Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆիզկուլտուրայի 23 ինստ․, համալսարանների և մանկավարժ, բուհերի ֆիզդաստիարակության 96 ֆակուլտետ, 29 տեխնիկում, մանկավարժ, ուսումնարանների ավելի քան 70 բաժին։ Գիտամանկավարժ․ կադրեր պատրաստում են առաջատար ֆիզկուլտուրային բուհերի (Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Մինսկ, Թբիլիսի) ասպիրանտուրաները, գործում են 3 ԳՀԻ․ համամիութենականը (Մոսկվա), Լենինգրադինը և վրացականը (Թբիլիսի)։ Բուհերում և ֆիզկուլտուրայի ԳՀԻ–ներում աշխատում է գիտ․ աստիճան ունեցող ավելի քան 1,8 հզ․ մասնագետ։

Ֆիզկուլտուրայով զբաղվողների բուժսանիտարական և բժշկ․ հսկողությունը իրականացնում է 400-ից ավելի բուժֆիզկուլտուրային դիսպանսեր։ Զարգանում է ֆիզկուլտուրային շարժման նյութատեխ․ բազան․ 1982-ին գործել է ավելի քան 1941 ստադիոն, 39600 մարզադահլիճ, 990 լողավազան, ավելի քան 450 հզ․ մարզահրապարակ, 107 հզ․ ֆուտբոլի դաշտ, 2 հզ․ թենիսի կորտ, ավելի քան 29 հզ․ հրաձգարան, 6,4 հզ․ դահուկային կայան, 21 հզ․ չմշկուղի։

Մարզական հանդերձանքի և սարքավորումների արտադրության ծավալը տարեկան 3,9 մլրդ ռ․ է։ Մոսկվայում գործում են մարզական և տուրիստական իրերի նախագծային- տեխնոլոգիական և փորձարարական–կոնստրուկտորական, մարզական կառույցների համամիութենական ինստ–ները։ Ֆիզկուլտուրան և սպորտը ֆինանսավորվում են պետ․ և արհմիութենական բյուջեներից, կոոպերատիվ և ֆիզկուլտ–մարզական կազմակերպու– թյունների սեփական միջոցներից։ Սովետական ֆիզկուլտուրային շարժումը բոլոր միութենական հանրապետություններում զարգանում է պլանաչափ ու ներդաշնակ (տես 1 և 2 աղյուսակները)։


ՍՍՀՄ–ում լուրջ ուշադրություն է նվիրվում ֆիզկուլտուրայի և սպորտի պրոպագանդային։ 1939-ին, ՍՍՀՄ ԺԿխ որոշմամբ, սահմանվել է ֆիզկուլտուրնիկի համամիութենական միասնական օր (ըսկըզբում՝ հուլիսի 18-ին, այժմ՝ օգոստոսի երկրորդ շաբաթ օրը)։ Համամիութենական մարզական օրացույցով տարեկան անցկացվում են ավելի քան 300 մասսայական մրցումներ, որոնցից խոշորագույններն են արհմիությունների, զինված ուժերի, «Դինամո» և «Աշխատանքային ռեզերվներ» ՄԸ–ների, դպրոցականների սպարտակիադաները, երիտասարդական, ուսանողական մարզական խաղերը, մանկական մասսայական մրցումները։ 1956-ից, չորս տարին մեկ (նախաօլիմպիական տարում), անցկացվում է ՍՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա (մարզաձևերի և մասնակիցների քանակով գերազանցում է օլիմպիական խաղերին)։ 1983-ի ՍՍՀՄ ժողովուրդների VIII սպարտակիադային մասնակցել է 100 մլն մարդ (8685 եզրափակիչում)։ 1980-ին հրատարակվել են 30-ից ավելի մարզական թերթ և հանդես (10 մլն ընդհանուր տպաքանակով), Կենտր․ հեռուստատեսության ծրագրում մարզական հաղորդումների ընդհանուր ծավալը տարեկան 900 ժ է, Համամիութենական ռադիոյի ծրագրում՝ 700 ժ։

