Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգևոր բարոյական արժեքների հիվանդագին–տանջալից որոնումները։ Այստեղից էլ Վան Գոգի պոռթկուն էքսպրեսիան և ողբերգական պաթոսը, դրանցով է որոշվում Վան Գոգի հատուկ տեղը պոստիմպրեսիոնիզմի արվեստում, որի գլխավոր ներկայացուցիչներից մեկը նա դարձավ։ Պատկերազարդումը տես 272-րդ էջից հետո՝ ներդիրում։ Երկ․ Письма, пер․ с голландского, Л-–М․, 1966․ Գրկ․ [Новак Л ], Ван-Гог, [Прага, 1961]; Weisbach W․, Vincent van Gogh, Bd 1–2, Basel, 1949-51․

ՎԱՆ ԴԵ ԳՐԱՖԻ ԳԵՆԵՐԱՏՈՐ [ամերիկացի ֆիզիկոս Ռ․ Ջ․ Վան դե Գրաֆի (R․ J․ Van de Graaf) անունով], տես Արագացուցիչներ։

ՎԱՆ ԴԵՅՔ (van Dyck) Անտոնիս (22․3․ 1599, Անտվերպեն–9․12․1641, Լոնդոն), ֆլամանդացի նկարիչ։ 1609 թվականից սովորել է Հ․ վան Բալենի մոտ, 1615–16 թվականներին արդեն ունեցել է սեփական արվեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է «Առաքյալների գլուխներ» նկարաշարը։ Պատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա․ Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետական թանգարան, Վաղուց), ինչպես և կրոնական ու դիցաբանական թեմաներով նըկարներ («Ս․ Պետրոսի խաչելությունը», մոտ 1615–17, Հին արվեստի թանգարան, Բրյուսել)։ Մոտ 1618–20-ին որպես օգնական աշխատել է Պ․ Պ․ Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը: 1620-ի վերջին –1621-ի սկզբին Վան Դեյքը եղել է Անգլիայի Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել Անտվերպեն։ Այդ շրջանի գործերում («Ֆ․ Անայդերսը կնոջ հետ», Պատկերասրահ, Կասսել) նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման։ 1621 թվականի վերջից Վան Դեյքը ապրել է Իտալիայում (հիմնականում՝ Ջենովայում)։ Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը (կարդինալ Դ․ Բենտիվոլիոյի դիմանկարը, մոտ 1623, Պալացցո Պիտտի, Ֆլորենցիա)։ Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Վան Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ («Ծեր ջենովացին և իր կինը», Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։ 1627 թվականի վերջից 1632-ը Վան Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելլայի պալատական նկարիչը։ Դա Վան Դեյքի ստեղծագործության նոր վերելքի շրջանն էր, երբ նրան հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը (Մարիա Լուիզա դե Տասսիսի դիմանկարը, Լիխտենշտայն պատկերասրահ, Վիեննա), իսկ ինտիմ դիմանկարներում («Գեղանկարիչ Պ․ Սնայերս», Հին պինակոտեկա, Մյունխեն) բացահայտել իր ժամանակակիցների հոգեկան աշխարհը։ Առավել միօրինակ են կրոնական և դիցաբանական հորինվածքները («Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», 1620-ական թթ․ վերջ, Հին պինակոտեկա, Մյունխեն)։ 1632 թվականից Վան Դեյքը աշխատել է Լոնդոնում՝ որպես Կարլոս I-ի պալատական նկարիչ, ստեղծել բազմաթիվ դիմանկարներ («Կարլոս 1-ը որսի ժամանակ», մոտ 1635, Լուվր,Փարիզ, «Կարլոս I-ի երեխաները», 1637, Վինձորի դղյակ, «Ֆ․ Ուորթոն», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն)։ Վան Դեյքի վերջին շրջանի գործերում նրբագեղությունը դարձել է բռնազբոսիկ, իսկ գունապատկերը՝ չոր ու խայտաբղետ՝ շքահանդեսային դիմանկարը վերածելով ստանդարտի, որ համընդհանուր տարածում է գտել շատ երկրների պալատական արվեստում։ Վան Դեյքի «Խաչից իջեցնելը» կտավը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։ Պատկերազարդումը տես 273-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. [Смольская Н․ Ф], Антонис ван Дейк, М․–Л․, 1963․

