Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տ. մ ա ր դ ու և կ ե ն դ ա ն ի ն ե ր ի, որևէ օրգանի կամ առանձին հյուսվածքի փոխադրումը նույն օրգանիզմի այլ տեղ կամ նոր օրգանիզմ։ Կատարվում է արատները վերացնելու, ռեգեներացումը խթանելու, կոսմետիկական վիրահատությունների, ինչպես նաև փորձառական և հյուսվածքաբուժության նպատակներով։ Օրգանիզմը, որից վերցվում է պատվաստանյութը, անվանվում է դ ո ն ո ր կամ տ վ ո ղ, իսկ որին տրվում է՝ ռ ե ց ի պ ի ե ն տ կամ ը ն դ ու ն ո ղ (տեր)։ Տարբերում են ինքափոխպատվաստում (աուտոտրանսպլանտացիա), երբ պատվաստանյութը վերցվում է նույն հիվանդից, նույնափոխպատվաստում (հոմոտրանսպլանտացիա)՝ նույն տեսակի այլ անհատից (դիակի կամ այլ մարդու մաշկից), տարափոխպատվաստում (հետերոփոխպատվաստում), երբ դոնորն ու ռեցիպիենտը պատկանում են կարգաբանորեն նույն սեռի տարբեր տեսակների, օտարափոխպատվաստում (քսենոտրանսպլանտացիա), երբ պատկանում են տարբեր սեռի, ընտանիքի և կարգի։ Ինքնափոխպատվաստմանը հակառակ բոլոր ձևերը կոչվում են այլափոխպատվաստում (ալլոտրանսպլանտացիա)։ Բժշկ․ տրանսպլանտոլոգիան զարգացել է վիրաբուժության շրջանակներում։ Տեղեկություններ կան, որ հյուսվածքների և օրգանների Տ․ կատարել են դեռևս վաղ ժամանակներում։ Սակայն լայն տարածում է գտել XX դ․ սկզբներին, երբ առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է մարդու արյան փոխներարկումը։ Հետագայում պլաստիկ վիրաբուժության մեջ լայնորեն կիրառեցին մաշկի, աճառների, ոսկրերի, մկանների, ջլերի, երակների, նյարդերի, փակեղների, ճարպային հյուսվածքի, ճարպոնենի ինքնափոխպատվաստումը։ Կենսաբանության, բժշկագիտության և դրանց հետ առնչվող այլ գիտությունների հաջողությունները նախապայման հանդիսացան ամբողջական օրգանի, մասնավորապես երիկամի պատվաստման համար (ՍՍՀՄ–ում առաջինը կիրառել է ակադեմիկոս Բ․ Վ․ Պետրովսկին, 1965-ին)։ Ներկայումս երիկամների փոխպատվաստումը կիրառվում է ՍՍՀՄ բազմաթիվ բժշկ․ կենտրոններում, այդ թվում նաև ՍՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիութենական գիտ․ կենտրոնի Երևանի մասնաճյուղում։ Օրգանների փոխպատվաստումը լայնորեն կիրառելու համար լուրջ դժվարություն է առաջացնում հյուսվածքների կենսբ․ անհամատեղելիությունը։ Այդ պատճառով, փոխպատվաստումից առաջ, հատուկ մեթոդներով անցկացվում է դոնորի և ռեցիպիենտի ընտրություն։ Սակայն հյուսվածքների լրիվ համընկնում չի լինում, բացառությամբ մեկ ձվաբջջից առաջացած երկվորյակների հյուսվածքների։ Կենսբ․ համատեղելիությամբ 2-րդ տեղը գրավում են տարբեր ձվաբջիջներից առաջացած երկվորյակները, այնուհետև մոտ ազգականները (մայր, հայր, եղբայր, քույր)։ Օրգանը վերցնում են հիմնականում դիակներից (սրտի աշխատանքը դադարելուց անմիջապես հետո, մահվան պատճառը պետք է լինի որևէ վնասվածք)։ Վերջին երկու տասնամյակում Տ–ի հաջողությունները նպաստեցին նաև այլ օրգանների (լյարդ, թոքեր, աղիքների հատվածներ, մեկուսացված սիրտ կամ սիրտը թոքերի հետ միասին) փոխպատվաստմանը։ Փորձառական ճանապարհով բավարար արդյունքի են հասել նաև ուղեղի փոխպատվաստման բնագավառում։ Ներկայումս, պատվաստումից հետո, հիվանդները պարտադիր կերպով ընդունում են դեղորայքային տարբեր միջոցներ (օրինակ, ցիկլոսպորին -A), որոնք ընկճում են օրգանիզմի պաշտպանական համակարգերը, նպաստում պատվաստած օրգանի երկարատև գործունեությանը և անվնաս են օրգանիզմի համար։ Տ–ի նոր բնագավառ է մարդու պտղից օրգանների վերցնելը, որովհետև այդ օրգանների կենսբ․ հատկությունները թույլ են արտահայտված։ Արհեստական միջավայրում հատուկ մեթոդով դրանցից կարելի է ստանալ ակտիվ գործող և բազմացող բջիջներ (օրինակ, ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները պիտանի են շաքարախտով հիվանդներին փոխպատվաստելու համար)։ Նման դեպքերում անհրաժեշտություն չի զգացվում հետագա դեղորայքային բուժման, որովհետև այդ բջիջների կենսբ․ հատկություններն արհեստական միջավայրում ճնշվում են։ Այդ ձևով կարելի է ստանալ նաև վահանագեղձի, սեռական գեղձերի բջիջներ, և դա կիրառվում է ՍՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիութենական գիտ․ կենտրոնի Երևանի մասնաճյուղում։ Տ–ի խնդիրներն ուսումնասիրում է տրանսպլանտոոգիան։ Ալ․ Միքայելյան Տ․ բ ու յ ս ե ր ի, բույսի որևէ մասի կամ օրգանի պատվաստումը նույն բույսի այլ տեղում կամ ուրիշ բույսի վրա։ Օգտագործվում է այգեգործության մեջ (տես Պատվաստում) և փորձառական հետազոտություններում։

ՏՐԱՆՍՊԼԱՆՏՈԼՈԳԻԱ, փ n խ պ ա տ վ ա ս տ ա գ ի տ ու թ յ ու ն, բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է տրանսպլանտացիայի խնդիրները, զարգացել է վիրաբուժության շրջանակներում (որից տարբերվել է մեկուսացված օրգանների և հյուսվածքների պատվաստ ման մեթոդն օգտագործելով)։ Դիտական Տ․ ձևավորվել է XIX դ․ սկզբներին, երբ հրապարակվեցին Զ․ Բարոնիոյի (Իտալիա, 1804), Կ․ Բյունգերի (Գերմանիա, 1823) և այլոց փորձառական ու կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Կարևոր դեր են կատարել Ն․ Պիրոգովի, Յու․ Շիմանովսկու աշխատանքները։ Ոսկրերի (ֆրանսիացի բժիշկ Լ․ Օլյե, 1858) և մաշկի (Փարիզի վիրաբույժ ժ․ Ռևերդեն, 1869) փոխպատվաստման մեթոդները մշակելուց հետո ռուս գիտնականները Տ․ հարստացրին նոր մեթոդներով։ Ռուսաստանում առաջինն է կիրառվել հոդերի, ինչպես նաև ականջախեցու աճառի, աչքի առաջային բաժնի, փակեղների ևնի փոխպատվաստումը։ Օրգանների փոխպատվաստման առաջին հետազոտությունները պայմանավորված են Վ․ Գրիգորևի (1897) աշխատանքներով (հաջողությամբ կատարել է ձվարանի փոխպատվաստում` ֆունկցիայի վերականգնումով)։ Անոթային կարերի կիրառումը հնարավորություն տվեց կատարել օրգանների փոխպատվաստում` դրանց արյան շրջանառության պահպանմամբ։ Տ–ի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեցավ իմունոլոգիայի զարգացումը։ Որոշ հյուսվածքների կենսունակության հետազոտությունները (Պ․ Բախմետև, 1899–1912, Ն․ Կրավկով, 1920–24 և ուրիշներ), մահվանից 20 ժամ անց մարդու մեկուսացված սրտի վերակենդանացման (Ա․ Կուլյաբ– կո, 1902) և արյան փոխներարկման կլինիկական փորձը (Ս․ Յուդին, 1930) դիակային հյուսվածքների փոխպատվաստման հնարավորության ապացույց հանդիսացան։ 1933-ին սովետական վիրաբույժ Յու․ Վորոնոյը կլինիկայում առաջինը կիրառեց դիակային երիկամի փոխպատվաստումը։ ՍՍՀՄ–ում Տ–ի հետագա զարգացմանը նպաստեց ՍՍՀՄ ժողկոմխորհի 1937-ի հատուկ որոշումը, որով դիակային օրգանների և հյուսվածքների օգտագործման իրավունք վերապահվեց։ Առանձնահատուկ նշանակություն ունեցան արհեստական երիկամի (1944) ստեղծումը, ինչպես և հյուսվածքային անհամատեղելիության, արհեստական տոլերանտության (Պ․ Մեդավար) ևն ուսումնասիրությունները։ Կատարվեցին լյարդի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի (ամերիկացի վիրաբույժներ Թ․ Ստարցլ, 1963, Դ․ Հարդի, 1963, Ռ․ Լիլիխայի, 1966), սրտի (Ք․ Բառնարդ, Քեյփթաուն, 1967) կլինիկական առաջին փոխպատվաստումները։ Մեծ աշխատանքներ են տարվում երիկամների կրկնակի, բազմակի փոխպատվաստման բնագավառում։ Տ–ի վերաբերյալ հարուստ փորձ է կուտակված կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ինստ–ում և ՍՍՀՄ առողջապահության մինիստրության օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ինստ-ում (Մոսկվա)։ ժամանակակից Տ–ի խնդիրներն ընդգրկում են կլինիկական Տ, տրանսպլանտացիոն իմունաբանությունը, օրգանների և հյուսվածքների պահածոյացումը, արհեստական օրգանների (սիրտ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ) ստեղծումը։

Տ–ի մասնագետները միավորված են տրանսպլանտոլոգների միջազգային ընկերությունում (հիմնված 1966-ին)։ Հրատարակվում են «Թրանսփլանթեյշըն» («Transplantation», Baltimore, 1963-ից), «Թրանսփլանթեյշըն ռևյուս» («Transplantation Reviews», Copenhagen-Baltimore, 1969-ից) ամսագրերը։ ՀՍՍՀ–ում Տ–ի հարցերով զբաղվում են ՍՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում։

ՏՐԱՆՍՊՈԶԻՑԻԱ (< ուշ լատ․ transpositio – տեղափոխություն), երաժշտ․ ստեղծագործության կամ դրա որևէ հատվածի փոխադրությունը մեկ տոնայնությունից մի այլ տոնայնության։ Տ․ կատարվում է ստեղծագործությունը մեկ ուրիշ՝ ավելի բարձր կամ ցածր ձայնով կամ այլ ձայնածավալի նվագարանով կատարելուն հարմարեցնելու, ինչպես և նոտաների ընթերցումը հեշտացնելու (Տ․՝ դեպի բանալիում պակաս նշաններ ունեցող տոնայնություն) նպատակով։