ՍՍՀՄ մարզական ֆեդերացիաները 50 միջազգային մարզական միավորման անդամ են (1982) և մասնակցում են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, Եվրոպայի գավաթների խաղարկությունների։ 1980-ին սովետական մարզիկները ակրոբատիկայի, բասկետբոլի, ըմբշամարտի (ազատ և դասական), առագաստային սպորտի, վոլեյբոլի, սպորտային (կանայք) և գեղարվեստական մարմնամարզության, թիավարության (բայդարկա և կանոե), դահուկային սպորտի, ծանր աթլետիկայի, սուսերամարտի, գեղասահքի, գնդակով և տափօղակով հոկեյի, շախմատի և այլ մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են եղել։ Սովետական մարզիկները օլիմպիական խաղերին մասնակցում են 1952-ից (ձմեռայինին՝ 1956-ից)։ 1952–80 թթ․ օլիմպիական խաղերում սովետական մարզիկները նվաճել են 1018 մեդալ (401 ոսկի, 326 արծաթ և 291 բրոնզ), չեմպիոնի կոչման են արժանացել 669 մարզիկ, 1949–81-ին նրանք 2 հզ–ից ավելի անգամ հաղթել են աշխարհի և 3 հզ․ անգամ Եվրոպայի առաջնություններում։ Մինչև 1982-ը ՍՍՀՄ–ում կայացել են աշխարհի և Եվրոպայի ավելի քան 100 չեմպիոնատ և Եվրոպայի գավաթների խաղարկման մրցումներ, Երիտասարդության միջազգային բարեկամական խաղեր (1957), Ունիվերսիադա (1973), Մարզական գիտությունների համաշխարհային կոնգրես (1974), Մարզական մամուլի համաշխարհային ֆեդերացիայի 43-րդ կոնգրեսը (1979) ևն։ ՍՍՀՄ մշակութային բոլոր կապերի մոտ 30% կազմում են (1980) մարզական կապերը։

Մարզական նշանավոր նվաճումների, ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը մատուցած ծառայությունների համար 3 հզ․ ավելի մարզիկ և ֆիզկուլտ–մարզական կազմակերպությունների աշխատող (առ 1-ը հունվարի 1982) պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով։ ՍՍՀՄ շքանշաններով պարգևատրվել են նաև Պետ․ կենտր․ (Մոսկվա) և Լենինգրադի ֆիզկուլտուրայի ինստ–ները, «Դինամո», «Սպարտակ», «Աշխատանքային ռեզերվներ» ՄԸ–ները, ՐԿՄԱ–ն և մարզական այլ կազմակերպություններ։

Ի նշան սովետական մարզիկների և մարզական կազմակերպությունների օլիմպիական շարժմանը մատուցած ծառայությունների, ՄՕԿ–ի 1974-ի որոշմամբ 1980-ի օլիմպիական խաղերն անցկացվել են Մոսկվայում․ սահմանվել է 36 համաշխարհային, 74 օլիմպԽսկան, մի քանի հարյուր մայրցամաքային (այդ թվում 40 եվրոպ․) և ազգ․ ռեկորդ։ Սովետական մարզիկները սահմանել են 14 համաշխարհային և 32 օլիմպիական ռեկորդ, նվաճել 195 մեդալ (80 ոսկի, 69 արծաթ, 46 բրոնզ), 167 մարզիկ դարձել է օլիմպիական չեմպիոն, 105-ը՝ արծաթե, 120-ը՝ բրոնզե մեդալակիրներ, 19 մարզաձևում գրավել են առաջին, 6-ում՝ երկրորդ, 5-ում՝ երրորդ տեղ։ Երեք ոսկե մեդալ են նվաճել Ա․ Ն․ Դիտյատինը (մարմնամարզություն), Վ․ Վ․ Պարֆենովիչը (թիավարություն), Վ․ Վ․ Սալնիկովը (լող), մարզական խոշորագույն նվաճում էին Ցու․ Վարդանյանի ռեկորդները ծանրամարտում։ ՍՍՀՄ բազմազգ հավաքականի կազմում հանդես են եկել 100-ից ավելի քաղաքների ներկայացուցիչներ։

