Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՂՈՒԿԱՍՅԱՆԻ 53

«ՂՈԻԿԱՍՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ», պատմական և հասարակական–քաղաքական բովանդակությամբ գրքերի մատենաշար։ Հրատարակվել է Թիֆլիսում, Բաքվի խոշոր նավթարդյունաբերող Ավետիս Ղուկասյանի կտակած գումարներով։ 1904–1917-ին հաջորդաբար լույս են ընծայվել Եղիշեի, Ղազար Փարպեցու, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի, Հովհաննես Դրասխանակերտցու, Արիստակես Լաստիվերտցու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Ագաթանգեղոսի, Թովմա Արծրունու երկերը, ինչպես նաև Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» և Ա․ Ղլտճյանի «Կանոնագիրք հայոց» աշխատությունները։ Բոլորը, բացի վերջինից, արտատպություններ են նախկին հրատարակություններից և նախատեսված են ընթերցող լայն շրջանների համար։Հ․ Դավթյան ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արնմտյան մասում։ Հս–ում սահմանակից է Վրացական ՍՍՀ–ին։ Կազմվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Տարածությունը 547 կմ2 է, բն․ 9229 մարդ (1979)։ Վարչական կենտրոնը Ղուկասյան գյուղն է։
Քարտեզը տես 33-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Բնական պայմանները։ Ղ․ շ․ գտնվում է Աշոցքի սարահարթի արլ․ մասում, Ախուրյան և Չիչխան գետերի վերին հոսանքի ավազանում։ Տարածքի մեծ մասն ունի ավելի քան 2000 մ բարձրություն։ Առավելագույն բարձրությունը 3198 մ է (Աչքասար լեռ)։ Մակերևույթը լեռնային է։ Հս–արլ–ում միջօրեականի ուղղությամբ տարածվում է Ջավախքի լեռնաշղթայի հվ․ մասը, որի ցածրադիր լեռնաբազուկները արլ–ից արմ․ ուղղությամբ ձգվում են շրջանի տարածքում։ Հվ–արլ–ում Բազումի լեռնաշղթայի ճյուղավորություններն են, որոնք Ջավախքի լեռնաշղթայից բաժանվում են Քարախաչի լեռնանցքով։ Համեմատաբար հարթավայրային են շրջանի հս․ և արմ․ մասերը (Ղազանչիի, Վարդաղբյուրի տարածքներում)։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են փոքր հարաբերական բարձրությամբ հրաբխային կոները։ Տարածված են քարակարկառները։ Ղ․ շ․ գտնվում է 8–9-բալանոց սեյսմիկ գոտում։ Կան գորշ ածխի, կրաքարի, բազալտի, տորֆի պաշարներ, հանքային աղբյուրներ։ Կլիման չափավոր ցուրտ է։ Ձմեռը երկարատև է (մինչև 7–8 ամիս)՝ սառնամանիքներով։ Ամառը կարճատև է, զով։ Տարեկան միջին ջերմաստիճանը –2°C–ից 4°C է, հունվարինը՝ – 12,7°C, հուլիսինը՝ 1б,4°С։ Առավելագույն ջերմաստիճանը 32°C է, նվազագույնը՝ –42°С։ Տարեկան տեղումները 600–900 մմ են։ Ձնածածկույթի հաստությունը 70–80 սմ է, առանձին տարիներինը՝ ավելի քան 1 մ։ Արմ–ում շրջանի տարածքի մեջ է մտնում Ախուրյանի վերին հոսանքը, որին միախառնվում է Ջավախքի լեռներից սկիզբ առնող Ղուկասյան վտակը։ Հվ–արլ–ով հոսում է Փամբակի վտակ Չիչխանը։ Կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերն օգտագործվում են կենցաղային կարիքների համար։ Գերակշռում են լեռնային սևահողերը, ռելիեֆի բարձրադիր մասերում՝ թույլ հզորության ճմատորֆային հողերը։ Առավել բարձր վայրերում բացակայում է համատարած հողածածկույթը։ Տիրապետում է տափաստանային և մարգագետնա–տափաստանային բուսածածկույթը (փետրախոտահացազգիներ, սիզախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ ևն)։ Լեռների բարձրադիր մասերում տարածված են ալպյան գորգերը։ Բնորոշ են լեռնատափաստանային կենդանիները․ գայլ, աղվես, նապաստակ, փորսուղ, զանազան կրծողներ, թռչուններ, միջատներ ևն։
Բնակչությունը։ Ղ․ շ․ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է։ Խտությունը 1 կմ2 վրա 17 մարդ է։ Համեմատաբար խիտ են բնակեցված հարթավայրային շրջանները։ Բնակիչների 99,9% –ը հայեր են։ Շրջանն ունի 25 գյուղական բնակավայր, 9 գյուղսովետ։
Ղ․ շ–ի բնակավայրերն են՝ Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Զորաշեն, Ղազանչի, Ղուկասյան, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սարագյուղ, Սարապատ, Սալուտ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար։
