Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցում և արտադպրոցական հիմնարկներում։ Աշխատանքային հանձնարարությունների սիստեմատիկ կատարումը երեխաների մեջ դաստիարակում է պատրաստակամություն դեպի աշխատանքը, ուշադրություն ընտանիքի անդամների, շրջապատի մարդկանց կարիքների նկատմամբ, ջանք գործադրելու սովորություն, տոկունություն, ինքնուրույնություն և ստեղծագործական մոտեցում խնդրի լուծմանը, նպաստում է աշակերտների պոլիտեխնիկական մտահորիզոնի ընդլայնմանը, ընդունակությունների զարգացմանը՝ ընտրած ասպարեզում։

Հանրակրթական և մասնագիտական դպրոցներում Ա. դ. իրականացվում է սովորողների մտավոր ե գործնական աշխատանքը կազմակերպելու, ուսուցումը արտադրական ե հանրօգուտ աշխատանքին զուգակցելու, տեխնիկական և գյուղատնտեսական խմբակների մեջ ներգրավելու միջոցով։ Ա. դ. նպաստում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ, աշխատանքի պրոցեսում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր։ Հայ ժող. Ա. ե–ից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, չանաքի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի են երգերը։ Ա. ե–ում արտահայտված է շինականի ե արհեստավորի սոցիալական ծանր վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ Ա. ե–ին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես ե հայրեններում։ Հայկ. Ա. ե–ից շատերը գալիս են խոր հնուց ե պարունակում են հմայական աղոթքի երանգներ։

Սովետական շրջանում հայկ. Ա. ե–ամ երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Գրկ. «Հայ շինականի աշխատանքի երգերը», կազմ, և խմբ. Ա. Ղանալանյան, Ե., 1937։ Աբեղյան Մ., Երկ., հ. 2, Ե., 1967։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սովետական իրավունքի ճյուղերից մեկը։ Ա. ի–ի հիմքում ընկած են ՍՍՀՄ Սահմանադրությամբ ամրապնդված աշխատանքի սոցիալիստական կազմակերպման սկզբունքները։ Սովետական Ա. ի. կարգավորում է բանվորների ե ծառայողների աշխատանքային իրավահարաբերությունները, դրանց առաջացման, փոփոխման և դադարման կարգը, աշխատանքային օրվա տևողությունը, վարձատրության չափն ըստ կատարված աշխատանքի քանակի և որակի, սահմանում է աշխատանքային ներքին կարգապահական կանոններ, նախատեսում է խրախուսանքի միջոցներ՝ բարեխիղճ աշխատանքի, և պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքի կարգապահությունը խախտելու համար։ Ա. ի. ամրապնդում է սովետական արհմիությունների իրավունքները բանվորների ու ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց կուլտ–կենցաղային պահանջմունքների բավարարման նպատակով հսկողություն իրականացնելու բնագավառում։ Ա. ի. սահմանում է նաև. ա. արհմիութենական մարմինների և ձեռնարկությունների, հիմնարկների ու տնտեսական կազմակերպությունների իրավահարաբերությունները, բ. բանվորների և ծառայողների՝ ծերության, հիվանդության և հաշմանդամության հետ կապված, նաև մահվան դեպքում նրանց խնամքի տակ գտնվող անաշխատունակ անձանց նյութական ապահովության շուրջը ծագող իրավահարաբերությունները, գ. աշխատանքի պաշտպանության և դ. աշխատանքային վեճերի լուծման կարգը ևն։ Ա. ի, տարածվում է բոլոր բանվորների և ծառայողների վրա՝ անկախ նրանց սեռից, դավանանքից, ռասայից, ազգությունից, սոցիալական ծագումից, դատվածությունից։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, հասարակական աշխատանքի կազմակերպման հիմք, համատեղ աշխատանքի անհրաժեշտ պայման։ Յուրաքանչյուր հասարակարգի հատուկ են Ա. կ–յան առանձնահատուկ ձևեր ու մեթոդներ, որոնք պայմանավորված են տիրապետող արտադրահարաբերությունների բնույթով։ Դասակարգային հակամարտության վրա հիմնված բոլոր հասարակարգերում Ա. կ. ունեցել է հարկադրական բնույթ, որի նպատակն է եղել ուժեղացնել աշխատավորների շահագործումն ու հարստացնել արտադրության միջոցների սեփականատերերին։ Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում Ա. կ. ստեղծվել է արտատնտեսական հարկադրանքի, կապիտալիստական հասարակարգում՝ տնտեսական հարկադրանքի զորությամբ։ Իրավականորեն ազատ, բայց ընչազուրկ բանվորը գոյամիջոցներ հայթայթելու համար ստիպված է վաճառել իր աշխատուժը։

