Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՑՈՒՍԻՄԱՅԻ ՆԵՂՈՒՑ, Կ ր ու զ ե ն շ տ ե ռ ն ի ա ն ց ու մ, Կորեական նեղուցի հվ–արլ․ մասի նախկին անվանումը՝ Ցուսիմա, Իկի և Օկինոսիմա կղզիների միջև։ Առավելագույն լայնությունը 46 կմ է, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 92 մ։ Ց․ ն–ով անցնում է Ցուսիմա տաք հոսանքը (արագությունը մոտ 1 կմ/ժ)։ Այժմ անվանվում է Արևելյան ծովանցք։

ՑՈՒՐՏ ԳՈՏԻՆԵՐ, ջ ե ր մ ա յ ի ն գ ո տ ի ն ե ր, ընդգրկում են Հս․ կիսագնդի մերձարկտիկական և արկտիկական, Հվ․ կիսագնդի մերձանտարկտիկական և անտարկտիկական բնական գոտիները (տես Գոտիներ աշխարհագրական

ՑՈՒՐՏԱՎ, Գ ա ջ ե ն ք, Գ ա ն ձ ե ն, քաղաք Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում, Գաջենագետի (այժմ՝ Մաշավերա) և Ցուրւոագետի (այժմ` Խրամ) միախառնման տեղում (ներկայիս Վրաց․ ՍՍՀ Բոլնիսի շրջանի Արուխլո գյուղի մոտ)։ Ըստ ավանդության, հիմնադրել է Հայկ Նահապետի եղբորորդի Քաջը։ Հայոց Արշակունիների թագավորության օրոք եղել է Գուգարաց բդեշխների աթոռանիստը։ Հավանաբար 363-ից հետո միացվել է Վրաստանին։ Քրիստոնեության հաստատումից հետո դարձել է եպիսկոպոսանիստ կենտրոն։ VI–VII դդ․ նշանավոր է եղել Ց–ի Ս․ Շուշանիկ մատուռը [հետագայում Շուշանիկի տապանը փոխադրվել է Տփխիսի (Թբիլիսիի) Մետեխի եկեղեցին]։ Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ, Ց–ում ժամերգությունը կատարվել է միաժամանակ հայ․ և վրաց․ լեզուներով։ Ց․ ավերվել է VII դ․՝ արաբ. արշավանքի ժամանակ։ VIII–IX դդ․ վերականգնվել Է, բայց վերածվել է սովորական գյուղաքաղաքի՝ առաջնությունը զիջելով Սամշվիլդե բերդաքաղաքին։

Գրկ․ Ե ր ե մ յ ա ն Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Թ․ Հակոբյան

ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ, տես Ձեռագրացուցակ։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, արվեստի ստեղծագործությունների հանրային, մեծ մասամբ ժամանակավոր, ցուցադրումը։ Ց․ գ․ դիտողին հաստոցային արվեստին (ժամանակակից և անցյալի) ծանոթացնելու հիմնական ձևն են։ Տարբերակում են միջազգային, ազգ․, տեղական (ՍՍՀՄ–ում՝ համամիութենական, հանրապետական, մարզային ևն), ստացիոնար և շրջիկ, անհատական, խմբական և կոլեկտիվ Ց․ գ․։ Դրանք կարող են լինել պարբերական (ամենամյա, երկու տարին մեկ՝ «բիենալե» ևն)։ Ց․ գ․ հաճախ կազմակերպվում են որևէ հատկանիշով, ըստ մասնակիցների կազմի (գեղարվեստի ակադեմիայի անդամներ, ինքնուսներ ևն) և գեղարվեստական խմբավորումների նրանց պատկանելության, ըստ արվեստի տեսակների ու ժանրերի (գեղանկարչություն, քանդակ, փորագրություն, դիմանկար, բնանկար), ինչպես և ըստ թեմաների (այսպես կոչված, թեմատիկ ցուցահանդեսներ) և կերպարվեստի ուղղությունների։ Մեծ նշանակություն ունեն թանգարանային Ց․ գ․։ Առաջին Ց․ գ․ արվեստի գործերի հանրային ցուցադրումներն էին Հին Հունաստանում (մ․ թ․ ա․ YI դարից), Իտալիայում (XIV–XVI դդ․), Հոլանդիայում և Ֆլանդրիայում (XVII դ․)։ Ֆրանսիայում Փարիզի գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիան, 1653-ից ցուցադրելով իր անդամների աշխատանքները, 1699-ից սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել Լուվրում (տես Սալոն)։ XVIII դ․ կանոնավոր ցուցահանդեսներ են կազմակերպել նաև մյուս պետությունների գեղարվեստի ակադեմիաները (1760-ական թվականներից Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան)։ XIX դարից Ց․ գ․ դարձել են հասարակական կյանքին արվեստի մասնակցության հիմնական ձևը, գաղափարագեղարվեստական ուղղությունների պայքարի ասպարեզ։ Միաժամանակ կազմակերպվել են ոչ պաշտոնական ցուցահանդեսներ (Գ, Կուրբեի նկարների՝ «Ռեալիզմ» ցուցահանդեսը, 1855, «Մերժվածների սալոնը», 1863, երկուսն էլ՝ Ֆրանսիայում) և ցուցահանդեսային միավորումներ (Գեղեցիկ արվեստների ազգ․ ընկերությունը, 1890, Ֆրանսիայում, Սեցեսիոնները, 1892-ից՝ Գերմանիայում և Ավստրիայում)։ Դրանցից մի քանիսը սալոնային–ակադեմիական արվեստին (տես Ակադեմիզմ կ ե ր պ ա ր վ ե ս տ ու մ և Սալոնային արվեստ) հակադրել են ռեալիստական ծրագիր, գեղարվեստական արտահայտչականության նոր միջոցների որոնումներ։ Ռուսաստանում առավել առաջադիմական էին պերեդվիժնիկների ցուցահանդեսները (1871-ից)։ Հայկ․ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը կազմակերպել է Դպրոցասեր տիկնանց ընկերությունը, Կ․ Պոլսում, 1882-ին, Հ․ Այվազովսկու մասնակցությամբ։

ՍՍՀՄ–ում և մյուս սոցիալիստ, երկրներում լայն տարածում գտած Ց․ գ․ նախատեսված են ժող․ զանգվածների գեղագիտական դաստիարակության համար։ Կապիտ․ երկրներում դասական և ժամանակակից առաջադիմական արվեստի ցուցահանդեսների հետ միաժամանակ կազմակերպվում են ռեկլամային, առևտր․ նպատակներով բազմաթիվ Ց․ գ․, ինչպես և բուրժ․ գաղափարախոսությունը պրոպագանդող ցուցահանդեսներ։ ժողովուրդների մշակութային մերձեցման, նրանց մշակույթի փոխհարստացման, խաղաղության և առաջադիմության համար մղվող պայքարին նպաստում են ազգ․ Ց․ գ–ի փոխանակումը («Մեքսիկայի արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», 1960, Մոսկվայում, «Ռուսական արվեստը սկյութներից մինչև մեր օրերը։ Ռուսական թանգարանների գանձերը», 1967–68, Փարիզում, «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 1970, Փարիզում), միջազգային Ց․ գ․ («Արվեստը և Դիմադրությունը», 1965, Բեռլինում), համաշխարհային ցուցահանդեսներում ազգ․ և միջազգային ցուցադրանքները («Մարդ–արարիչի հանճարը» ցուցահանդեսը Մոնրեալի 1967-ի համաշխարհային ցուցահանդեսի ինտերնացիոնալ տաղավարում)։

ՑՈՒՑՄՈՒՆՔ, կոնկրետ գործով ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցաքննվող մեղադրյալի, կասկածյալի, տուժողի և վկայի բանավոր հաղորդումները։ Զեակերպվում է հարցաքննության արձանագրությամբ, ապացուցման միջոց է։ Մեղադրյալը Ց․ է տալիս առաջադրված մեղադրանքի և գործի հետ առնչվող իրեն հայտնի հանգամանքների, կասկածյալը՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք հիմք են ծառայել նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։ Վկան և տուժողը Ց․ են տալիս ապացուցման արժեք կամ գործի համար նշանակություն ունեցող իրենց հայտնի բոլոր հանգամանքների մասին։ Ց․ տալը մեղադրյալի (կասկածյալի) իրավունքն է, վկայի և տուժողի պարտականությունը։ Վկան և տուժողը Ց․ տալուց խուսափելու, ակնհայտ սուտ Ց․ տալու համար ենթարկվում են քրեական պատասխանատվության (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված ներ 196, 197)։ Հ. Պիվազյան

ՑՈՒՑՉԱ8ԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ, է ք ս պ ո ն ե ն տ ա յ ի ն ֆ ու ն կ ց ի ա [< լատ․ exponens (exponentis)– ցույց տվող, ի ցույց դնող], կարևոր տարրական ֆունկցիա։ Նշանակվում է f(z)=ez, երբեմն նաև expz։ Ցանկացած իրական կամ կոմպլեքս z-ի համար որոշվում է

ez=lim (1+z/n)n
n→∞
բանաձևով։ Հիմնական հատկություններն են․ ... Ց․ ֆ․ միակ տարրական ֆունկցիան է, որը չի փոխվում դիֆերենցելիս և ինտեգրելիս․
(ez)′=ez, ƒezdz=ez+ С։
Ց․ ֆ․ վերլուծվում է աստիճանային շարքի՝
...
որը զուգամետ է ցանկացած z-ի դեպքում։ Այս շարքը ևս կարելի է դիտել որպես Ց․ ֆ–ի սահմանում։ Ց․ ֆ․ եռանկյունաչափական ֆունկցիաների հետ կապվում է Էյլերի բանաձևով․ ...
Ց․ ֆ․ լոգարիթմական ֆունկցիայի հակադարձ ֆունկցիան է․ եթե u=ez, ապա z=lnu։ Դիտարկվում է նաև a>0 հիմքով Ց․ ֆ․, որը ez ֆունկցիայի հետ կապվում է az=ezIna բանաձևով։