Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարտի «ՌՍՖՍՀ ոչ սևահողային գոտու գյուղատնտեսության հետագա զարգացման միջոցառումների մասին», 1976-ի հունիսի «Միջտնտեսային կոոպերացիայի և ագրոարդյունաբերական ինտեգրացիայի բազայի վրա գյուղատնտ․ արտադրության մասնագիտացման և համակենտրոնացման հետագա զարգացման մասին», 1976-ի օգոստոսի «Հողերի մելիորացիայի 1976–80-ի պլանի և մելիորացված հողերի օգտագործման բարելավման միջոցառումների մասին», 1976-ի նոյեմբերի «Հատիկային և յուղատու կուլտուրաների ու խոտաբույսերի սելեկցիայի և սերմնաբուծության բարելավման հետագա միջոցառումների մասին» որոշումները։ Գյուղատնտ․ արտադրության տեխ․ մակարդակի բարձրացման, գյուղական շինարարության զարգացման, միջտնտեսային կոոպերացիայի ուժեղացման ևն հարցերը լուսաբանված են ՍՄԿԿ ԿԿ Հուլիսյան (1978) պլենումի որոշումներում։ Կուսակցության ագրարային քաղաքականության զարգացման համար հսկայական կարևորություն ունեն ՍՄԿԿ XXVI համագումարում (1981) ընդունված որոշումները։

Գյուղատնտ․ մթերքների (կարտոֆիլ, բանջարեղեն, միս, կաթ, ձու) մի մասը ստացվում է անձնական օժանդակ տնտեսություններից։ 1982-ին կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում աշխատում էին համապատասխանաբար 13,1 և 12,3 մլն մարդ, ցանքերի ընդհանուր տարածությունը կազմել է 93,9 ե 114,3 մլն հա (հատիկային կուլտուրաներինը՝ 53,0 և 69,1 մլն հա), գյուղատնտ․ կենդանիների ընդհանուր գլխաքանակը եղել է․ խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 49,8 և 43,2 մլն, խոզ՝ 31,9 և 29,0 մլն, ոչխար և այծ՝ 45,0 և 71,6 մլն։

Սովետական գյուղում կատարված որակական տեղաշարժերը (կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների էկոնոմիկայի ամրապնդումը, արտադրության համալիր մեքենայացումը և ավտոմատացումը, աշխատանքի արտադրողականության, երկրագործության և անասնապահության կուլտուրայի բարձրացումը, որակյալ կադրերի աճը ևն) պայմանավորեցին գյուղատնտ․ արտադրության հանրայնացման պրոցեսների ամրապնդումը, պետ․ և կոլտնտեսային կոոպերատիվ սեփականությունների մերձեցումը, միջտնտեսային կոոպերացիայի և ագրոարդ․ ինտեգրացիայի զարգացումը։ Դրանց շնորհիվ առաջացան (հատկապես 1965-ից հետո) հասարակական արտադրության կազմակերպման նոր ձևեր՝ միջտնտեսային ձեռնարկություններ և միավորումներ, ագրոարդ․ գիտաարտադրական միավորումներ։

Գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան։ Սովետական իշխանության տարիներին մեծ աշխատանք է կատարվել գյուղատնտեսությունը հիմնական ֆոնդերով ապահովելու և տեխնիկապես վերազինելու համար։ 1965–80-ին զգալիորեն աճել են կապիտալ ներդրումները (1961–65-ին եղել է 48,2, իսկ 1976–80-ին՝ 171 մլրդ ռ․)։ Մեքենատրակտորային պարկի քանակական աճը զուգակցվում էր տեխ․ միջոցների որակի բարելավմամբ, գյուղատնտեսությունն ստանում էր ավելի կատարելագործված ինքնագնաց կոմբայններ, մեծ հզորության տրակտորներ, մելիորատիվ և այլ նպատակների համար օգտագործվող նոր տիպի մեքենաներ։ Գյուղատնտեսության տեխ․ առաջընթացի կարևորագույն ուղղությունը էլեկտրիֆիկացումն է։ 1982-ին մեկ աշխատողի էլեկտրազինվածությունը կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում կազմել է 28,3 ձ․ ու․ կվտ•ժ (1965-ին՝ 8,5 ձ․ ու․)։

