Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

որոշմամբ, 1898-ի մարտին։ Տեքստը գրել է Պ․ Բ․ Ստրուվեն (լեգալ մարքսիստ)։ Վերջնական խմբագրման հեղինակն է Վ․ Ի․ Լենինի զինակից Ս․ Ի․ Ռադչենկոն։ Մանիֆեստը հրատարակվել է առանձին թռուցիկով, 1898-ի ապրիլին։ Նրանում մատնանշված էր, որ ՌՍԴԲԿ շարունակում է Ռուսաստանում մինչ այդ տեղի ունեցած հեղափոխական շարժման գործն ու ավանդույթները, սակայն ընտրում և օգտագործում է պայքարի այլ ուղիներ ու միջոցներ։ Մոտակա խնդիրն էր համարվում ինքնակալության տապալումը և ժողովրդի քաղ․ ազատության նվաճումը։ Մանիֆեստում ընդգծված էր ռուս․ պրոլետարիատի վճռական դերը գալիք հեղափոխության մեջ, ՌՍԴԲԿ դիտվում էր որպես միջազգային ս–դ․ շարժման մի մասը։ Մանիֆեստը մեծ նշանակություն է ունեցել որպես ռուս, սոցիալ–դեմոկրատիայի առաջին փաստաթուղթ, որը, թեկուզ և համառոտ ու ամենաընդհանուր գծերով, կանխագծում էր ռուս, պրոլետարիատի և նրա կուսակցության դեմոկրատական ու սոցիալիստական խնդիրները։ «Մենք մեզ համարում ենք այդ կուսակցության անդամներ» –գրել է Վ․ Ի․ Լենինը,–լիովին բաժանում ենք «Մանիֆեստի» հիմնական գաղափարները և կարևոր նշանակություն ենք տալիս նրան, որպես այդ կուսակցության նպատակների բացահայտ հայտարարության» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 4, էջ 450)։

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 1905–1907 ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, իմպերիալիզմի դարաշրջանի առաջին ժող․ հեղափոխությունը, որը խարխլեց ցարական ինքնակալության հիմքերը և նրա տապալման համար հետագա պայքարի նախադրյալներ ստեղծեց երկրում։ Այն բուրժուա–դեմոկրատական հեղափոխության նոր տիպ էր, որի հեգեմոնը, առաջին անգամ պատմության մեջ, պրոլետարիատն էր՝ իր մարքսիստական կուսակցության գլխավորությամբ։ Ցարական Ռուսաստանը, ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը, ժողովուրդների բանտ էր։ Ինքնակալությունն անողոքաբար ճնշում ու հալածում էր կայսրության բոլոր ժողովուրդներին, որոնք և դուրս եկան տիրող կարգերի դեմ։

XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին երկրում ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որոնք մոտալուտ հեղափոխություն էին կանխագուշակում։ Այն բորբոքվեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կապիտալիզմն ամբողջ աշխարհում, ինչպես և Ռուսաստանում, թևակոխել էր իր զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլը, որին բնորոշ է կապիտալիստական սիստեմի սոցիալ․ ու քաղ․ բոլոր հակասությունների ծայրահեղ սրումը։ Ռուսաստանում բարձր համակենտրոնացման հասած խոշոր արդյունաբերության մեջ տիրապետող են դառնում մոնոպոլիաները, բայց և կապիտալիզմի զարգացումը միահյուսվում էր էկոնոմիկայում և քաղ․ կարգում դեռևս պահպանվող ճորտատիրական ուժեղ մնացուկների հետ, որոնք առաջ էին բերում պրոլետարիատի շահագործման առանձնապես դաժան ձևեր, գյուղացիության ծայրահեղ աղքատացում։ Դրանք հատկապես զգացվում էին Ռուսաստանի ազգային ծայրամասերում, ուր այսպես կոչված «այլազգիները» (այդպես էին անվանում ռուս իշխողները ոչ ռուս ժողովուրդներին) ենթարկվում էին կրկնակի ճնշման՝ սոցիալական ու ազգային։ Ռուսաստանի էկոնոմիկայում ստեղծվել էր ցցուն անհամապատասխանություն բարձր զարգացած արդյունաբերության ու կիսաֆեոդ․ հողատիրության ու երկրագործության միջև։ Կայսրության 105 մլն գյուղացիական տնտեսություններ ունեին 75 մլն դեսյատին հող, գրեթե այնքան, որքան ունեին 30 հզ․ կալվածատերերը (70 մլն դեսյատին)։ Հողի վարձակալության համար գյուղացիները կալվածատերերին և արքունիքին տարեկան վճարում էին ավելի քան 700 մլն ռ․ ոսկով։ Կալվածատիրական ստրկությանն ավելանում էր կուլակայինը։ Վերջիններս իրենց ձեռքն էին գցել ամբողջ գյուղացիական հողերի կեսը և քաշող ուժի կեսից ավելին։ Բնութագրելով Ռուսաստանի տնտ․ և սոցիալ․ իրավիճակի հիմնական հակասությունները՝ Լենինը գրել է․ «․․․Ամենահետամնաց հողատիրություն, ամենավայրենի գյուղ՝ ամենաառաջավոր արդյունաբերական և ֆինանսական կապիտալիզմ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 16, էջ 515)։ Ռուսաստանում 1905–07-ի հեղափոխությունը բուրժ․ գյուղացիական հեղափոխություն էր, որտեղ ողջ գյուղացիությունը հանդես էր գալիս հողը ժողովրդին հանձնելու դիրքերից։ Եվ այս առումով ագրարային հարցը ռուս. հեղափոխության ամենասուր հարցն էր։

