Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

520 ՄԹՆՈԼՈՐՏԻ
երկարության) ճառագայթում։ Ուժգնության առավելագույն արժեքը նկատվում է ալիքի 14,5 մկմ երկարության և 200K պայմաններում։ Մ․ ճ–ման մեծ մասը (մոտ 70%) ուղղված է դեպի երկրի մակերևույթը և կոչվում է մթնոլորտի հանդիպակաց ճառագայթում։ Մնացած մասը ուղղված է դեպի տիեզերական տարածություն և կոչվում է հեռացող ճառագայթում։ Վերջինով է պայմանավորված Երկիր մոլորակի ջերմության կորուստը։
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ընդհանուր, Երկրագնդի վրա մոլորակային մասշտաբի օդային հոսանքների համակարգ։ Տրոպոսֆերայում Մ․ շ․ օղակների շարքին են դասվում պասսատները, մուսսոնները, ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեությամբ պայմանավորված օդային հոսանքները, ստրատոսֆերայում՝ օդային զանգվածների գերազանցապես զոնալ (արմ․ և արլ․) տեղափոխությունները։ Մ․ շ․ կլիմայի կազմավորման կարևորագույն պրոցեսն է։ Եղանակի փոփոխությունները բնորոշվում են ոչ միայն երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև գոյություն ունեցող տեղական մասշտաբի ջերմա– և ջրապտույտի, այլև Մ․ շ–յան պայմաններով։ Մ․ շ․ պայմանավորված է մթնոլորատյին ճնշման անհավասարաչափ բաշխմամբ (բարիկական գրադիենտի առկայությամբ), որն ամենից առաջ արդյունք է արեգակնային ճառագայթման անհավասարաչափ հոսքի (ըստ աշխարհագրական լայնությունների) և հատկապես ծովային ու ցամաքային տարածությունների ստորաբաժանման հետ կապված երկրի մակերևույթի ֆիզիկական հատկությունների տարբերության։ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխումը և դրա հետևանքով առաջացած տարբեր ինտենսիվության ջերմափոխանակությունը հանգեցնում են Մ․ շ–յան մշտական գոյությանը։ Կորիոլիսի ուժի շնորհիվ օդի շարժումը Մ․ շ–յան մեջ դառնում է քվազիգեոսարաֆիկական, այսինքն՝ մեծ մասամբ (բացառությամբ մերձարևադարձային լայնությունների և սահմանային շերտի) բավական մոտ է գեոստրաֆիկական քամուն։ Վերջինս ուղղված է իզոբարների ուղղությամբ, այսինքն՝ բարիկական գրադիենտներին ուղղահայաց։ Երկրամերձ շերտերում (մինչև 1–1,5 կմ բարձրության վրա) քամին, շփման ուժի ազդեցության հետևանքով, զգալիորեն տարբերվում է գեոստրաֆիկական քամուց ինչպես արագությամբ, այնպես էլ ուղղությամբ։ Սակայն 5 կմ–ից վեր, որտեղ ցամաքների, ծովերի և ցիկլոնների ու անտիցիկլոնների գործունեության ազդեցությունը թուլանում է, հաստատվում է օդի զոնալ (արմ–արլ․) տեղափոխություն համարյա ամբողջ Երկրագնդի վրա։ Բացառություն է կազմում միայն հասարակածային գոտին, որտեղ զոնալ շարժումը, պայմանավորված ցածր ճնշման դաշտերի առկայությամբ, ունի արլ․ ուղղություն (նկ․ 1)։ Ստորին տրոպոսֆերայում և երկրամերձ շերտերում ճնշման զոնալ բաշխումն ավելի բարդ է, որովհետև այն պայմանավորված է հիմնականում ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեությամբ։ Ցիկլոնները շարժվում են հիմնականում դեպի արլ․, շեղվելով դեպի ավելի բարձր, իսկ անտիցիկլոնները՝ ավելի ցածր լայնություններ։ Դրանով է պայմանավորված երկրամերձ շերտերում գոյություն ունեցող հասարակածային գոտու ցածր ճնշման, մերձարևադարձային գոտու 2 բարձր, մերձբևեռային գոտու 2 ցածր և բևեռային գոտու 2 բարձր ճնշման զոնաները (նկ․ 2)։ Իրական մթնոլորտի պայմաններում Մ․ շ․ շատ ավելի բարդ է, կախված ջերմային աղբյուրների և ցիկլոնային ու անտիցիկլոնային գործունեության սեզոնային բաշխումից, շարունակ փոփոխվում է։ Այդ փոփոխությունները (հատկապես ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեության) առաջ են բերում միջօրեականի ուղղությամբ օդի տեղաշարժեր, որոնք պասսատների, անտիպասսատների և մուսսոնային հոսանքների ձևով խախտում են Մ․ շ–յան նկարագրված պարզ պատկերը։ Ջերմափոխանակությունը վերջին դեպքում ավելի ինտենսիվ է։ Մ․ շ–յան առավել ընդհանուր և կայուն հատկանիշները ուսումնասիրելու համար օգտագործվում են