Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էր «տէրը»՝ նախարարը: Նախարարական տոհմի ժառանգական տիրույթը կոչվում էր նաև «տուն», իսկ նրա տերը՝ «տանուտէր»: Յուրաքանչյուր նախարար ուներ իր զորքը, տոհմական զինանշանն ու դրոշը: Նախարարը դիտվում էր Սասանյան արքայից արքայի վասալը: Իր տիրույթի սահմաններում նախարարը լիիրավ տեր էր. նա դատավարում էր ենթակա բնակչությանը, հավաքում հարկը: Պետ. հարկերը նախարարը հանձնում էր Հայոց հազարապետին, վերջինս՝ «Վասպուրական համարակարի» ներկայացուցչին, որն այն ուղարկում էր Սասանյանների գանձարանը: Պարսկա–բյուզ. սպառնալիքները դիմակայելու և կախյալ գյուղացիության ներքին ընդվզումները ճնշելու համար հայ նախարարները համախմբել են իրենց ուժերը: Նրանց քաղ. միասնությունն արտահայտվում էր պետ. կառավարման ընդհանուր ապարատով, նախարարների ու հոգևորականության խորհրդակցական ու օրենսդրական մարմնով՝ ժողովով: Այն գումարվում էր ըստ անհրաժեշտության, Հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Այդ պատճառով ժողովում ընդունված օրենքներն ունեին եկեղեցական կանոնադրության բնույթ: Նախարարների քաղ. միասնությունը արտահայտվում էր նաև նախարարական հեծելազորի՝ Հայոց այրուձիու և հետևակազորի միասնական ռազմ. կազմակերպությամբ, որը գլխավորում էր Հայոց սպարապետը:
Մ. Հ–ում ֆեոդ. շահագործումն ուներ խառը բնույթ: Կախյալ գյուղացիները՝ շինականները, շահագործվում էին պետ. իշխանության կողմից՝ ի դեմս Սասանյանների, որը ստանում էր «արքունի հարկեր»՝ հողահարկ («հաս») և գլխահարկ: Հայոց հազարապետը արքունիքի համար հավաքում էր պետ. հարկերը՝ հողահարկն ու գլխահարկը, տնօրինում էր մարզպանին անմիջապես ենթակա Այրարատում կատարվող շինարարությունը և հետևում ոռոգման համակարգի աշխատանքին: Գյուղացիների ու արհեստավորների աշխատանքային պարհակներն ավելի էին ծանրացել, որովհետև այժմ հազարապետը պարտավոր էր Սասանյան պետության աշխատանքային պարհակների գործակալության պետին («գարիկպետ») տրամադրել պահանջվող քանակի աշխատող ձեռքեր («մարդահարկի» կարգով): Մյուս կողմից, շինականին շահագործում էր եկեղեցին, որն արտահայտվում էր կոռով, պարհակներով ու բնավճար տուրքերով՝ «պտուղ»-ով: Մ. Հ–ի ձեռք բերած արտոնություններն ու ներքին ինքնուրույնությունը երկար չտևեցին, շուտով Սասանյան արքունիքը սկսեց վարել երկիրը սովորական պարսկ. նահանգ դարձնելու քաղաքականություն: Հազկերտ II նպատակադրվեց ոչնչացնել հայերի (ինչպես նաև վրացիների ու աղվանների) ներքին ինքնուրույնությունը և հող նախապատրաստել՝ պարսիկների հետ նրանց միաձուլելու համար: Սասանյանները նախ և առաջ ուշադրություն դարձրին Հայոց եկեղեցու վրա, որը դեռևս չէր բաժանվել «տիեզերական» եկեղեցուց և դիտվում էր որպես Բյուզանդիայի քաղ. շահերի արտահայտիչ:
Մ. Հ–ի դեմ Սասանյանների երկրորդ ծանր միջոցառումը հայ բնակչության ընդհանուր «աշխարհագիրն» էր՝ հարկհանման ենթակա օբյեկտների հաշվառումը, որի հետևանքով զգալիորեն բարձրացան հարկերը: Երրորդ միջոցառումն էր՝ չեզոքացնել հայ նախարարների ռազմ. ուժերը: Միջին Ասիայից ներխուժող հոների դեմ կռվելու պատրվակով, Հազկերտ II-ի կարգադրությամբ, Մ. Հ–ից հայկ. հեծելազորը հանվեց և ուղարկվեց արքայից արքայի նոր հիմնած ռազմակայանը Մարվիռոտում (Մերվի Օազիս): Դրանով երկիրը զրկվեց Սասանյաններին դիմադրելու հնարավորությունից: Սասանյան արքունիքը սկսեց խախտել նաև նախարարների ժառանգական արտոնությունները՝ փաստորեն նրանց հեռացնելով երկրի քաղ. ղեկավարումից: 449-ին Սասանյանների հազարապետ Միհրներսեհը արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեական կրոնը և ընդունել զրադաշտականություն: Մերժելու դեպքում նախարարները պետք է մեկնեին Տիզբոն և ներկայանային արքայից արքայի ատյանին: Այս հրովարտակին պատասխանելու համար նույն թվականին հրավիրվեց Արտաշատի ժողովը, որը և մերժեց պարսից հրովարտակի պահանջները: Հայերի պատասխանը Տիզբոնում դիտվեց որպես հակապետ. ընդվզում, Հայաստանի, Վրաց աշխարհի ու Աղվանքի նախարարական տների գլխ. ներկայացուցիչները կանչվեցին արքայից արքայի դատին: Հաշվեհարդարի վտանգից խուսափելու նպատակով Տիզբոն ժամանած նախարարները առերես ընդունեցին զրադաշտական կրոնը և հնարավորություն ստացան վերադառնալ հայրենիք: Երբ հայ նախարարներն ու քրիստոնյա հոգևորականությունը համոզվեցին, որ ոտնահարվում են իրենց դասային իրավունքները, նրանք սկսեցին գլխավորել ժող. զանգվածների համընդհանուր դժգոհությունն ու ազատագրական պայքարը: 450-451-ին հայերի ժողովրդա–ագատագրական պատերազմը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ, վերջացավ Ավարայրի հերոսական ճակատամարտով (տես Ավարայրի ճակատամարտ 451): Այն Սասանյան Իրանին հարկադրեց զիջումներ անել. Մ. Հ–ում Սասանյանները վերականգնեցին կրոն. ազատությունը, թեթևացրին հարկերը, զինվորական ծառայությունը, ապստամբներին վերադարձրին իրենց ունեցվածքը, հրաժարվեցին բռնի ազգաձուլման քաղաքականությունից:
Սակայն դրանք ժամանակավոր զիջումներ էին: Ապահովելով թիկունքի անվտանգությունը Բյուզանդիայից, ինչպես նաև հոների ու հեփթաղների ներխուժումներից՝ Սասանյան Իրանը վերստին սաստկացրեց իր ազգահալած գործողությունները Հայաստանում, Վիրքում ու Աղվանքում: Վերացնելով թագավորական իշխանությունը Աղվանքում (461)՝ պարսիկները վերսկսել են քրիստոնեական եկեղեցու հալածանքները և բռնությամբ տարածել կրակապաշտությունը: Հայերը, վրացիներն ու աղվանները պետ. պաշտոն կարող են ստանալ միայն զրադաշտական կրոն ընդունելու գնով: Դեպքերին ականատես պատմիչ Ղազար Փարպեցին հաղորդում է, որ տանուտիրությունը և ժառանգական այլ պաշտոնները հայ նախարարները կարող էին ստանալ հավատուրացության գնով: Հայրենի ուխտին հավատարիմ նախարարներին դարձյալ ճնշում, հալածում կամ ոչնչացնում էին:
482-484-ին Մ. Հ–ում բռնկվեց համաժողովրդական նոր ապստամբություն՝ Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ, որն ավարտվեց հայերի հաղթանակով: Միջին Ասիայում հեփթաղների դեմ կռվում սպանված Սասանյան արքայից արքա Պերոգի որդին և հաջորդը՝ Վաղարշը (484-486), հարկադրված էր վարել խաղաղասիրական քաղաքականություն և ճանաչել Հայաստանի ու Վրաց աշխարհի ներքին ինքնուրույնությունը Մ. Հ–ի և Իրանի միջև կնքված նոր պայմանագրով (տես Նվարսակի պայմանագիր 484): Հայաստանում վերականգնվեցին նախարարների նախկին արտոնություններն ու կարգերը: Սասանյանները քրիստոնեությունը ճանաչեցին Հայաստանի պետ. կրոն: Երկրի կառավարման գործը կրկին հանձնվեց հայ ավագանուն: Ժողովրդի կողմից «Տանուտէր հայոց» ճանաչված սպարապետ Վահան Մամիկոնյանը 485-ի գարնանը մեկնեց Տիզբոն, ուր արքայից արքա Վաղարշը նրան ընդունեց արքայավայել մեծարանքով: Վաղարշը գրավոր հաստատեց հաշտության պայմանագրի կետերը, ապա հատուկ հրամանագրով Հայաստանի տանուտեր և սպարապետ ճանաչեց Վահան Մամիկոնյանին: 485-ի աշնան վերջին արքայից արքա Վաղարշակը նրան ճանաչեց Հայաստանի կառավարիչ–մարզպան: Այնուհետև Մ. Հ. Հայոց մեջ կոչվում էր «Տանուտիրական երկիր», իսկ հայ մարզպանը՝ «Տանուտէր Հայոց»: Սասանյան Իրանի հանդուրժողական քաղաքականությունը այս ժամանակաշրջանում պայմանավորված էր նաև նրանով, որ Քաղկեդոնի 4-րդ տիեզերական ժողովից (451) հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մնաց միաբնակ, որը վրաց և աղվանից եկեղեցիների հետ հակադրվում էր բյուզ. «տիեզերական» եկեղեցուն: 501-ին Սասանյանները ճանաչեցին Հայոց միաբնակ եկեղեցու ինքնուրույն գոյությունը, որից հետո հայ հոգևորականությունը սկսեց մերձենալ պարսկ. արքունիքին:
Հայ աշխատավորության վիճակը վերստին վատթարացավ Պարսից արքայից արքա Խոսրով I Անուշիրվանի (531-578) նոր «աշխարհագրի» ու մտցրած հարկային նոր կարգի հետևանքով: Գլխահարկը հանձնվում էր դրամով, որը բնատնտեսական հարաբերությունների տիրապետության պայմաններում քայքայում էր գյուղացիներին, նրանք դառնում էին աշխարհիկ ու հոգևոր ֆեոդալների, ինչպես նաև վաշխառուների անվճարունակ պարտապաններ: Գյուղացիական տնտեսությունը քայքայվում էր ոչ միայն ծանր տուրքերից, այլ նան «գարիկպետին» որպես պետ. պարհակ («մարդահարկ») անընդհատ բանող ուժ և ռազմիկներ տրամադրելուց, որոնք հաճախ օգտագործվում էին պետության հեռավոր վայրերում, ինչպես նաև Բյուզանդիայի