Պատմական ակնարկ։ Ղ․ շ–ի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր նրա Աշոցք գավառը, որը ուրարտ․ արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլու (Iskigulu) ձևով։ Գավառի վարչական կենտրոնը եղել է Ղազանչի գյուղի տեղում գտնվող Աշոցք ավանը։ Բագրատունիների օրոք շրջանի տարածքը մտնում էր Անի–Շիրակի թագավորության մեջ։ Հետագայում այն անցավ Զաքարյաններին, ապա՝ թաթար–մոնղոլների, ակ–կոյունլուների, պարսկական տիրապետության տակ, XIX դ․ սկզբին այն միացվեց Ռուսաստանին։ Մինչև հեղափոխությունը Ղ․ շ–ի տարածքը Ամասիայի շրջանի հետ միասին կոչվում էր Աղբաբայի գավառակ և մտնում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1930-ից մինչև ինքնուրույն շրջան դառնալը Ամասիայի հետ կազմում էր Աղբաբայի շրջանը։ Ըստ պատմական տվյալների Ղ․ շ–ի ներկա տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Այդ են վկայում կիկլոպյան ամրոցի մնացորդները Ցողամարգում և ավելի քան 3000-ամյա բնակավայրի հետքերը Լեռնագյուղում։
Ղ․ շ–ի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը (ներկա Ամասիայի շրջանի հետ միացյալ) ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին՝ Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում, որպես Աղբաբայի գավառակային կազմակերպություն։ Ինքնուրույն կուս․ կազմակերպություն է դարձել գավառների վերացումից հետո՝ 1937-ի դեկտեմբերից։ 1981-ին Ղ․ շ–ում գործում էր 43 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 732 կոմունիստով։ Մինչև 1981-ի հունվ․ 1-ը շրջանային կուսակցական կազմակերպությունը գումարել է 29 կոնֆերանս։ Ղ․ շ–ի ԼԿԵՄ կազմակերպությունը 1981-ի հունվ․ 1-ին ուներ 53 սկզբնական կազմակերպություն՝ 2058 կոմերիտականով։
Տնտեսությունը։ Նախասովետական տարիներին շրջանում զբաղվում էին անասնապահությամբ։ Արդ․ որևէ ձեռնարկություն չկար։ Այժմ Ղ․ շ–ում գյուղատնտեսության հետ միասին զարգանում է նաև արդյունաբերությունը։ Շրջանի համախառն արտադրանքի 70% –ը տալիս է գյուղատնտեսությունը, 30% –ը՝ արդյունաբերությունը։ 1981-ին շրջանն ուներ 13 սովետական տնտեսություն, 5 միջտնտեսային ձեռնարկություն։ Հողային ֆոնդը 43000 հա է, որից վարելահող՝ 13473 հա, արոտավայր՝ 9267 հա, խոտհարք՝ 5463 հա, անտառ՝ 954 հա, պտղատու այգի՝ 28 հա, այլ հողակտորներ՝ 68 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում են 885 հա։ Գործում է Ախուրյանի աջափնյակի ջրանցքը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ համախառն արտադրանքի մոտ 70%-ը (1981)։ Շրջանն ունի 20992 խոշոր, 70820 մանր եղջերավոր անասուն, 1085 խոզ (1981)։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արդ․ առաջին ձեռնարկությունը՝ պանրագործարանը, կառուցվել է 1928-ին՝ Ղուկասյան գյուղում (1973-ից տեղափոխվել է Մուսայելյան գյուղ)։ Արտադրում է «Շվեյցարական» և «Լոռի» պանիր ու այլ կաթնամթերքներ։ Ղուկասյանում է ժողովրդական սպառման ապրանքների գործարանը։ Խճուղային ճանապարհների երկարությունը 127 կմ է, որից 47 կմ՝ միութենական նշանակության․ Ղ․ շ–ով են անցնում Երևան–Լենինական–Ախալքալաք, Լենինական–Կալինինո–Թբիլիսի (Քարախաչի լեռնանցքով) խճուղիները, Ամասիա–Ղուկասյան գազամուղը։ Կա կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։
Առողջապահությունը։ Ղ․ շ–ում գործում է մեկ շրջանային հիվանդանոց (75 մահճակալով), մեկ պոլիկլինիկա, սանիտարահակահամաճարակային, շտապ օգնության կայաններ, 3 ամբուլատորիա (Ղազանչի, Թորոսգյուղ, Փոքր Սարիար), 15 բուժմանկաբարձական կետ, մեկ դեղատուն։
Շրջանում կա 156 բուժաշխատող, որից 16-ը՝ բժիշկ։
Մշակույթը։ 1980/81 ուս․ տարում Ղ․ շ–ում գործում էին 8 միջնակարգ, 8 ութամյա, 7 տարրական (2017 աշակերտ, 274 ուսուցիչ, որից 172-ը՝ բարձրագույն կրթությամբ), մեկ երաժշտական դպրոցներ, 1 մսուր–մանկապարտեզ, պրոֆտեխնիկական ուսումնարան։ Շրջանում կա 6 կուլտուրայի տուն (Ղուկասյան, Ղազանչի, Թորոսգյուղ, Փոքր Սարիար, Բավրա, Ցողամարգ), 20 ակումբային հիմնարկ, 1 կենտրոնական գրադարան (22 մասնաճյուղով), 7 կինոսարքավորում։
Օգտվում են ռադիո– և հեռուստատեսային հաղորդումներից։
Լույս է տեսնում «Գարուն» շրջանային թերթը։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704 –705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXVIII։