Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա և պարունակում է ավելի քան 400 մլրդ. աստղ։

ԱՆԴՐՈՆԻԿՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ գրիչ։ 1327-ին Իտալիայի Սսւլեռնո քաղաքում մագաղաթի վրա ընդօրինակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 1562)։


ԱՆԴՐՈՆԻԿՈՍ I Կոմնենոս (Άνδρόνικος Κομνηνόε) (1123–1185), բյուզանդական կայսր (1183-ից)։ Երիտասարդ հասակից մասնակցել է հորեղբոր՝ Հովհաննես II Կոմնենոսի ասիական արշավանքներին։ 1153-ին Մանվել I կայսրը Ա–ին նշանակել է Տարսոնի և Մսիսի (Մամեստիա) կառավարիչ։ Ա. պայքար է սկսել Կիլիկիայի Հայոց իշխան Թորոսի դեմ։ Սակայն պարտվել է և փախել Անտիոք։ 1154-ին փորձել է դավադրաբար սպանել Մանվել I, բայց ձերբակալվել է և բանտարկվել։ 1166-ին փախել է Կիևի իշխան Յարոսլավի մոտ։ Ներում ստանալով՝ 1167-ին վերադարձել է Կ. Պոլիս և ուղարկվել Կիլիկիա՝ հայերի դեմ, ուր նորից է պարտություն կրել։ Օգտագործելով 1181-ին Կ. Պոլսում բռնկված ժողովրդական ապստամբությունը՝ պայքար է սկսել իշխանության համար։ 1182-ին Ա. տիրել է Կ. Պոլսին և նշանակվել Մանվել I որդու՝ Ալեքսիոս II (1180–83) խնամակալ։ 1183-ին սպանելով Ալեքսիոսին՝ տիրացել է գահին։ Ա. պաշտպանում էր քաղաքային ազնվականության շահերը և պայքարում ֆեոդալական մասնատվածության դեմ։ Նրա օրոք Բյուզանդիայում տիրող ծանր վիճակը նպաստավոր էր Կիլիկիայի Հայոց իշխանության համար։ Ա. հրաժարվել է Ասորիքն ու Կիլիկիան նվաճելու մտքից։ Ա–ի ահաբեկիչ քաղաքականությունից դժգոհ ազնվականությունը 1185-ին ապստամբեց և, գահընկեց անելով, մահապատժի ենթարկեց նրան։ Հ. Բարթիկյան


ԱՆԴՐՈՆԻԿՈՍ II Ավագ, Պալեոլոգոս (Ανθρόνιχος παλαιολόνος) (1260–1332), բյուգանդական կայսր 1282–1328-ին։ Գահակալել է հոր՝ Միքայել Պալեոլոգոսի մահից հետո։ Ա–ի օրոք երկրում ծավալվել էին կրոնական վեճերը, Փոքր Ասիան ասպատակում էին թուրքերը։ Ա. ձգտում էր վերամիավորել խաչակրաց 4-րդ արշավանքից (1204) հետո Բյուզանդիայից անջատված տերիտորիաները։ 1321-ին, ֆեոդալական ավագանու դրդմամբ, Ա–ի դեմ ապստամբում է նրա 25-ամյա թոռը՝ Անդրոնիկոսը, որը յոթնամյա պայքարից հետո մտնում է Կոստանդնուպոլիս, տիրանում գահին։ Ա–ի օրոք դրացիական հարաբերություններ էին ստեղծվել Բյուզանդիայի և Կիլիկիայի Հայկական թագավորության միջև։ Ա. իր որդու՝ Միքայել Պալեոլոգոսի համար Կիլիկիայի Հեթում Բ թագավորից կնության է խնդրում նրա քրոջը՝ Մարգարիտին։ Երբ Հեթումի եղբայր Սմբատը 1296-ին նրանից խլում է Կիլիկիայի գահը, Հեթումն ապաստանում է Ա–ի արքունիքում, հայցելով նրա օգնությունը՝ իր գահին վերստին տիրելու համար։ Հ. Բարթիկյան


ԱՆԴՐՈՊՈՎ Յուրի Վլադիմիրովիչ (ծն. 1914), սովետական պետական և կուսակցական գործիչ, ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է հունիսի 2(15)–ին, Ստավրոպոլի երկրամասի Նագուտսկայա ստանիցայում։ 1937–51-ին կոմերիտական և կուսակցական ղեկավար աշխատանք է վարել Յարոսլավլում և Կարելիայում։ 1951-ից աշխատել է ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1953–57-ին ՍՍՀՄ–ի դեսպանն էր Հունգարիայում, 1957-ից՝ ՍՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, 1961-ից՝ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ։ 1962–67-ին եղել է ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1973-ից՝ ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ (թեկնածու 1967-ից)։ 1967-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների սովետին կից Պետական անվտանգության կոմիտեի նախագահ։ ՍՍՀՍ III, VI–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգեատրվել է Լենինի 2 և 4 այլ շքանշաններով։


ԱՆԴՐՈԻՍՈՎ Նիկոլայ Իվանովիչ (1861–1924), ռուս երկրաբան և հնէաբան, ակադեմիկոս (1914)։ Ծնվել է դեկտեմբերի 7(19)–ին, Օդեսայում։ Զբաղվել է հատկապես Հյուսիսային Կովկասի և Հարավ–Արեելյան Անդրկովկասի նեոգենի շերտագրությամբ և հնէաբանությամբ։ Մասնակցել է Սև (1890) և Մարմարա (1894) ծովերի և Կարա–Բողազգյոլի (1897) օվկիանոսագիտական արշավսւխմբերին։ Ա–ի աշխատություններում տրված է Պոնտ-Կասպիական ավազանի նեոգենի նստվածքների շերտագրակսւն ստորաբաժանման սխեման, լուսաբանված են նավթի հանքավայրերի երկրաբանության հարցեր։ Մահացել է ապրիլի 24-ին, Պրագայում։


