Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պսակաթերթիկները՝ 3–6 մմ երկարությամբ, վարդագույն, սպիտակ կամ դեղնավուն։ Պատիճակները կլոր են, հակաձվաձև, ցողունը ճյուղավոր է։ Հայտնի է Տ–ի շուրջ 60 (ՍՍՀՄ–ում`22) տեսակ՝ տարածված առավելապես միջերկրածովյան երկրներում և Միջին ու Փոքր Ասիայում։ ՀՍՍՀ–ն իրավամբ համարվում է Տ–ով ամենահարուստ շրջաններից մեկը աշխարհում (13 տեսակ), ուր աճում են էնդեմիկ ձևեր, օրինակ, Շ ո վ ի ց ի Տ․ (A․ szovitsii), խ ո շ ո ր ա ծ ա ղ ի կ Տ․ (A․ grandiflorum), հ ա յ կ ա կ ա ն Տ․ (A․ armenum)։ ՀՍՍՀ–ում Տ․ տարածված է առավելապես միջին և բարձր լեռնային քարքարոտ լանջերին (Ուրծ, Արեգունի, Վայք, Զանգեզուր)։ Տ–ի որոշ տեսակներ գեղազարդիչ են և օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Ա․ Բարսեղյան

ՏՂԱՍՊԱՐ, Տ ե ղ ա ս պ ա ր, Դ ե ղ ա ս պ ա ր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում, Թաղ գյուղաքաղաքից հվ–արմ․, Արլ․ Տիգրիսի աջ ափին։ ժամանակին Տ․ եղել է հայաշատ գյուղ (1860-ական թթ․ ունեցել է մոտ 200 տուն բնակիչ), սակայն հետագայում հայերի թիվը նվազել է։ 1914-ին ուներ 102 (14 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղն ուներ երկու եկեղեցի (Ս․ Գևորգ և Ս․ Հովհաննես)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Տ․ ավերվել է։ Բնակիչները մասնակցել են Շատախի ինքնապաշտպանությանը (տես Շատախի հերոսամարտ 1915), ապա գաղթել Արլ․ Հայաստան ։ Գ․ Բադալյան

ՏՂՄԱԶՏԻՉ, նույնն է, ինչ Պարզարանը։

ՏՂՄԱՁՈՒԿ (Amia calva), ամիա, ոսկրային գանոիդների վերնակարգի տղմաձկների ընտանիքի միակ ժամանակակից ներկայացուցիչը։ Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է։ Թեփուկները ցիկլոիդային են, լողափամփուշտը բազմախորշ է։ Տարածված է Հս․ Ամերիկայի ծանծաղ, ճահճոտ ջրավազաններում։ Սնվում է անողնաշարավորներով, մանր ձկներով։ Ձվադրում է գարնանը, էգը դնում է 20 – 70 հզ․ ձու։ Արուն բույն է պատրաստում և պահպանում ձկնկիթն ու մատղաշներին։ Թրթուրները գլխի վրա ունեն ցեմենտային օրգան, որով ամրանում են բնի պատերին։ Արդյունագործական նշանակություն համարյա չունի։

ՏՂՄՈՒՏ, Տ ղ մ ո տ, գետ Արաքսի ավազանում, նրա աջակողմյան վտակ Դեղին (Զենգիմար) գետի համակարգում։ Ստույգ չի պարզաբանված, թե մեզ հայտնի ո՞ր գետին է համապատասխանում։ Ոմանք այն նույնացնում են Դեղին գետի աջակողմյան վտակ Ակչայի, ոմանք՝ Կարաբողազ գետակի (անունն էլ կապելով նոր ժամանակների Թեղնուտ գյուղի անվան հետ), ոմանք էլ, նույնիսկ, Կարմիր գետի (Կզըլչայ) հետ։ Նրա հովտում փռված էր Ավարայրի փոքրիկ դաշտը՝ երեք կողմերից շրջապատված լեռներով։ Այստեղ էր գտնվում նաև Ավարայր գյուղը, որի մոտ, նույնանուն դաշտում, մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտ 451-դ։ V դ․ պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին Տղմուտ գետ ասելով նկատի են ունեցել ոչ թե նշված գետակները, այլ Դեղին (Զենգիմար) կամ Մակու գետը, որն իր այդ վտակների հետ միասին հոսում է պատմ․ Վասպուրական նահանգի Արտազ գավառում և ամենայն հավանականությամբ նոր ժամանակներում այդպես է կոչվել պարզապես տղմոտ լինելու պատճառով։ Թ․ Հակոբյան

ՏՂՎԱՐՉԵԼԻ, քաղաք (1942-ից) Աբխազական ԻՍՍՀ–ում, Ղալիձղա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 24,8 հզ․ բն․ (1975)։ Կա քարածխի արդյունահանում, հարստացուցիչ ֆաբրիկա, շինանյութերի գործարան, երկաթբետոնե շինվածքների արտադրություն, ՊՇԷԿ։ Տ․ բալնեոլոգիական առողջարան է։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 20°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –6°C), տարեկան տեղումները՝ 2000 մմ։ Բուժիչ միջոցները թույլ ռադիոակտիվ հանքային աղբյուրներն են՝ հետևյալ բաղադրությամբ․ ... (օգտագործվում է լոգանքների համար)։ Բուժվում են հենաշարժական ապարատի և նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները։

ՏՄԲԼԱՉԻ ԽԱՉԱՆ, տես Մելիք–Շահնազարյան Կոստանդին։

ՏՄՈՐԻՔ, ռազմ ամրությունների համակարգ Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կորդրիք գավառում։ Կոչվել է գլխավոր ամրոցի անունով։ Ստեղծվել է հնագույն ժամանակներում (մ․ թ․ ա․ II հազարամյակ)՝ ընդդեմ Միջագետքից սպառնացող վտանգի։ Մ․ թ․ ա․ XIII–VII դդ․ ասորեստանյան սեպաձև արձանագրություններում հիշատակվում է Նաիրի «երկրների» թվում՝ Տումե, Տումուրրու անվանումներով: Հնում եղել է առանձին գավառ համանուն կենտրոնով։ Հետագայում (հավանաբար Արշակունյաց թագավորության ժամանակ) միացվել է Կորդրիքին։

ՏՄՈՒՏԱՐԱԿԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Թ մ ու տ ա ր ա կ ա ն ի ի շ խ ա ն ու թ յ ու ն, հին ռուս, իշխանություն X – XII դդ․, Թամանյան թերակղզում։ Թամանում արևելասլավոն․ բնակչություն հայտնվել է իշխան Իգորի Բյուզանդիա (944) և իշխան Սվյատոսլավի յասերի (ալաններ) ու կասոգների (ադըղեներ) (965) դեմ կատարած արշավանքների հետևանքով։ Տ․ ի․ աչքի է ընկել իր էթնիկական կազմի խայտաբղետությամբ։ 988 – 1036-ին Տ․ ի․ պատկանել է Մստիսլավ Վլադիմիրովիչին, որը հպատակեցրել է կասոգներին և ընդարձակել իշխանության տարածքը։ Իշխանության կենտրոնն էր Տմուտարական քաղաքը, որը խոշոր առևտր․ հանգույց էր և հարմար նավահանգիստ։ Տմուտարականի միջոցով էին կապեր պահպանվում ռուս. իշխանությունների, Հս․ Կովկասի ժողովուրդների և Բյուզանդիայի միջև։ Քաղաքում բնակվում էին կասոգներ, հույներ, հայեր, ռուսներ, ալաններ։ 1023-ին Մստիսլավը կառուցել է Աստվածածին եկեղեցին։ XI դ․ 60-ական թթ–ից Տ․ ի․ Չեռնիգովի իշխան Սվյատոսլավ Յարոսլավիչի տիրույթներից էր։ XI դ․ 2-րդ կեսին Տ․ ի․ կառավարել են Գլեբ, Ռոման և Օլեգ Սվյատոսլավիչները, նրա նկատմամբ քաղ․ հավակնություններ են ունեցել ռուս. այլ իշխաններ ևս, ինչպես նաև՝ Բյուզանդիան։ XI դ․ վերջին –XII դ․ սկզբին պոլովցիների ուժեղացման հետևանքով Տ․ ի․ կորցրել է կապը ռուս. հողերի հետ և զրկվել ինքնուրույնությունից։

ՏՅԱՆ ՇԱՆ (չին․ Ե ր կ ն ա յ ի ն լ ե ռ ն ե ր), լեռնային համակարգ Կենտրոնական և Միջին Ասիայում, հս․ լայնության 40°–45°-ի և արլ․ երկայնության 67°– 95°-ի միջև։ Արմ․ մասը գտնվում է ՍՍՀՄ, արլ․ մասը՝ Չինաստանի սահմաններում։ Ձգվում է 2450 կմ (այլ տվյալներով՝ 2500 կմ), 1200 կմ–ը՝ ՍՍՀՄ–ում։ Ամենաբարձր գագաթներն են Հաղթանակի պիկը (7439 մ), Խան Տենգրին (6995 մ) ևն։ ՍՍՀՄ սահմաններում առանձնացվում են հետևյալ լեռնագրական մարզերը․ Հս․ Տ․ Շ․, կազմված է Կետմեն (մի մասը գտնվում է Չինաստանում), Անդրիլիական Ալաթաու (Տալգար պիկ, 4973 մ), Կյունգյոյ Ալատոռ (4770 մ) և Կիրգիզական լեռնաշղթաներից (4855 մ), Արմ․ Տ․ Շ․, ընդգրկում է Տալասի Ալաթաու, Չատկալի (4503 մ), Պսկեմի, Ուգամի (4882 մ) լեռնաշղթաները և Կարաթաուն (2176 մ)՜։ Ֆերգանայի հովիտը շրջապատող լեռնաշղթաներն ու Ֆերգանայի լեռնաշղթայի հվ–արմ․ լանջերը երբեմն կոչվում են Հվ–Արմ․ Տ․ Շ․։ Ն ե ր ք ի ն Տ․ Շ․ գտնվում է Կիրգիզական լեռնաշղթայից և Իսսիկ Կուլի գոգավորությունից հվ․։ Այստեղ առավել նշանավոր են Տերսկեյ Ալատոո, Բորկոլդոյ, Աթբաշի (մինչև 4500–5000 մ) և հվ–ում՝ Կոկշալթաու (Դանկովի պիկ, 5982 մ) լեռնաշղթաները։ Տ․ Շ–ում նկատելի է լայնական ուղղությամբ տարածվող լեռնաշղթաների 3 շերտ․ ս․ Տ․ Շ–ի լեռնաշղթաների շերտ, որը Ներքին Տ․ Շ–ի լեռնաշղթաներից (Մուսամիրթաու, Ջումգոլթաու, Տերսկեյ Ալատոո, Ջետիմ) բաժանվում է Սուսամիր և Իսսիկ Կուլ իջվածքներով։ Արլ․ Տ․ Շ․ բաղկացած է լեռնաշղթաների երկու շերտից, որոնք իրարից բաժանվում են լայնակի տարածվող հովիտներով ու գոգավորություններով։ Հիմնական լեռնաշղթաների բարձրությունը 4000–5000 մ է։ Հս․ շերտի լեռնաշղթաներն են Բորոխորոն, Իրեն խաբիրգան, Բողդո Ուլան և Կարլըգտագը։ Հվ․ շերտը կարճ է, հիմնական լեռնաշղթաներն են․ Խալըկթաու, Բորոխոտան, Սարմին Ուլա, Կուրուկտաղ։ Արլ․ Տ․ Շ–ի ստորոտում են Տուրֆանի (մինչև –154 մ) և Խամիի իջվածքները։ Հվ․ շերտի սահմաններում գտնվող միջլեռնային իջվածքում է Բագրաշկյոլ լիճը։ Երկրաբանական կառուցվածքն ու օգտակար հանածոները։ Տ․ Շ–ի լեռնաշըղթաները կազմված են պալեոզոյան և մինչպալեոզոյան ապարներից, իսկ միջլեռնային հովիտները (իջվածքները) լցված են կայնոզոյան և, մասամբ, մեզոզոյան նստվածքներով։ Նեոգեն-անթրոպոգենում ստեղծված ժամանակակից լեռնային համակարգի աշխարհագրական բաժանումը չի համընկնում պալեոզոյան ծալքավոր կառուցվածքի տեկտոնական