կամարների վրա։ Եկեղեցին XIX դ․ սկզբին նորոգվել է, որի ընթացքում աղավաղվել են նրա որոշ մանրամասեր և հատվածներ (արմ․ խորանը կիսաշրջանից փոխվել է սեղանաձևի, ավելացվել են կիսասյուներ)։ Մաքուր տաշված կրաքարից շարված, առանց խորշերի արտաքին պատերն ունեն բազմաստիճան որմնախարիսխ և զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան–Հռիփսիմե տիպի հուշարձանների զուգահեռներից է։ Վանքի Ս․ Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով։ Բեմի խորանի երկու կողմի ուղղանկյուն, կիսաշրջանաձև աբսիդներով ավանդատները երկհարկանի են։ Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսապատված է Կուտինայի հախճապակե սալիկներով։ Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր։ Վանքի երրորդ՝ Ս․ Կարապետ գմբեթավոր եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1857-ին։ Ս․ Նշան վանքում է պահվել վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ–Հովհաննեսի գահը։ XIX դ․ 2-րդ կեսին վանքում գործել է հոգևոր դպրոց։
Գրկ․ Թորամանյան Թ․, Նամակներ, Ե․, 1968, էջ 180-181։ Մ․ Հասրաթյան․
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՎԻԼԱՅԵԹ, Սվազի կամ Ռումի Էյալեթ, հայկ․ աղբյուրներում՝ Սեբաստիայի կուսակալություն, Սեբաստիայի նահանգ, վարչատերիտորիալ միավոր օսմանյան Թուրքիայում։ Կոչվել է վարչ. կենտրոնի՝ Սեբաստիա քաղաքի անունով։ Հիմնականում հին Փոքր Հայքի տարածքին համապատասխանող Սեբաստիայի նահանգը օսմանյան թուրքերը զավթել են XV դ․ առաջին քառորդին։ Մինչև XVI դ․ սկիզբն այն օսմանյան սուլթանության արլ․ սահմանային նահանգն էր, որը հս–ից սահմանակից էր Տրապիզոնի կայսրությանը (մինչև 1461), արլ–ից՝ նախ ակկոյունլուների տիրակալությանը (մինչև 1502), ապա՝ Սեֆյան Պարսկաստանին (մինչև 1514), հվ–ից՝ Եգիպտոսի Մամլուքյան սուլթանությանը (մինչև 1516)։ XVI դ․ սկզբից տարածվում էր Անատոլիայի (Անկյուրա) Կարամանի, Մարաշի, Կարնո, Տրապիզոնի նահանգների և Սև ծովի միջև։ Վարչականորեն բաժանված էր յոթ գավառի (թուրք. սանջակ կամ լիվա) Սեբաստիայի, Ամասիայի, Չորումի, Բոզոքի, Ջանիկի, Տեվրիկի և Արաբկիրի։ XIX դ․ կեսին Ս․ վ–ին միացվեց նաև նախկինում Էրզրումի փաշայության կազմում գտնվող Շապին–Գարահիսար գավառը։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի և Հայկական հարցի արծարծման կապակցությամբ, նպատակ ունենալով եվրոպ․ տերություններին «ապացուցել» մահմեդական տարրի գերակշռությունը օսմանյան տիրապետության արլ․ նահանգներում, Աբդուլ Հալքիդ II սուլթանը վարչ․ փոփոխությունների ենթարկեց Արմ․ Հայաստանի ողջ տարածքը՝ Ս․ վ–ից անջատելով Ջանիկի (սևծովյան ափամերձ շրջանները), Բոզոքի, Չորումի և Արաբկիրի գավառները։
XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ս․ վ․ հս–ից սահմանակից էր Կասաամունիի և Տրապիզոնի, արլ–ից՝ էրզրումի և Խարբերդի, հվ–ից՝ Հալեպի և Ադանայի, արմ–ից՝ Անգորայի վիլայեթներին։ Տարածությունը 83700 կմ2 էր։ Բաժանված էր չորս գավառի՝ Սեբաստիայի (կենտր․ գավառ), Կարահիսար–Շարկիի (Շապին–Գարահիսար), Եվդոկիայի (Թոխաթ) և Ամասիայի, որոնք իրենց հերթին բաժանված էին 28 գավառակի (թուրք․՝ կազա) և 257 գյուղախմբի (նահիե)։ Ս․ վ–ում կար 4761 գյուղ։ Սեբաստիայի գավառը բաժանված էր 11 գավառակի՝ Սեբաստիա, Կոչգիրի (Քոչկիրի), Տեվրիկ (Դիվրիկ), Թոնուս, Կյուրին, Տարենա, Խաֆիք (Հաֆիգ), Յըլդըզ (Եըլդըգ), Ազիզիե, Կանգալ (Քանկալ) և Բյունյան (Պյունյան), Շապին–Գարահիսարինը՝ 5 գավառակի՝ Շապին–Գարահիսար, Համիդիե, Կոլոնիա (Կոյուլ–Հիսար), Նիկոպոլիս (Սու–շեհրի) և Ալաջրա, Եվդոկիայինը՝ 4 գավառակի՝ Եվդոկիա (Թոխաթ), Հերեք (էրբատ), Զելա և Նեոկեսարիա (Նիկսար), Ամասիայինը՝ 8 գավառակի՝ Ամասիա,Մարզվան, Վեզիր Քյոփրյու, Օսմանջիկ, Գյումուշ, Հաջիքյոյ, Լաոդիկեա (Լադիկ), Խավսա և Մեջիդ–Օզու։ Սեբաստիա քաղաքում նստող թուրք, նահանգապետին (վալի) ենթարկվում էին գավառների ներքին գործերը վարող մյութեսերիֆները։ Գավառակները կառավարում էին կայմակամները, իսկ նահիեները՝ մյուդիրները։ Ս․ վ–ում գործող և պահեստային զորքերը մտնում էին թուրք․ IV զորաբանակի մեջ, որի գլխ․ զորակայանը Երզնկայում էր։ Պատերազմի ժամանակ ամեն կազա պետք է հանդերձավորեր 4 գումարտակ, ամբողջ նահանգը՝ մոտ 100 հզ․ զինվոր։
Ս․ վ–ի ռելիեֆը լեռնային է։ Արլ–ից արմ․ ձգվում են երեք լեռնաշղթաներ՝ Ջանիկի (հս–ում), Հս․ Տավրոսի (միջին մասում) և Ներքին Տավրոսի (հվ–ում)։ Նահանգի տարածքը արլ–ից արմ․ հատում են երկու խոշոր գետ՝ Հալիսը (թուրք․ Կըզըլ–ըրմակ - Կարմիր գետ) և Իրիսը (թուրք․ Յեշիլ–ըրմակ - Կանաչ գետ)։ Լճերը սակավ են (ամենախոշորի՝ Լադիկի երկարությունը ձնհալի ժամանակ հասնում է մինչև 11 կմ)։ Ս․ վ–ի հս․ մասն անտառապատ է։ Լադիկի շրջակայքում, Թավշանդաղի, Ակդաղի, Զեյթունդաղի բարձունքներին հանդիպում են փշատերև ծառերի գրեթե բոլոր տեսակները։ Եվդոկիայի գավառակի ցածրադիր վայրերում գերակշռում են բալե–