Շատ ծանր էր Ռուսաստանում պրոլետարիատի դրությունը։ XX դ․ առաջին տարիների տնտ․ ճգնաժամն է՛լ ավելի վատացրեց նրա վիճակը։ Մեծացավ գործազուրկների թիվը, կրճատվեց բանվորի աշխատավարձը, երկարացվեց աշխատանքային օրը։ 1905-ին պրոլետարիատն արդեն ուներ դասակարգային պայքարի որոշակի փորձ, ստեղծել էր իր շահերի համար պայքարող քաղ․ կուսակցություն։ Ընդհանուր առմամբ, սոցիալ–տնտ․, քաղ․ և ազգ․ բախումների բազմազանության ու սրության պատճառով Ռուսաստանը դարձել էր միջազգային իմպերիալիզմի հակասությունների հանգուցակետ, նրա առավել թույլ օղակը։ Այս բոլորին ավելացան նաև ցարիզմի ռազմ. պարտության հետևանքները Ռուս–ճապոնական պատերազմում 1904–05։

Հեղափոխությունը սկսվեց Պետերբուրգում, 1905-ի հունվ․ 9-ին, երբ ցարի հրամանով զորքը գնդակոծեց խաչվառներով, սրբապատկերներով 140 հզ․ բանվորների խաղաղ երթը։ Նրանք գնում էին դեպի Ձմեռային պալատ՝ աշխատավոր ժողովրդի ծանր կացության մասին խնդրագիրը ցարին հանձնելու համար։ Հազարավոր մարդիկ սպանվեցին ու վիրավորվեցին։ Կոտրվեց միլիոնավոր հասարակ մարդկանց հավատը ցարի հանդեպ․ «Մենք այլևս ցար չունենք»։ Բանվորները բարիկադներ պատրաստեցին, դիմեցին զենքի, որն ի վերջո հանգեցրեց զինված ընդհարումների, ապստամբության։ «Արյունոտ կիրակիի» լուրը ցնցեց ողջ երկիրը։ Ռուս. պրոլետարիատը, իր համերաշխությունը դրսևորելով մայրաքաղաքի աշխատավորության պայքարի հետ, դիմեց գործադուլների։ Նշանակալի էին ազգ․ ծայրամասերի (Լեհաստան, Մերձբալթիկա, Անդրկովկաս) աշխատավորների ելույթները։ Բանվորների կողքին ելույթներ էին ունենում գյուղացիները, հատկապես Կովկասում։ Հեղափոխության ալիքը ոտքի հանեց ուսանողությանը։ Ակտիվացավ դեմոկրատական մտավորականությունը։ Ծնունդ առան արհեստակցական քաղ․ միություններ, որոնք մայիսին միավորվեցին «Միությունների միության» մեջ։ Աշխուժացավ նաև լիբերալ բուրժուազիան, որը հավակնում էր ինքնակալության դեմ համաժող․ առաջնորդի դերին։ Երկրի քաղ․ ասպարեզում հստակորեն դրսևորվեց երեք խմբավորում, կառավարականը (ցարիզմ, կառավարող բյուրոկրատիա և կալվածատերեր), որը ձգտում էր ամեն կերպ պահպանել ինքնակալությունը,