Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ուներ իր շենքը, կայուն թատերախումբը՝ ռեժիսորներով, նկարիչներով ևն։ Խմբի դերասաններն էին՝ Լյուսի Թառայանը, Ասյա Աքուլյանը, Շուշիկ Դանիելյանը, Կատյա Ղարիբյանը, Սիրուշ Քյուրքչյանը, Թագուհի Դանիելյանը, Դավիթ Քիշմիրյանը, Ցոլակ Սողոմոնյանը, Դանիել Միլիտոնյանը, Հրանտ Մանվելյանը, Քաջիկ Գյուրջյանը և ուրիշներ։ Միջշրջանայինի վերակազմվելիս խումբը համալրվեց նոր ուժերով՝ ժող․ արտիստներ Սեթ Հովհաննիսյան, Վրույր Փանոյան, վաստակավոր արտիստներ Գուրգեն Զանոյան, Զարիկ Տերյան, Մարգո Կարապետյան և Երևանի թատերական ինստ–ն ավարտած երիտասարդներով։ Իր հիսնամյա պատմության ընթացքում թատրոնը տվել է շուրջ երեք հարյուր բեմադրություն, այդ թվում՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա․ Օստրովսկու «Անօժիտը» և «Ամպրոպ», Ֆրանկոյի «Գողացված երջանկություն», Բալզակի «Խորթ մայրը», Շոուի «Սատանայի աշակերտը»։ Թատրոնի խաղացանկում մեծ տեղ է տրվել սովետական դրամատուրգիային, պատմա-հեղափոխական պիեսներին։ Տարբեր ժամանակներում թատրոնի ռեժիսորներն են եղել Ռ․ Արմենյանը, Հ․ Մանվելյանը, Ռ․ Մինասյանը, Ռ․ Թառյանը և ուրիշներ։ Թատրոնի ներկայացումներում հանդես են եկել հայ բեմի ականավոր վարպետները։

Ս․ Սարգսյան

ԱՐՏԱՇԱՏԻ ՋՐԱՆՑՔ, սկիզբ է առնում Հրազդան գետից (Երևանի մոտ)։ Մինչև 1968-ը սնվում էր նաև Սևանի, Ազատ, Վեդի գետերի ջրերով։ Մխչյանի ջրհան կայանի կառուցումից հետո լրացուցիչ սնվում է Արարատյան դաշտի ստորգետնյա և տեղական այլ ջրերով, որի շնորհիվ խիստ սահմանափակվել է Սևանա լճի ջրերի օգտագործումը։ Ընդհանուր երկարությունը 61 կմ է, թողունակությունը՝ սկզբնամասում 16 մ3/վրկ։ Ա․ ջ-ի մեծ մասը շահագործման է հանձնվել 1932-ին, ամբողջությամբ՝ 1940-ին։ Ոռոգում է Երևանի մերձքաղաքային, Արտաշատի, Արարատի և մասամբ Մասիսի շրջանների հողերը (մոտ 20 հզ․ հա)։

ԱՐՏԱՇԱՐ, ավան Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևելք։ Միավորված է Եղեգնուտի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ։

ԱՐՏԱՇԵՍ Ա Բարի (ծն․ թ․ անհտ․-մ․ թ․ ա․ մոտ 160), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 189-ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից (արամեատառ արձանագրություններում Ա․ իրեն անվանում է «Երվանդական»)։ Ա․ սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ. թ․ ա․ շուրջ 200-ին նրա կառավարիչ (ստրատեգոս) է կարգել Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում (մ․ թ․ ա․ 190), Հռոմից Անտիոքոս III-ի կրած պարտությունից հետո, Ա․ անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակամիջոցում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ․ թ․ ա․ III դ․ վերջին կամ մ․ թ․ ա․ II դ․ սկզբին անջատված ծայրագավառները (Կասպք, Պարսպատունիք, Գուգարք, Կարին, Տմորիք ևն), ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Միացյալ հայկ․ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմագենեն (Ա–ի՝ այս հողերի միավորման փորձերն անհաջողությամբ են ավարտվել)։ Ա․ վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Ա․ չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ․ թ․ ա․ 165-ին հվ–ում Ա․ բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Ա–ի անունով արամեերեն արձանագրություններ։ Ա․ երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Ա․ մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների (բդեշխությունների)՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային, կարգավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել են Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան ու Զարիշատ քաղաքները։ Ա–ի օրոք ստեղծվել է արքայի ու նրա նախնիների պաշտամունք՝ որպես թագավորական իշխանության կարևոր նեցուկ։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։ Հայոց մեջ Ա․ մեծարվել է «Բարի» մականունով։ Նրա մասին ժողովուրդը հյուսել է վեպ (տես «Արտաշես և Սաթենիկ»), որի մեջ գովերգվել են հայկ․ հողերի միավորման, կենտրոնացված պետականության ստեղծման համար կռիվները, շինարարական գործերը, երկրի բարգավաճումը։

Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։ Տիրացյան Գ․, Արտաշես Ա–ի արամեատառ նորագյուտ արձանագրությունը, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1957, № 10։ Սարգսյան Գ․ Խ․, հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, Ե․, 1966։

Գ․ Սարգսյան

ԱՐՏԱՇԵՍ Բ (ծն․ թ․ անհտ․ – մ․ թ․ ա․ 20), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 30-ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ-ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից (մ․ թ․ ա․ 34) հետո Ա․ ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ․ թ․ ա․ 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Ա․ հայկ․ ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Ա․ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատականը։ Մ․ թ․ ա․ 29-ին Ա․ դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից (մ․ թ․ ա․ 31) հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Ա․ չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Ա․ ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Ա–ի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պարտությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Ա–ի թշնամի՝ Ատրպատականի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, իբերական ու աղվանական ցեղերին։ Մ․ թ․ ա․ 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով մտել է Ասորիք։ Ա–ի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության