Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջին նշանակալի երևույթներից էր։ 1932-ին Ա․ Թամանյանը վերամշակել է հատակագիծը, իսկ 1934-ին սկսել «Մեծ Երևանի» հատակագիծը (500 հզ․ բնակչի համար), որը մնացել է անավարտ։ 1925–1933-ին Ա․ Թամանյանը կազմել է նաև Լենինականի, Վաղարշապատի (Էջմիածին), Ախտայի (Հրազդան), Նոր Հայագետի (Կամո) և այլ բնակավայրերի գլխ․ հատակագծերը։ Լենինականի 1926-ի երկրաշարժից հետո կազմվել է քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծ (ճարտ․ Դ․ Չիսլիև), որով տարվել են վերակառուցման աշխատանքներ։ 1932-ին մշակվել է քաղաքի նոր գլխ․ հատակագիծը (ճարտ․ Մ․ Մազմանյան)։ 1930–34-ին կազմվել են Ղարաքիլիսայի (Կիրովական) վերակառուցման (ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան, Գ․ Քոչար), ինչպես ն․ այլ բնակավայրերի ու առողջավայրերի (Արզնի, Դիլիջան) հատակագծեր։

Նկարում` Երևանի գլխավոր հատակագիծը (1924, ճարտ․ Ա․ Թամանյան)

1920-ական թթ․ կեսերից ծավալվել է բնակելի տների նախագծումն ու շինարարությունը։ Երևանում 1924-ին կառուցվել են միահարկ բնակելի տներ (ճարտ․ Ն․ Բունիաթյան) Նալբանդյան, Թումանյան փողոցներում։ 1925-ից նախագծվել և կառուցվել են (ղեկ․ Ն․ Բունիաթյան) 2, 3 հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2–4 սենյականոց բնակարաններով։ Լենինականում, երկրաշարժից հետո, կառուցվել են երեք տիպի երկհարկանի (1926, ճարտ․ Դ․ Չիսլիև), ինչպես և տեքստիլ կոմբինատի (1927, ճարտ․ Ղ․ Սարգսյան) բնակելի տները։ Երկհարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Կիրովականում։ 1920–30-ական թթ․ շենքերի տիպայնացման առաջին փորձերն են արվել, կառուցվել են մի քանի տիպի 1–2 հարկանի բնակելի տներ (1925, ճարտ․ Ա․ Թամանյան) Լուկաշին ավանում (Հոկտեմբերյանի շրջան), մշակվել են բնակելի տների սեկցիաներ (1929–30, ճարտ–ներ՝ Հ․ Մարգարյան, Ա․ Ահարոնյան), որոնք իրականացվել են։ 1920–30-ական թթ․ բնակելի տան հիմնական տիպը եղել է սեկցիոն, 3–5 հարկանի տունը։ Կառուցվել են նաև սրահային տներ և առանձնատներ։ Երևանի բնակելի տներից ուշագրավ են Նալբանդյան և Թումանյան փողոցների հանգույցում(1927, ճարտ․ Ն․ Բունիաթյան),Պուշկինի (1926–27, ճարտ․ Ա․ Թամանյան), Կարմիր բանակի (Երհէկի` «Շախմատաձև», 1930–32, ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան), Աբովյան («Պրոֆեսորների», 1932–34, ճարտ․ Ս․ Սաֆարյան) փողոցների բնակելի տները։ 1930-ական թթ․ նախագծվել են նաև բազմասեկցիոն բնակելի տներ, որոնցով կառուցապատվել են թաղամասեր։ Իրականացվել է Կաուչուկի կոմբինատի բնակելի թաղամասը (1932–34, ճարտ–ներ՝ Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան, Ս․ Սաֆարյան, Գ․ Քոչար)։

Նկարում` Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի հատակագիծը (1930, ճարտ․ Ա․ Թամանյան) Նկարում` Երևան, եռահարկ բնակելի տուն (1920-ական թթ․ վերջ, ճարտ․ Ն․ Բունիաթյան)

1920-ական թթ–ից ծավալվել է նաև հասարակական շենքերի շինարարությունը։ 1927-ին հրատարակվել է դպրոցների (5 տարբերակ), խրճիթ–ընթերցարանի և շրջկենտրոնների ժող․ տան տիպային նախագծերի ալբոմ։ 1920–30-ական թթ․ ճարտ–յան մեջ առկա են կլասիցիզմի ձևերի օգտագործում, հայ ճարտ–յան ավանդույթների ստեղծագործական կիրառություն, մասամբ նաև «մոդեռն» ուղղության, ճարտ–ների նոր խմբավորումների («ժամանակակից ճարտարապետներ», «Նոր ճարտարապետներ», «Պրոլետարական ճարտարապետներ») ստեղծագործական սկզբունքների ազդեցություններ, որոնք ավելի ցայտուն արտահայտվել են հասարակական շենքերում։ 1926-ին սկսվել է Պետական թատրոնի (ժողտուն) նախագծի մշակումը (ճարտ․ Ա․ Թամանյան), որն ըստ մտահղացման պետք է լիներ նոր տիպի հասարակական շինություն, ուր, թատերական ներկայացումներից բացի, կազմակերպվելու էին ժող․ տոներ, հանդիսություններ։ Բեմի հանդիպակաց կողմերի երկու դահլիճները (ձմեռային և ամառային) անհրաժեշտության դեպքում կարող էին միավորվել և դառնալ մեծ հանդիսարան։ Շենքը կառուցելիս մի շարք մտահղացումներ մնացել են անավարտ կամ փոխվել են (չի իրականացվել դահլիճները միավորելու գաղափարը, գրանիտով կառուցվել են միայն շենքի առաջին երկու հարկերը ևն)։ Շենքի ձմեռային դահլիճի մասն ավարտվել է 1939-ին, ուր սկսել է գործել օպերայի և բալետի թատրոնը, իսկ ամառային դահլիճի մասը՝ որ կառուցման ընթացքում վերափոխվել է համերգային դահլիճի, շահագործման է հանձնվել 1953-ին։

1926–29-ին կառուցվել է Հողժողկոմատի շենքը (ճարտ․ Ա․ Թամանյան), որը հետո օրգանապես ներգրավվել է Հայկ․ ՍՍՀ Կառավարական տան (1932–41, ճարտ․ Ա․ Թամանյան) մեջ։ Կառավարական տունը և թատրոնի շենքը մտահղացումով և բովանդակությամբ նոր տիպի կառույցներ են, նորարարական մի շարք կողմերով։ Հայ ճարտ–յան լավագույն ավանդույթներն ու կենսունակ ձևերը կիրառվել են ստեղծագործաբար, ստացել ժամանակակից հնչողություն։ Սրանք վճռական նշանակություն են ունեցել հայ սովետ. ճարտ–յան հետագա ընթացքի համար։

1920–30-ական թթ․ Երևանում կառուցվել են համալսարանի աստղադիտարանը (1930–33), Անատոմիկումը (1926–33), Հանրային գրադարանը (1932–38) Անասնաբուժական (1928–30), Ֆիզիոթերապևտիկ (1927–38), Պոլիտեխնիկական (1927–32) ինստ–ները (բոլորը՝ ճարտ․ Ա․ Թամանյան), «Ինտուրիստ» հյուրանոցի (այժմ՝ «Երևան», 1926–28), Գյուղատնտ․ բանկի (1928–30), «Սևան» հյուրանոցի (1930–38) շենքերը (բոլորը՝ ճարտ․ Ն․ Բունիաթյան)։ «Մոդեռն» ճարտ–յան ձևերով են նախագծված Արդարադատության մինիստրության (1929), Պիոներների պալատի (1935–37) շենքերը (ճարտ․ Ն․ Բաև)։ Ճարտ․ նոր խմբավորումների ստեղծագործական սկզբունքներով են կառուցվել Կառուցողների ակումբը (այժմ՝ Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուս, թատրոնի և ֆիզկուլտուրայի ու սպորտի կոմիտեի շենքը, 1928–29, ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան, Գ․ Քոչար), Անասնաբուժական ինստ–ի հանրակացարանը (1932–33, ճարտ․ Գ․ Քոչար), Երկրաբանական վարչության շենքը (1930, ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան) ևն։

Հասարակական շենքեր կառուցվել են նաև Լենինականում՝ հյուրանոցը (1927–