Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեղարվեստական կերպարը։ Նշանավոր են 26 կոմիսարների այգին (վերակառուցումը ճարտ․ Գ․ Մուշեղյանի), «Հաղթանակ» զբոսայգին, օպերայի և բալետի թատրոնի պուրակը (ճարտ․ Դ․ Մուշեղյան), օղակաձև զբոսայգին (ճարտ-ներ՝ Ֆ․ Դարբինյան, Ֆ․ Հակոբյան, Ս․ Քյուրքչյան, Մ․ Հայրապետյան և ուրիշներ), Դլխ․ պողոտան՝ լուծված ավազաններով և շատրվաններով հարուստ պուրակի ձևով (ճարտ․ Ա․ Զարյան), Շահումյանի անվ․ պուրակը (ճարտ․ Լ․ Սադոյան), Հրազդանի կիրճի հանգստի գոտին (ճարտ․ Ա․ Գրիգորյան) ևն։

Պատկերազարդումը տես 177-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ К. Урбатов В․ Я․, Сады и парки, П․, 1916; Залесская JI․ С․, Курсландшафтной архитектуры, М․, 1964; Арутюнян В․ М-, Асратян М․ М․, Меликя н А․ А․, Ереван, М․, 1968․ Ա․ Կանայան

ՊԱՐՏԵՐ (ֆրանս․ parterre – գետնամած), 1․թատրոն ու մ, կինոթատրոնում, համերգասրահում բեմի մակերևույթից ցած՝ հանդիսասրահի հատակի հարթությունը՝ հանդիսականների աթոռներով, սովորաբար դեպի ետին շարքերը բարձրացող թեքությամբ։ 2․ Պարաեզապ ու բակային արվեստում, պարտեզի կամ պուրակի սովորաբար հարթ տեղանքով բացատը։ Պ․ ձևավորվում է սիզամարգերով (սիզամարգային Պ․), ծաղկանոցներով (ծաղկանոցային Պ․), ջրավազաններով (ջրավազանային Պ․), թփուտների երիզներով։ Կանոնավոր ձևերով մասերի բաժանված Պ–ները բնորոշ են XVII–XVIII դդ․ պուրակներին։ XX դ․ առավելաբար ստեղծվում են սալարկված շավիղներով ծաղկանոցային Պ–ներ։

ՊԱՐՏԻԱ [< լատ pars (partis)– մաս, խումբ], տես Երգամաս, Նվագամաս։

ՊԱՐՏԻԶԱԿ (այժմ՝ Բախչեջիկ), հայաբնակ ավան Թուրքիայում, Իզմիթից (Նիկոմիդիա) 20 կմ հեռավորությամբ, Իզմիթի ծովախորշի հվ–արլ․ ափի մոտ, անտառապատ լեռների ստորոտին։ Հիմնադրել են Սեբաստիայի վիլայեթի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը XVI դ․։ XX դ․ սկզբին ուներ մոտ 17 հզ․ հայ բնակիչ։ Կլիման բարեխառն է և առողջարար։ Եղել է Կ․ Պոլսի հայ մտավորականության ամառանոցներից։ Մինչև 1912-ը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ կառավարիչն էր գրող, հասարակական գործիչ Հ․ ՏերՀակոբյանը)։ Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է ծխախոտագործությունը, շերամապահությունը (մետաքսի 2 մանարան գործարան), փայտի ու փայտածխի արտադրությունը։ Պ․ ունեցել է բժշկ․ ծառայություն, դեղատուն, փոստ, հեռագրատուն (1911-ից)։ Գործել են ինչպես Հայաստանյայց Առաքելական, այնպես էլ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, ութ դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն։ Եղել է մտավորական կենտրոն, հրատարակվել են «Փարոս» (1910–12), «Պայքար» (1912–14), «Մեղու» (1912– 1914) ևն պարբերականներ։ Սեփական (սիրողական), ինչպես նաև Կ․ Պոլսից և Անդրկովկասից ժամանող թատերախմբերի ուժերով կազմակերպվել են ներկայացումներ։ 1915-ին Պ–ի հայերը Նիկոմիդիայի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի։ 1918-ին ջարդից փրկված 3500 պարտիզակցի վերահաստատվել են հայրենի ավանում, 1920-ին՝ հույն–թուրք․ պատերազմի ժամանակ, կրկին տեղահանվել։ Մոտ 50 ընտանիք հայրենադարձվել է Սովետական Հայաստան։

Պ–ում են ծնվել վ․ Հացունին, Ա․ Ղազիկյանը, Մ․ Պոտուրյանը, Թ․ Գուշակյանը, Գ․ Ալեմշահը, Ե․ և Հ․ Տեր–Անդրեասյանները և ուրիշ նշանավոր անձինք։

Գրկ. Մխալյան Գ․ Հ․, Պարտիզակն ու սյարտիզակցին, Կահիրե, 1938։ Ծոցիկյան Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։ Պետիկյան Ա․ Ա․, Գրչանկարներ Պարտիզակ գյուղին, Փարիզ, 1950։ Տեր–Հակոբյան Հ․, Պարտիզակ խատուտիկ, Փարիզ, 1960։ Պողոսյան Հ․, Պարտիզակը անզուգական, Փարիզ, 1967։ Կ․ Կարագյան

ՊԱՐՏԻԶԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 200 տուն (1600 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փոքրաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

«ՊԱՐՏԻԶԱԿ», կիսամյա հանդես։ Բողոքականների Պարտիզակի գիշերօթիկ բարձրագույն վարժարանի հրատարակություն։ Լույս է տեսել 1909–12-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Հ․ Տեր–Մինասյան։ Անդրադարձել է համիդյան տիրապետության շրջանում հայ ժողովրդի արմ․ հատվածի ճակատագրին, ներկայացրել ազգայինազատագրական պայքարի դրվագներ։ Ջատագովել է ակտիվ և կազմակերպված պայքարի գաղափարը, հեղափոխական շարժումները դիտել որպես բնականոն երևույթ կեղեքման դեմ, քննադատել է դեպի ԱՄՆ արևմտահայության գաղթը։ Գրական–բանասիրական հարցերում պաշտպանել է ինքնուրույն, ազգային ռեալիստական գրականության զարգացման անհրաժեշտությունը։ Աշխատակցել են հիմնականում վարժարանի սաներն ու ուսուցիչները։ Մ․ Ադանաչյան

ՊԱՐՏԻԶԱԿԻ ԽՈՍՎԱԾՔ, տես Նիկոմիդիայի բարբառ։

ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, հայրենիքի ազատության և անկախության կամ սոցիալական վերափոխումների համար ժող․ զանգվածների պայքարի ձև, որը մղվում է թշնամու կողմից գրավված տարածքում։ Աշխատավորների զինված միջուկը այդ պայքարում հենվում է տեղական բնակչության օգնության վրա։ Պայքարին կարող են մասնակցել նաև թշնամու թիկունքում գործող կանոնավոր բանակի զորամասեր։ Պ․ շ․ դրսևորվում է զինված պայքարի, սաբոտաժի, դիվերսիաների, իշխանության մարմինների հեղինակազրկման, թշնամու ռեակցիոն նպատակները մերկացնող ու ժողովրդին դրանց դեմ պայքարի կոչող ագիտացիայի և պրոպագանդայի ձևով։ Այն կարող է ուղղված լինել ինչպես օտարերկրյա թշնամու, այնպես էլ ներքին կեղեքիչների դեմ։ Պ․ շ–ման ձևով են հաճախ ընթանում ճնշված զանգվածների քաղաքացիական պատերազմները իշխող դասակարգերի դեմ։

Պ․ շ–ման խնդիրները որոշում են պատմ․ կոնկրետ պայմանները, որոնցում ընթանում է ժող․ զանգվածների պայքարը հանուն ազգ․ ազատագրության կամ սոցիալական վերափոխումների։ Հիմնական խնդիրն է առավելագույն վնաս հասցնել թշնամուն և նախադրյալներ ստեղծել հաղթանակի համար։ Պարտիզանական պայքարի հիմնական ձևերն են հանկարծակի հարձակումները և առանց մարտական ընդհարման հակառակորդին կորուստներ ու նյութական վնասներ պատճառելը։

Պարտիզանական գործողությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Պ․ շ․ եղել է միջին դարերում, նոր և նորագույն ժամանակներում։ Պ․ շ–մանը նոր դասակարգային բովանդակություն է հաղորդել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղավւոխությունը, և մեծ թափ է ստացել Ռուսաստանում 1918–20-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Պ․ շ․ նոր աստիճանի է բարձրացել 1941 – 1945-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ [տես Պարտիզանական շարժում Հայրենական մեծ պատերազմում (1941–45)]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45) գերմանացիների կողմից գրավված երկրներում առաջացավ Դիմադրության շարժումը, որը որոշ տեղերում դրսևորվեց Պ․ շ–ման ձևով, որոշ տեղերում (Հարավսլավիա, Լեհաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա ևն) վերածվեց ազգայինազատագրական պատերազմի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ Պ․ շ․ ծավալվեց Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։

Ըստ էության Պ․ շ–ման բնույթ են կրել նաև XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի հայ ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի մյուս հայաբնակ վայրերում։

ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ (1941–45թթ․), սովետական ժողովրդի զինված պայքարը ֆաշիստ, զավթիչների դեմ՝ նրանց կողմից ժամանակավորապես գրավված ՍՍՀՄ տարածքում (տես «Սովետական պարտիզանների պայքարը թշնամու թիկունքում 1941–45 թթ․» քարտեզը)։ Պատերազմի տարիներին թշնամու թիկունքում գործել են 1 մլն–ից ավելի պարտիզաններ և բազմահազար ընդհատակայիններ։ Պ․ շ–մանը մասնակցել են բանվորներ, գյուղացիներ, մտավորականներ, տարբեր տարիքի և ազգ․ պատկանելության մարդիկ։ Պ․ շ․ առավել հուժկու էր Բելոռուսիայում, Ուկրաինայում, ՌՍՖՍՀ Օրյոլի, Սմոլենսկի, Լենինգրադի, Կալինինի մարզերում։ Պ․ շ․ ղեկավարեց ՍՄԿԿ ԿԿ, ծավալեց ու զարգացրեց թշնամու թիկունքում գործող տեղական կուսակցական ղեկավարու-