Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրավական–քաղաքացիական օրենքներին։ Առանձին նյութեր նվիրված են Սովետական Հայաստանի շինարարական ձեռնարկներին, մշակութային իրադարձություններին, Եվրոպայի հայկ․ գաղթավայրերին։ Մ․ Բաբլոյան


ՖՐԱՆՍԵՐԵՆ, ֆրանսիացիների լեզուն, Ֆրանսիայի պետ․ լեզուն։ Պաշտոնապես ընդունված է նաև Բելգիայում (ֆլամանդերենի հետ), Շվեյցարիայում (գերմ–ի և իտալ–ի հետ), Մոնակոյում, Լյուքսեմբուրգում (գերմ–ի հետ), Կանադայում (անգլ–ի հետ), Աֆրիկայի և մոտակա կղզիների ֆրանս․ նախկին և այժմյան տիրույթների շուրջ 20 պետություններում։ Խոսողների ընդհանուր թիվը մոտ 90 մլն (1978), որից 54 մլն՝ Ֆրանսիայում։ ՄԱԿ–ի պաշտոն․ և աշխատանքային 6 լեզուներից է։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի ռոմանական ճյուղին։ Ծագել է ժողովրդական լատ–ից և հռոմ․ նվաճումների շրջանում մ․ թ․ ա․ II–I դդ․ սկսել է տարածվել Գալիայում, հետզհետե դուրս է մղել կելտերենը և, ուրույն զարգացում ստանալով, հանգեցրել լատ–ից որակապես տարբեր նոր լեզվի։ Երկրում տարածված բազմաթիվ բարբառներից (նորմանդական, պիկարդական, լոթարինգյան, վալոնյան, ֆրանկյան ևն) գերակշռություն է ստացել Իլ դը ֆրանսի՝ ֆրանկյան բարբառը (XIII դարից), որը և ընկած է ժամանակակից գրական Ֆ–ի հիմքում։ ժամանակակից Ֆ․ գերազանցապես վերլուծական լեզու է, որը պահպանել է համադրականության որոշ սարրեր։ Գոյականը բնորոշվում է թվի, սեռի (արական, իգական) կարգերով (բսյց չունի հոլովում) և խոսքում ուղեկցվում է վերլուծական արտահայտություն ունեցող որոշյալ, անորոշ կամ մասնակի հոդերով։ Բայական համակարգը հարուստ է կերպաժամանակային հարաբերություններ արտահայտող համադրական և վերլուծական ձևերով, ունի նաև եղանակի, բայասեռի, դեմքի, թվի կարգեր։
Շարադասությունը կայուն է, առաջընթաց (լրացումը սովորաբար հաջորդում է լրացյալին)։ Բառապաշարը գերազանցապես լատ․ ծագում ունի՝ ժամանակի ընթացքում լրացված կելտ․, հուն․, գերմ․, իտալ․, անգլ․ և այլ փոխառություններով: Հնչյունական համակարգում զգալի կշիռ ունեն ձայնավորները (15 ձայնավոր, 20 բաղաձայն), առկա են նաև ռնգային (ã, ɛ̃, ɔ̃, æ̃ ) և առաջնալեզվային շրթնայնացած (у, ф, се) ձայնավորներ։ Շեշտը առանձին բառերում վերջնավանկային է։ Հնչաշղթայում, սակայն, շեշտվում են ոչ թե բոլոր բառերը, այլ արտասանական ամբողջություն կազմող ռիթմական խմբերը։

Գրկ. Доза А․, История французскою языка, пер․ с франц․, М․, 1956; Балли Ш., Общая лингвистика и вопросы французского языка, пер․ с франц․, М․, 1956; Նույնի, Французская стилистика, пер․ с франц., М․, 1961; Brunot F․, Histoire de la langue francaise des origines à nos jours, t․ 1-13, P․, 1966-72․ Ս․ Մուրադյան

ՖՐԱՆՍԻԱ (France), Ֆրանսիական Հանրապետություն (République Française)

Ֆրանսիա

Բովանդակություն

I. Ընդհանուր տեղեկություններ
II. Պետական կարգը
III. Բնությունը
IV. Բնակչությունը
V. Պատմական ակնարկ
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները
VII. Տնտեսաաշխարհագրական ակնարկ
VIII. Զինված ուժերը
IX. Բժշկասանիտարական վիճակը և առողջապահությունը
X. Լուսավորությունը
XI. Գիտությունը և գիտական հիմնարկները
XII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
XIII. Գրականությունը
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 718
XV․ Երաժշտությունը 721
XVI․ Բալետը 722
XVII․ Թատրոնը 722
XVIII․ Կինոն 723
XIX․ Հայերը Ֆրանսիայում 724

I. Ընդհանուր տեղեկություններ

Պետություն Արմ․ Եվրոպայում։ Ափերը ողողվում են Հյուսիսային և Միջերկրական ծովերի, Բիսկայան ծոցի, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցների ջրերով։ Սահմանակից է Բելգիային, Լյուքսեմբուրգին, ԳՖՀ–ին, Շվեյցարիային, Իտալիային, Մոնակոյին, Իսպանիային և Անդորային։ Տարածությունը (Կորսիկա և առափնյա մանր կղզիների հետ միասին) 551 հզ․ կմ2 է (տերիտորիայի չափով Արմ․ Եվրոպայում գրավում է առաջին տեղը), բնակչությունը՝ 55,1 մլն մարդ (1985), մայրաքաղաքը՝ Փարիզ։ Բաժանված է 96 դեպարտամենտի։ Ֆ–ի կազմում բացի մայր երկրի դեպարտամենտներից մտնում են նաև «անդրծովյան դեպարտամենտները» (Գվադելուպա, Գվիանա, Մարտինիկա, Ռեյունիոն, Սեն Պիեո և Միկելոն կղզիները) և «անդրծովյան տերիտորիաները» (Նոր Կալեդոնիա, Ֆրանս․ Պոլինեզիա ևն)։ Մայոտ կղզու մասին (Կոմարյան կղզիներ) հատուկ ստատուս է սահմանվել 1976-ին։

II. Պետական կարգը

Ֆ․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1958-ից (հետագա լրացումներով ու փոփոխություններով)։ Այդ սահմանադրությամբ հաստատված պետ․ կարգը անվանվում է Հինգերորդ հանրապետություն։ Պետության գլուխը պրեզիդենտն է, որը ընտրվում է 7 տարով՝ ուղիղ ընդհանուր քվեարկությամբ։ Նա օժտված է լայն լիազորություններով․ կարող է արձակել պառլամենտը, նշանակում և ազատում է պրեմիեր մինիստրին և կառավարության անդամներին, նախագահում Մինիստրների խորհրդում, Պաշտպանության բարձրագույն խորհրդում և Պաշտպանության կոմիտեում, վավերացնում է օրենքները, համաժող․ քննարկման դնում օրինագծեր և այլ հարցեր, նշանակում է քաղաքացիական և զինվ․ բարձրագույն պաշտոնյաներին։ Զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարն է, կարող է հայտարարել արտակարգ դրություն ևն։ Օրենադիր իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ պառլամենտն է (Ազգ․ Ժողով և Սենատ), որը հրավիրվում է տարին երկու անգամ։ Գործադիր իշխանությունն իրականացնում է պրեզիդենտն ու կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդը։ Դեպարտամենտներում կենտր․ իյշխանությունը ներկայացնում են պրեֆեկտները, որոնց նշանակում է պրեզիդենտը։
Դատական համակարգը կազմում են ստորին ատյանի, երկրորդ ատյանի, ուղղիչ, ապելյացիոն, ասիզների և վճռաբեկ դատարանները։ 1963-ին ստեղծվել է Պետ․ անվտանգության հատուկ դատարան։ Բացի այդ, կան աոևտր․, հատուկ աշխա տանքային, անչափահասների գործերի դատարաններ։

III. Բնությունը

Ատլանտյան օվկիանոսի ափերը Ֆ–ի հս–ում և արմ–ում ցածրադիր են, ուղղաձիգ, թույլ կտրտված, հս–արմ–ում (Բրե– տան և Կոտանգեն թերակղզիների շրջանում)՝ խորշային, մասամբ ռիասային տիպի, Միջերկրական ծովափերը արմ–ում ցածրադիր են, աեղ–տեղ ճահճացած, արլ–ում ուղղաբերձ են ու ժայռոտ։ Այստեղ, Լիգուրյան ծովափին, մոտենում են Ծովամերձ Ալպերի լեռնաճյուղերը։ Ֆ–ի տարածքի 2/3-ը հարթավայրային է։ Ամենամեծ հարթավայրը երկրի հս–ում, Փարիզի ավազանն է, հվ–արմ–ում՝ Աքվիտանիայի հարթավայրը։ Հս–արմ–ում հարթավայրն անցնում է Արմորիկյան բարձրության, իսկ հս–արլ–ում և արլ–ում շրջապատված է միջին բարձրության լեռներով՝ Արդեններով ու Վոգեզներով։ Հվ–ում հարթավայրերը սահմանափակվում են Կենտր․ ֆրանս․ զանգվածով, որի կենտր․ մասում (Օվերն) տիրապետում է հրաբխային սարավանդի ռելիեֆը՝ բազմաթիվ հանգած հրաբխային կոներով ու խառնարաններով։ Կենտր․ ֆրանս․ զանգվածի և Ալպերի միջև գտնվող խոր իջվածքում տարածվում է Ռոնի դաշտավայրը, որը հվ–ում ձուլվում է Լանգեդոկյան դաշտավայրին։ Ֆ–ի տարածքում է Վերինհռենոսյան դաշտավայրի մի փոքր մասը։ Հվ–արլ–ում մերձմիջօրեական ուղղությամբ տարածվում է Արմ․ Ալպերը, որի բարձր մասը (Սավոյան, Գրայան, Քոթյան և Ծովամերձ Ալպերը) կազմված է բյուրեղային ապարներից և կտրտված է հովիտներով։ Կատարային զոնայում տիրապետում են ռելիեֆի լեռնասառցադաշտային տիպերն ու սառցադաշտերը: