆլեմինգը (1882)։ Ի տարբերություն միտոզի, Ա–ի ընթացքում տեղի չի ունենում միտոտիկ ապարատի առաջացում և քրոմոսոմների զսպանակավորում, այդ պատճառով քրոմոսոմները և աքրոմատինային մարմինները չեն երևում։ Ա–ի ժամանակ բջջի կորիզը բաժանվում է 2 և ավելի մասերի, որից հետո երբեմն բաժանվում է նաև ցիտոպլազման։ Ա–ի ընթացքում կորիզը մնում է «հանգստի» վիճակում, և բջիջը շարունակում է իր բնականոն կենսագործունեությունը։


ԱՄԻՐ ԽՈՍՐՈՎ ԴԵՀԼԵՎԻ (1253–1325), հնդիկ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական։ Ծնվել է Պատիալում (Հնդկաստանի Ութար–Պրադեշ նահանգ)։ Գրել է պարսկերեն, ինչպես և ուրդու և հինդի լեզուներով։ Հարել է սուֆիզմին։ Հայտնի է«Խամսե» («Հնգամատյան») ժողովածուն, որն ամփոփում է «Լուսատուների ծագումը» (1298), «Շիրին և Խոսրով» (1298), «Մեջնուն և Լեյլի» (1298), «Իսքանդարի իմաստության հայելին» (1299) և «Ութ դրախտայգի» (1301) պոեմները։ «Շիրին և Խոսրով» պոեմի հիմքում ընկած է արևելյան ժողովրդական ավանդությունը հայուհի Շիրինի (Անուշ) և պարսից Խոսրով Փարվիզ թագավորի սիրո մասին։ Գրել է նաև քնարական բանաստեղծություններ, պատմական, գրականագիտ. և լեզվաբանական աշխատություններ։ Մահացել է Դելիում։


ԱՄԻՐ ՕՂԼԻ (մոտ 1740–1826), հայ աշուղ, պարսկահայ աշուղական երգիծական գրականության հիմնադիր։ Ծնվել է Պարսկաստանի Սպահանի նահանգի Բուրվարի հայաբնակ գավառում, բնակվել Նոր Ջուղայում։ Շրջել է Չարմահալի գավառում, եղել Բասրայում, Բաղդադում և այլուր, հաղթել աշուղական մրցույթներում։ Երգերը գրված են Նոր Ջուղայի բարբառով։ Մահացել է հուլիսի 25-ին։

Գրկ. Երեմյան Ա., Պարսկահայ աշուղներ. աշուղ Ամիր Օղլի, Վնտ., 1930։


ԱՄԻՐԱ (արաբ, ամիր–հրամայող, իշխան), 1. անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին։ Հայ մատենագիրները «ամիրապետ» են կոչել խալիֆային։ Միջնադարյան հայ իրականության մեջ սկզբնապես Ա. կամ ամիր անվանել են մահմեդական իշխաններին, իսկ XI դարից սկսած, Զաքարյանների օրոք, նաև՝ քաղաքների կառավարիչներին։ 2. Պատվանուն, տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին: Շնորհվել է սկսած XVI դարից։ Ամիրայական հայտնի գերդաստաններից էին՝ Տատյանները, Տյուզյանները, Պալյանները, Պեզճյանները, Ճեզայիրլյանները, Խորասանճյանները, Միրիճանյանները, Երամյանները և ուրիշներ։ XIX դ. Ա–ների ընդհանուր թիվը հասնում էր 100-ի։ Նրանց էին վստահված Թուրքիայի արդ. ձեռնարկությունների կառուցման ու ղեկավարման, դրամահատության գործը, տնտեսական կարևոր գերատեսչություններ։ Նրանց մեծ մասն զբաղվում էր վաշխառությամբ, դառնում սեղանավոր։ Շնորհիվ իրենց հարստության, գործիմացության և ձեռք բերած բարձր պաշտոնների, Ա–ները մեծ ազդեցություն անեին սուլթանների պալատում, ինչպես նաև հայ համայնքում և հայոց պատրիարքների վրա։ Նրանք փաստորեն միջնորդ էին պատրիարքի ու պետության միջև, ֆինանսավորում էին պատրիարքարանը։ Նախքան բուրժուական մտավորականության ասպարեզ գալը, Ա–ներն էին տոն տալիս Կ. Պոլսի և երբեմն էլ ողջ արևմտահայության մշակութային ու քաղ. կյանքին։ Նրանք բացում էին դպրոցներ, հիմնում տպարաններ, հրատարակում գրքեր, մեկենասների դեր կատարում, կազմակերպում մշակութային ընկերություններ ևն։ Չնայած այդ լուսավորական գործունեությանը, Ա–ները, ըստ էության, ֆեոդալական կարգերի ջատագովներն էին. նրանց մեծ մասը դեմ էր քաղաքական նորամուծություններին, բուրժ. բարեփոխումներին և նույնիսկ տրտունջռվ էր ընդունում Թանզիմաթը։ Ամիրայական դասը պահպանողական էր։ 1860–70-ական թթ. Թուրքիայում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով այն կորցրեց իր տնտ. գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նրա զգալի մասը համալրեց զարգացող բուրժուազիայի շարքերը։

