Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«Լույսի որոնումները» (1956) վիպակում և այլ գործերում նկարագրել է Պակիստանի աշխատավորների կյանքը և պայքարը խաղաղության, դեմոկրատիայի համար։ Ա–ի նշանավոր գործերից են նան «Մանկություն» (1962, Համզայի անվ. Ուզբ. ՍՍՀ պետ. մրցանակ) ինքնակենսագրական վիպակը և սոցիալիստական հեղափոխությանը նվիրված «Մեծ ուղի» (1967) վեպը։ Ա․ եղել է V–VI գումարումների ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ։ Մահացել է հուլիսի 1-ին, Տաշքենդում։

Երկ. Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները, Ե., 1961, էջ 10–32։ Сочинения, т. 1–5, Ташкент, 1962–64. Գրկ. Бать Л. Г., и Кошчанов М., Айбек, М., 1966.

ԱՅԲՈՒԲԵՆ, այբբեն, յուրաքանչյուր լեզվի համար գործածվող տառերի ամբողջությունը՝ ավանդաբար պահպանվող որոշակի դասավորությամբ։ Այս հասկացության համար շատ ժողովուրդներ գործածում են alphabet (<հուն. άλφάβητος) անվանումը, որը կազմված Է հին հուն․ այբուբենի առաջին տառերի՝ α–ի (άλφα – «ալֆա») և β–ի (βήτα – «բետա») անուններից։ Հիշյալ սկզբունքով, այսինքն՝ տառերի ընդունված համակարգի առաջին երկու գրերի անուններով ժամանակի ընթացքում տարբեր ժողովուրդներ կազմել են սեփական անվանումներ: Հայերենի այբուբենի անվանումը կազմված է մեր լեզվի ա–ի (այբ) և բ–ի (բեն) անուններից, սլավոնական համապատասխան տառերի аз և буки անուններից ստեղծվել Է азбука ևն։ Ընդհանրապես գրի (գրության) գաղափարն ավելի հին Է, քան այբուբենինը։ Այբուբենի գաղափարը կապվում է գրության զարգացման այն շրջանի հետ, երբ ստեղծվել է տառա–հնչյունային գիրը։ Ա–ի մեջ մտնող ամեն մի տառ սովորաբար մեկ հնչյունի (հնչույթի) նշան Է, թեև որոշ դեպքերում մեկ հնչյունը (հնչույթը) նշվում Է մեկից ավելի տառերով, կամ, ընդհակառակը, մեկ տառը մեկից ավելի հնչյունների նշան է լինում։ Տարբեր լեզուների Ա–ները տարբեր քանակի տառեր ունեն։ Հյուսիսային սեմական (ըստ շատ մասնագետների՝ փյունիկյան) գրերի համակարգը, որն ուներ 22 տառ և զուրկ էր ձայնավորների տառերից, հիմք դարձավ մի շարք լեզուների, այդ թվում և հունարենի գրության։ Հին հուն. Ա. ուներ 24 (այստեղ արդեն ձայնավորների համար կային տառեր), լատիներենինը՝ 23 (միջնադարից հետո՝ 24) տառ։ Մեսրոպյան Ա. ուներ 36 տառ, տարբեր ժամանակներում մուտք են գործել օ, ֆ, ու, և տառերը։ Այժմ հայերեն Ա–ում կա 39 տառ։ Արևելահայերենում ւ–ը որպես առանձին տառ չի գործածվում։ Ժամանակակից ռուսերենի Ա. կազմված է 32, անգլերենի և գերմաներենի Ա–ները՝ 26 տառից ևն։ Հին Ա–ները ծառայել են նաև թվեր արտահայտելու համար։ Մեսրոպյան այբուբենի 36 տառերը չորս շարքով ներկայացրել են՝ միավորները (Ա–Թ՝ 1–9), տասնավորները (Ժ–Ղ՝ 10–90), հարյուրավորները (Ճ–Ջ՝ 100–900), հազարավորները (Ռ–Ք՝ 1000–9000)։

Գրկ. Աճառյան Հ., Հայոց գրերը, Ե., 1968։ Լոուկոտկա Զ., Գրի զարգացումը, Ե., 1955։ Истрин В. А., Возникновение и развитие письма, М., 1965; Дирингер Д., Алфавит М., 1963. Ա. Աբրահամյան


«ԱՅԳ», պարբերագիրք, օրգան Մելգոնյան կրթական հաստատության ուսանողների։ Լույս է տեսնում Նիկոզիայում (Կիպրոս), 1937-ից (ընդհատումներով)։ Խմբագրական կոլեգիան կազմված է ուսանողներից, գործում է գրականության ուսուցչի հսկողությամբ։ Տպագրում է ուսանողների ստեղծագործությունները, գրականագիտական, գիտական և հասարակագիտական ուսումնասիրություններ, գիտության, արվեստի ու գրականության նորույթներ, թարգմանություններ անգլերենից, ֆրանսերենից, հունարենից։ «Ա.» ընթերցողներին դաստիարակում է հայրենասիրության, Սովետական Հայաստանի նկատմամբ սիրո ոգով։


