Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձին բարձրությունների («պարմերի»)։ Կան նավթի ու գազի հանքավայրեր (Տիման-Պեչորայի նավթագազաբեր ավազան)։

ՏԻՄԻՇՈԱՐԱ (Timisoara), քաղաք Արմ․ Ռումինիայում։ Տիմիշ գավառի վարչական կենտրոնն է։ 287,5 hզ․ բն․ (1981)։ Տրանսպորտային հանգույց է։ Կա մեքենաշինություն, քիմ․, տեքստիլ, թեթև և սննդի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Ունի համալսարան, թատրոն։ Պահպանվել են XV–XX դդ․ ճարտ․ հուշարձաններ։ Հիշատակվում է XIV դարից, որպես ամրոց։

ՏԻՄԻՐՅԱԶԵՎ Կլիմենտ Արկադևիչ (1843 – 1920), ռուս բնախույզ–դարվինիտ, բուսաբան–ֆիզիոլոգ, բույսերի ֆիզիոլոգների ռուսական գիտ․ դպրոցի հիմնադիրներից, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1890)։ 1865-ին ավարտել է (որպես ազատ ունկնդիր) Պետերբուրգի համալսարանը (1861-ին հեռացվել էր ուսանողական հավաքներին մասնակցելու համար)։ Տ–ի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ռուս հեղափոխական սոցիալ-դեմոկրատների մատերիալիստական-փիլիսոփայական հայացքները, Դ․ Մենդելեևի, Վ․ Կովալևսկու, Ի․ Մեչնիկովի և հատկապես Ի․ Սեչենովի ու Չ․ Դարվինի գիտ․ աշխատությունները։ 1868–70-ին Տ․ գործուղվել է Գերմանիա, Ֆրանսիա, ուր աշխատել է Գ․ Կիրխհոֆի, Հ․ Հելմհոլցի, Կ․ Բեռնարի, ժ․ Բուսենգոյի և այլոց լաբորատորիաներում։ 1870– 1892-ին դասավանդել է Պետրովյան երկրագործության և անտառային (այժմ՝ Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․) ակադեմիայում, ուր նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիա, և կառուցվել (1872) առաջին վեգետացիոն տնակը Ռուսաստանում։ 1871-ից նշված ակադեմիայի էքստրաօրդինար պրոֆեսոր էր, 1875-ից՝ օրդինար պրոֆեսոր։ 1878-ից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1902-ից՝ վաստ․ օրդինար պրոֆեսոր։ Զբաղվել է նաև գրական–հրապարակախոսական գործունեությամբ։ Տ–ի հիմնական գիտ․ աշխատությունները վերաբերում են ֆոտոսինթեզի ուսումնասիրմանը։ Տ․ պարզել է, որ բույսերը օդի ածխաթթու գազի ածխածինը յուրացնում են արևի էներգիայի (հիմնականում կարմիր և կապույտ ճառագայթների) հաշվին։ Նա առաջինն է կարծիք հայտնել, որ քլորոֆիլը ոչ միայն ֆիզիկապես, այլև քիմիապես է մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին, ենթարկվելով օքսիդավերականգնման փոխարկումների։ Բացահայտել է այդ պրոցեսի արագության ուղիղ համեմատականությունը կլանված էներգիայից լույսի փոքր ինտենսիվությունների դեպքում և լուսային հագեցման երևույթը, էներգետիկական օրինաչափությունները։ Տ․ ապացուցել է հանքային պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը, գործնական միջոցառումներ նշել երաշտի դեմ պայքարելու համար։

Տ․ էվոլյուցիոնիստ-դարվինիստ էր․ նա Դարվինի ուսմունքը դիտում էր որպես մատերիալիստական աշխարհայացքի հաստատումը կենսաբանության մեջ։ Տ․ դարվինիզմի տեսանկյունից բացատրեց բույսերի ֆունկցիաների, մասնավորապես ֆոտոսինթեզի էվուլյուցիան։ Նա գտնում էր, որ օրգանիզմների ժամանակակից ձևերը արդյունք են հարմարվողական էվոլյուցիայի, նշում պատմական մեթոդի դերը կենսաբանության օրենքները, կյանքի բազմազան դրսևորումները և դրանք կառավարելու հնարավորությունները ճիշտ հասկանալու համար։ Տ․ Լոնդոնյան թագավորական ընկերության (1911) անդամ էր, Գլազգոյի (1901), Քեմբրիջի (1909), ժնևի (1909) համալսարանների պատվավոր դոկտոր, էդինբուրգի բուսաբանական ընկերության թղթակից անդամ (1911), ռուս. շատ համալսարանների և գիտ․ ընկերությունների պատվավոր անդամ։ Տ–ի անունով է կոչվում ՍՍՀՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի ինստ–ը։ ՍՍՀՄ ԳԱ սահմանել է Տ–ի անվ․ մրցանակ, իսկ ՀԱՄԳԳԱ–ն՝ ոսկե մեդալ։

Երկ-Избр․ соч․, т․ 1–2, М․, 1957. Գրկ․ Գուլքանյան Վ․, Ռուս մեծ դարվինիստ Տիմիրյազևը, Ե․, 1946։ Корчагин А․ И․, Климент Аркадьевич Тимирязев․ Жизнь и творчество, 3 изд․, М․, 1957; Чайлахян М․ X․, К․ А․ Тимирязев - учёный, борец, мыслитель, М․, 1960․

ՏԻՄՄԵՐՄԱՆՍ (Timmermans) Ֆելիքս (1886–1947), բելգիացի գրող և նկարիչ։ Գրել է ֆլամանդերեն։ 1825-ից՝ ֆլամանդ. թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ «Մահվան աղջամուղջ» (1910) նովելների ժող-ում դրսևորված են հոռետեսական տրամադրություններ, սակայն «Պալիտեր» (1916) վեպը ներթափանցված է լավատեսությամբ։ Գրել է «Սքանչելի ժամեր տիրուհի Սիմֆորոզայի կյանքում» (1918), «Ես տեսա, թե ինչպես եկավ Ցեցիլիան» (1938) վիպակները, «Գեղջկական սաղմոս» (1935) վեպը, «Աննա Մարիա» (1921), «Սուրբ Ֆրանցիսկուսի տավիղը» (1932), «Հեռնատների ընտանիքը» (1941) պատմավեպերը և նկարիչների կյանքից վերցված «Պիտեր Բրեյգել» (1928) և «Ադրիան Բրաուեր» (1948) վեպերը։ Տ–ի գեղանկարչական և գծանկարչական աշխատանքներից առավել հայտնի են սեփական գրքերի նկարազարդումները, որ կատարված են Պ․ Բրեյգել Ավագի և հին նիդերլ․ այլ վարպետների ազդեցությամբ։

ՏԻՄՈԹ ԵՎ ՄԽԻԹԱՐ ՀՈՐԻՆՈՂՆԵՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ), քանդակազարդող հայ վարպետներ, խաչքարեր կերտողներ։ Նրանց ստորագրությամբ հայտնի է կարմրավուն տուֆից մեծ վարպետությամբ 1213-ին կերտված մեկ խաչքար, որ գտնվում է Գեղարդի վանքի գավթում, արլ․ պատի տակ։ Խաչքարը կանգնեցված է ճարտարապետորեն ձևավորված պատվանդանի վրա և մի առանձին շուք է հաղորդում գավթի ինտերիերին։ Խաչքարի քիվին արձանագրված է՝ «Աստուած ողորմեա Տիմոթին և Մխիթարա խաչիս հորինող։ ՈԿԲ»։ Նկ․ տես հ․ 2, էջ 713 աղյուսակում։

Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՏԻՄՈՇԵՆԿՈ Սեմյոն Կոնստանտինովիչ (1895–1970), սովետական զորավար, Սովետական Միության մարշալ (1940), Սովետական Միության կրկնակի հերոս (21․3․1940, 18․2․1965)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Մասնակցել է 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ կալեդինշչինայի ջախջախմանը, գերմ․ զավթիչների և սպիտակգվարդիականների դեմ Ղրիմում ու Կուբանում մղված մարտերին, Ցարիցինի պաշտպանությանը։ Ավարտել է Բարձրագույն ակադեմիական (1922 և 1927) և Վ․ Ի․ Լենինի անվ․ ռազմաքաղ․ ակադեմիայի միանձնյա հրամանատարների դասընթացները (1930)։ 1933-ից եղել է Բելոռուսիայի, 1935-ից՝ Կիևի ռազմ, օկրուգների հրամանատարի տեղակալ, 1937-ից՝ Հս–Կովկասյան, Խարկովի ռազմ. օկրուգների, 1938-ից՝ Կիևի հատուկ ռազմ. օկրուգի զորահրամանատար։ 1939-ին որպես Ուկր․ ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Արմ․ Ուկրաինայի ազատագրմանը։ Սովետա–ֆինլանդ․ պատերազմում (1939– 1940)՝ Հս–Արմ․ ռազմաճակատի հրամանատար։ 1940–41-ին՝ ՍՍՀՄ պաշտպանության ժողկոմ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) Ժամանակ եղել է Գլխ․ հրամանատարության ռազմակայանի նախագահ, ապա՝ Գերագույն գլխ․ հրամանատարության ռազմակայանի անդամ, պաշտպանության ժողկոմի տեղակալ, Արմ․ (1941) և Հվ–Արմ․ (1941–42) ուղղությունների գլխ․ հրամանատար, Արմ․ (1941), Հվ–Արմ․ (1941–42), Ստալինգրադյան (1942), Հս–Արմ․ (1942–43) ռազմաճակատների հրամանատար։ Պատերազմից հետո եղել է Բարանովիչյան, Հվ–Ուրալյան, Բելոռուսական ռազմ, օկրուգների զորահրամանատար։ 1960-ից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխ․ տեսուչների խմբի գլխ․ տեսուչ։ 1961–70-ին՝ Պատերազմի վետերանների սովետական կոմիտեի նախագահ։ 1939– 1952-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ, 1952-70- ին՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ ՍՍՀՄ I –VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակ»-ի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի I աստիճանի 3 շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Պատվավոր հեղափոխական զենքով ևն։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

ՏԻՄՈՇԵՆԿՈ (Timoshenko) Ստեպան Պրոկոֆևիչ (1878–1972), տեսական և կիրառական մեխանիկայի բնագավառի գիտնական։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ–ը (1901), 1903–06-ին՝ դասավանդել