Գրկ. Տեր-Ղևոնդյան Ա. Ն., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։ Ա. Տեր–Ղևոնդյան, Հ. Ղազարյան


ԱՄԻՐԱՅԻՑ ԱՄԻՐԱ, տիտղոս, որ տրվում էր սելջուկների, մոնղոլների և այլ ռազմավաչկատուն ցեղերի ավագանու բարձրագույն ներկայացուցիչներին։ Ա. ա. տիտղոսը հետագայում ստացել է նոր իմաստ։ XII–XIII դդ. հայ–վրացական ֆեոդալական միջավայրում Ա. ա. կամ «ամիրապետ» տիտղոսը շնորհվել է առանձին քաղաքների (Տփղիս, Անի, Կարս, Դվին ևն) կառավարիչներին։ XV դ. Կարա–Կոյունլուների և Ակ–Կոյունլուների պետություններում այդ տիտղոսը կրել է զորքի գլխավոր հրամանատարը։ Փադիշահից հետո Ա. ա. երկրորդ դեմքն էր պետության մեջ՝ օժտված բացառիկ իրավունքներով։ Վ. Ազատյան


ԱՄԻՐԱՆԱՇՀԻԼԻ Շալվա Իասոնի (ծն. 1899), վրացի սովետ. արվեստաբան։ Ծնվել է մարտի 26 (ապրիլի 7)–ին։ Զբաղվում է վրաց. և իրան, արվեստի պատմությամբ։ ԱՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1943), ՎԱՍՀ ԳԱ ակադ. (1955)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Դասավանդում է Թբիլիսիի համալսարանում։ 1939-ից ՎՍՍՀ արվեստների թանգարանի (Թբիլիսի) դիրեկտորն է։ Հիմնական աշխատություններն են՝ «Բեկա Օպիզարի» (1939, ընդարձակ հրտ. 1956), «XVIII–XIX դարերի իրանական հաստոցային գեղանկարչությունը» (1940), «Վրացական արվեստի պատմություն» (1963), «Վրացական մանրանկարչություն» (1966)։


ԱՄԻՐԱՆԱՇՎԻԼԻ Պետրե (Պյոտր) Վառլամի (ծն. 1907), վրացի սովետական օպերային արտիստ (բարիտոն)։ Ծնվել է նոյեմբ. 3(16)–ին։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1931-ից աշխատում է Թբիլիսիի Փալիաշվիլու անվ. օպերայի և բալետի թատրոնում։ 1933-ին երգել է Երևանի Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում, հետագայում հյուրախաղերով հանդես է եկել Երևանում։ ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով 1970-ին Ա–ին շնորհվել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Դերերգերից են՝ Ավթանդիլ (Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1947), Մուրման, Քիազո, Էնգիչար (Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», «Դաիսի», «Լաթավրա»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ամոնասրո (Վերդիի «Աիդա») ևն։ Ելույթներ է ունենում նաև որպես կամերային երգիչ։


«ԱՄԻՐԱՆԻԱՆԻ», վրաց ժողովրդական էպոս դյուցազն Ամիրանի (արևորդու) մասին, որն ազատագրում է մարդկանց դիցաբանական հրեշներից, դևերից, սովորեցնում է նրանց կրակ ստանալ և մետաղ մշակել, մենամարտում է երկնային էակների հետ։ Աստված պատժում է նրան՝ գամելով Կովկասյան լեռներին։ Մ. Զավարյան


ԱՄԻՐԱՍ ԵՐԶՆԿԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դ. հայ գրիչ և տաղասաց։ Ապրել է Տրապիզոնում։ 1638–1657-ին արտագրել է զանազան գրվածքնեիի մի ժողովածու (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. 88, հինը՝ 68) և մի ոսկեփորիկ (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 278)։

Գրկ. Տաշյան Հ., Ուսումնասիրութիւնք Ստոյն–Կալիսթենեայ վարուց Աղեքսանդրի, Վնն., 1892, էջ 160-62։


ԱՄԻՐԲԵԿՅԱՆ Արամ Բեգլարի (1890–1971), հայ սովետ, կինոդերասան։ ՀՍՍՀ