Պատկերազարդումը տես 688–689-րդ էջերի միջև՝ ներդիրում, և 720–721-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXV։

Տուրիզմը։ Տուրիստական առաջին կազմակերպությունները մինչհեղափոխական Ռուսաստանում հիմնվել են 1885–1890-ական թթ․։ 1901-ին ստեղծվել է Տուրիստների ռուս, ընկերությունը, որը ուղեվորություններ է կազմակերպել երկրում և արտասահմանում (1914-ին մոտ 5 հզ․ մարդ, գլխավորապես ունևոր դասից)։

Սովետական տուրիստական շարժումը ձևավորվել է 1920-ական թթ․։ Աշխատավորության համար ուղևորություններ կազմակերպել են արհմիությունները, սովորողների և զինվորների համար՝ լուսժողկոմատը։ 20-ական թթ․ վերջերին ստեղծվել են «Սովետական տուրիստ» և «Ինտուրիստ» բաժնետիրական ընկերությունները, ՌՍՖՍՀ Պրոլետարական տուրիզմի ընկերությունը և ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կենտր․ մանկ, էքսկուրսիոն–տուրիստա– կան կայանը։ 1930-ին ՍՍՀՄ ԺԿԽ որոշմամբ կազմակերպվել է Պրոլետարական տուրիզմի և էքսկուրսիաների համամիութենական կամավոր ընկերությունը (1932-ին՝ 936,7 հզ․ անդամ, 92 համամիութենական հանգրվան, միջոցառումներին մասնակցել է 6,6 մլն մարդ)։ 1936-ին, ՍՍՀՄ ԿԳԿ որոշմամբ, տուրիզմի ղեկավարությունը հանձնարարվել է ՀԱՄԿԽ–ին և նրա կազմակերպություններին։ Մինչև 1940-ը արհմիությունները ձեռնարկություններում և ուս․ հաստատություններում ստեղծել են մի քանի հազար տուրիստական բջիջ, կազմակերպել տուրիստական–էքսկուրսիոն երթուղիներ, 165 հանգրվան և ճամբար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դրանց մեծ մասը ավերվել է։

1945-ին վերսկսվել է ՀԱՄԿԽ Տուրիստական–էքսկուրսիոն վարչության (ՏԷՎ) գործունեությունը։ 1962-ին ՏԷՎ–ներին փոխարինել են տուրիզմի խորհուրդները։ Մոսկվայում ստեղծվել է Տուրիզմի կենտր․ խորհուրդ (ՏԿխ)։ 1965-ին բոլոր հանրապետություններում, երկրամասերում և մարզերում գործել են տուրիզմի խորհուրդներ, իսկ 1510 քաղաքներում և շրջկենտրոններում՝ տուրիստական ակումբներ։ 1969-ին ՍՄԿԿ ԿԿ, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ «Երկրում տուրիզմի և էքսկուրսիաների հետագա զարգացման միջոցառումների մասին» որոշմամբ ՏԿխ–ն վերակառուցվել է Տուրիզմի և էքսկուրսիաների կենտր․ խորհրդի (ՏԷԿԽ)։ 1970–80-ական թթ․ արհմիությունները տուրիստական կառույցներում ներդրել են 1,06 մլրդ ռ․։ Շահագործման է հանձնվել 173 հզ․ տեղ։ Տուրիստական հանգրվանների թիվը 1980-ին եղել է 963, 361 հզ․ տեղով, էքսկուրսիաների և ճանապարհորդությունների բյուրոներ են գործել 674 քաղաքում, կազմակերպվել է 7 հզ․ ծովային և գետային ճանապարհորդություն, 10 հզ–ից ավելի երկաթուղային, 39 ինքնաթիռային, 250 հզ–ից ավելի ավտոբուսային ուղերթ, սպասարկվել 205 մլն մարդ (3,5 անգամ ավելի, քան 1970-ին)։