Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՄՈՐՖ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Անջատական լեզուներ։


ԱՄՈՐՖ ՎԻՃԱԿ (<հուն. α - ժխտ. մասնիկ + μορφή - ձև), նյութի պինդ վիճակ՝ օժտված երկու յուրահատկությամբ. ա. նրա հատկությունները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական ևն) բնական պայմաններում կախված չեն դիտարկման ուղղությունից (իզոտրոպություն), բ. ջերմաստիճանի բարձրացման ժամանակ նյութը փափկանալով հեղուկ վիճակի է անցնում աստիճանաբար, այսինքն՝ Ա. վ. չունի հալման որոշակի ջերմաստիճան։ Այս հատկությունները պայմանավորված են Ա. վ–ում հեռավոր կարգի (որը բնորոշ է բյուրեղներին) բացակայությամբ։ Ա. վ–ում գոյություն ունի մոտակա կարգ, այսինքն՝ հարևան մասնիկների տեղաբաշխման համաձայնեցվածություն, որը պահպանվում է միայն մոլեկուլների չափերին համեմատելի հեռավորությունների վրա։ Այդ համաձայնեցվածությունը հեռավորության մեծացմանը զուգընթաց նվազում է։ (Տես Հեռավոր կարգ և մոտակա կարգ

Մոտակա կարգը հատուկ է նաև հեղուկներին, սակայն հեղուկներում հարևան մասնիկները շատ արագ փոխում են իրենց տեղերը։ Այդ տեղափոխությունները դանդաղում են նյութի մածուցիկության աճին զուգընթաց։ Այդ պատճառով Ա. վ. կարելի է դիտել որպես մածուցիկության շատ բարձր գործակից ունեցող, գերսառեցված հեղուկ։ Հատկությունների իզոտրոպությունը բնորոշ է նաև բազմաբյուրեղային վիճակին, որին, սակայն, հատուկ է հալման խիստ որոշակի ջերմաստիճան։ Ա. վ–ի կառուցվածքի տարբերությունը բյուրեղայինից հեշտությամբ նկատվում է ռենտգենագրամների օգնությամբ։

Ցածր ջերմաստիճաններում նյութի կայուն պինդ վիճակը բյուրեղայինն է։ Սակայն մոլեկուլների հատկությունից կախված, բյուրեղացումը կարող է քիչ կամ շատ ժամանակ պահանջել (մոլեկուլները պետք է «հասցնեն» բյուրեղային կարգ ընդունել)։ Երբեմն այդ ժամանակը չափազանց մեծ է լինում, և նյութը գործնականում չի բյուրեղանում։ Ա. վ. ստացվում է նաև սառեցման ընթացքն արագացնելու ճանապարհով։ Օր. բյուրեղային քվարցը հալելուց հետո արագ սառեցնելով ստանում են ամորֆ քվարցային ապակի։ Այդպես են նաև շատ սիլիկատներ, որոնք սառչելով դառնում են սովորական ապակի։ Այդ պատճառով Ա. վ. հաճախ անվանում են նաև ապակենման վիճակ։ Սակայն անգամ շատ արագ սառեցումը հաճախ բավարար չէ խանգարելու բյուրեղների առաջացմանը, նյութերի մեծ մասը Ա. վ. չի ընդունում։ Բնության մեջ Ա. վ. ավելի քիչ է տարածված, քան բյուրեղայինը։ Ա. վ–ում են գտնվում ծիածանաքարը, օբսիդիանը (սատանի եղունգ), սաթը, ձյութերը ևն։ Ա. վ–ում կարող են գտնվել ոչ միայն առանձին ատոմներից և սովորական մոլեկուլներից բաղկացած նյութերը, ապակիներն ու հեղուկները, այլև բարձրամոլեկուլային միացությունները կամ պոլիմերները։

Գրկ. Кобеко П. П., Аморфные вещества. М.–Л., 1952. Ռ. Աթայան


ԱՄՈՖՈՍ, միատեղակալված ամոնիումի ֆոսֆատ, , բարդ պարարտանյութ։ Ատացվում է ֆոսֆորական թթուն ամոնիակով չեզոքացնելով։ Պարունակում է 11 – 12% և 45– 60% ։ Լավ բաղադրամաս է բարդ և խառը պարարտանյութերի ստացման համար։ Ֆիզիոլոգիապես թթու է։ Ա. գյուղատնտեսական բոլոր բույսերի համար (առանձնապես տեխնիկական) լավագույն պարարտանյութ է։


ԱՄՊ, ջրի կաթիլների, սառցի բյուրեղների կամ դրանց խառնուրդի կուտակում մթնոլորտում։ Ա–ի առաջացումը կապված է գլխավորապես օդի ջերմաստիճանի՝ ըստ բարձրության անկման հետ։ Ա–երն ըստ բարձրության բաժանվում են 4 հարկի, ըստ ձևի՝ 10 տեսակի։ Վերին հարկին են պատկանում փետրավոր (cirrus, Ci), փետրաշերտավոր (cirrostratus, Cs) և փետրակույտավոր (cirrocumulus, Cc) Ա–երը, որոնց ստորին սահմանի բարձրությունը բարեխառն լայնություններում գերազանցում է 6 կմ–ից, միջին հարկին՝ բարձր շերտավոր (altostratus) և բարձր կույտավոր (altocumulos, Ac) Ա–երը, ստորին սահմանի բարձրությունը 2–6 կմ, ներքին հարկին՝ շերտակույտավոր (stratocumulos, Sc), շերտավոր (stratus, St) և շերտանձրևային (nimbostratus, Ns) Ա–երը՝ ստորին սահմանի 2 կմ–ից պակաս բարձրությամբ։ Ուղղաձիգ զարգացման ամպերի՝ կույտավոր (cumulos, Cu) և կույտաանձրևային (cumulonimbos, Cb) ներքին սահմանը սովորաբար բավական ցածր Է, իսկ վերին սահմանը երբեմն հասնում է մինչև ստրատոսֆերա։ Ըստ ծագման տարբերում են Ա–երի 3 տիպ՝ կույտանման, ալիքանման և շերտանման։ Կույտանման Ա–երի (Cu, Cb և Cc, As, Sc որոշ տեսակներ) առաջացման հիմնական պատճառը օդի կոնվեկտիվ շարժումն է և տուրբուլենտ փոխանակությունը։ Դրանք հիմնականում առաջանում են ցամաքի վրա, տարվա տաք կեսին։ Ալիքանման Ա–երի (Cc, Ac, Sc տեսակների մեծ մասը և բոլոր St) առաջացումը կապված է ինվերսիոն շերտերի առկայության հետ։ Սրանց վերին և ստորին սահմաններում դիտվում են ուղղությամբ և արագությամբ խիստ տարբեր օդային հոսանքներ, որոնք և ալիքային շարժումների առաջացման պատճառ են հանդիսանում։ Ալիքանման Ա–երի առաջացմանը նպաստում է նաև ցամաքի մակերևույթը։ Իրար հաջորդող լեռների և հովիտների վրայով անցնող օդային հոսանքները առաջացնում են ալիքային շարժումներ։ Վերջիններս մթնոլորտի բավարար խոնավության պայմաններում ալիքանման Ա–երի առաջացման պատճառ են դառնում։ Շերտանման Ա–երը (Cs,As, Ns) նույնպես առաջանում են ինվերսիայի առկայության պայմաններում, այն տարբերությամբ միայն, որ դրանց առաջացման պրոցեսում գլխավոր դերը պատկանում է օդի համեմատաբար թույլ տուրբուլենտ շարժմանը։ Այդ է պատճառը, որ շերտանման Ա–երն ամենից հաճախ առաջանում են տարվա ցուրտ կեսին։ Ա–ում պարունակսւծ ջրի կաթիլների շառավիղը 2–15 μ Է, իսկ անկման արագությունը՝ մոտ 1 մ/վրկ։ 1 սմ Ա–ի մեջ կաթիլների քանակը տատանվում Է 100–600-ի սահմաններում։ Անձրևային կաթիլների շառավիղը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 2,5 մմ։ Ա–ի ջրապարունակությունը միջին հաշվով կազմում է 0,1–0,2 գ/մ, իսկ բարձր ջերմաստիճանների դեպքում կարող է հասնել 3–5 գ/մ։

Պատկերազարդումը տես աղ. XIV, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։ Գ․ Ալեքսանդրյան


ԱՄՊ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիս քաղաքից հարավ–արևմուտք, արգավանդ սարահարթի վրա։ Գյուղի շրջակայքում կան հանքային աղբյուրներ։ Մոտակայքում գտնվում էր Խնդրակատար Ս. Աստվածածին վանքը։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՄՊԱՄԱԾՈՒԹՅՈՒՆ, ամպերի կուտակում երկնակամարում, ավելի նեղ իմաստով՝ երկնակամարը ամպերով ծածկված լինելու աստիճանը, որը որոշվում է աչքաչափով՝ 10 բալային սանդղակով։ 0 բալը համապատասխանում է պարզ երկնակամարին, իսկ 10 բալը՝ լրիվ ամպամած երկնակամարին։ Տարբերում են ներքին Ա. (երկնակամարի ծածկվածության աստիճանը ներքին հարկի ամպերով) և ընդհանուր Ա. (անկախ նրանց հարկերի բարձրությունից)։ Ա. տվյալ վայրի եղանակը և կլիման բնորոշող ամենակարևոր գործոններից Է։ Ա. զգալիորեն թուլացնում Է Երկրի մակերևույթից տեղի ունեցող ճառագայթարձակումը և նվազեցնում ձմեռային ու գիշերային ջերմաստիճանների անկման ինտենսիվությունը։ Ամռանը և ցերեկը, ընդհակառակը, թուլացնում է Երկրի մակերևույթի անմիջական տաքացումը ն հետևապես խանգարում օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը։ Ա. ունի իր ցայտուն արտահայտված օրական և տարեկան ընթացքը, որը ՀՍՍՀ–ի լեռնային ռելիեֆի պայմաններում աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ։ ՀՍՍՀ–ում առավոտյան ժամերին մեծ մասամբ նկատվում է պարզ եղանակ, իսկ կեսօրից եետո Ա. հասնում է իր առավելագույնին։ Ա. ավելի հաճախ լինում է ձմռանը, քան ամռանը։


ԱՄՊԵԼՈԳՐԱՖԻԱ (<հուն. άμπελος – խաղող + ․․․ գրաֆիա), գիտություն խաղողի սորտերի և տեսակների մասին։ Տես Խաղողագրություն։


ԱՄՊԵՐ (Ampère) Անդրե Մարի (1775–1836), ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը։ Փարիզի ԳԱ անդամ (1814), Փարիզի Նորմալ դպրոցի պրոֆեսոր (1824)։ Ծնվել է հունվարի 22-ին, Լիոնում, ազնվականի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին զբաղվել է մաթեմատիկայով (հավանականությունների տեսություն, վարիացիոն հաշիվ և մաթ. անալիզ)։ 1820-ին առաջարկել է «Լողորդի կանոնը» (հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոնը)։ Հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության փորձնական և տեսական հետազոտությունների հիման վրա Ա. հայտնագործել է էլեկտրական հոսանքի մագնիսական փոխազդեցության օրենքը և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը՝ կապ հաստատելով էլեկտրական և մագնիսական երևույթների միջև, որոնք մինչև