Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերիշխող անդամ՝ լրացյալ։ Հայերենում լրացյալ կարող են լինել գոյականը, ածականը, բայը, մակբայը, հազվադեպ՝ դերանունն ու թվականը։ Ազատ Բ-ները ստորաբաժանվում են ըստ լրացումների բնույթի և իմաստի։ Այսպես, գոյականը ստանում է գոյական (արևի լույս, Դավթի որդի), ածական (մեծ քաղաք, գեղեցիկ տուն), թվական (հինգ մարդ, աոաջին դասարան) և այլ լրացումներ, որոնք արտահայտում են որոշչային (այդ թվում նաե հատկացուցչային), խնդրային կամ պարագայական հարաբերություններ։ Կայուն Բ-ները ծագել են ազատ Բ-ներից, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերածվել բաղադրյալ անունների (Կովկասյան լեռներ, Խաղաղ օվկիանոս), դարձվածների (գլուխը կորցնել, երեսով տալ), հարադրական բարդությունների, (հանդես բերել, մոռացության տալ)։

Վ․ Քոսյան

ԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄ, տես Բառապաշար։

ԲԱՌԱՆԿԻԼԻԱ (Barranguilla), քաղաք Կոլումբիայի հյուսիս–արևմուտքում, Ատլանտիկո դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 61 հզ․ բն․ (1971)։ Ծովային և գետային խոշոր նավահանգիստ է․ գտնվում է Կարիբյան ծովի ափին, Մագդալենայի գետաբերանի մոտ։ Առևտրաարդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, սննդհամի, քիմիական, ցեմենտի, կոշիկի, մետալուրգիական, մետաղամշակման արդյունաբերություն, նավաշինարան, օդանավակայան։ Արտահանում է սուրճ, կաշի, նավթամթերքներ։ Հիմնադրվել է 1629-ին։

ԲԱՌԱՊԱՇԱՐ (այլ անվամբ՝ բառային կազմ), որևէ լեզվի բառերի ամբողջությունը։ Տրոհվում է երկու հիմնական մասի։ Առաջինը կոչվում է բառային հիմնական ֆոնդ։ Բառային հիմնական ֆոնդը կազմում են տվյալ լեզվով խոսող անհատների ամենօրյա հաղորդակցման անհրաժեշտ բառերը (հաց, ուր, ուտել, ես, դու ևն), որոնք թեպետ քանակապես քիչ են, բայց խիստ դիմացկուն են։ Երկրորդ մասի մեջ մտնում են մնացած բոլոր բառերը։ Բ․ արտացոլում է հասարակական կյանքի բոլոր փոփոխությունները, և այդ պատճառով ինքը ևս շարունակ փոխվում է ու զարգանում։ Լեզուների բառային կազմը համալրվում, հարստանում է համապատասխան բառակազմական (ածանցում, բառաբարդում) միջոցներով ու փոխառությունների ճանապարհով։ Ամեն մի լեզվում Բ․ ըստ ծագման բաժանվում է բառային շերտերի։ Հայերենում, օրինակ, բուն բառաշերտից բացի կան պարսկերենից, հունարենից, ասորերենից, արաբերենից և այլ լեզուներից փոխառնված բազմաթիվ բառեր։ Բ․ կարող է բաժանվել նաև ըստ լեզվի պատմական շրջանների ու ճյուղավորումների, օրինակ՝ գրաբարի, միջին հայերենի, աշխարհաբարի, որոնց սահմանները ստույգ որոշ չեն։ Բ․ անվան տակ հասկացվում է նաև որևէ գրողի ստեղծագործության մեջ (օրինակ՝ Րաֆֆու «Սամվել» վեպում) գործածված, ոճաբանական տեսանկյունով տրոհվող (բանաստեղծական, գրական, գրքային, հնացած, նորաբանական են), խոսքի որևէ տարատեսակի հետ կապված կամ նրա կիրառության տվյալ ոլորտին բնորոշ (կենցաղային, գիտական, ռազմական, բարբառային են) բառերի ամբողջությունը։ Լեզվի Բ-ի մեջ մտնող բառերը կազմում են բառա–քերականական խմբեր, խոսքի մասեր, որոնց միջև անընդհատ տեղի են ունենում փոխանցումներ։ Բ-ի հարստությունը պայմանավորված է տվյալ լեզուն կրող ժողովրդի հասարակական–տնտեսական կյանքի, մշակույթի զարգացման աստիճանով։

Գրկ․ Աճառյան Հ․, Հայերեն արմատական բառարան, հ․ 1–7, Ե․, 1926–35։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, հ․ 1–2, Ե․, 1940–51։ Մուրվալյան Ա․, Հայոց լեզվի բառային կազմը, Ե․, 1955։ Սևակ Գ․, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե․, 1955։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965:

Վ․ Առաքելյան

ԲԱՌԱՐԱՆ, մեկ կամ մեկից ավելի լեզուների բառերի ժողովածու, որ կազմվում է հիմնականում այբբենական, երբեմն՝ այլ եղանակով։ Բ-ներն ընդհանուր առմամբ լինում են երկու տեսակ՝ հանրագիտական և լեզվաբանական։ Հանրագիտական Բ-ներում (հանրագիտարաններում) նկարագրվում ու պարզաբանվում են ոչ թե բառերը, այլ նրանցով նշանակվող առարկաները, երևույթները, հասկացությունները, դեպքերը։ Լեզվաբանական Բ-ները, ընդհակառակն, զբաղվում են միայն բառերի նկարագրությամբ, տալիս նրանց նշանակությունները կամ իմաստները, գործածությունները, ծագումը, քերականական բնութագիրը։ Լեզվաբանական Բ-ներն ըստ բնույթի լինում են բացատրական, բարբառային (գավառական), ստուգաբանական, պատմական, մասնագիտական, տերմինաբանական, համեմատական, ուղղագրական, ուղղախոսական, դարձվածաբանական, հոմանիշների, շրջուն, հապավումների, օտար բառերի, թարգմանական ևն։ Դրանք ներկայացվում են կամ միայն մեկ լեզվով և կոչվում են միալեզվյան, կամ երկու և ավելի լեզուներով և կոչվում են երկլեզվյան կամ բազմալեզվյան։ Միալեզվյան Բ-ները բնութագրում են որևէ լեզվի բառերն այլևայլ տեսանկյուններից և հետապնդում տարբեր նպատակներ։ Առավել գործնական նշանակություն ունեն բացատրական Բ-ները, որ ընդգրկում են տվյալ լեզվի բառերը՝ վերջիններիս իմաստների բացատրությամբ ու քերականական բնութագրմամբ։

Ուղղագրական Բ-ները սովորաբար պարունակում են տվյալ լեզվի որևէ շրջանի բառապաշարը՝ յուրաքանչյուր բառի ընդունված ուղղագրությամբ և ծառայում են անսխալ գրելու նպատակին։ Ուղղախոսական Բ-ները բառերը ներկայացնում են գրական լեզվին հատուկ արտասանական ձևերով ու կոչված են նպաստելու բանավոր խոսքի կուլտուրայի բարձրացմանը։ Միալեզվյան Բ-ների մի մասը ավելի շատ գիտական նշանակություն ունի այդպիսին են՝ ա․ բարբառային (գավառական) Բ-ները, որոնք ընդգրկում են բարբառների բառապաշարը և կարևոր են լեզվի պատմության ու պատմական բառագիտության ուսումնասիրության համար, բ․ ստուգաբանական Բ-ները, որոնք տալիս են տվյալ լեզվի բառերի (ավելի ճիշտ՝ արմատների) ստուգաբանությունը, պարզում նրանց ծագումը, պատմական զարգացումը ևն։ Առանձնապես գործնական մեծ նշանակություն ունեն նաև թարգմանական Բ-ները։ Թե՛ երկլեզվյան (որոնցում մխ լեզվի բառերը թարգմանվում են մի այլ լեզվի բառերով), թե՛ բազմալեզվյան Բ-ները (որոնցում մի լեզվի բառերը թարգմանվում են երկու կամ ավելի լեզուների բառերով), կարևոր ձեռնարկներ են օտար լեզուներ սովորելու և ուսումնասիրելու համար, ունեն տեսական ու գործնական մեծ նշանակություն և նպաստում են որքան լեզվաբանության (հատկապես՝ բառագիտության), այնքան էլ գրական լեզվի զարգացմանը։ (Տես նաև Բառարանագրություն

Ա․ Մարգարյան

ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառարանների կազմմամբ և ուսումնասիրությամբ։ Սերտորեն կապված է բառագիտության հետ և նույնպես հետազոտում է լեզվի բառապաշարը։ Առաջ է եկել հնագույն ժամանակներում, գրության ստեղծման ու զարգացման զուգընթաց և նախապես գրավոր տեքստերի անհասկանալի բառերը բացատրելու գործնական նպատակներ է հետապնդել։ Բ․ սկզբնավորվել է Միջագետքում՝ շումերների մոտ (մ․ թ․ ա․ III հազարամյակ)։ Հին Հունաստանում ու Հռոմում կազմվել են ընդարձակ զրուցարաններ, որոնք նպաստել են Բ-յան զարգացմանը միջին դարերում։ Բ․ մեծ նվաճումների է հասել Եվրոպայի ժամանակակից լեզուների (ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն ևն) բառարանների ստեղծման գործում։ Հայտնի են, օրինակ, «Ֆրանսիական ակադեմիայի բառարան»-ը (1694), Պ․ Ս․ Պալլասի «Բոլոր լեզուների և բարբառների համեմատական բառարաններ»-ը (1787–89), որն ընդգրկում է 272 լեզու ևն։ Ռուսական առաջին բառարանները կազմվել են XIII դ․։ XVI–XVII դդ․ լույս են տեսել Լ․ Զիզանիի և Պ․ Բերինգի բառարանները, XVIII դ․՝ «Ռուսական ակադեմիայի բառարան»-ը (մաս 1–6, 1789–94)։ XIX-XX դդ․ հրատարակվել են բազմաբնույթ բառարաններ (Վ․ Ի․ Դալի, Դ․ Ն․ Ուշակովի ևն), որոնք մեծագույն ավանդ են հայրենական Բ-յան բնագավառում։