ՎԱՆ ԷՅՔ (van Eyck) Ցան (մոտ 1390–1441), նիդերլանդացի նկարիչ։ Ըստ փաստաթղթերի 1422–24-ին Հաագայում զարդանկարել է կոմսի դղյակը, 1425-ից դարձել Բուրգունդիայի հերցոգ Փիլիպոս Բարու (որի տիրույթում էին Նիդերլանդները) պալատական նկարիչը։ 1427-ին այցելել է Իսպանիա, 1428–29-ին եղել Պորտուգալիայում։ Մոտ 1430-ին հաստատվել է Բրյուգգեում։ Եղել է նաև մանրանկարիչ։ Վան էյքի առավել խոշոր ստեղծագործությունը «Գենտնի խորանն» է (բազմանկար՝ Դենտի Ս․ Բավոնի տաճարում)։ Շրջանակի ամենաուշ մակագրության համաձայն, այն սկսել է Հուբերտ վան էյքը, և ավարտել Ցանը, 1432-ին։ Հուբերտը՝ Յանի ավագ եղբայրը, 1420-ական թթ․ աշխատել է Գենտում, ուր և մահացել է 1426-ին։ Հուբերտի ստեղծագործության և «Գենտի խորանին» նրա մասնակցության հարցը մնում է վիճելի։ խորանը կազմված է տարբեր բնույթի բազմաթիվ պատկերներից՝ ներառած բնանկարով բազմաֆիգուր տեսարանը («Երկրպագություն գառին»), ընդարձակ ինտերիերը պատուհանից երևացող քաղաքի տեսարանով («Ավետում»), Ադամի և Եվայի ֆիգուրները, նվիրատուների դիմանկարները և այլն։ Բացի «Աստվածածինը եկեղեցում» (1420-ական թթ․ վերջ, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ) նկարից Վան էյքի հավաստի ստեղծագործությունները պատկանում են 1430-ական թթ․։ Դրանցից առավել նշանավոր են՝ «Կանցլեր Ռոլենի Աստվածածինը». (մոտ 1436, Լուվր, Փարիզ), «Կանոնիկոս վան դեր Պալեի Աստվածածինը» (1436, Մունիցիպալ գեղարվեստական պատկերասրահ, Բրյուգգե), «Աստվածածինը եկեղեցում» եռանկարը (1437, Դրեզդենի պատկերասրահ), ինչպես և «Տիմոֆեյ» (1432), Առնոլֆինի ամուսինների (1434), «Կարմիր գլխարկով մարդը» (1443, երեքն էլ՝ Ազգային թանգարան, Լոնդոն), Մարգարետ վան էյքի՝ նկարչի կնոջ (1439, Մունիցիպալ գեղարվեստական պատկերասրահ, Բրյուգգե) դիմանկարները։ Հենվելով իր նախորդների ու ժամանակակիցների նվաճումների վրա՝ Վան էյքը հետևողականորեն հանգել է իրականության ռեալիստական պատկերման՝ այն ժամանակվա եվրոպական արվեստի համար նոր սկզբունքի, նրա նկարների մեծ մասը զուրկ է սյուժետային գործողությունից և կրում է հանգիստ, հայեցողական բնույթ։ Չափազանց մանրազնին երփնագրումը դրսևորում է յուրաքանչյուր առարկայի գեղեցկությունը, որ ձեռք է բերում իրական ծավալ, խտություն, կշիռ, բնորոշ մակերես։ Վան էյքի վրձնած բնությունը, մարդիկ, առարկաները զարմանալի կենդանի համոզչականություն ունեն, ընդ որում դրանում հատուկ դեր է խաղում տարածության և լուսաօդային միջավայրի պատկերումը։ Վան էյքին հավասարապես հետաքրքրում են մարդը և նրան շրջապատող աշխարհը, նրա կոմպոզիցիաներում մեծ տեղ են գրավում բնանկարը, ինտերիերը, նատյուրմորտը։ Վան էյքի առաջադրած ստեղծագործական խնդիրների լուծումը պահանջում էր նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներ։ Հաճախ նրան անվանել են յուղաներկով երփնագրման տեխնիկայի ստեղծող։ Այդ տեխնիկան հայտնի էր մինչ այդ, սակայն Վան Էյքը առաջինը նորովի կիրառեց այն՝ օգտագործելով իրար վրա քսված ներկի նուրբ թափանցիկ շերտերի գեղագիտական արտահայտչականությունը։ Վան էյքի մեթոդը, որ հնարավոր էր դարձնում բացառիկ ուժի, խորության և գույնի հարստության, ինչպես և լուսաստվերի ու գունային անցումների մեծ նրբության հասնելը, կարևոր դեր է խաղացել համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Վան էյքի արվեստը, չնայած մեծապես հիմնված է կրոն, պատկերացումների վրա, նորարարությամբ է արտացոլել իրականության գեղեցկությունն ու բազմազանությունը և կարևոր սկզբնաղբյուր է եղել ռեալիզմի զարգացման համար։ Այն վճռական դեր է խաղացել հաստոցային նկարի ստեղծման համար։ Վան էյքի ստեղծագործությունը նշանավորել է Վերածննդի սկիզբը Նիդերլանդներում և նշանակալի չափով որոշակի դարձրել նիդերլանդական գեղանկարչության զարգացման հետագա ուղիները։ Գրկ․ Егорова К․ С․, Ян Ван Эйк, М․, 1965; Baldass L․, Jan van Eyck, L․, 1952․

ՎԱՆ ՄԱՆ (մ․ թ․ ա․ 45–մ․ թ․ 23), հին չինական պետական գործիչ, կայսր մ․ թ․ 9-ից։ Մ․ թ․ ա․ 8-ին դարձել է Հան կայսրության բարձրագույն աստիճանավոր, իսկ մ․ թ․ 8-ի դեկտեմբերին, կատարելով պալատական հեղաշրջում, իրեն հռչակել է կայսր։ Անցկացրել է մի շարք ռեֆորմներ, վերացրել է հողի մասնավոր սեփականությունը, արգելել հողի և ստրուկների առևտուրը, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել