Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ղեկավար խումբ, որը ծավալել է ակտիվ գործունեություն, հրատարակել հեղափոխական թռուցիկներ, գլխավորել բանվորական ելույթները։

Սպանդարյանը ղեկավարել է «Կուրյեր կոպեյկա» («Курьер копейка»), «Լիստոկ կոպեյկա» («Листок копейка»), «Տրուդովայա կոպեյկա» («Трудовая копейка») լեգալ թերթերը և գրել բազմազան հոդվածներ ժողովրդական զանգվածների ծանր դրության, հեղափոխական շարժումների, քաղաքային ինքնավարության խնդիրների, գրականության ու թատրոնի մասին։ Նա աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» («Звезда») լրագրին և իր հոդվածներում մերկացրել կադետներին, լիկվիդատորներին ու նրանց կովկասյան համախոհներին։ Սպանդարյանը գրել է բազմաթիվ ծածկանուններով՝ «Տիմոֆեյ», «Տ», «Ս․ Ս–յան», «Ա․ Օլգին», «Ս․ Օ․», «Իզգոյ», «Լոկտին», «Յունիուս»։

1911-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Սպանդարյանը մասնակցել է բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը (Բաքվում ու Թիֆլիսում), ուր քննարկվել է համակուսակցական կոնֆերանս հրավիրելու լենինյան առաջադրանքը։ Նա լիովին պաշտպանել է այն և զեկուցել Թիֆլիսի կազմակերպության գործունեության մասին։ Կոնֆերանսի նախապատրաստման համար ստեղծված Համառուսաստանյան կազմակերպական հանձնաժողովի (ՌԿՀ) մեջ մտել են Դ․ Օրջոնիկիձեն, Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ի․ Շվարցը և Ցու․ Սոկոլինը։ Սպանդարյանը գրել է ՌԿՀ–ի ծանուցումը ՌՍԴԲԿ կոնֆերանսի հրավիրման անհրաժեշտության մասին, որը հրատարակվել է առանձին թերթիկով և առաքվել կուսակցական կազմակերպություններին։ Նա կոնֆերանսի հրավիրման նախապատրաստման համար ծավալել է եռանդուն աշխատանք, եղել Մոսկվայում, Պեւոերբուրգում ու Մերձբալթյան երկրամասում։

Որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, Սպանդարյանը 1912-ի հունվարին մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VI (Պրագայի) կոնֆերանսին, ուր առաջին անգամ հանդիպել է կուսակցության առաջնորդ Վ․ ի․ Լենինին և արժանացել նրա բարձր գնահատականին։ Այնուհետև նրանց միջև հաստատվել է սերտ կապ ու ջերմ բարեկամություն։ Կոնֆերանսում զեկուցել է Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների գործունեության մասին և մերկացրել մենշեվիկների, նրանց մարզային կոմիտեի օպորտունիզմն ու պառակտիչ գիծը։ Այնտեղ ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ Սպանդարյանը ընտրվել է Կենտկոմի ու նրա Ռուս. բյուրոյի անդամ։ Նա իրեն դրսևորել է որպես համառուսաստանյան մասշտաբի բոլշևիկյան գործիչ։

Կոնֆերանսից հետո Վ․ Ի․ Լենինի հետ միասին Սպանդարյանը մեկնել է Գերմանիա՝ կուսակցական կարևոր հանձնարարություններով։ Լայպցիգում մասնակցել է ՌՍԴԲԿ(բ) Կենտկոմի անդամների ու III Պետ․ դումայի ս–դ․ ֆրակցիայի ներկայացուցիչների խորհրդակցությանը, ուր Լենինը զեկուցել է Պրագայի կոնֆերանսի արդյունքների, իսկ ինքը՝ ՌԿՀ–ի գործունեության մասին։ Բեռլինում ՌՍԴԲԿ(բ) ներկայացուցչության կազմում բանակցություններ է վարել Կ․ Կաուցկու հետ՝ բոլշևիկներին պատկանող գումարները «պահողներից» ետ ստանալու համար։ Այդտեղ նա Լենինին ծանոթացրել է իրենց ընտանիքին մտերիմ Ո. Տեր-Հովհաննիսյանի հետ, որն «ամեն տեսակ ծառայություններ մատուցեց կուսակցությանը» (Կրուպսկայա Ն․ Կ․, Հիշողություններ Վ․ Ի․ Լենինի մասին, 1977, էջ 243)։