մթնոլորտի տարբեր բարձրության շերտերի ճնշման և քամիների երկարամյա դիտարկումների միջին տվյալները։ Դրան զուգընթաց օդերևութաբանական քարտեզների միջոցով ուսումնասիրվում է նաև Մ․ շ–յան օրական փոփոխությունների ռեժիմը։ Դրանք հնարավորություն են տալիս առանձնացնել Մ․ շ–յան տիպերը և պարզել նրանց կրկնման ու ձևափոխման հաճախականությունը, որոնք կարևոր են եղանակի երկարատև կանխատեսումների համար։ Տարբերում են նաև Մ․ շ․ տեղական, որն ընդգրկում է աշխարհագրական պայմաններով սահմանափակված նեղ շրջանների օդային հոսանքները՝ լեռնահովտային քամիներ, բրիզներ։
Գրկ․ Погосян X․ П․, Общая циркуляция атмосферы, Л․, 1972․Գ․ Ալեքսանդրյան ՄԹՆՈԼՈՐՏԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ օդային ավազանի սանիտարական պահպանություն, օրենսդրական, կազմակերպչական և սանիտարատեխնիկական միջոցառումների համալիր, որի նպատակն է մթնոլորտի պաշտպանումը վնասակար թափոններից։ Մթնոլորտի մաքրության և մաքրիչ կառույցների աշխատանքի հսկողությունն իրականացնում է սանիտարա–համաճարակային ծառայությունը։ Մթնոլորտը համարվում է մաքուր, եթե վնասակար նյութերի կոնցենտրացիան չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիային։ Օդի կեղտոտման հիմնական պատճառների և ՍՍՀՄ–ում դրանց դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ մանրամասն տես Սանիտարա-պաշտպանական գոտի, Օդ և Օդային ավազան հոդվածներում։
Սոցիալիստական բազմաթիվ երկրներում Մ․ ս․ պ–յան միջոցառումներն անցկացվում են այնպես, ինչպես ՍՍՀՄ–ում։ Կապիտալիստական որոշ երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ ևն) օրենսդրությամբ հաստատված են թափոնների սահմանափակում, վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա, սակայն միասնական համակարգ գոյություն չունի։
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՍՏՐԱՏԻՖԻԿԱՑԻԱ (< լատ․ stratuir – շերտ և facio – անել, կատարել), մթնոլորտի ջերմային ստրատիֆիկացիա, օդի ջերմաստիճանի բաշխումն ըստ բարձրության։ Բնութագրվում է ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտով γ (1°/100 մ), պայմանավորում կոնվեկտիվ հոսանքների զարգացումը և ուժգնությունը։ Տրոպոսֆերայում γ= 0,6°/100 մ։ Որքան արագ է նվազում օդի ջերմաստիճանն ըստ բարձրության, այնքան մեծ է կոնվեկտիվ հոսանքների ուժգնությունը։ Մ․ ս․ կարող է լինել կայուն, անկայուն և անտարբեր։ Մ․ ս․ համարվում է կայուն, երբ ադիաբատորեն վեր բարձրացող օդային մասնիկի ջերմաստիճանն ըստ բարձրության ավելի արագ է նվազում, քան շրջապատի օդինը, այսինքն՝ երբ օդային մասնիկի ջերմաստիճանային գրադիենտը (γа) մեծ է շրջապատի օդի գրադիենտից (γ)։ Սա նշանակում է, որ Արքիմեդի օրենքի համաձայն տաք օդի մասնիկը բարձրանում է, իսկ սառինը՝ իջնում, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ջերմաստիճանը չի հավասարվել շրջապատի օդի ջերմաստիճանին։ Երբ բարձրացող օդային մասնիկի ջերմաստիճանային գրադիենտը փոքր է շրջապատի օդի գրադիենտից, ապա ինքնահոսքի թողած օդային մասնիկը կշարունակի իր վերընթացը։ Այս դեպքում Մ․ ս․ կոչվում է անկայուն։ Մ․ ս․ համարվում է անտարբեր, երբ γа=γ: Մ․ ս–ի նշված պայմանները ուժի մեջ են չոր և ջրային գոլորշիներով հագեցած օդի համար, սակայն վերջին դեպքում ջերմաստիճանային գրադիենտները հաշվարկում են խոնավ օդի պայմաններից ելնելով։
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՖԻԶԻԿԱ, տես Օդերևութաբանություն:
ՄԺԵԺ (հուն․ Μιζίζιος) (ծն․ թ․ անհտ․ – մոտ 668), VII դարի հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։ 668-ին Կոստաս II-ին սպանած դավադիրները Մ–ին Սիցիլիայում հռչակել են Բյուզանդիայի կայսր։ Ըստ մի վարկածի, դավադրության կազմակերպիչը և կայսրին սպանողը եղել է Մ․։ Կոստաս II-ի որդի Կոստանդինը (ապագա Կոստանդին IV) մեծ նավատորմով եկել է Սիցիլիա, ձերբակալել Մ–ին ու մյուս դավադիրներին և մահապատժի ենթարկել։Հ․ Բարթիկյան