Սոցիալիստական Ա. կ. կազմակերպվում է շահագործումից ազատ սոցիալիստական արտադրահարաբերությունների հիման վրա. նրա նպատակն է արտադրության անընդհատ աճի պայմաններում ապահովել աշխատավորների բարեկեցության բարձրացումը։ Սոցիալիստական Ա. կ. ունի գիտակցական և ստեղծագործական բնույթ։ Ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխումն աշխատանքը դարձնում է ընդհանրական և պարտադիր։ Սոցիալիստական Ա. կ. կազմակերպվում է խրախուսման, համոզման և դաստիարակման մեթոդներով։ Ա. կ–յան ամրապնդումն ապահովում է աշխատօրվա լրիվ, արտադրության միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործումը, արտադրանքի որակի բարձրացումը։


«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ», շքանշան, կառավարական պարգև տնտեսական համապետական խնդիրների լուծման գործում հատուկ նվիրվածություն, նախաձեռնություն, աշխատասիրություն և կազմակերպվածություն դրսևորող առան ձին քաղաքացիների, աշխատավորների խմբերի, հիմնարկ–ձեռնարկությունների ծառայությունները նշելու համար։ Հիմնվել է Սովետների Համառուսաստանյան V համագումարի կողմից 1920-ի դեկտ. 28-ին։ Համանման շքանշաններ ստեղծված էին նաև սովետական մյուս հանրապետություններում (օրինակ՝ «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան Հայկական ՍՍՀ–ում)։ ՍՍՀՄ կազմավորումից հետո, 1928-ի սեպտ. 7-ին ՍՍՀՄ Կենտգործկոմը և ժողկոմսովետը հիմնեցին միասնական միութենական «Ա. կ. դ.» շքանշան։ «Ա. կ. դ.» շքանշանը կրում են կրծքի ձախ մասում՝ «Կարմիր դրոշ» շքանշանից հետո։ Դրոշի վրա «Ա. կ. դ.» շքանշանով պարգևատրում է ՍՍՀՍ Գերագույն սովետի նախագահությունը՝ հրամանագրով։ 1939-ի նոյեմբերից մինչև 1973-ի հոկտեմբերը «Ա. կ. դ.» շքանշանով պարգևատրվել են ՀՍՍՀ հետևյալ հիմնարկ–ձեռնարկությունները. Հայֆիլհարմոնիան (4.11.1939), Արտաշատի շրջանի Փարիզի կոմունայի անվ. կոլտնտեսությունը (20. 02. 1940), «Սովետական Հայաստան» թերթը (4. 02. 1951), Գ. Սունդուկյանի անվ. Հայկ. դրամատիկական պետական ակադեմիական թատրոնը (27.06.1956), Ա. Մռավյանի անվ. Լենինականի դրամատիկական պետական թատրոնը (19. 09. 1965), Վ. Ի. Լենինի անվ. էլեկտրամեքենաշինական գործարանը (19. 07. 1966), Ս. Մ. Կիրովի անվ. քիմիական կոմբինատը (22.02. 1966), Մայիսյան ապստամբության անվ. Լենինականի տեքստիլ կոմբինատը (1. 06. 1966), Երքիմշին տրեստը (13. 08. 1966), Ախուրյանի շրջանի Ազատան գյուղի կոլտնտեսությունը (25. 07. 1967), Կալինինոյի շրջանի Մ. Ի. Կալինինի անվ. սովետական տնտեսությունը (25. 05, 1967), Երևանի քիմիկո–տեխնոլոգիական տեխնիկումը (13. 07. 1967), Երևանի № 2 տեխնիկական ուսումնարանը (12. 07. 1967), «Коммунист» թերթը (3. 04. 1967), ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի շրջանային կազմակերպությունը (25. 10. 1968), ՀՍՍՀ ԳԱ–ի Լենինականի գեոֆիզիկայի և սեյսմոյոգիայի գիտահետազոտական ինստ–ը (13. 03. 1969), Երևանի պետական համալսարանը (21. 12. 1970), «Հայէլեկտրալույս» միավորումը (4.01. 1971), Ս. Շահումյանի անվ. կաշվի արտադրական միավորումը (8.01. 1971), Մեղրու շրջանի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (11.01.1971), Հոկտեմբերյանի պահածոների գործարանը (11.01. 1971), Երևանի Ֆ. Է. Ձերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանը (22. 01. 1971), Երարդշին տրեստը (11. 01. 1971), Նոյեմբերյանի շրջանի «Զեյթուն» սովետական տնտեսությունը (26.01. 1971), ՀՍՍՀ ԳԱ Ա. Մնջոյսւնի անվ. նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստ–ը (11. 02. 1971), Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստ–ը (17. 11. 1972), ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստ.,ՍՄԿԿ Կենտկոմի մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական մասնաճյուղը (27. 07. 1973), Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան (5.10. 1973), ՀՍՍՀ առողջապահության մինիստրության Ա. Ալեքսանյանի անվ. համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության գիտահետազոտական ինստ–ը (16. 10. 1973)։ Պատկերազարդումը տես Շքանշաններ ՍՍՀՄ հոդվածի ներդիրում։