Գյուղատնտեսության նյութատեխ․ բազայի զարգացման և կատարելագործման համար կարևոր է նաև գյուղատնտ. արտադրության քիմիացումը։ Ավելացել է համակցված և բարդ պարարտանյութերի արտադրությունը, անասնապահության մեջ քիմ․ նյութերի օգտագործումը։ ՍՄԿԿ ԿԿ Հուլիսյան (1978) պլենումի որոշումների համաձայն, ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը ընդունեցին «Երկրում միասնական մասնագիտական ագրոքիմիական ծառայություն» ստեղծելու մասին որոշումը (1979)։ Ագրոքիմ․ ծառայության համար ԱՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության համակարգում ստեղծվել է Համամիութենական (նաև հանրապետ․) գիտաարտադրական միավորում։ 1966-ից ՍՄԿԿ ԿԿ–ի Մայիսյան պլենումի որոշմամբ իրականացվում է հողերի մելիորացման երկարաժամկետ ծրագիրը։ 1982-ին ոռոգելի հողերի տարածությունը եղել է (մլն հա) 18,3, չորացված հողերինը՝ 17,5։ Ընդլայնվել է ջրովի բանջարաբուծությունը։ 1982-ին բանջարեղենի արտադրությունը ոռոգելի հողերում կազմել է համախառն արտադրանքի կեսը։ Ստեղծվել են ոռոգվող կուլտուրական արոտավայրեր։

Գյուղատնտեսության հիմնական ճյուղերը։ Գյուղատնտ․ արտադրության տարբեր ձևերը միավորվում են 2 հիմնական ճյուղերի՝ երկրագործության (դաշտավարություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն ևն) և անասնապահության (տավարաբուծություն, խոզաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն ևն) մեջ։

Երկրագործություն։ Գյուղատնտ․ ձեռնարկությունները օգտագործում են (1․11․1982) 1052,2 մլն հա հողատարածություն, այդ թվում՝ 556,3 մլն հա գյուղատնտ․ հանդակ, որից 226,7 մլն հա՝ վարելահող, 34,9 մլն հա՝ բնական խոտհարք և 289,4 մլն հա՝ բնական արոտավայր (ցանքատարածությունների բաշխումը տես աղյուսակ 3)։ Ցանքատարածությունների մեջ զգալի է հացահատիկային կուլտուրաների տես․ կշիռը (1980) (58%–ից ավելի)։ 1965-ից երկրագործության արտադրանքն ավելանում է ինտենսիվացմամբ (քիմիացում, հողերի մելիորացում, արտադր․ պրոցեսների համալիր մեքենայացում, սերմնաբուծության բարելավում, նոր բարձր բերքատու սորտերի ներդրում ևն) գլխավորապես բերքատվության բարձրացման շնորհիվ (տես աղյուսակ 4)։

Երկրագործության արդյունավետության բարձրացման պրոբլեմների լուծման գործում կարևոր դեր է կատարում անտառաբուծությունը, մասնավորապես դաշտապաշտպան անտառաբուծությունը, որը ագրոանտառամելիորացման հիմքն է։ ՍՍՀՄ–ում դաշտապաշտպան անտառաշերտերի տարածություն 1,6 մլն հա է (1․1․1981)։

Սովետական իշխանության տարիներին մշակվել են արդյունավետ միջոցառումներ բնակլիմայական անբարենպաստ պայմանների (երաշտ, հողի էրոզիա ևն) դեմ պայքարելու համար։ Գյուղատնտ․ բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ տարվող պայքարը կազմակերպում և իրագործում է Բույսերի պաշտպանության պետ․ ծառայությունը (ստեղծվել է 1961-ին, 1979-ից մտնում է Ագրոքիմ․ միասնական ծառայության կազմի մեջ)։ 1960–80-ին բույսերի պաշտպանության քիմ․ և կենս. պայքարի աշխատանքների ծավալն աճել է գրեթե 4