Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծել են էքսպրեսիվ կոմպոզիցիաներ։

ՏԱՇԻՐ, գետ ՀՍՍՀ Կալինինոյի և Ստեփանավանի շրջաններում, Ձորագետի ձախ վտակը։ Երկարությունը 54 կմ է, ավազանը՝ 470 կմ2։ Սկիզբ է առնում Վիրահայոց լեռների արմ․ մասից։ Ջրերը հավաքում է նաև Ջավախքի լեռնաշղթայի արլ․ լանջերից։ Հոսում է հս-արմ-ից հվ-արլ․։ Ջրի տարեկան միջին ծախսը՝ մոտ 3,65 մ3/վրկ է։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է գարնանը։ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը (երկարությունը՝ 35 կմ)։

Գ․ Աբրահամյան․

ՏԱՇԻՐ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Ընդգրկել է Ձորագետ, Փամբակ, Դեբեդ (վերին և միջին հոսանքը) գետերի ավազանները։ Համապատասխանում է ներկայիս Հայկ․ ՍՍՀ Կալինինոյի, Ստեփանավանի, Գուգարքի և մասամբ Թումանյանի շրջանների տարածքին։ Հս․ սահմանագիծը Վիրահայոց լեռներն էին, հվ․՝ Հալաբի լեռնաշղթան։ Արմ–ում Շիրակից բաժանվում էր Բազումի լեռնաշղթայով, արլ–ում տարածվում էր մինչև Գուգարաց լեռնաշղթան։ Մ․ թ․ ա․ VIII դարից եղել է Ուրարտուի, ապա Երվանդունիների (մ․ թ․ ա․ VI–II դդ․) և Արտաշեսյանների (մ․ թ․ ա․ II–I դդ․) պետության կազմում։ Արշակունյաց թագավորության օրոք (I–V դդ․) Գուգարքի բդեշխների կալվածն էր։ Արշակունյաց թագավորության անկումից հետո (428), երբ Պարսից արքունիքը նվաճած Հայաստանը, Վիրքը, Աղվանքը և Ատրպատականը միավորել է մեկ վարչական միավորի՝ Հյուսիսային կամ Կապկոհ (Կովկասյան) քուստակի կազմում, Տաշիրը Գուգարքի հետ մտել է Վրաց մարզպանության մեջ։ 450–451-ի ազատագրման շարժումների ժամանակ Տաշիրի իշխան Վրեն Տաշրացին եղել է Վարդան Մամիկոնյանի զինակիցը, մասնակցել Ավարայրի ճակատամարտին։ Տաշիրի նախարարական տան ներկայացուցիչները մասնակցել են նաև VI դ․ երկրորդ կեսին Վարդան Մամիկոնյանի գլխավորած ազատագրման պայքարին։ Արաբական նվաճումներից (VII դ․) հետո Տաշիրի իշխանությունը կազմալուծվել է։ IX դ․ վերջին Աշոտ Ա Բագրատունին Տաշիրն ազատագրել է արաբներից և միացրել Բագրատունյաց ոստանին։ Տաշիրում 966-ին ստեղծվել է նոր վարչական միավոր՝ «Տաշիր երկիրը», որը շուտով դարձել է թագավորություն (տես Կյուրիկյան թագավորություն)։ Վերջինիս առաջին թագավորն է դարձել Հայոց թագավոր Աշոտ Գ–ի որդի Գուրգենը (Կյուրիկեն)։ Կյուրիկյան թագավորությունը Հայաստանի հս․ սահմանները պաշտպանել է հարևան արաբաքրդական ամիրայությունների հարձակումներից։

Տաշիրը․ եղել է Հայաստանի մշակութային կենտրոններից։ Գուգարաց բդեշխ Աշուշայի հրավերով Մեսրոպ Մաշտոցը Տաշիրում հիմնել է դպրոցներ։ Վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են՝ Օձունի Ծիրանավոր, Կուրթանի Ս. Աստվածածին, Գյուլագարակի Տորմակ, Վարդաբլուրի Ջգրաշեն եկեղեցիները։ Առանձնապես արժեքավոր է Օձունի գմբեթավոր բազիլիկը (VI դ․ վերջ)։ X–XIII դդ․ խոշոր մշակութային կենտրոններից էին՝ Սանահին և Հաղպատ, ինչպես նաև Քոբայրի (XII դ․ վերջ), Դսեղի Բարձրաքաշ (XIII դ․) և Խորակերտի (XIII դ․) վանքերը։ Քաղաքացիական կառույցներից նշանավոր է Սանահինի կամուրջը (XII դ․ վերջ)։ Հս․ Հայաստանի արդյունագործական կենտրոններն էին Պղնձահանքը և Մանեսը։ Առևտրա–արհեստագործական կենտրոն էր Լոոե բերդաքաղաքը։ XIII դարից գավառը կենտրոնի անունով կոչվել է Լոռի։

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Ակինյան Ն․, Աշուշայի կնիքը, «ՀԱ», 1907, № 4։ Հասրաթյան Մ․, Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «ԼՀԳ», 1974, № 3։ Մաթևոսյան Ռ․, Տաշիր–Ձորագետ, Ե․, 1982։ Marquart J․, Erausahr nach der Geographie des Ps. Moses Xorenaci, B․, 1901․

Ռ․ Մաթևոսյան

ՏԱՇԻՐ–ՁՈՐԱԳԵՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Կյուրիկյան թագավորություն։

ՏԱՇՅԱՆ Հակոբոս [Թաշճյան Փրանկիսկոս Մելքոնի (25․10․1866, գ․ Արծաթի, Կարինի շրջանում –3․2․1933, Վիեննա)], հայ բանասեր, լեզվաբան, հայագետ։ Նախնական կրթությունն ստացել է Կաբինում, 1880-ի ամռանը հաճախել է Կ․ Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարանը, ապա մեկնել Վիեննա։ Մխիթարյան միաբանության անդամ (1885-ից), քահանա (1889-ից)։ 1893–1912-ին եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել է Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Զմյուռնիայում, Կաբինում, Տայոց աշխարհում («Տայոց աշխարհ, Փոքր Հայք ու Խաղտիք», 1917–1918, անտիպ)։ Տաշյանի առաջին խոշոր գործը «Ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վիեննա» (1895) գիրքն է, որը հայ քաղաքակրթությանը, պատմությանը և այլ հարցերի վերաբերող 573 ձեռագրերի նկարագրությունն է։ Ցուցակագրման եղանակը հայ բանասիրության մեջ ստացել է «տաշյանական ոճ» անունը։ Բանասիրական բնույթի այլ աշխատանքներից հատկանշելի է «Ագաթանգեղոս առ Գեորգա ասորի եպիսկոպոսին և ուսումնասիրութիւն Ագաթանգեղեա գրոց» (1891) գիրքը, որտեղ Տաշյանը ուսումնասիրել է ասոր․ և հուն, բնագրային մասունքները, նրանց աղերսը հայկ․ օրինակի հետ, վերլուծել երկի քաղ–պատմ․ բովանդակությունը։ Արժեքավոր լրացումներով և ժամանակակից բանասիրության պահանջների համաձայն կատարված փոփոխություններով Տաշյանը հրատարակել է Հ․ Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատույցք հայոց»-ը (1897), անդրադարձել «Վարդապետություն առաքելոց անվավերական կանոնաց մատյան»-ին (1896, հուն․, ասոր․, արաբ․, եթովպ․ և այլ աղբյուրների համեմատությամբ), Սեկունդոս Լռակյաց փիլիսոփայի հետ առնչվող հարցերին։ Հայաստանի պատմ․ աշխարհագրությանն է նվիրված «Հին Հայաստանի արևմտյան սահմանը․ Փոքր Հայք և Կողոփենե (Սեբաստիա)» (1917–18) աշխատությունը։ «Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին» (1921) գիրքը հայ ժողովրդի 1915-ի Մեծ եղեռնի և տարագրության պատմությունն է։

Ուշագրավ է Տաշյանի «Ուսումն դասական հայերեն լեզվի (Հայկաբանություն)» (1920) ուսումնասիրությունը (հիմքում ընկած է Ք․ Սպենյանի աշխատությունը)։ Տաշյանը դիտարկել է մասնավորապես գրաբարի անցած ուղին՝ նրա զարգացման ամբողջ ժամանակաշրջանում։ Հայերենի ցեղակցության խնդրում Տաշյանը հետևել է Հ․ Հյուբշմանին՝ միաժամանակ ընդգծելով ակնհայտ մերձավորությունը իրանականին։ Ըստ նրա՝ հայոց լեզուն շփումներ է ունեցել և փոխազդեցությունների մեջ եղել բազմաթիվ այլ լեզուների հետ, բայց չի կորցրել իր ինքնությունն ու հնդեվրոպական բնույթը։ Տաշյանը եղել է նաև հմուտ բառագետ ու տերմինաբան («Բառախոսական դիտողություններ․․․», 1926)։ Գրել է հոդվածներ, որոնք շոշափում են հայերենի, հայոց այբուբենի և հնչյունաբանության, պատմության, Հայաստանի տեղագրության և այլ հարցեր։ Կատարել է գեղարվեստական և գիտ․ թարգմանություններ գերմ–ից, ֆրանս–ից, անգլ–ից, ինչպես նաև լատ–ից։

Երկ․ Ցուցակ հայերեն ձեոագրաց կայսերական մատենադարանին ի Վիեննա, Վնն․, 1891։ Ակնարկ մը հայ հնագրության վրա, Վնն․, 1898։ ժողովածոյք առակաց Վարդանայ, Վնն․, 1900։ Մատենագրական մանր ուսումնասիրությունք, մ․ 1–2, Վնն․, 1895–1901, մ․ 3, «ՀԱ», 1900–01։ Արշակունի դրամներ, մ․ 1–2, Վնն․, 1917–60։ Հաթեր և ուրարտեանք, Վնն․, 1934։

Գրկ․ Աղայան Է. Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Ակինյան Ն․, Հակոբոս Վ․ Տաշյան, «ՀԱ», 1933, № 1–2։

Հ. Պետրոսյան

ՏԱՇՏՈԻՆ, գյուղ ՀՍՍՀ Մեղրու շրջանում, Մեղրի գետի վերին հոսանքի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հս–արմ․։ Կաթնա-անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կինո, բուժկայան։ Տաշտունի