Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նախնական կրթություն ստանալուց հետո, առաջադեմ մտավորական Խաչատուր Պարտիզպանյանի հովանավորությամբ և Օտյան գերդաստանի նյութական աջակցությամբ, մեկնել է (ենթադրաբար 1848 թ․-ին) Փարիզ և ուսանել Սեն Բարբիի բարձրագույն դպրոցում։ 1852 թ․-ին Սվաճյանը վերադարձել է Կ․ Պոլիս, Խ․ Պարտիզպանյանի և Գ․ Օտյանի հետ մասնակցել Ն․ Ռուսինյանի լուսավորական խմբակցությանը, պայքարել կղերաամիրայական հոսանքի դեմ։ 1854 թ․-ին նշանակվել է Պեշիկթաշի դպրոցի ուսուցիչ, տարածել առաջադիմական գաղափարներ, ծավալված գրապայքարում պրոպագանդել Ն․ Ռուսինյանի աշխարհաբարի դասագիրքը՝ «Ուղղախոսությունը»։ 1855–1856 թթ.-ին ապրել է Փարիզում, հանդիպումներ ունեցել լեհական ազգային–ազատագրական շարժման ներկայացուցիչների հետ։ 1856 թ.-ին Կ․ Պոլսում հիմնադրել և խմբագրել է «Մեղու» հանդեսը։ Մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը (1859 թ.-ին սահմանադրության նախագիծը նախապատրաստող հանձնաժողովի անդամ էր), եղել սահմանադրական շարժման դեմոկրատական ուղղության աչքի ընկնող ներկայացուցիչներից։ 1860 թ.-ին անդամակցել է «Բարեգործական ընկերությանը», որը կոչված էր լուսավորության տարածման և արհեստների զարգացման միջոցով վերացնելու Արևմտյան Հայաստանի հետամնացությունը։ 1862 թ.-ի սկզբին Սվաճյանի մասնակցությամբ ստեղծվել է «Հայկ» կամ «Օրիոն» մասոնական կազմակերպությունը, որը զբաղվել է Կ․ Պոլսի հայկական գաղութի լուսավորական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև ազգային–ազատագրական պայքարի հարցերով։ 1862 թ.-ի Զեյթունի ապստամբության ժամանակ Սվաճյանը մերկացրել է սուլթանական բռնապետության հայաջինջ քաղաքականությունը, ազատագրական շարժումը կազմակերպելու նպատակով շրջագայել Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ 1866 թ.-ին մասնակցել է մասոնական «Սեր» գաղտնի ընկերության գործունեությանը, որի վերջնական նպատակն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Համաեվրոպական հեղափոխական շարժման, թուրքական բռնապետության դեմ ազատագրական ելույթների, ինչպես նաև Մ․ Նալբանդյանի անմիջական ազդեցությամբ (հանդիպել են երկու անգամ, Կ․ Պոլսում՝ 1860–1861 թթ.-ին), 1860-ական թթ․ սկզբին Սվաճյանը դարձել է հեղափոխական–դեմոկրատիզմի հետևորդ, առաջադրել ազգային և սոցիալական ճնշումը զենքով վերացնելու գաղափարը (ըստ նրա, օտար նվաճողների լուծը թոթափելուց հետո, հարկ էր զենքն ուղղել սեփական հարստահարիչների դեմ)։ Հետևելով Մ․ Նալբանդյանին՝ Սվաճյանը ևս Հայաստանի Արևմտյան և Արևելյան հատվածների ազատագրումը սուլթանական և ցարական լծից շաղկապել է ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժման հաղթանակի հետ, բարձր գնահատել ազգային–ազատագրական պայքարը Լեհաստանում և Իտալիայում, Ջ. Գարիբալդիին համարել ընդօրինակման արժանի հերոս։ Սվաճյանը ագրարային հարցը քննարկել է ազգային հարցի հետ սերտ կապի մեջ։ Տարածել է Մ․ Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ Ագրարային հարցի լուծման ճանապարհին Սվաճյանը պահանջում էր Արևմտյան Հայաստանում արմատավորել հողամշակման առաջավոր ձևերը, զարգացնել գյուղատնտեսությունը, կազմակերպել վաճառականական ընկերություններ, պայմաններ ստեղծել երկրի տնտեսական զարգացման, ժողովրդի լուսավորության և քաղաքական ազատագրության համար։ Դրանց իրականացումից հետո հողը խլվելու էր հարստահարիչներից և հանձնվելու գյուղացուն։

