Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես նաև անգլ., ֆրանս., ռում., բուլղ., չեխ., սերբ., լեհ.: Մ. թարգմանություններ է կատարել Մ. Պետրովիխից, Լ. Մարտինովից, Դ. Սամոյլովից, Ա. Ախմատովայից և ուրիշներից:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Շավարշ Սեդրակի (ծն. 16.6.1930, գ. Սևքար (ՀՍՍՀ Իջևանի շրջան)), հայ սովետական տնտեսագետ: Տնտ. գիտ. դ-ր (1976), պրոֆեսոր (1977): ՍՄԿԿ անդամ 1951-ից: 1955-ին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1963-74-ին՝ ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ-ի քաղաքատնտեսության բաժնի, 1974-79-ին՝ Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: 1979-ից Երևանի ժող. տնտեսության ինստ-ի ռեկտորն է: Գիտ. աշխատությունները վերաբերում են սոցիալիստական վերարտադրության հարցերին, ՀՍՍՀ միջճյուղային կապերի ուսումնասիրությանը:
Երկ. Հայկական ՍՍՌ մեքենաշինության մասնագիտացումն ու կոոպերացումը, Ե., 1961: Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը, Ե., 1970: Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը, Ե., 1979:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Պարթև Համբարձումի (20.9. 1898, գ. Էվջիլար (այժմ՝ Արազափ, ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում) — 16.3.1980, Երևան), հայ սովետական մանկաբարձ–գինեկոլոգ: Բժշկ. գիտ. դ-ր (1952), պրոֆեսոր (1953), գիտ. վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1929-50-ին եղել է բժշկ. ինստ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտ: 1937-ին Երևանում կազմակերպել է և ղեկավարել (մինչև 1950-ը) քաղաքային ծննդատունը, միաժամանակ եղել է բժշկ. ինստ-ի բուժական ֆակուլտետի դեկան (1939-1943), ՀՍՍՀ առժողկոմի առաջին տեղակալ (1943-1945): 1949-73-ին մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ–ի դիրեկտոր (1973-ից՝ գիտական խորհրդատու), միաժամանակ՝ 1954-ից բժշկ. ինստ–ի սանհիգիենային, մանկաբուժության (1954-1963) և բժիշկների կատարելագործման (1958-1962) ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ: Մ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության և մալարիայի, սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների, մեռածածնության, մայրական և մանկական մահացության, ՀՍՍՀ արդ. ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության ու ՀՍՍՀ բնակչության մանկաբարձա–գինեկոլոգիական օգնության կազմակերպման հարցերին: Հեղինակ է «Մանկաբարձություն» (1960) և «Գինեկոլոգիայի դասագիրք» (1966) ձեռնարկների: Մ. եղել է Հայաստանի մանկաբարձ–գինեկոլոգների գիտական ընկերության վարչության նախագահ, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգը, ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի նախագահ, ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ առողջապահության մինիստրության ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի անդամ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ, սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող գալակտիկաներ: Հայտնաբերել է Բ. Ե. Մարգարյանը՝ Բյուրականի աստղադիտարանի մեկ մետր տրամագիծ ունեցող Շմիդի աստղադիտակով ստացված սպեկտրների միջոցով: Մ. գ–ի մեծ մասի սպեկտրներում դիտվում են բարձր գրգռման առաքման գծեր (ջրածնի, թթվածնի, ազոտի, ծծմբի ևն): Դրանք վկայում են, որ այս գալակտիկաների կորիզներում գոյություն ունեն զգալի քանակությամբ գազային զանգվածներ: Մ. գ–ում հանդիպում են հաբլյան դասակարգման բոլոր դասերը, սակայն այդ գալակտիկաները, մեծ մասամբ, ունեն կառուցվածքային այս կամ այն պեկուլյարությունը: Մ. գ–ում շատ են բարձր մակերևութային պայծառության կոմպակտ օբյեկտները: Ի տարբերություն այնպիսի գալակտիկաների, որոնց կապույտ գույնը պայմանավորված է վաղ տիպի աստղերի առկայությամբ (օրինակ, I տիպի անկանոն գալակտիկաների), Մ. գ–ի մեծ մասի ճառագայթումն