Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապացուց ման փոխարեն, «չափից ավելի ապացուցումը» (երբ փաստորեն ապացուցվում է մի միտք, որի միայն մի դեպքն է տվյալ թեզիսը), թեզիսի ապացուցումը, երբ այն վերցվում է բացարձակ, և ոչ հարաբերական առումով, «փաստարկումը առ մարդը» (ad hominem), երբ տվյալ թեզիսի ապացուցման (հերքման) փոխարեն ցույց են տրվում այդ թեզիսը պաշտպանողի արժանիքները (արատները) են։ Փաստարկման սխալներից են «չի բխում» (non sequitur) կոչվող սխալը, երբ թեզիսն առերևույթ բխեցվում է մի դատողությունից, թեկուզև ինքնին ճշմարիտ, որից այն ըստ էության չի բխում, «փաստարկում առ հանրությունը» (ad populum) կոչվող սխալը, երբ թեզիսի ապացուցման փոխարեն ապացուցողը ներգործում է մարդկանց զգացմունքների վրա այդ թեզիսի ճշմարտության մեջ նրանց համոզելու նպատակով, ևն։ Մտահանգումների կանոնների խախտումները Տ. ս. են ինչպես ապացուցման առումով, այնպես էլ ինքնին։ Դրանցից առավել նշանակալից են՝ տերմինների «չորսացումը» սիլլոգիզմի մեջ, երբ սիլլոգիզմի կազմում, ըստ կանոնի եղած երեք տերմիններից բացի, երևան է գալիս ևս մի չորրորդ տերմին, սովորաբար, եղած տերմիններից մեկի հետ նույնանուն կամ նման լեզվական արտահայտության հողի վրա, «հապճեպ ընդհանրացումը» պարզ թվարկման ինդուկցիայի մեջ, երբ ընդհանուրի մասին սխալ եզրակացություն է արվում դիտարկվող մասնավոր դեպքերի սակավաթիվության կամ պատահականության հետևանքով, «դրանից հետո՝ ուրեմն դրա հետևանքով» (post hoc ergo propter hoc) կոչվող սխալը, երբ երևույթի պատճառ է դիտվում նրան նախորդող, բայց իրականում նրա հետ պատճառական կապ չունեցող որևէ երևույթ, ևն։ Ապացուցման առումով սրանք հանդես են գալիս որպես «չի բխում» տիպի սխալ։ Սահմանման մեջ կատարվող Տ. ս-ից են շրջապտույտը («արատավոր շրջանը», նույնաբանությունը), երբ մի հասկացություն սահմանվում է մի այլ հասկացության միջոցով, որն իր հերթին սահմանվում է տվյալ հասկացության միջոցով, մասնավոր դեպքում՝ հասկացության սահմանումն իր իսկ միջոցով, թեև առերևույթ տարբերակմամբ (նույնպես կոչվում է «նույնը նույնի միջոցով»), լայն և նեղ սահմանումները, բաժանման մեջ՝ նույն օղակում բաժանման փոխումը (որի հետևանքով բաժանման անդամներն իրար չեն բացառում), թերի բաժանումը ևն։ Տ. ս. են մտածողության հիմնական տրամաբանական օրենքների պահանջների խախտումները (տես Բավարար հիմունքի օրենք, Հակասության օրենք, Նույնության օրենք): Վ. Բաղդասարյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ, էլեկտրոնային, էլեկտրական, էլեկտրամեխանիկա կան, ինչպես նաև պնևմատիկ սարքեր, որոնցով իրականացվում են պարզագույն (տարրական) տրամաբանական գործողությունները, կառուցվում թվանշանային հաշվողական մեքենաների թվաբանական և տրամաբանական հանգույցները։ Տ. տ-ի փոփոխականները կարող են ընդունել միայն 2 դիսկրետ արժեք. «1», որը նշանակում է «ճիշտ է» և «0», որը նշանակում է «կեղծ է»: Այս նշանակումը հնարավորություն է տալիս տրամաբանական գործողություններն արտահայտել թվանշանների տեսքով և իրականացնել թվաբանական գործողությունների նման։ Լայնորեն տարածված են «ոչ-և», «ոչ-կամ» տարրերի համակցությունից կազմված Տ. տ.։ 60-ական թթ. վերջերից Տ. տ. պատրաստում են միայն կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների տեսքով։ Ինտեգրալ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս միասնական պրոցեսով ստանալ մեծ քանակությամբ ամբողջական սխեմաներ, որոնք չափերով ավելի փոքր են, քիչ էներգիա են ծախսում, ավելի արագագործ ու հուսալի են։ Ըստ սխեմատիկ կառուցվածքի, Տ. տ. բաժանվում են անմիջական կապով, դիոդ-տրանզիստորային, ռեզիստիվ կապով, տրանզիստոր-տրանզիստորային, էմիտերային կապով, ինժեկցիոն ինտեգրալային կապով և այլ տրամաբանական սխեմաների։ Տ. տ. բնութագրվում է արագագործությամբ, հուսալիությամբ, ինտեգրման աստիճանով, կայունությամբ ևն։ Կատարվում են ֆիզիկական նոր սկզբունքներով գործող Տ. տ, ստեղծելու ուսումնասիրություններ։ Наумов Ю. Е., Интегральные логические схемы, М., 1970; Будинский Я., Логические цепи в цифровой технике, пер. с чеш., М., 1977.

Վ. Արուստամյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՌԱԿՈՒՄԻ, ավանդական տրամաբանության մեջ՝ սխեմա, որով ակնառու ձևով ներկայացվում են դատողության չորս հիմնական՝ նույն տերմիններն ունեցող, բայց քանակով կամ (և) որակով տարբերվող տեսակների հարաբերություններն ըստ բնույթի, դրա հիման վրա էլ՝ հարաբերություններն ըստ ճշմարտային արժեքի (առաջարկել է Միքայել Պսելլոսը, XI դ.): Այդ դատողություններն են՝ ընդհանուր-հաստատական՝ А, մասնավոր-հաստատական՝ J, ընդհանուր-ժխտական՝ Е, մասնավոր-ժխտական՝ Օ։ A-ն և E-ն գտնվում են հակադիպության հարաբերության մեջ, A-ն և Օ-ն՝ հակասության ևն (տես սխեման): Հարաբերություններն ըստ ճշմարտային արժեքի որոշվում են հետևյալ կերպ, եթե հակադեմ (հակադիմության հարաբերության մեջ գտնվող) դատողություններից մեկը ճշմարիտ է, ապա մյուսը կեղծ է, իսկ եթե մեկը կեղծ է, ապա մյուսն անորոշ է (որոշ դեպքերում ճշմարիտ է, այլ դեպքերում՝ կեղծ), եթե ենթահակադեմ դատողություն ներից մեկը ճշմարիտ է, ապա մյուսն անորոշ է, իսկ եթե մեկը կեղծ է, ապա մյուսը ճշմարիտ է, եթե հակասող դատողություններից մեկը ճշմարիտ է, ապա մյուսը կեղծ է, իսկ եթե մեկը կեղծ է, ապա մյուսը ճշմարիտ է, եթե ստորադիր դատողություններից ընդհանուրը ճշմարիտ է, ապա մասնավորը նույնպես ճշմարիտ է, իսկ եթե ընդհանուրը կեղծ է, ապա մասնավորն անորոշ է, եթե մասնավորը ճշմարիտ է, ապա ընդհանուրն անորոշ է, իսկ եթե մասնավորը կեղծ է, ապա ընդհանուրը նույնպես կեղծ է։ Տ. ք-ու սկզբունքով կարելի է ներկայացնել նաև մոդալ դատողությունների հարաբերությունները։ Վ Բաղդասարյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ, տրամաբանական արժեքներ ընդունող ֆունկցիա։ Սովորաբար դիտարկվում են «ճշտություն» (D կամ 1) և «սխալություն» (Ս կամ 0) արժեքներ ընդունող Տ. ֆ-ներ (բազմարժեք տրամաբանությունում Տ. ֆ-ները ընդունում են նաև այլ արժեքներ, օրինակ, «անորոշություն»): Եթե Տ. ֆ. ընդունում է D և Ս արժեքներ և կախված է փոփոխականներից, որոնք նույնպես ընդունում են D և Ս արժեքներ, ապա այն կոչվում է «բուլյան ֆունկցիա» (Զ. Բուլի անունով): Ասույթային տրամաբանական գործողությունները երկարժեք տրամաբանությունում մեկնաբանվում են որպես բուլյան Տ. ֆ. (օրինակ, А & В կոնյունկցիան կարելի է մեկնաբանել որպես բուլյան ֆունկցիա, որը ընդունում է 1 արժեքը, երբ A=l, B=l, և 0 արժեքը՝ մնացած դեպքերում): Կամայական տիպի առար կաների (ասենք, թվերի) համար սահմանված Տ. ֆ-ները մեկնաբանվում են որպես այդ տիպի առարկաներին վերաբերող պրեդիկատներ։

Ի. Զասլավսկի

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆԸ, փիլ. կատեգորիաներ, որոնք արտահայտում են պատմ. պրոցեսի երկու կողմերը։ Ըստ մատերիալիստական դիալեկտիկայի, տրամաբանականը պատմ. զարգացումը պայմանավորող օրինաչափ կարգն է, որը ճանաչողության (գիտության) մեջ գիտակցվում է որպես պատմ. երևույթների հաջորդափոխության օբյեկտիվ տրամաբանություն։ Իսկ պատմականը իրերի կոնկրետ ընթացքն է, եզակի երևույթների իրական բազմազանությունը ժամանակի մեջ։ Պատմության օբյեկտիվ տրամաբանությունը որպես պատմ. անհրաժեշտություն, սակայն, նախապես տրված մի հենք չէ, որի համաձայն իրականանում է պատմության կոնկրետ ընթացքը։ Այն ոչ թե դրսևորվում, այլ ինքը կազմավորվում է կոնկրետ եղելությունների բազմազանության մեջ, նրանց փոփոխության ու զարգացման ընթացքում։ Այսպիսի ըմբռնմամբ, պատմ. երևույթները չեն նսեմացվում, դարձվում պատմ. անհրաժեշտության սոսկական երևութացումներ, այլ պահպանում են իրենց ինքնուրույն արժեքն ու անկրկնելի նշանակությունը։ Գիտ. հետազոտության մեջ Տ. և պ. ներկայանում են իբրև միմյանց լրացնող մեթոդներ, անհնար է երևույթների զուտ պատմ. նկարագրություն առանց դրանց ընտրության, արժեքավորման և հաջորդափոխության սահմանման սկզբունքի, իսկ