Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՍՍՀ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը սոցիալիստական համաժողովրդական պետություն է, որն արտահայտում է հանրապետության բանվորների, գյուղացիների և մտավորականության, բոլոր ազգությունների աշխատավորների կամքն ու շահերը։ ՀՍՍՀ սուվերեն սովետական սոցիալիստական պետություն է, որը կոմունիստական հասարակարգի հաջող կառուցման, երկրի քաղաքական ու տնտեսական միասնության ամրապնդման, անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով, շնորհիվ իր ժողովրդի ազատ ինքնորոշման, կամավորության և իրավահավասարության հիման վրա, սովետական սոցիալիստական, մյուս հանրապետությունների հետ միասին միավորվել է Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության՝ միասնական միութենական բազմազգ պետության մեջ։

ՀՍՍՀ սուվերենությունն անխզելիորեն կապված է և ներդաշնակորեն միահյուսվում է ՍՍՀՍ սուվերենության հետ։ Կամավորության սկզբունքով դառնալով ՍՍՀ Միության իրավահավասար անդամ, ՀՍՍՀ–ն ՍՍՀ Միությանը, ի դեմս նրա պետության իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, վերապահում է ՍՍՀՍ սահմանադրությամբ (հոդված 73) սահմանված իրավունքները։ Այդ հոդվածում նշված սահմաններից դուրս ՀՍՍՀ–ն իր տերիտորիայում պետության իշխանությունն իրականացնում է ինքնուրույն։ ՀՍՍՀ պետության սուվերենությունը ապահովվում է ՍՍՀՍ և ՀՍՍՀ սահմանադրություններով ամրագրված կարևորագույն իրավական երաշխիքներով։ ՀՍՍՀ-ն իրեն իրավունք է վերապահում ազատորեն դուրս գալ ՍՍՀՄ–ից։ ՀՍՍՀ տերիտորիան չի կարող փոփոխվել առանց նրա համաձայնության, ՀՍՍՀ-ի և մյուս հանրապետությունների միջև սահմանները կարող են փոփոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ։ ՀՍՍՀ-ն՝ որպես սուվերեն պետություն, միջազգային իրավական սուբյեկտ է։ ՀՍՍՀ սուվերեն իրավունքները, ՍՍՀՄ սահմանադրությանը համապատասխան, պահպանում է ՍՍՀ Միությունը։

ՀՍՍՀ տնօրինությանը, ի դեմս նրա պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, ենթակա է սահմանադրության ընդունման, փոփոխման և վերահսկողության, պետական, տնտեսական և սոցիալ–կուլտուրական շինարարության, օրենսդրության, պետության ու հասարակական կարգի և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պահպանման, սոցիալիստական հայրենիքի պաշտպանության և այլ հարցերի լուծումը։

ՀՍՍՀ–ն պեության հոգատարություն է իրականացնում հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ և ապահովում նրա գործածությունը պետության ու հասարակական մարմիններում, մշակույթի, լուսավորության և այլ հիմնարկներում։ Սահմանադրությամբ հայոց լեզուն հռչակվել է որպես պետական լեզու։ Դրա հետ մեկտեղ ՀՍՍՀ–ում ապահովվում է ռուսաց լեզվի և այլ լեզուների ազատ գործածությունը, չի թույլատրվում այս կամ այն լեզվի գործածության որևէ արտոնություն կամ սահմանափակում։

ՀՍՍՀ–ն որպես ՍՍՀ Միության իրավահավասար անդամ, միութենական մյուս հանրապետությունների հետ մեկտեղ մասնակցում է ՍՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերի լուծմանը՝ ՍՍՀՄ Գերագույն սովետում, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունում, ՍՍՀՍ կառավարությունում և ՍՍՀ Միության մյուս մարմիններում։ ՀՍՍՀ–ն ապահովում է տնտական և սոցիալական կոմպլեքսային զարգացումն իր տերիտորիայում, նպաստում այդ տերիտորիայում ՍՍՀ Միության լիազորությունների իրականացմանը, կենսագործում ՍՍՀՄ պետության իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների որոշումները։ Իր տնօրինությանը վերապահված հարցերում կոորդինացնում և վերահսկում է միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը։ ՀՍՍՀ–ն, ի դեմս պետական իշխանության բարձրագույն մարմնի, ՍՍՀՄ Գերագույն սովետում ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։

Հայաստանի ազգային սովետական պետականության իրավական հիմքը հանրապետության սահմանադրությունն է, որը ՍՍՀՄ սահմանադրությանը (1977) համապատասխան, ամրագրել է ՀՍՍՀ հասարակական կարգի և քաղաքականության հիմունքները, նրա ազգային–պետական և վարչատերիտորիալ կառուցվածքը, պետության իշխանության և կառավարման մարմինների համակարգը, կազմակերպական սկզբունքները են։

ՀՍՍՀ գործող սահմանադրությունն ընդունվել է ՀՍՍՀ IX գումարման Գերագույն սովետի արտահերթ 7-րդ նստաշրջանում, 1978-ի ապրիլի 14-ին։ Այն արտացոլում է նախորդ սահմանադրության (1937) ընդունումից հետո սովետական հասարակարգում կատարված փոփոխությունները։ ՀՍՍՀ սահմանադրությունը հռչակում է (հոդված 6), որ սովետական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական սիստեմի միջուկը ՍՄԿԿ–ն է, որը գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է ժողովրդին։ Կոմունիստական կուսակցությունը, զինված մարքսլենինյան ուսմունքով, սահմանում է հասարակության զարգացման գլխավոր հեռանկարը, երկրի ներքին ու արտաքին քաղաքականության գիծը, ղեկավարում է սովետական, ժողովրդի մեծ ստեղծարար գործունեությունը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս կոմունիզմի կառուցման համար նրա պայքարին։ Ինչպես նշվում է ՍՄԿԿ XXVII համագումարում ընդունված ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրությունում, ՍՄԿԿ–ն գտնում է, որ արդի փուլում հասարակության քաղաքական համակարգի զարգացման ստրատեգիական գիծը սովետական դեմոկրատիայի կատարելագործումն է, ժողովրդի սոցիալիստական ինքնակառավարման ավելի ու ավելի լիակատար իրագործումը (1986, էջ 62)։ Սահմանադրությունն ամրապնդել է սոցիալիստական դեմոկրատիայի հետագա զարգացումը, պետական և հասարակական գործերի կառավարմանը քաղաքացիների մասնակցության ընդլայնումը, պետական ապարատի կատարելագործումը, հասարակական կազմակերպությունների ակտիվության բարձրացումը, ժողովրդի վերահսկողության ուժեղացումը, պետական ու հասարակական կյանքի իրավական հիմքի ամրապնդումը, հրապարակայնության ընդլայնումը, հասարակական կարծիքը մշտապես հաշվի առնելը։ Սոցիալիստական դեմոկրատիան պայմանավորում է աշխատավորների իրավունքների և պարտականությունների միասնությունը, ապահովում նրանց ազատությունները, հասարակական շահերի նկատմամբ դաստիարակում է պարտքի և պատասխանատվության զգացում։ ՀՍՍՀ–ում դեմոկրատիայի ծավալման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ, այդ թվում՝ տնտեսության պայմանները,