Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։ Ռուսաստանում Բ-ի արվեստը զարգացել է XVIII դ․ 1-ին կեսին և արտացոլել է ազնվականական բացարձակ միապետության աճն ու ամրապնդումը (Պետերբուրգի, Պետերհոֆի, Ցարսկոյե Սելոյի ևն անսամբլները)։ XVIII դ․ առաջին կեսին Բ․ վերաճել է ռոկոկո ոճին, գոյակցել և միահյուսվել է նրան, իսկ 1760-ական թթ․ դուրս է մղվել կլասիցիզմից։ Գրականությունը։ «Բ․» տերմինը գրականության մեջ կիրառվել է XIX դ․ կեսից։ XX դ․ 20-ական թթ․ ունեցել է մի շարք սուբյեկտիվիստական մեկնաբանություններ, որոնք, սակայն, չեն համապատասխանում տերմինի ողջ տարողունակությանը․ լայն առումով Բ․ դիտվում է, որպես եվրոպական գրականության զարգացման պատմականորեն օրինաչափ ընդհանուր ոճ։ Գրական Բ-ին բնորոշ են հռետորականությունը և անսպասելի, երևակայությունը ցնցող «հեռավոր» գաղափարների, կերպարների ու պատկերացումների համադրություն պահանջող, «սրամտության սկզբունքի» վրա հենվող բարդ փոխաբերականությունը։ Երաժշտությունը։ Արտասահմանյան երաժշտագիտության մեջ «Բ․» տերմինը կիրառվում է XX դ․ սկզբից։ Երաժշտական Բ-ի դարաշրջան է համարվում նույն XVI դ․ վերջից XVIII դ․ կեսը, երբ Եվրոպայի տարբեր երկրների երաժշտական մշակույթում Երևան են եկել կոմպոզիցիոն տեխնիկայի մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ հիմնված մաժորա–մինոր համակարգի և ֆունկցիոնալ հարմոնիայի ձևավորման վրա (ակորդների և նրանց ֆունկցիոնալ հարաբերակցության գիտակցում, գեներալ–բասի հաստատում, տակտաբաժանման կիրառում ևն) ու երաժշտական–գործիքային նոր ժանրեր (պարտիա, սոնատ, ռիչերկար, ֆուգա և, հատկապես, կոնցերտ)։ Իրականում այդ ժամանակաշրջանը ընդգրկել է միմյանցից տարբեր, երբեմն միմյանց հակասող երևույթներ՝ XVI–XVII դդ․ սահմանագլխի մադրիգալիստների երկերից մինչև Գ․ Ֆ․ Հենդելի և 6․ Ս․ Բախի որևէ մեկ ոճի շրջանակում չպարփակվող ստեղծագործությունը։ Սովետական երաժշտագիտությունը մերժում է երաժշտական Բ․ ամբողջական դարաշրջան ներկայացնելու տեսակետը և այդ ոճը բնութագրելիս առաջատար տեղ է տալիս ոչ թե ձևական–տեխնիկական հատկանիշներին, այլ երաժշտ․ կերպարների և ընդհանրապես արտահայտչականության բնույթին՝ փառահեղություն, ճոխություն, դեկորատիվություն, ուժեղ աֆեկտների արտահայտում։ Պատկերազարդումը տես 320–321 էջերի միջև՝ աղյուսակ XVII։ Գրկ․ Вельфлин Г․, Ренессанс и барокко, пер․ с нем․, СПБ, 1918; Его же, Основные понятия истории искусства, пер․ с нем․, М․, 1930; Всеобщая история искусств, т 4, М․, 1963; Ренессанс․ Барокко․ Классицизм, М․, 1966․ ԲԱՐՈՄԵՏՐ, մթնոլորտային ճնշումը չափելու սարք։ Տարածված են հեղուկային (մթնոլորտային ճնշումը հավասարակշռվում է հեղուկի սյան կշռով) և դեֆորմացիոն (աշխատանքը պայմանավորված է թաղանթավոր արկղիկի առաձգական դեֆորմացիայով, տես Աներոիդ) Բ-երը և հիփսոջերմաչափերը (աշխատում են ճնշումից կախված՝ հեղուկի եռման ջերմաստիճանի փոփոխման երևույթի հիման վրա)։ Առավել ճշգրիտ են ստանդարտ սնդիկային Բ-երը, որոնցում սնդիկի մեծ խտության շնորհիվ սյունը համեմատաբար կարճ է լինում։ Սնդիկային Բ․ բաղկացած է երկու հաղորդակից անոթներից, որոնցից մեկը վերևից փակ, օդ չպարունակող, մոտ 90 սմ երկարությամբ ապակե խողովակ է։ Որպես մթնոլորտային ճնշման չափ ընդունվում է սնդիկի սյան ճնշումը՝ արտահայտված մմ սնդ․ ս․ կամ բարերով։ Մթնոլորտային ճնշումը հաշվելիս Բ-ի ցուցմունքների մեջ մտցնում են ճշգրտումներ, հաշվի են առնվում սնդիկի խտության ու սարքի չափերի կախումը ջերմաստիճանից, տեղանքի աշխարհագրական լայնությունից և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։ Հաղորդակից անոթների ձևից կախված՝ սնդիկային Բ-երը լինում են գավաթային, սիֆոնային և սիֆոնա–գավաթային։ Օդերևութաբանական կայաններում օգտվում ես կայանա–գավաթային Բ-ից։ Բոլոր սնդիկային Բ․-երը բացարձակ սարքեր են, որովհետև դրանց ցուցմունքներով անմիջականորեն որոշվում է մթնոլորտային ճնշումը։ ԲԱՐՌՄԵՏՐԻԿ ԲԱՆԱՁԵՎ, գրավիաացիոն դաշտում բարձրությունից կախված՝ գազի ճնշման կամ խտության փոփոխությունն արտահայտող բանաձև։ Հաստատուն ջերմաստիճանի իդեալական գազի համար, երբ դաշտը համասեռ է, Բ․ բ․ p = p0exp[–gu(h–h0)/RT] տեսքի է [p-ն գազի ճնշումն է հ բարձրության, իսկ p0-ն՝ զրոյական (հ = հ0) մակարդակի վրա, u–ն մոլեկուլային զանգվածն է, R-ը՝ գազային հաստատունը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը]։ Բ․ բ․ կարելի է ստանալ պոտենցիալ ուժային դաշտում իդեալական գազի մոլեկուլների՝ ըստ արագությունների և կոորդինատների բաշխման օրենքից (տես. Բուցմանի վիճակագրություն)։ Երկրի մթնոլորտում օդի խտության և ճնշման իրական բաշխումը չի համապատասխանում Բ․ բ–ին, որովհետև մթնոլորտի սահմաններում ջերմաստիճանն ու ազատ անկման արագացումը, կախված բարձրությունից և աշխարհագրական լայնությունից, Փոփոխվում են։ Բ․ բ․ ընկած է բարոմետրական մակարդակաչափման հիմքում, ըստ որի երկու կետերի բարձրությունների տարբերությունը (Δհ) որոշում է այդ կետերում ճնշումները (p1 և p2) չափելու միջոցով։ Քանի որ մթնոլորտային ճնշումը կախված է եղանակից, ուստի չափումների միջև ընկած ժամանակամիջողը և Δհ տարբերությունը պետք է փոքր լինեն։ Այդ դեպքում Բ․ բ․ գրվում է՝ Δհ=18400(1+αt)lg(p1/p2). t-ն օդի շերտի միջին ջերմաստիճանն է այն կետերի միջև, որտեղ կատարվում են չափումները, α-ն օդի ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցը։