Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը (953–977), ձգտելով վերականգնել Հայաստանի միասնականությունը, իր իշխանությանը ենթարկեց Դվինը, Արաքսի հովիտը և Կայսիկների ամիրայության մեջ մտնող շրջանները։ Ատրպատականի տեր Սալարյանները 970-ական թթ. գրավեցին Դվինը և Արաքսի հովիտը, բայց 990-ին Գագիկ Ա Բագրատունի թագավորը դրանք վերամիավորեց Հայաստանի հետ։ X դ. առաջին կեսին Հյուսիսային Միջագետքում իրենց իշխանությունը հիմնեցին Համդանյանները, որոնք սերում էին Տաղլիբ ցեղից։ Նրանք աստիճանաբար տիրեցին Հյուսիսային Ասորիքին, Հայաստանի Աղձնիք նահանգին և այլ երկրամասերի։ X դ. վերջին և XI դ. սկզբին ստեղծվեցին նոր ամիրայություններ, որոնցից նշանավոր էր Մրվանյանների ամիրայությունը։ Մրվանյանները (990–1096) կարողացան գրավել Աղձնիքը, Վանա լճի հս. և արմ. կողմի գավառները և հասան մինչև Խլաթ։ Նրանք բախվեցին Տայքի Դավիթ Կյուրապաղատի հետ, սակայն 1001-ին հնազանդություն հայտնեցին Բյուզանդիայի Վասիլ II կայսրին։ Մրվանյանների հիմնական տիրույթը Աղձնիքն էր (բացի Սասուն գավառից), իսկ նստավայրը՝ Նփրկերտը։ Սելջուկյան արշավանքների ժամանակ նրանք հպատակ դարձան սելջուկ նվաճողներին, որոնց և ի վերջո անցան նրանց տիրույթները։ Գագիկ Ա–ի մահից հետո, օգտվելով խառը իրավիճակից, Դվինում հաստատվեցին Շադդադյանները (1021–1130)՝ ստեղծելով նոր ամիրայություն։ Նրանք նախ, Բյուզանդիայի դրդումով, հարձակվեցին Գագիկ Բ թագավորի վրա, բայց հետո իրենք ենթարկվեցին Բյուզանդիայի հարձակմանը, ապա հպատակվեցին սելջուկներին։ Արաբական ամիրայությունները, հենակետ դառնալով օտար նվաճողների համար, պատճառ դարձան Բագրատունյաց թագավորության միասնականության քայքայմանը։ Նրանք մեծ վնաս հասցրին նաև Հարավային Հայաստանի քաղաքների ու առևտրի զարգացմանը։ Արաբական ամիրայություններին հաջորդեցին քրդական ու սելջուկյան ամիրայությունները։

Գրկ. Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965։ Ա. Տեր–Ղևոնդյան

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆԱՊԱՏ, Սահարայի հյուսիս–արևելյան մասը, Նեղոսի հովտի և Կարմիր ծովի միջև (ԵԱՀ)։ Հվ–ում տարածվում է մինչև հս. լ. 22°, ուր միանում է Նուբիական անապատին։ Կլիման շոգ է, անապատային, հազվադեպ անձրևներով։ Ունի աղքատիկ, չորասեր բուսականություն, հովիտներում՝ մոլախոտաթփուտային չորասեր բուսականություն՝ կարմրանի, ժանտաթզենու և Փյունիկյան արմավենու ծառատեսակներով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հազվադեպ օազիսներում՝ հողագործությամբ։ Կարմիր ծովի ափին կատարվում է նավթի, ֆոսֆորիտների հանույթ։


ԱՐԱԲԱԿԱՆ ԳԻՐ, բաղաձայնա–հնչյունային գիր, որ գործածում եև արաբները և մահմեդական այլ ժողովուրդներ (Իրան, Աֆղանստան, Պակիստան ևն)։ Գրվում և կարդացվում է աջից ձախ։ Ա. գ. առաջ է եկել արամեական համարվող նաբաթական գրատեսակից։ Ունի նախաիսլամական մի քանի ձևեր՝ սինայան, որով գրված է նամարյան արձանագրությունը (328), կարմատական, որով գրված են Զաբադի (512) և խառանի (568) արձանագրությունները, քուֆի (Քուֆ քաղաքի անունով), որը անկյունավոր, լայն զարդագիր է։ Ժամանակակից Ա. գ. ունի 28 բաղաձայն և կիսաձայն հնչյուններ նշող տառեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ չորս ձև՝ ըստ անջատ, բառասկզբի, բառամիջի և բառավերջի գործածության։ Ձայնավորները նշելու համար տառերի վերևից կամ ներքևից դրվում են հատուկ նշաններ, գործածվում են նաև առանձին կրկնվող գծանշաններ։ Ա. գ. բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել և ստեղծվել են զանազան գրատեսակներ, որոնցից հայտնի են նասխին, սուլուսը, մաղրիբին, ռիկան ևն։

Գրկ. Լոուկոտկա Չ., Գրի զարգացումը, Ե., 1955, էջ 137-54։ Ա. Տեր–Ղևոնդյան


ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԼԻԳԱ, ռեգիոնալ կազմակերպություն, ստեղծվել է 1945-ի մարտի 22-ին, Կահիրեում։ Հիմնադիր անդամներն են՝ Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը (այն ժամանակ՝ Անդրհորդանան)։ Ավելի ուշ լիգայի մեջ մտան նաև Եմենի Արաբական Հանրապետությունը, Լիբիան, Սուդանը, Մարոկկոն, Թունիսը, Քուվեյթը, Ալժիրը, Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Բահրեյնը, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Լիգայի նպատակն է ամրապնդել անդամ երկրների փոխհարաբերություևները, կոորդինացնել նրանց քաղաքականությունը միջազգային ասպարեզում, ապահովել նրանց ազգային անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այն զբաղվում է նաև տնտեսական, ֆինանսական, առևտրական, մշակութային, սոցիալական, առողջապահության և այլ հարցերով։ Բարձրագույն մարմինը անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Խորհուրդն է։ Ընթացիկ գործերը վարում է Գլխավոր քարտուղարությունը։ Ղեկավար մարմինների նստավայրը Կահիրեն է։


ԱՐԱԲԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Արաբիա (<հին եբր. արաբա–անապատ), Ասիայի ամենամեծ թերակղզին, մայր ցամաքի