Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րուց չի անցնում։ Զարգացման ավելի ուշ փուլում այդ աստղերից շատերը, ունենալով նորմալ հաստատուն պայծառություն, ժամանակ առ ժամանակ ապրում են բռնկումներ. ընդ որում, բռնկումների տևողությունը ընդամենը մի քանի րոպե է, իսկ պայծառությունը մեծանում է մի քանի, իսկ երբեմն էլ (սպեկտրի կարճալիք մասում)՝ հարյուրավոր անգամ։ Այդ փուլում գտնվող աստղի օրինակ է UV Կետի փոփոխական աստղը։ Եթե աստղերի նորմալ ճառագայթումը զուտ ջերմային բնույթի է, ապա բռնկումների ժամանակ անջատված էներգիան ակնհայտորեն ոչ ջերմային ծագում ունի։ էներգիայի անջատման ավելի վիթխարի պրոցեսներ են տեղի ունենում նոր և գերնոր աստղերի բռնկումների ժամանակ։ Գերնորերի բռնկումների դեպքում շուրջ 1 ամսվա ընթացքում անջատվում է 1042 ջ։ Նոր և գերնոր աստղերի բռնկումների ժամանակ տեղի է ունենում ընդարձակվող գազային թաղանթների արտանետում։ Այսպես կոչված նորանման փոփոխական աստղերի, մասնավորապես՝ SS Կարապի տիպի աստղերի բռնկումներն իրենց մասշտաբներով միջանկյալ դիրք են գրավում նոր և UV Կետի տիպի աստղերի բռնկումների միջև։

Միգամածությունների ֆիզիկա։ Բավականին մանրամասնորեն են ուսումնասիրված ջերմ աստղերով լուսավորված գազային միգամածություններում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսները։ Այդ պրոցեսները, ըստ էության, հանգում են ջերմ աստղերի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ տեղի ունեցող ֆլուորեսցենցմանը։ Ինչ վերաբերում է ջերմ աստղերով չլուսավորված գազային միգամածություններին, ապա նրանց ուսումնասիրությունը հնարավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ նրանք ճառագայթում են ջրածնի ռադիոգիծ՝ 21 սմ ալիքի երկարությամբ։ Գազային միգամածությունների մեծ մասում գտնվում է նաև պինդ մասնիկներից կազմված փոշային նյութ։ Եթե գազա–փոշային միգամածությունը լուսավորված է համեմատաբար ցածր ջերմաստիճանի աստղով, որի ճառագայթումը գազի ֆլուորեսցենցում չի կարող առաջացնել, ապա դիտվում է լուսավորող աստղի լույսի անդրադարձումը միգամածության փոշային բաղադրիչից։ Նման դեպքերում միգամածության սպեկտրը հանդիսանում է աստղի սպեկտրի վերարտադրումը։ Գալակտիկայում դիտվում են նաև ռադիոմիգամածություններ, որոնք ռադիոդիապազոնում առաքում են անընդհատ սպեկտր։ Այդպիսի ճառագայթումը կապված է մագնիսական դաշտում ռելյատիվիստական էլեկտրոնների արգելակման (այսպես կոչված սինքրոտրոնային ճառագայթում) հետ (սովետական աստղագետ Ի. Շկլովսկու և ուրիշների հետազոտությունները)։ Այդ միգամածություններն առաջացել են գերնոր աստղերի բռնկումների հետևանքով։ Այդպիսիներից են Խեցգետնաձև միգամածությունը և Կասիոպեա A ռադիոաղբյուրը։ Դրանց կյանքի տևողությունը չափվում է ընդամենը հազարավոր, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ հարյուրավոր տարիներով։

Արտագալակտիկական օբյեկտների ֆիզիկա։ Ուսումնասիրությունների սկզբնական շրջանում գալակտիկաները համարվում էին աստղերի ու միգամածությունների մեխանիկական խառնակույտ։ Դրա համար էլ քննարկվում էին միայն նրանց ներքին կինեմատիկային ու դինամիկային վերաբերող հարցերը։ Սակայն շուտով պարզվեց, որ որոշակի կապ գոյություն ունի գալակտիկաների ձևի (էլիպսաձև, սպիրալաձև, անկանոն) և նրանց մեջ մտնող աստղերի («աստղային բնակչության») դասերի, մասնավորապես՝ նրանց մեջ երիտասարդ աստղերի (կապույտ հսկաների) առկայության միջև։ Պարուրաձև գալակտիկաների թևերում նկատվում են մեծ անհամասեռություններ, O աստղասփյուռներ՝ համակարգեր, որոնք կազմված են երիտասարդ աստղերից և միգամածություններից։ Դրանց առաջացումը, ըստ երևույթին, կապված է ֆիզիկական խոր պրոցեսների հետ, որոնց դեպքում նախաստղային նյութի խոշոր զանգվածները վեր են ածվում սովորական աստղերի։ Այդ պրոցեսների ուսումնասիրությունը Ա–ի դժվար, չլուծված պրոբլեմներից մեկն է։

XX դ. կեսերից սկսեց դրսևորվել կորիզների ունեցած վճռական դերը գալակտիկաների էվոլյուցիայում։ Հաստատվել է կորիզների ակտիվության տարբեր ձևերի գոյությունը, մասնավորապես՝ հսկայական բռնկումները, որոնց դեպքում արտանետվում են ռելյատիվիստական էլեկտրոնների վիթխարի ամպեր։ Այդպիսի բռնկումների հետևանքով սովորական գալակտիկաները փոխարկվում են ռադիոգալակտիկաների։ Տեղի են ունենում նաև ամպերի և սովորական գազային շիթերի արտանետումներ։ Բոլոր այդ երևույթները վկայում են այն մասին, որ գալակտիկաների կորիզներում տեղի են ունենում նյութի և էներգիայի փոխակերպման շատ խոր պրոցեսներ։

Ռադիոճառագայթման քվազիաստղային աղբյուրների (քվազարների), ինչպես նաև քվազիաստղային զուտ օպտիկական օբյեկտների հայտնաբերումը հանգեցրեց ավելի խոր պրոցեսների բացահայտմանը։ Նախ պարզվեց, որ քվազարների մեջ կան այնպիսի օբյեկտներ, որոնք առաքում են Արեգակից 1013 անգամ ավելի հզոր ճառագայթում և հարյուրավոր անգամ պայծառ են գերհսկա գալակտիկաներից։ Քվազարների պայծառությունը համեմատաբար արագ է փոփոխվում, որը վկայում է նրանց տրամագծերի փոքր լինելու մասին (անընդհատ սպեկտրը ճառագայթվում է 0,2 պս–ից ոչ մեծ տրամագիծ ունեցող ծավալից)։ Շատ տեսակետներից քվազարները նման են գալակտիկաների առավել ակտիվ կորիզներին, միայն թե նրանցում երևույթների մասշտաբները ավելի մեծ են։ Քվազարների զանգվածներն անհայտ են։ Սակայն, դրանց համարելով շատ մեծ, մեկուսացված կորիզներ, կարելի է ընդունել, որ նրանց զանգվածը Արեգակի զանգվածից մեծ է 1011 և ավելի անգամ։

Տեսական աստղաֆիզիկա։ Տեսական Ա–ի նպատակն է ֆիզիկայի ընդհանուր օրենքների հիման վրա բացատրել Ա–ում ուսումնասիրվող երևույթները։ Ընդ որում, այն օգտվում է ինչպես տեսական ֆիզիկայում արդեն մշակված մեթոդներից, այն պես էլ այնպիսի հատուկ մեթոդներից, որոնք մշակվել են երկնային մարմիններում տեղի ունեցող երևույթները և այդ մարմինների յուրահատուկ հատկություն ների հետ կապված հարցերը ուսումնասիրելու համար։ Քանի որ աստղաֆիզիկական պրոցեսների մասին տեղեկություններն ստացվում են մեզ հասնող ճառագայթման գրանցմամբ, ապա տեսական Ա–ի առաջին խնդիրն է դիտումների արդյունքների անմիջական մեկնաբանումը և ծավալված պրոցեսի արտաքին պատկերի մոտավոր կազմումը (օրինակ, նոր աստղերի պայծառությունը և սպեկտրի դիտումները հնարավոր եղավ բացատրել աստղի արտաքին շերտերի արտանետումների մասին պատկերացումներով)։ Սակայն նրա վերջնական նպատակը երևույթի մեխանիզմի և պատճառների պարզաբանումն է (բերված օրինակում՝ թաղանթի արտանետմանը հանգեցնող բռնկման պատճառները)։ Ա–ում ուսումնասիրվող պրոցեսների հիմնական տարբերիչ հատկանիշը մեծ մասամբ նյութի և ճառագայթման փոխազդեցության էական նշանակությունն է։ Դրա համար էլ տեսական Ա., կոնկրետ խնդիրների լուծմանը զուգընթաց, մշակում է նաև այդ փոխազդեցության հետազոտման մեթոդներ։ Այն դեպքում, երբ տեսական ֆիզիկան հետաքրքրվում է այդ տիպի տարրական պրոցեսներով, Ա. ուսումնասիրում է մեծ համակարգերում բազմապատիկ և բարդ փոխազդեցությունների արդյունքները։ Այսպես, նյութական միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսությունը, որն օգտագործվում է նաև ֆիզիկայի այլ բաժիններում, բարձր կատարելագործման հասավ հենց Ա–ում։ Սպեկտրալ գծերում ճառագայթման տեղափոխման տեսության հաջող զարգացումը սովետական աստղագետներ Վ. Սոբոլևի և ուրիշների աշխատություններում հնարավորություն տվեց բացահայտել աստղային մթնոլորտներում կլանման և առաքման գծերի առաջացման ճշգրիտ օրինաչափությունները։ Այսպիսով, հնարավոր դարձավ աստղային սպեկտրների քանակական մեկնաբանությունը։ Մշակվել են նաև աստղային զանգվածների հավասարակշռության վիճակների հաշվման ընդհանուր մեթոդները։ Գազային աստղերի հավասարակշռված կոնֆիգուրացիաների ուսումնասիրման գործում մեծ ավանդ ունեն Մ. Շվարցշիլդը (ԱՄՆ) և Ա. Մասևիչը (ՍՍՀՄ)։ Այլասերված կոնֆիգուրացիաների տեսությունը, որում հաշվի է առնվում էլեկտրոնային գագի այլասերումը, XX դ. 2-րդ քառորդում մշակել են Է. Միլնը (Մեծ Բրիտանիա) և Ս. Չանդրասեկարը (Հնդկաստան)։ Գերխիտ կոնֆիգուրացիաների դեպքում (որոնցում արդեն այլասերված է բարիոնային գազը) հաշվումներն անհրաժեշտ է կատարել հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա։ Այդ հարցերը, ինչպես և Տիեզերքի՝ որպես ամբողջության ընդարձակման պրոցեսին վերաբերող տեսական հետազոտությունները կազմում են տեսական Ա–ի նոր բնա–