Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

լիբերալ–օպոզիցիոնը (լիբերալ կալվածատերեր, բուրժուազիա, բուրժ․ մտավորականության ընտրանի), որը ձգտում էր սահմանադրական միապետության, և հեղափոխականը (պրոլետարիատ, գյուղացիություն, քաղաքային մանրբուրժ․ տարրեր, դեմոկրատական մտավորականություն, ուսանողություն), որը պայքարում էր հանուն դեմոկրատական հանրապետության հաստատման։

Ոտքի ելած ժող․ զանգվածների դեմ ռազմաոստիկանական դաժան միջոցներ կիրառելուն զուգընթաց, ցարիզմը հեղափոխական թափը թուլացնող զանազան միջոցառումներ էր ձեռնարկում, ռեֆորմներ անցկացնելու սին խոստումներ տալիս․ Բոլշևիկները հետևողականորեն մերկացնում էին այդ կեղծ քաղաքականությունը։ Սկսված հեղափոխության մեջ պրոլետարիատի ստրատեգիան և տակտիկան որոշվեց ՌՍԴԲԿ երրորդ համագումարում (1905-ի ապրիլ)։ Համագումարը քննարկեց հեղափոխության արմատական հարցերը, որոշեց պրոլետարիատի, որպես նրա առաջնորդի, խնդիրները։ Բոլշևիկները գտնում էին, որ, հեղափոխության առաջին փուլում դաշնակցելով գյուղացիության հետ և չեզոքացնելով լիբերալ բուրժուազիային, պրոլետարիատը պետք է պայքարի ինքնակալությունը տապալելու, դեմոկրատական հանրապետություն հաստատելու և ճորտատիրության բոլոր մնացուկները վերացնելու համար։ Հաջորդ փուլում պրոլետարիատը պետք է պայքարի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու համար։ Մենշևիկները գտնում էին (ժնևի կոնֆերանս), որ եվրոպ․ երկրների բուրժ․ հեղափոխությունների նման Ռուսաստանում էլ այն պետք է տեղի ունենա բուրժուազիայի ղեկավարությամբ, հաղթանակից հետո էլ պետք է ստեղծվի բուրժ․ պետություն։ Նրանք պրոլետարիաաին հատկացնում էին բուրժուազիայի ղեկավարության ներքո գործելու համեստ դեր, ժխտում գյուղացիության հետ դաշինքի հնարավորությունը։ էլ ավելի հեռուն էին գնում մենշևիկ–տրոցկիստները, որոնց պերմանենտ հեղափոխության տեսությունը պրոլետարիատին մեկուսացնում էր զանգվածներից և հեղափոխությունը կախման մեջ էր դնում Արևմուտքի պրոլետարիատի պայքարի արդյունքից։ Երկու համագումար՝ երկու կուսակցություն, –այդպես բնութագրեց իրավիճակը ՌՍԴԲԿ մեջ Վ․ Ի․ Լենինը։ Նա գրեց «Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական հեղափոխության մեջ» աշխատությունը, որտեղ հիմնավորեց բոլշևիկների տակտիկական գիծը և մերկացրեց մենշևիկների օպորտունիզմը, բացահայտեց իմպերիալիզմի դարաշրջանում բուրժուա–դեմոկրատական հեղափոխության առանձնահատկությունները, նրա շարժիչ ուժերի և հեռանկարների հարցերը։

1905-ին հեղափոխությունն ընթանում էր վերընթաց ուղիով։ Նրա վերելքն սկսվեց մայիսմեկյան գործադուլներով, որոնց մասնակցում էր շուրջ 220 հզ․ բանվոր։ 200 քաղաքներում նշվեց մայիսի մեկը։ Տեղի ունեցան ցույցեր, գործադուլներ։ 72 օր տևեց Իվանովո–վոզնեսենսկի ջուլհակների գործադուլը, 100 հզ․ մարդ ընդգրկեց Լոձի բանվորների գործադուլը։ Դրանք լայն արձագանք գտան ողջ երկրում։ Շուրջ 900 ելույթ տեղի ունեցավ գյուղերում, որոնց արդյունքը եղավ Համառուսաստանյան գյուղացիական միության ստեղծումը օգոստոսին։ Խոշոր իրադարձություն էր «Պոտյոմկին» զրահանավի նավաստիների ապստամբությունը հունիսին։ Գրեթե նույն ժամանակ ապստամբություն բռնկեց Բալթիկայում (Լիբավա)։ Միայն 1905-ի ամռանը տեղի ունեցավ հեղափոխական զինվորների և նավաստիների ավելի քան 40 ելույթ։

Այս բոլորից ահաբեկված ցարական կառավարությունը օգոսա․ 6-ին հրապաբակեց մանիֆեստ խորհրդակցական դումայի (տես Բուլիգինյան դումա) հրավիրման մասին։ Բայց այդ աննշան զիջումը չբավարարեց նույնիսկ ամենալիբերալ շրջաններին։ Բոլշևիկները հանդես եկան այդ դուման բոյկոտելու օգտին։ Այն այդպես էլ չհրավիրվեց։ Հեղափոխության ալիքը հզորանում էր։ Սկսվեց Մոսկվայի տպագրիչների սեպտեմբերյան գործադուլը, որին միացան այլ մասնագիտությունների հազարավոր բանվորներ։ Հոկտ․ 6-ին ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեն համընդհանուր քաղ․ գործադուլի որոշում ընդունեց (տես Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլ 1905)։ Այն արագորեն ընդգրկեց ամբողջ երկիրը։ Գործադուլավորների ընդհանուր թիվն անցել էր 2 մլն–ից։ Գործադուլը հզոր խթան հանդիսացավ ճնշված ժողովուրդների ազգային–ազատագրական շարժման ծավալմանը Լեհաստանում, Ֆինլանդիայում, Մերձբալթիկայում, Կովկասում ու Միջին Ասիայում։ Ցարը հարկադրված հրատարակեց մանիֆեստ (տես Մանիֆեստ 1905-ի հոկտեմբերի 17-ի), որով տրվեցին մի շարք քաղաքացիական ազատություններ։ Հոկտ․ 21-ին քաղ․ բանտարկյալների ներում շնորհվեց, հոկտ․ 22-ին՝ վերականգնվեց Ֆինլանդիայի ինքնավարությունը, նոյեմբ․ 3-ին կառավարությունը դադարեցրեց փրկագների գանձումը գյուղացիներից։ Այդ բոլորը հեղափոխու– թյան առաջին հաղթանակներն էին։ Սոցիալ–դեմոկրատիան դուրս եկավ ընդհատակից։ Առաջին անգամ երկրում սկսեցին լեգալ պայմաններում լույս տեսնել բանվորական լրագրեր, այդ թվում բոլշևիկյան «Նովայա ժիզն» թերթը։ Երկրում հաստատվեց երերուն հավասարակշռություն։ Լիբերալ բուրժուազիան հրճվանքի մեջ էր։ Ձևավորվեց Սահմանադրական–դեմոկրատական («Կադետներ») բուրժ․ կուսակցությունը, ստեղծվեց «Հոկտեմբերի 17-ի միությունը» («Օկտյաբրիստները»)։ Հասնելով Դումայի հրավիրման խոստումին՝ բուրժուազիան ետ կանգնեց հեղափոխության հետագա զարգացման ուղուց։ Մինչդեռ բանվորները շատ վայրերում (ավելի քան 50 քաղաքներում և ավաններում) ստեղծել էին իրենց Սովետները (տես Աշխատավորների դեպուտատների սովետներ), տեղի էին ունենում զինվորների և նավաստիների տարերային ելույթներ։ Որոշ քաղաքներում պրոլետարիատը հասավ բանակի չեզոքացմանը։ Արագորեն աճում էին հեղափոխության ընթացքում ծագած բանվորների և ծառայողների արհեստակցական միությունները։

Ստեղծված պայմաններում բոլշևիկներն ավելի ակտիվացրին իրենց գործունեությունը։ Նոյեմբ․ 8-ին էմիգրացիայից վերադարձավ Վ․ Ի․ Լենինը՝ անձամբ գլխավորելու կուսակցության ողջ գործունեությունը։ Ձգտելով կասեցնել հեղափոխության հետագա ծավալումը՝ ցարական կառավարությունը դիմեց պատժիչ միջոցների (ձերբակալություններ, արտաքսումներ, ակտիվ գործադուլավորների հալածում ևն)։ Այդ պայմաններում միայն զինված ապստամբությունը կարող էր վերջ դնել ցարական հալածանքներին։ Եվ այն տեղի ունեցավ (տես Դեկտեմբերյան զինված ապստամբություններ)։

Առաջինը ցարիզմի դեմ զինված ապստամբության դրոշ բարձրացրեց Մոսկվայի պրոլետարիտաը։ Դեկտ․ 7-ին սկսվեց ընդհանուր քաղ․ գործադուլ, որին հենց սկզբից մասնակցում էր 150 հզ․ մարդ։ Տեղի էին ունենում ցույցեր, միտինգներ, բախումներ ոստիկանության հետ, որոնք ավարտվեցին բարիկադների ստեղծումով։ Ապստամբության կենտրոններ դարձան Մոսկվայի Պրեսնյա, Զամոսկվարեչիե, Կազանյան երկաթուղային հանգույցի շրջանները։ Մոսկվային արձագանքեցին Դոնի Ռոստովը, Նովոռոսիսյկը, Նիժնի Նովգորոդը, խարկովը, Եկատերինոսլավը, Կրասնոյարսկը ևն։ Սակայն ցարիզմը, ճնշելով գյուղացիական ելույթները գավառներում, մեկուսացրել էր բանվորներին և զորքեր կենտրոնացրել Մոսկվայի դեմ։ Մենշևիկներն ու էսէռներն էլ, դավաճանելով հեղափոխությանը, նպաստեցին նրա պարտությանը։ Ուժերը պահպանելու նպատակով բոլշևիկների Մոսկվայի կոմիտեն և սովետը որոշեցին դեկտ․ 19-ին դադարեցնել զինված պայքարը։ Թեև ապստամբությունը պարտվեց, բայց դրանով բանվոր դասակարգը մեծ փորձ կուտակեց իր հետագա պայքարի համար։ «Դեկտեմբերյան պայքարով, –գրել է Վ․ Ի․ Լենինը, –պրոլետարիատը ժողովրդին թողեց այն ժառանգություններից մեկը, որոնք գաղափարապես–քաղաքականապես կարող են փարոս լինել մի քանի սերունդների աշխատանքի համար» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 19, էջ 263)։ Ապստամբության պարտությամբ սկսվեց հեղափոխության տեղատվությունը, որը տևեց մեկուկես տարի։ Պրոլետարիատը երկու անգամ ևս փորձեց հարձակման անցնել (1906-ի ապրիլ–հունիս, 1907-ի գարուն), բայց հասնել 1905-ի աշնան մակարդակին այլևս չհաջողվեց։ 1906–07-ին ծավալվեց պարտիզանական շարժում (հարձակումներ ոստիկանատների և բանտերի վրա, զենքի գրավում, դրամի էքսպրոպրացիա հեղափոխության շահերի օգտին ևն) հատկապես Լատվիայում, Վրաստանում և Ուրալում։ Տեղատվություն էին ապրում նաև գյուղացիական ելույթները։ Հեղափոխական հուզումները դեռևս շարունակվեցին Բալթիական նավատորմում՝ Կրոնշտադտյան ապստամբություններ 1905, 1906-ին, Սվեաբորգի ապստամբությունը 1906, որոնք դաժանորեն