ունի ոչ ջերմային բնույթ, այսինքն՝ այդ ճառագայթումը պայմանավորված չէ սոսկ աստղերով: Մ. գ. ենթարկվել են մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրության, որոշվել են դրանց կարմիր շեղումները, լուսատվությունն ու գույները, դիտվել են ռադիոալիքներում, կատարվել են ձևաբանական, լուսաչափական և վիճակագրական հետազոտություններ: Մ. գ–ի լուսատվությունը գտնվում է արեգակնային լուսատվության սահմաններում, իսկ չափերը երբեմն հասնում են 100 կպս–ի: Նախնական վիճակագրական տվյալներով Մ. գ. կազմում են բոլոր գալակտիկաների 5-7%-ը: Մ. գ–ի մի մասն իրար հետ կազմում է կրկնակի գալակտիկաներ, որոնց բաղադրիչները համատեղ ծագում ունեն: Բազմագույն մանրակրկիտ լուսաչափության արդյունքները վկայում են, որ որոշ դեպքերում ոչ ջերմային ճառագայթմամբ օժտված են Մ. գ–ի ոչ միայն կորիզները, այլև արտաքին մասերը: Մի շարք գալակտիկաների կորիզների և որոշ խիստ կոմպակտ գալակտիկաների պայծառությունը փոփոխական է: Երբեմն փոփոխություններ են դիտվում Մ. գ–ի սպեկտրներում. փոփոխվում է սպեկտրային գծերի ինտենսիվությունը, առաջանում են նոր գծեր: Մ. գ–ի շուրջ 10%-ի սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են (այնպես, ինչպես Սեյֆերտի տիպի գալակտիկաներում): Պատճառն այն է, որ գալակտիկաների կորիզներից գազն արտահոսում է տարբեր արագություններով: Մ. գ–ի հայտնագործման շնորհիվ Սեյֆերտի տիպի մինչ այդ հայտնի գալակտիկաների թիվը մեկ–երկու տասնյակից հասավ 120-ի: Այս ամենը վկայում է, որ Մ. գ–ի կորիզներում ընթանում են բուռն, ակտիվ պրոցեսներ: Հավանաբար, ճառագայթման և կառուցվածքային պեկուլյարություններն առաջանում են միևնույն ակտիվ պրոցեսների, օրինակ, պայթյունների հետևանքով: Մ. գ–ի հայտնագործումը հաստատեց Վ. Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ մշակված գալակտիկաների կորիզների ակտիվության ուղղությունը:Ա. Քալլօղլյան ՄԱՐԳԱՐՈՎ Էդուարդ Արտեմի (ծն. 12.6. 1942, Բաքու), հայ սովետական ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ (1973): ՍՄԿԿ անդամ 1977-ից: Խաղացել է Բաքվի «Լոկոմոտիվ» և «Նեֆթչի», Արմավիրի «Տորպեդո», Երևանի «Արարատ» (1971-75) թիմերում: ՍՍՀՄ առաջնությունների բրոնզե (1966), արծաթե (1971), ոսկե (1973) մեդալակիր, ՍՍՀՄ գավաթակիր (1973, 1975): Ֆեդոտովի ակումբի անդամ, ՍՍՀՄ առաջնություններում խփել է 129, գավաթային խաղերում՝ 16, Եվրոպայի գավաթների մրցաշարերում՝ 12 գոլ: ՍՍՀՄ I հավաքականի անդամ, աշխարհի VIII առաջնության մասնակից: 1976-ից անցել է մարզչական աշխատանքի:Ա. Բաբայան ՄԱՐԳԱՐՏԱԽԵՑԻՆԵՐ, ծովային և քաղցրահամ ջրերի մարգարիտ առաջացնող երկփեղկանի փափկամորթների ընդհանուր անվանումը: Մարգարիտն առաջանում է թիկնոցի և փեղկի միջև: Ծովային Մ. կլորավուն են, տարածված Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային ծովերում: Որսում են մարգարտի համար: Ճապոնիայում արհեստականորեն բազմացնում են: Քաղցրահամ ջրերի Մ. երիկամաձև են՝ տարածված բարեխառն գոտու մաքուր գետերում: Դրանց առաջացրած մարգարիտը որակով զիջում է ծովայինին: Մ–ի փեղկերը ներսից ծածկված են սադափի հաստ շերտով, որն օգտագործվում է կոճակների արտադրության մեջ:
ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿ (Beilis), բարդածաղկավորների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Տերևներն արմատամերձ վարդակներում են, տերևազուրկ ցողունները վերջանում են ծաղկազամբյուղներով: Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն, սերմերը հարթ են, ձվաձև: Խիստ ցրտադիմացկուն են, ձյան տակ պահպանվում են ոչ միայն տերևները, այլն կոկոնները: Մ–ի 10(15) տեսակ վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ՍՍՀՄ–ում՝ 2: Բազմամյա Մ. (B. perennis) որպես վաղ գարնանը ծաղկող դեկորատիվ բույս մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում:
ՄԱՐԳԱՑ, հայկական հեթանոսական տոմարի 11-րդ ամսվա անունը: Մ–ի 1-ը համապատասխանում է հունիսի 7-ին: