Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է 1920-ի նոյեմբ․ 4-ին, 1934-ի դեկտ․ 28-ից՝ ԻՍՍՀ։ Գտնվում է Նախաուրալում, Կամա և Վյատկա գետերի միջև։ Տարածությունը 42,1 հզ․ կմ2 է, բն․՝ 1560 հզ․ (1985)։ Բաժանվում է 25 շրշանի, ունի 6 քաղաք, 15 քտա։ Մայրաքաղաքը՝ Ուստինով։
Պետական կարգը։ Ուդմ․ ԻՍՍՀ համաժող․ պետություն է, ինքնավար սովետական սոցիալիստ․ հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է և նրա նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում Ուդմ․ ԻՍՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Պետ․ իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են։ Ուդմ․ ԻՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխ․ դատախազը՝ 5 տարի ժամկետով։
Բնությունը։ Ուդմ․ ԻՍՍՀ տարածքը բլրոտ թեք հարթավայր է։ Մակերևույթը զգալիորեն կտրտված է։ Օգտակար հանածոներից կան նավթ, տորֆ, շինանյութեր։ Հարուստ է հանքային աղբյուրներով։ Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը ցուրտ է, ամառը՝ համեմատաբար տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 15,5°C–ից մինչև –14,2°C է, հուլիսինը՝ 17,5–19°C։ Տարեկան տեղումները 400–600 մմ են, վեգետացիոն շրջանը՝ մոտ 150 օր։ Խոշոր գետը Կաման է։ Գերակշռում են ճմապոդզոլային հողերը (ամբողջ հողածածկի 3/4-ը), հվ–ում և հվ–արմ–ում՝ անտառային գորշ հողերը։ Անտառները գրավում են տարածքի 43,9%–ը։ Կենդանիներից կան աղվես, կզաքիս, գորշուկ, գայլ, կրծողներ (սկյուռ, նապաստակ, դաշտամուկ), թռչուններից՝ կաքավ, խլահավ ևն, գետերում՝ ջրասամույր, ազնվաքիս։ Կլիմայավարժեցվել է մշկամուկը։ Ստեղծվել է կուղբերի արգելանոց։ Գետերում կան ձկներ։
Բնակչությունը։ Բնակվում են ուդմուրտներ, ռուսներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 37 մարդ է (1985), քաղաքային բնակչությունը՝ 67% ։ Խոշոր քաղաքներն են Ուստինովը, Սարապուլը, Վոտկինսկը։
Պատմական ակնարկ։ Ու–ի տարածքը բնակեցվել է հնագույն ժամանակներից։ III–IX դդ․ ավարտվել է ուդմուրտների ցեղային (ներկայիս ուդմուրտների նախնիների) միավորումների ձևավորումը Վյատկայի և Կամայի միջագետքում։ IX–XIV դդ․ բնակիչները զբաղվել են հողագործությամբ, որսորդությամբ և անասնապահությամբ, ուդմուրտների զգալի մասն ապրել է քաղաքներում։ 1489-ին Միջին և Վերին Վյատկայի ուդմուրտները Վյատկա երկրի կազմում միացվել են Ռուս. պետությանը։ Մերձկամայան ուդմուրտները 1552-ին կամովին ընդունել են ռուս. հպատակություն։ Ամբողջ Ու–ի միացումը Ռուսաստանին վերջնականապես տեղի ունեցավ 1558-ին, այն նպաստեց միասնական ուդմուրտ, ազգության կազմավորմանը։ 1780-ին Վյատկայի փոխարքայության հաստատումով Ու–ի տարածքում կազմավորվեցին մի շարք գավառներ։ Ֆեոդ. շահագործման ուժեղացումը առաջ բերեց գյուղացիական ապստամբություններ․ ուդմուրտները մասնակցեցին բաշկիրների 1662–64-ի ապստամբությանը և 1670–71-ի Ստ․ Ռազինի գլխավորած գյուղացիական պատերազմին։

XVIII դ․ կեսին առաջացավ մետալուրգիական արդյունաբերությունը։ Կամայի գործարաններին կցվեցին հազարավոր պետ․ գյուղացիներ, առանձնացվեցին հսկայական անտառային զանգվածներ, գործարանային ավանները դարձան առևտրաարդ․ կենտրոններ։ Աճեց ռուս բնակչության հոսքը (սկսվել էր դեռևս XIII դ․)։ Ռուս, այբուբենի հիմքի վրա XVIII դ․ 2-րդ կեսին ստեղծվեց գիրը։ Ուդմուրտները ակտիվորեն մասնակցեցին Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական պատերազմին (1773–75)։

XIX դ․ 1-ին կեսին Ու–ի տնտեսության մեջ մեծացավ արդյունաբերության և առևտրի դերը։ 1861–66-ին Ու–ում վերացվեց ճորտատիրական իրավունքը, որը պայմաններ ստեղծեց կապիտալիզմի զարգացման համար։ Ուդմուրտները ակտիվորեն մասնակցել են 1905–07-ի հեղափոխությանը։ Տեղական ս․-դ․ կազմակերպությունների (ստեղծվել էին 1902–1903-ին) ղեկավարությամբ 1905-ին Ու–ի քաղաքներում և որոշ գյուղերում տեղի ունեցան քաղ․ ցույցեր, նոյեմբերին Իժևսկում (այժմ՝ Ուստինով) ստեղծվեց Բանվորների դեպուտատների սովետ։

1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ու–ի քաղաքներում առաջացան Բանվ․ և զինվ․ դեպուտատների սովետներ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության շնորհիվ 1917-ի հոկտ․ 27 (նոյեմբ․ 9)-ին Իժևսկում հաստատվեց սովետական իշխանություն։ Մինչև 1918-ի մարտը սովետներ առաջացան Ու–ի ամբողջ տարածքում։ 1918-ի հունիսին ուդմուրտների Համառուսաստանյան համագումարը որոշում ընդունեց կամովին ՌՍՖՍՀ–ի կազմի մեջ մտնելու մասին։ 1918-ի հուլիսի 31-ին Ազգությունների գործերի ժող․ կոմիսարիատին կից հաստատվեց Ուդմ․ (Վոտյան) բաժինը, որը սկսեց նախապատրաստել ուդմուրտ ժողովրդի ինքնավարության ստեղծումը։ 1919-ի ապրիլին Ու–ի տարածքը գրավեցին Կոլչակի զորքերը։ 1919-ի հունիսին կարմիր