1912-ի փետրվարին Սպանդարյանը մեկնել է Փարիզ, ուր գտնվում էր նրա հայրը՝ Սպանդար Սպանդարյանը, որին հիվանդ ժամանակ տեսակցել և նյութապես աջակցել է Լենինը։ Այնուհետև վերադարձել է Ռուսաստան և Պրագայի կոնֆերանսի արդյունքների մասին զեկուցումներ կարդացել Լատիշական երկրամասում, Պետերբուրգում, Մոսկվայում ու Անդրկովկասում։ Նրա ղեկավարությամբ ընդունվել են բոլշևիկյան բանաձևեր, որտեղ լիովինն հավանություն է տրվել լենինյան գծի հաղթանակին։ Ամենուրեք աջակցել է կուսակցական աշխատանքի աշխուժացմանը, ակտիվորեն մասնակցել IV Պետ․ դումայի բոլշևիկյան նախընտրական կամպանիային, Թիֆլիսում կազմակերպել ընդհատակյա տպարան, հրատարակել հեղափոխական թռուցիկներ։ 1912-ի մարտի 18-ին Սպանդարյանը ձերբակալվել է Բաքվում։ Թեև շուտով ազատվել է ու մեկնել Թիֆլիս, բայց մայիսի 22-ին նորից է ձերբակալվել Բաքվում, երբ գնացքով Թիֆլիսից մեկնելիս է եղել Եկատերինոդար (Կրասնոդար)։ Դա նրա 5-րդ ձերբակալությունն էր և այլևս չի ազատվել։ Ժանդարմական գրագրություններում նա բնութագրվել է որպես «թունդ լենինյան» և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։

Ո՛չ բանտային դաժան պայմանները և ո՛չ էլ ոստիկանական կամայականությունները չեն ընկճել աննկուն հեղափոխականին։ Սպանդարյանը թե՛ երկարատև նախաքննության ժամանակ և թե՛ դատարանում (1913-ի մայիսի 2–4) ցուցաբերել է կոմունիստին վայել հաստատակամություն ու մարդկային արժանապատվություն, միաժամանակ հմտությամբ հերքել իր և ընկերների դեմ հարուցված մեղադրանքները։ Այնուամենայնիվ, Թիֆլիսի դատաստանական պալատի հատուկ ատյանը նրան՝ Ե․ Ստասովայի, Վ․ Շվեյցերի, Վ․ Խաչատրյանի և ուրիշների հետ դատապարտել է ցմահ աքսորի՝ Սիբիր։ Սպանդարյանը հրաժարվել է վճռաբեկ գանգատ տալուց, իսկ ընտանիքին գրել․ «Ամեն տեղ մարդիկ են ապրում, և Սիբիրում էլ ես կապրեմ ո՛չ ավելի վատ, քան այստեղ» (Երկ․, հ․ 2, էջ 294)։

1913-ի սեպտեմբերի 16-ին նրան շղթայակապ աքսորել են Սիբիր։ Խիստ տանջալից էր նրա ուղին, իսկ առողջությունն արդեն խախտվել էր։ Բայց և այնպես կնոջը՝ Օ․ Վ․ Սպանդարյանին, որը բոլշևիկ աշխատող էր, ճանապարհից լավատեսորեն գրել է․ «Ես լավ և առույգ եմ զգում հոգեպես և մարմնապես» (նույն տեղում, էջ 303)։ Սպանդարյանին սկզբում տեղավորել են Ենիսեյսկի նահանգի Կանսկի գավառի Պերովսկ գավառակի Իննոկենտևկայա գյուղում, որը Սիբիրի առավել խուլ անկյուններից էր։ Նա ծանոթացել է տեղաբնակներին, հմտորեն կապվել աքսորյալ ս–դ–ների հետ և կազմակերպել խորհրդակցություններ ու մայովկա, հիմնել փոքրիկ գրադարան, ապահովել բոլշևիկյան «Պրավդա» լեգալ թերթի բաժանորդագրություն, ձեռնարկել աշխատություն ազգային հարցի մասին, պաշտպանել ազգերի ինքնորոշման իրավունքն ու մերկացրել կուլտուր-ազգային ավտոնոմիայի քարոզը։

Նա հաղորդակցվել է Անդրկովկասի ու Պետերբուրգի բոլշևիկների հետ։ Նամակագրական կապ է հաստատել Վ․ Ի․ Լենինի հետ։ 1914-ի մարտի 15-ին նրան գրած նամակում գալիքի մասին նշել է․ «Ես այնուամենայնիվ հաստատապես հուսով եմ, որ «օրը» հեռու չէ և որ մենք