ԱՅԳԱԲԱՑ (մինչև 1946՝ Իլխիաբի), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ։ 771 բն. (1970), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։ Գյուղը հիմնադրել են Բասենից գաղթած հայերը 1830-ին։


ԱՅԳԱԾԱՂԻԿ, ցայգածաղիկ (Ipömöea), պատատուկագգիների ընտանիքի ցեղ, որի տեսակները (մոտ 400) փաթաթվող խոտաբույսեր և թփեր են։ Հայրենիքը Կենտրոնական Ամերիկան Է։ Ա–ի տերևները սրտաձև են, ծաղիկները՝ ձագարաձև, տարբեր գույնի, բացվում են արևածագին և մի քանի ժամ հետո փակվում։ Աճում Է հիմնականում արևադարձային երկրներում, տարածված է նաև ՀՍՍՀ–ում։ Ա–ով կանաչապատում են տաղավարներ, ցանկապատներ ու պատշգամբներ։


ԱՅԳԱՎԱՆ (մինչև 1946՝ Ռեհանլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք։ 2891 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի գինու գործարան, միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժտեղամսւս, կապի բաժանմունք, կինո։ Հիմնադրվել է 1828-ին։


ԱՅԳԱՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (մինչև 1971՝ Այգավանի գինու գործարան), ՀՍՍՀ գինեգործական խոշոր ձեռնարկություն։ Գտնվում է Արարատի շրջանի Այգավան գյուղում։ Ստեղծվել է 1966-ին, Արարատի գինու գործարանի Այգավանի բաժանմունքի հիման վրա։ Գործարանը հագեցված է խաղողի մշակման հոսքային գծերով և ունի գինեգործության սեզոնում 10 հզ. տ խաղողի վերամշակման կարողություն։ Խաղող է ստանում Արարատի շրջանից՝ հիմնականում մսխալի և կախեթ։ Արտադրում է դառը և թնդեցրած գինենյութեր՝ վարդագույն, սպիտակ, կարմիր պորտվեյն ստանալու համար, որոնք ուղարկվում են երկրորդական գինեգործարաններ՝ շշալցման։ Դառը գինենյութերի մի մասը օգտագործվում է կոնյակի սպիրտ թորելու համար։ Կոնյակի սպիրտի թորման արտադրամասն ունի տարեկան 72 հզ. դալ (բացարձակ ալկոհոլ) կարողություն։ Այստեղ կառուցվում են Հայաստանում կոնյակի սպիրտի հնեցման ամենախոշոր շտեմարաններից մեկը՝ 1200 հզ. դալ տարողությամբ և կոնյակի սպիրտի ՛թորման նոր արտադրամաս՝ տարեկան 200 հզ. դալ կարողությամբ։ Գինեգործության սեզոնում մինչև 1975-ը խաղողի մշակումը կհասցվի 15 հզ. տ։


ԱՅԳԵԲԱՑ ՄԵՔԵՆԱ, խաղողի թաղված վազերը բացող մեքենա։ Ա. մ–ի վրա տեղադրված են թևավոր գութանային մասեր։ Ա. մ. աշխատանքը կատարում է ոչ լրիվ, պահանջվում է ձեռքի լրացուցիչ աշխատանք, վազերը հողից մաքրելու և միջշարքերում փռելու համար։ Ա. մ. կատարելագործելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում (Նաիրիի շրջան)։ Փորձարկվում են սկավառակային տիպի աշխատանքային մասեր ունեցող Ա. մ–ներ։


ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ № 15 ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԱՎԱՆ, բնակավայր Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, Երևան–Բաղրամյան խճուղու վրա, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 898 բն. (1970), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, մսուր–մանկապարտեզ, ակամբ–գրադարան։ Հիմնադրվել Է 1946-ին։ Բնակիչները եկել են Իրանից։


ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԱՎԱՆ, բնակավայր Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ։ 1031 բն. (1970), հայեր։ Միավորված է Պտղնիի պետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1944-ին։


ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, խաղողագործություն, 1. գյուղատնտեսական արտադրության ճյուղ, ընդգրկում է խաղողի վազի մշակումը։ Ա. գինու, պահածոների արտադրությանը մատակարարում է հումք, բնակչությանը՝ խաղող և չամիչ։ Ա. ինտենսիվ, աշխատատար, բայց եկամտաբեր ճյուղ Է։ ՀՍՍՀ որոշ տնտեսություններում այգիները զբաղեցնում են հողային տարածության 10–15%, սակայն նրանցից ստացված եկամուտը կազմում է ընդհանուր եկամտի 50–80%: Ա–յան նշանակությունը ժող. տնտեսության մեջ կարևոր է նաև նրանով, որ խաղողի վազը կարելի է աճեցնել նույնիսկ այնպիսի հողերում, որոնք պիտանի չեն մշակովի շատ բույսերի համար (խիստ քարքարոտ կամ շարժուն ավազից կազմված հողեր ևն)։ Կան թաղվող կամ չթաղվող, ոռոգվող կամ