Իր մարտաշունչ հրապարակախոս, ելույթներում Սվաճյանը պաշտպանել է աշխատավոր գյուղացիության և արհեստավորների շահերը, դատապարտել կոմպրադորական բուրժուազիային, վաշխառուներին, հողատեր աղաներին, բարձրաստիճան հոգևորականությանը։

Սվաճյանը նշանակալից հետք է թողել նաև հայ գեղարվեստական գրականության և գրաքննադատության բնագավառներում։ Ուշագրավ են «Հայաստան Մայր» արձակ պոեմը, «Արիք Հայկազունք» բանաստեղծությունը, որը վերածվել է երգի, դարձել Ազգային սահմանադրության հիմնը, «Քաթինքա» վիպակը, «Առանձար Ամատունի» պատմական ողբերգությունը, «Մատնություն» քաղաքական պամֆլետը, երգիծական շատ գործեր։ Սվաճյանը հայ իրականության մեջ քաղաքական երգիծանքի հիմնադիրներից է, նոր, ժողովրդական թատրոնի նախաձեռնողներից։ Նրա գործընկերն ու համախոհն էր նշանավոր երգիծաբան Հ. Պարոնյանը։ 1981 թ.-ին Խորհրդային Հայաստանում նշվեց Սվաճյանի ծննդյան 150-րդ տարեդարձը։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։

Երկեր՝ Հրապարակախոսություն, Ե․, 1960։

Գրականություն՝ Գասպարյան Գ․, Հարություն Սվաճյան, Ե․, 1958։ Ասատրյան Աս․, Հարություն Սըվաճյան, Ե․, 1967։ Սարգսյան Գ․, Սըվաճյանը հրապարակախոս–երգիծաբան, Ե․, 1981։ Казарян Г․ М․, Арутюн Свачян, Е․, 1981․ Վ. Պարսամյան

ՍՎԱճՅԱՆ–ԳԱՐԱԳԱՇՅԱՆ Արաքս Հակոբի (1909 թ. նոյեմբեր, Պլովդիվ - 1997 թ.), հայ երգչուհի (քնարական սոպրանո)։ Մինչև 1925 թ.-ը ապրել է Կ․ Պոլսում, այնուհետև՝ Բուխարեստում, 1937 թ.-ին ավարտել տեղի կոնսերվատորիան, հրավիրվել օպերային թատրոն։ Դերերգերից են՝եղել Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Սյուզան, Կոնստանցա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Առևանգում հարեմից»), Սոֆիա, Մանոն (Ժյուլ Մասնեի «Վերթեր», «Մանոն Լեսկո»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Չիո–չիո–սան (Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ») և այլն։ Սվաճյան-Գարագաշյանը հավասարապես կամերային երգչուհի էր (Շուբերտ, Շուման, Բրամս, Լիստ)։ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբում իբրև մեներգչուհի կատարել է Ա․ Տիգրանյանի, Կոմիտասի, Բ․ Կանաչյանի, Հ. Ստեփանյանի, Ա․ Դոլուխանյանի և այլոց ստեղծագործությունները։ Ռումինական երգարվեստի նմուշների լավագույն մեկնաբաններից էր։ 1957 թ.-ին մենահամերգով հանդես է եկել Երևանում։ 1964 թ.-ից բնակվել է ԱՄՆ–ում։ Ց․ Բրուտյան, Ս Քոլանջյան

ՍՎԱՆԵԹԻ, Սվանեթիա, պատմական մարզ Վրաստանում, Մեծ Կովկասի հարավային լանջերին, Ինգուր և Ցխենիսծղալի գետերի վերին հոսանքների շրջանում։ Բնակվում են սվաններ։ Վրացական թագավորության անկումից հետո Սվանեթիի մի մասը XVI դ․ կեսին մտել է Մեգրելական իշխանապետության կազմի մեջ, մնացած մասը ենթարկվել է Իմերեթիայի թագավորին և բաժանվել Ազատ Սվանեթիի և Իշխանական Սվանեթիի։ 1857–1859 թթ.-ին իշխանապետությունը Սվանեթիում վերացել է։ Սվանեթին ընդգրկել է Վրացական ԽՍՀ Մեստիայի և Լենտեխի շրջանները։ Սվաններն զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։

ՍՎԱՆԵԹԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Վրացական ԽՍՀ-ում, Ինգուր և Ցխենիսծղալի գետերի վերնագավառում։ Երկարությունը 85 կմ է, բարձրությունը՝ մինչև 4008 մ (Լայլա լեռ)։ Բաղկացած է կավային թերթաքարերից, մասամբ՝ քվարցիտներից։ Կատարային մասում կան սառցադաշտեր։ Լանջերը ծածկված են ալպյան և ենթալպյան մարգագետիններով, ստորոտները՝ հաճարենու և ասեղնատերև անտառներով։

ՍՎԱՆԵՐԵՆ, սվանների լեզուն։ Պատկանում է քարթվելական լեզվաընտանիքին։ Տարածված է Վրացական ԽՍՀ հյուսիս–արևմուտքում։ Խոսողների թիվը 35 հազարից ավելի է։ Ունի 4 բարբառ՝ մի շարք խոսվածքներով։ Հնչյունական համակարգում առկա են 18 ձայնավոր և երկբարբառ (երկար-կարճ հակադրությամբ), 30 բաղաձայն։ Ձևաբանությունը բարդ է, ունի արխաիկ շատ գծեր։ Գոյականն ունի թվի (եզակի, հոգնակի), հոլովի (ուղղական, տրական, էրգատիվ, պարագայական, սեռական, գործիական) կարգեր, հոլովման 4 տեսակ, ետադրություններ, բայը՝ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի և այլ կարգեր։ Զարգացած է բառակազմությունը։ Նախադասության տիպաբանության մեջ առկա են էրգատիվ և անվանական կառուցվածքային գծեր։ Բառապաշարի հիմքը համա–քարթվելական է։ Կան վրացական փոխառություններ։ Օգտագործում է վրացական գիրը։

ՍՎԱՆՆԵՐ, վրացիների ազգագրական խումբ։ Բնակվում են Վրացական ԽՍՀ Մեստիայի և Լենտեխի շրջաններում։ Սվանական ցեղերը, որոնք հնում ընդարձակ տարածություններ էին զբաղեցնում Մեծ Կովկասի հարավային լանջերին (պատմական Սվանեթի մարզում), քարթվելական ու մեգրելա-լազական ցեղերի հետ կազմել են վրաց ժողովրդի հիմքը։ Սվանները խոսում են վրացերեն և սվաներեն։

ՍՎԱՍՏԻԿԱ, տես Կեռխաչ։

ՍՎԱՐԱՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի օստանի Փերիա գավառի Վարզաղ գավառակում, Դարանից 13 կմ հարավ–արևմուտք։ Հիմնադրվել է 1836 թվականին։ 20-րդ դարի 60-ական թթ․ ուներ 751 (102 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ։ Սվարանի դաշտերը ոռոգվում են շրջակա գետակների և աղբյուրների ջրերով։ Գյուղի կենտրոնում գտնվող Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1860-ական թթ․։ Սվարանն ուներ նաև դպրոց և գրադարան։ Բնակիչները ներգաղթել են Խորհրդային Հայաստան։

ՍՎԱՐԱՆՑ, գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հարավ–արևմուտք։ Անասնապահական խորհրդային տնտեսությունն զբաղվել է նաև կարտոֆիլի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի