Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակով կիսաթանկարժեք քարերով և մարգարտով զարդարվել է գոտու ճարմանդը։ Զգեստի կարեոր մասը կազմող զարդերում օգտագործվել է մարջան, փիրուզա, ցանցկեն արծաթ։ Ոսկերիչները յուրաքանչյուր իրի համար կարողացել են գտնել միայն նրան բնորոշ ձևը, հասել են ծավալների ծայրահեղ արտահայտչականության։ Վանի արվեստում կարևոր տեղ է գրավել քարի մշակումը։ Քարգործների մեծ վարպետության արտահայտություններից են ինչպես տների դեկորատիվ հարդարանքները, նույնպես և տեղական ծագում ունեցող խաչքարերը։ Վանում լայն տարածում է ունեցել փայտի գեղարվեստական փորագրությունը, որը կիրառվել է դըռների, պատշգամբների, սյուների ձևավորման ժամանակ, կենցաղային իրեր պատրաստելիս։ Առանձնակի խումբ են կազմել բրուտագործական իրերը, որոնք պատրաստվել են տեղական կավից և ունեցել գեղանկարչական զուսպ ձևավորում։ Բնակչությունը զբաղվել է նաև ներկարարությամբ։ Վանում գորգագործության դասական սկզբունքներով գործվել են մեծ և ընտիր գորգեր, որոնց հարդարանքում նախապատվությունը տրվել է խաչին, շեղանկյան տարբերակներին, կեռխաչին։ Վասպուրականում է գործվել հայկական հնագույն գորգերից «Գուհար»-ը (1680)։ Լայն տարածում է ունեցել մետաքսագործությունը։ Վանի ամրոցի 600 քարայրում տեղավորված են եղել մետաքսագործական արհեստանոցներ։ ժանյակն իր բարդ զարդերով, համակենտրոն կառուցվածքով և ակտիվ ռիթմով յուրօրինակ կերպով տարբերվել է այլ վայրերում պատրաստվող ժանյակից և մեծ համարում է ունեցել համաշխարհային շուկայում։ Ասեղնագործվել են վանեցի կնոջ հագուստը, եկեղեցական վարագույրները, զգեստները։ Ընտիր կարատեսակի ու գեղարվեստական առանձնահատկությունների շնորհիվ Վանի ասեղնագործությունն անվանվում է «Վանի կար»։ Զարգացած էր դաջագործությունը (դրանք հիմնականում կարմիր գույնի իրեր էին՝ վարագույրներ, սփռոցներ են)։ Դարերով մշակվել է տեղական տարազը, տղամարդու զգեստում կարևոր էին աբան, իշլիկը, քոլոզը, արախչին, որոնցում նույնպես գերիշխել է կարմիրը, կանացի տարազում կարևոր առանձնահատկություն էր աստիճանականությունը, երբ ընդհանուրի մեջ առանձին հատվածները [վերնազգեստը (զբուն), գոգնոցը (մեզար), ասեղնագործված կրծկալը, գոտին, վարտիքը, գուլպաները] լրացնում էին միմյանց։ Այստեղ իշխում էին կարմիրը, դեղինը և մուգ կապույտը։ Զգեստին յուրատիպ գեղեցկություն էին հաղորդում ոսկուց, արծաթից պատրաստված շքեղ զարդերը։ Վանի կիրառական արվեստին բնորոշ է պարզությունը, որը խարսխված է ժողովրդական խավերի կենցաղից թելադրված պատկերավոր մտածողության վրա։ Այստեղից էլ Վանի արվեստի դեմոկրատիզմը, նրա պարզ և հստակ գեղարվեստական կերպարը։ Վանի արվեստը հայ ազգային մշակույթի կարևորագույն հատվածն է։ Դարասկզբին Վանի ոսկերիչներից մեծ համբավ ունեին Հ․ Պոռոզաջյանը, Գ․ Գույումջիբաշյանը, Տ․ Ավագյանը, Մ․ Ղալամքարյանը, Գ․ Շալջյանը։ 1915 թ․ կանգ առավ Վանի արվեստի զարգացման ընթացքը։ Արևելյան Հայաստան գաղթած ոսկերիչները Թիֆլիսում կազմակերպեցին «Վան» արհեստանոցը՝ շարունակելով Վանի արվեստի ավանդները։ Սովետական Հայաստանում այդ գործի ջատագովներն էին Վ․ Հացագործյանը, Վ․ և Գ․ Դիոնեսյանները։ ժանյակագործության բնագավառում մեծ է Ս․ Զրբաշյանի ավանդը։ Վանի արվեստի ընտիր ստեղծագործություններ են պահպանվել Հայաստանի պատմության, ժողովրդական արվեստի, Ազգագրության պետական թանգարաններում, ինչպես և էջմիածնի վանքի թանգարանում։ Պատկերազարդումը տես 256–257-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակներ I –II։ Գրկ․ Տեր–Ղևոնդյան Հ․, ԺԶ–ԺԸ դարերի Վասպուրականի արծաթագործության մասին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», հաս գիտ․, 1963, № 8։ Հակոբյան Հ․, Վասպուրականի մանրանկարչությունը, գիրք 1–2, Ե․, 1976–82։ Մ․ Ղազարյան

ՎԱՆ ԳՈԳ (van Gogh) Վինսենտ (Վինսենտ Վիլլեմ, 30․3․1853, Գրոտ–Զյունդերտ, Հոլանդիա –29․7․1890, Օվեր–սյուր–Ուազ, Ֆրանսիա), հոլանդացի նկարիչ։ Բողոքական քահանայի որդի։ 1869–76-ին եղել է Գեղարվեստա–առետրական ֆիրմայի հանձնակատար Հաագայում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում, 1876-ին՝ ուսուցիչ Անգլիայում։ Ուսումնասիրելով աստվածաբանություն՝ 1878–79-ին եղել է քարոզիչ Բորինաժում (Բելգիա)։ Հաճախել է Բրյուսելի (1880–81) և Անտվերպենի (1885–86) գեղարվեստի ակադեմիաները։ Վ․ Դ․ նկարել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կյանքին ծանոթացել է 1881 1885-ին Հոլանդիայում։ 30 տարեկանից սկսել է զբաղվել գեղանկարչությամբ և ստեղծել հասարակ մարդկանց նկատմամբ ջերմ համակրանքով առլեցուն, մռայլ տոներով նկարաշարեր («Գեղջկուհի», 1885, Կրյոլլեր–Մյուլլեր պետական թանգարան, Օթեռլո, «Կարտոֆիլ ուտողները», 1885, Վինսենտ վան Գոգի ֆոնդ, Ամստերդամ)։ Զարգացնելով XIX դ․ քննադատական ռեալիզմի, հատկապես ժ․ Ֆ․ Միլլեի, ավանդույթները, Վան Գոգը դրանք լծորդել է կերպարների հուզա–հոգեբանական լարվածության, մարդկանց տառապանքների ու ընկճվածության հիվանդագին զգայուն ընկալմանը։ 1886–88-ին ապրել է Փարիզում, հաճախել մասնավոր ստուդիա, միաժամանակ ուսումնասիրել իմպրեսիոնիստների պլենէրային գեղանկարչությունը և ճապոնական գրավյուրան, հաղորդակից եղել Ա․ Թուլուզ–Լոտրեկի, Պ․ Գոգենի որոնումներին։ Այդ շրջանում մուգ գույները հետզհետե իրենց տեղը զիջել են կապույտի, ոսկեդեղինի և կարմիրի մաքուր տոների պայծառ փայլատակումներին, ազատ ու դինամիկ է դարձել գունաբիծը («Մենի կամուրջը», 1887, Վինսենտ վան Գոգի ֆոնդ, Ամստերդամ, «Տանգի հայրիկի դիմանկարը», 1887, Ռոդենիթանգարան, Փարիզ)։ 1888-ին Վան Գոգը փոխադրվել է Առլ․ սկսվել է նրա հասունության շրջանը, որոշակի է դարձել երփնագրային նկարելաձևի ուրույնությունը, նկարիչը իր հուզավիճակն ու վերաբերմունքը աշխարհին արտահայտել է՝ օգտագործելով գույների կոնտրաստային զուգորդումն ու պաստոզային գունաբիծը։ Բուռն զգացմունքը, տանջալից պոռթկումը ներդաշնակության, գեղեցկության ու երջանկության նկատմամբ և վախը մարդուն թշնամի ուժերի հանդեպ մարմնավորվել են մերթ բնանկարներում, որոնք փայլում են հարավի ուրախ, արևոտ գույներով («Հունձ։ Լա Կրո հովիտ», «Ձկնորսական նավակները Սենտ Մարիում», երկուսն էլ՝ 1888, Վինսենտ վան Գոգի ֆոնդ, Ամստերդամ), մերթ ահավոր աշխարհի չարագույժ կերպարներում, ուր մարդը ընկճված է մենակությունից ու անզորությունից («Գիշերային սրճարան Մոլում», 1888, Քլարկի հավաքածու, Նյու Ցորք)։ Գույնի և երկար գալարուն գունաբծերի դինամիկան կյանք ու աշխուժություն է հաղորդում ոչ միայն բնությանն ու այն բնակեցնող մարդկանց («Խաղողի կարմիր այգիներ Առլում», 1888, Ա․ Մ․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա), այլե յուրաքանչյուր անշունչ առարկայի («Վան Գոգի ննջարանը Առլում», 1888, Վինսենտ վան Գոգի ֆոնդ, Ամստերդամ)։ Վան Գոգի կյանքի վերջին տարիների լարված աշխատանքը ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով։ Վան Գոգին փոխադրել են Առլի, Սեն-Ռեմիի (1889–90), ապա Օվեր–սյուր–Ուազի (1890) հիվանդանոց, ուր և ինքնասպան է եղել։ Վան Գոգի կյանքի վերջին երկու տարիների ստեղծագործությունը առանձնանում է հափշտակության մոլուցքով, գունային զուգորդումների, ռիթմի և ֆակտուրայի ծայրաստիճան սրված արտահայտչականությամբ, տրամադրությունների կտրուկ փոփոխություններով՝ մոլեգին հուսահատությունից («Հավերժության դարպասների մոտ», 1890, Կրյոլեր–Մյուլլեր պետական թանգարան, Օթեռլո) և ծայրահեղ ցնորատեսական պոռթկումներից («Նոճիներով ու աստղերով ճանապարհը», 1890, նույն տեղում) մինչև գիտակցության պայծառեցման ու խաղաղեցման հուզումնալի զգացումը («Օվերի բնանկար անձրևից հետո», 1890, Ա․ Մ․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։ Վան Գոգի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային պահը։ Այն համակված է ջերմ սիրով դեպի կյանքը, դեպի պարզ, աշխատավոր մարդը։ Միաժամանակ, մեծ անմիջականությամբ, այն արտահայտել է XIX դ․ բուրժ․ հումանիզմի ու ռեալիզմի ճգնաժամը,