ԱՆԴՈՒՆԴՆԵՐ ԽՈՐՋՐՅԱ, իջվածքներ օվկիանոսի հատակում, որոնց խորությունը անցնում է 6000 մ–ից։ Գտնվում են օվկիանոսների եզրային մասերում, երիտասարդ բարձրաբերձ լեռնաշղթաներին զուգահեռ։ Ունեն տեկտոնական ծագում՝ գեոսինկլինալային կառացվածք։ Հայտնի են 20 Ա. խ., որոնցից 16-ը՝ Խաղաղ, 3-ը՝ Ատլանտյան և 1-ը՝ Հնդկական օվկիանոսներում։ Ամենախոր անդունդներից են Մարիանյանը (11034 մ), Տոնգան (10838 մ)։ Խորջրյա անդունդներում նկատվում է ջրի ուղղաձիգ շրջանառություն, ջերմաստիճանը հաստատուն Է (2°C), նշանակալի է թթվածնի պարունակությունը։ Կան բարենպաստ պայմաններ ստորակարգ կենդանի օրգանիզմների զարգացման համար։ Հ. Գաբրիելյան


ԱՆԵԾՔ, նզովք, խոսքի հմայական բանաձև, ուր արտահայտվում է անիծողի չար ցանկությունը որևէ անձի, առարկայի, կենդանու կամ երևույթի նկատմամբ։ Ա. սերում է խոսքի հմայական զորության նախնական հավատալիքներից։ Կիրառվել է նաև իբրև ազդող միջոց՝ նյութական կամ հոգևոր արժեքները պահպանելու համար։ Ա. կազմաբանական միավոր է նաև երդումներում ու հմայական աղոթքներում։


ԱՆԵԿԴՈՏ (<հուն. άνέκδοτος - չհրապարակված), ժողովրդական մանրապատում։ Արձագանքում է պաշտոնական գրականության մեջ չթափանցող կենցաղային, սոցիալական և քաղաքական առօրյա հրատապ երևույթներին։ Գործող անձինք իրական կամ մտացածին անձնավորություններ են, որոնց խոսքն ու գործը բերնից-բերան անցնելով ենթարկվում Է հավելումների ու չափազանցությունների, երանգավորվում բարեմիտ հումորով կամ սպանիչ ծաղրով։ Ա. կազմվում է մի դրվագից։ Նրա ուժը վերջավորության մեջ Է, ուր անակնկալ բացահայտվում է ստեղծագործության բուն իմաստը։ Ա–ի առանձնահատկություններից են դիպուկ բնութագրումը, կենդանի բառախաղը, կարճ երկխոսությունը։ Հայ իրականության մեջ բնորոշ են Պըլը Պուղու, Պոլոզ Մուկուչի, Վարդանիկի, Հոբոսի և Կինոսի մասին Ա–ները։ Ա․ Ղանալանյան


ԱՆԵՄՈՄԵՏՐԻԱ (<հուն. άνεμος – քամի, μετριο – չափում եմ), օդերևութաբանության բաժին, զբաղվում է քամին բնորոշող մեծությունների (արագություն, ուղղություն) չափումով։ Քամու արագությունը (որոշ կոնստրուկցիաներում նաև ուղղությունը) չավող գործիքը կոչվում Է անեմոմետր, որի պարզագույն տեսակը հողմացույցն է (տես նաև Օդերևութաբանական գործիքներ

ԱՆԵՄՈՖԻԼԻԱ (<հուն. άνεμος – քամի + φιλια – սեր), բույսերի խաչաձև փոշոտում քամու օգնությամբ։

ԱՆԵՄՈՒՌ, Անամուռ (հուն, Ανεμούρέωυ), բերդաքաղաք Ծովային Կիլիկիայում, համանուն հրվանդանի ծայրին, ներկայիս Ադանայի վիլայեթի Անամուռ գյուղաքաղաքից (հիմնվել է 1870-ական թթ.) 10 կմ հեռու, ծովային և ցամաքային տարանցիկ ճանապարհների հանգույցում։ Ա. որպես նավահանգիստ հիմնել են Փյունիկացի ծովագնացները (մ. թ. ա. մոտ IV–III դդ.)։ Հռոմեական և բյուզանդական շրջանում եղել է կարևոր ռազմա–պաշտպանական հենակետ։ Կիլիկիայի Լևոն Բ թագավորի օրոք Ա. պատկանել է իշխան Հալկամին։ Իկոնիայի սելջուկյան սուլթան Ալահեդինը (1219–36) բերդը խլում է հայերից, բայց Լևոն Գ 1284-ին վերագրավում Է։

Քաղաքային մասում պահպանվել են պարսպի մնացորդներ, ջրամբարներ, ընդարձակ, գերեզմանատունը, նկատվում են թատերական շինությունների հետքեր։ Դեռ կանգուն է Ա–ի նեկրոպոլն իր տարբեր շինություններով, այդ թվում կամարակապ դամբարաններով։ Միջնաբերդը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, քարաբլրի վրա։ Այն կառուցված է միջնադարյան ռազմա-ճարտարապետական արվեստի սկզբունքներով, վերանորոգել են խաչակիր ասպետները XII–XIII դդ.։ Միջնաբերդը շրջապատված է եղել պարիսպներով (տեղ–տեղ մինչև 6 մ հաստությամբ) և բուրգերով, որոնց մի մասը կանգուն է