Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ընթերցող լայն հասարակայնության ուշադրությանը ներկայացվող ներկա հատորը, որը հայկական սովետական հանրագիտարանի (ՀՍՀ) 12-հատորյա հրատարակության օրգանական շարունակությունն է, ի տարբերություն այբբենական հատորների, շարադրվում է թեմատիկ ձևով։ Այն բաղկացած է առանձին բաժիններից, որոնք տեղեկություններ են պարունակում Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական կարգի, քաղաքական, հասարակական ու այլ կազմակերպությունների, սոցիալիստական պետության կառավարման գործում ժողովրդական դեպուտատների սովետների դերի մասին։ Լայնորեն բացահայտված են ՍՄԿԿ մարտական ջոկատներից մեկի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման պատմությունն ու գործունեությունը։ Հայաստանում սովետական իշխանության հաստատման ու ամրապնդման, սոցիալիզմի հաջող կառուցման համար նրա մղած պայքարը։

Գրքում ընդգծված է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության բախտորոշ նշանակությունը մեր երկրի բոլոր ժողովուրդների, այդ թվում հայ ժողովրդի կյանքում։ Շնորհիվ Մեծ հոկտեմբերի հաղթանակի ու սովետական իշխանության հաստատման, կոմունիստական կուսակցության լենինյան ազգային քաղաքականության անշեղ կիրառման հայ ժողովուրդը վերականգնեց դարեր ի վեր կորցրած իր ազգային պետականությունը, ստեղծվեց Հայկական ՍՍՀ-ը՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության իրավահավասար անդամն ու անբաժան մասը։

Հատորում մեծ տեղ է հատկացված Հայաստանի և հայ ժողովրդի պատմության լուսաբանմանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ժողովուրդ, որն ապրում ու գործում է ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում և նրանց հետ կազմում նոր պատմական, սոցիալական ու ինտերնացիոնալ ընդհանրություն՝ սովետական ժողովուրդ։ Գրքում հանգամանորեն տրված են սովետական իշխանության տարիներին Հայաստանի աշխատավորության ձեռք բերած նվաճումները տնտեսության բնագավառում, մատնանշված է հանրապետության դերը Սովետական Միության միասնական ժողովրդատնտեսական կոմպլեքսում, տեղեկություններ են բերվում արդյունաբերության, գյուղատնտեսության հիմնական ճյուղերի, շինարարության, տրանսպորտի, կապի, ՀՍՍՀ ագրոարդյունաբերական համալիրի յուրահատկությունների, հանրապետության էկոնոմիկայի մեջ գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների ներդրման մասին։ Պատշաճ տեղ են գրավում տնտեսական շրջանացման, կառավարման ու պլանավորման, ֆինանսների ու վարկի հարցերը, բնակարանային-կոմունալ տնտեսությունը, կենցաղային սպասարկումը և այլն։

Գրքի համապատասխան բաժինները տեղեկություններ են պարունակում հայ ժողովրդի, հանրապետության բնակչության, նրանց քանակի, ազգային ու սոցիալական կազմի, ՀՍՍՀ աշխատավորների նյութական բարեկեցության աճի և առողջապահության, ժողովրդական կրթության բնագավառում ձեռք բերված հաջողությունների, գիտության, գրականության ու արվեստի զարգացման ու ժամանակակից մակարդակի մասին։ Բնութագրվում են Հայաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները, նրա ռելիեֆը, երկրաբանական կառուցվածքը, կլիման, բուսական ու կենդանական աշխարհը։

Գրքում զետեղված են հանգամանալից հոդվածներ Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանի և մյուս քաղաքների ու շրջանների մասին։ Առանձին բաժին է հատկացված հայկական գաղթավայրերին ու սփյուռքահայությանը, հայրենիք—սփյուռք կենսական կապերին։

Այս հատորի, ինչպես և ՀՍՀ ամբողջ հրատարակության նյութերը, շարադրված են մարքս–լենինյան մեթոդաբանության, կուսակցական ու պետական որոշումների հիման վրա։ Գրքի բաժինները լրացնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևոր իրադարձությունների ժամանակագրական աղյուսակը։

Հատորի բովանդակության բաղկացուցիչ մասն են կազմում պատկերազարդումն ու քարտեզագրական նյութը, բազմաթիվ աղյուսակները։ Գրքում տեղ են գտել 88 էջ ներդիր, այդ թվում 56 էջը գունավոր, ավելի քան 750 ներտեքստային պատկեր, ինչպես նաև 21 գունավոր և 52 սև-սպիտակ քարտեզ ու սխեմա։ Հատորի ներսում տրվում են հղումներ այս կամ այն բաժինները կամ ենթաբաժինները։ Գրքում հիշատակված են մեր երկրի և հանրապետության բազմաթիվ ականավոր կուսակցական ու պետական գործիչների, անցյալի պատմական գործիչների, հայրենական պատմության տարբեր շրջանների գիտության ու մշակույթի ներկայացուցիչների անուններ, որոնց վերաբերյալ ընթերցողը կարող է լրացուցիչ տեղեկություններ գտնել այբբենական հատորներում։

«Սովետական Հայաստան» հատորի նյութերը նորացված ու թարմացված են այբբենական հատորների հոդվածների համեմատ՝ հաշվի առնելով դրանց լույս տեսնելուց հետո տեղի ունեցած փոփոխությունները։

ՀՍՀ խմբագրական կոլեգիան և գլխավոր խմբագրությունը իրենց երախտագիտությունն են հայտնում հեղինակներին, գիտաճյուղային խորհուրդների անդամներին և բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են այս և ՀՍՀ այբբենական հատորների պատրաստմանը։

ՀՍՀ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐՈԻԹՅՈԻՆ