Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ։ Միավորված է Գեղիի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։

ԱՌԱԳԱՍՏ (լատ. Vela), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում, Կողմնացույց, Նավախել, Ողնուց, Կենտավրոս, Պոմպ համաստեղությունների միջև։ Միջին լայնություններից երևում է ձմռանը։


ԱՌԱԳԱՍՏ (ճարտարապետության մեջ), եռանկյուն սֆերիկ որմածք (հիշեցնում է ուռած առագաստը), որ տեղավորվում է գմբեթատակ քառակուսու անկյուններում՝ դեպի գմբեթի շրջանաձև հիմքը անցում կատարելու համար։ Վաղ շրջանի նմուշներից են Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի (VI դ.) Ա–ները։ Հայկական ճարտարապետության մեջ Ա. հայտնի է VI դ. վերջերից (Ավանի կաթողիկե) և լայն կիրառում է գտել ինչպես VII դ. (Արուճի եկեղեցի, Թալինի կաթողիկե և այլն), այնպես էլ հետագայում, առանձնապես՝ IX–XIV դդ. (Սևանի կղզու Ս. Աստվածածին, Սանահինի Ս. Աստվածածին, Ամենափրկիչ, Հաղպատի Ա. Նշան, Կեչառիսի Ս. Գրիգոր, Արենիի եկեղեցի են)։ Նույն նպատակին ծառայող կառուցվածքային հնարանք է նաև տրոմպը:


ԱՌԱԳԱՍՏԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ջրային սպորտի ձև։ Մրցումներում հավասար պայմաններ ստեղծելու նպատակով սպորտային առագաստանավերը (մրցարշավային և հածանավային) բաժանվում են հատուկ դասերի, և առաջնությունը վիճարկվում է յուրաքանչյուր դասի համար առանձին։ Մրցումներն անց են կացվում էստաֆետային, անձնակազմի տեղափոխման (նստափոխման) և դասային մրցարշավի ձևով։ Ա. ս. 1900-ից մտցված է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։


ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎ, քամու ուժով շարժվող նավ։ Ա. շարժման մեջ է դրվում առագաստային հանդերձանքի օգնությամբ, որը կազմված է առագաստներից, տակելաժից և ռանգոուտից։

Ա–երը դասակարգում են ըստ նշանակության (մարդատար, բեռնատար, ռազմական, ձկնորսական են), ըստ կայմերի քանակության (մեկ. երկկայմանի և այլն), ըստ առագաստների ձևի՝ ուղիղ (բրիգ, բարկ, ֆրեգատ), թեք (շքունա, շլյուպ, տենդեր, կեչ, յոլ) և խառը (բրիգանտին, բարկենտին)։ Ա–երի իրանը լինում է փայտե կամ մետաղե։ Ա–երը հայտնի էին դեռևս հեռավոր անցյալում, մ. թ. մոտ 3000 տարի առաջ, Եգիպտոսում, Չինաստանում, Փյունիկիայում։ Բուռն զարգացում են ապրել IX-XIV դդ., սկցբում՝ Միջերկրական ծովի մերձափնյա երկրներում (այդ թվում նաև Կիլիկիայում), այնուհետև՝ Անգլիայում և Հոլանդիայում, ինչպես նաև Հին Ռուսիայում։ Իրենց լրիվ ծաղկմանն են հասել XIX դ. կեսերին, երբ սկսեցին կառուցվել օվկիանոսային արագընթաց Ա–երը՝ կլիպերները։ XX դ. շոգենավերի կառուցմամբ Ա–երն սկսեցին դուրս մղվել ասպարեզից։ Ներկայումս օգտագործվող (տեղական փոխադրումների, ձկնորսական, սպորտային, ուսումնական և այլ նպատակներով) Ա–երում առագաստների բացումն ու հավաքումը կատարվում է էլեկտրականության միջոցով, երբեմն տեղադրում են թիապտուտակով փոքր ջերմային շարժիչ՝ քամու բացակայության դեպքում նավը տեղաշարժելու համար։


ԱՌԱԾ, ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից։ Կազմված է մեկ–երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից։ Առակի պես ունիվայլաբանական բնույթ։ Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով։ Ա. արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը։ Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը։ Բնորոշ օրինակներ են հայկական Ա–ները. «Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի», «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի», «Հավը կածի, ուրուրը կտանի», «Մինչև հաչող շան առջև ոսկոր չգցես՝ ձայնը չի կտրի» և այլն։

Գրկ. Ղանալանյան Ա., Առածանի, Ե., 1960։ Даль В. И., Пословицы русского народа, М., 1957: Брегель Ю. Э., Пословицы и поговорки народов Востока, М., 1961. Ա. Ղանալանյան


ԱՌԱԿ, գեղարվեստական փոքրածավալ ստեղծագործություն, որն ունի բարոյախոսական, խրատական բովանդակություն։ Ձևավորվել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետագայում դարձել նաև գրավոր գրականության տեսակ։ Ա–ներում, մարդկանցից բացի, հանդես են գալիս կենդանիները, ծառերը, իրերը և այլն, որոնց միջոցով այլաբանորեն մերկացվում է հոռին ու չարը, դրվատվում բարին։ Հիմնական իմաստը բացահայտվում է սեղմ ու դիպուկ եզրակացությամբ, որը հաճախ դառնում է թևավոր խոսք, գոյատևում նաև ինքնուրույն (տես նաև Առակագրություն


ԱՌԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական գրականության հին ճյուղերից մեկը։ Հին հունական գրականության մեջ Ա–յան անվանի դեմքերից է Եզովպոսը, հռոմեական գրականության մեջ՝ Փեդրոսը, ֆրանսիականում՝ ժ. Լաֆոնտենը, ռուսականում՝ Ի. Ա. Կռիլովը։ Ռուս սովետական առակագիրներից հայտնի է Ա. վ. Միխալկովը։ Հին ժամանակներից Ա. զարգացել է նաև արևելյան երկրներում, հատկապես՝ Հնդկաստսւնում։ Հայաստանում այն սկիզբ է առել թարգմանական առակներով, որոնց գլխավոր կոթողներն են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակներ» կոչված ժողովածուները։ Դրանք հունարենից թարգմանվել են V–VI դդ., ըստ ոմանց՝ VII դ.։ Հայկական ինքնուրհւյն Ա. Երևան է եկել XII դ.։ Նրա գլխավոր ներկայացուցիչներն են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Ձեռագրերում հաճախ առակներ են կոչվու նաև Ներսես Շնորհալու հանելուկները։ Կան նաև հայկական անանուն առակների ժողովածուներ։ Այդպիսի ժողովածուներից, որոնց սովորաբար Վարդան Այգեկցու անունով «Վարդանյան ժողովածուներ» պայմանական անունն է տրվում, հանրածանոթ է «Աղվեսագիրք»–ը։ Դրանց համակողմանի հետազոտությունը և գիտական հրատարակությունը կատարել է Ն. Մառը։ Հայկական առակների շարքում տեղ են գտել նաև առակատիպ զրույցներ և բարոյախոսական նյութեր։ Ձեռագրերում առակների ժողովածուները հաճախ կրում են «Խրատք առակավոր բանից», «Խրատք գեղեցկայարմարք», «Խոսք իմաստանոց», «Պատմությունք օգտակարք» և այլ խորագրեր։ Առակներ են գրել Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։ Վերջին շրջանի հայ առակագիրներից հայտնի են՝ Խնկո–Ապերը, Ա. Դարբնին և Ս. Կորյունը։

Գրկ․ Մխիթար Գոշ, Առակներ, Ե․, 1951։ Марр Н. Я., Сборники притч Вардана, ч. 1-3, СПБ, 1894-99; Орбели И., Басни средневековой Армении, М.-Л., 1956. Հ․ Անասյան