Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տիճանային գործակիցը։ Այս բանաձևով կատարված հաշվումների սխալը չի գերազանցում չափվող բարձրության 0,1–0,5%։ Ավելի ճշգրիտ է Լապլասի բանաձևը, որ հաշվի է առնում օդի խոնավությունը և ազատ անկման արագացման փոփոխությունը։

ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, էթիկա, գիտություն բարոյականության էության, ծագման ու զարգացման մասին։ Ի տարբերություն առօրեական բարոյական գիտակցության, որը տարերայնորեն ձևավորվում է մարդկանց հասարակական գործունեության ընթացքում, Բ–յան ծագումը կապված է մտավոր ու ֆիզիկական աշխատանքի բաժանման և դասակարգային հարաբերությունների խորացման հետ։ Բ․ պայմանավորված է սոցիալական կեցությամբ և դասակարգային հասարակության մեջ կրում է դասակարգային բնույթ։ Բ․ բացահայտում է բարոյականության ծագման աղբյուրը, նրա զարգացման օրինաչափությունները, բարոյականի չափանիշը, արարքի և բարոյական պատասխանատվության կապն ու չափը, բարոյականության տեղն ու դերը հասարակության մեջ, նշանակությունն ու ֆունկցիաները, բարոյական դաստիարակության մեթոդները, եղանակներն ու միջոցները, կյանքի իմաստը, մարդու կոչումը։ Դրան համապատասխան Բ–յան ոլորտում մշակվում են նրա հիմնական կատեգորիաները՝ բարի, չար, պարտք, խիղճ, պատիվ, արդարություն ևն։ Փիլիսոփայության պատմության ընթացքում մեծ մասամբ միակողմանիորեն բացարձակացվել է բարոյական մի որևէ գործոն և այն ընդունվել է որպես հիմնական ելակետ (Արիստոտելը՝ առաքինությունը, Կանտը՝ պարտքը, Հեգելը՝ խիղճը, ֆրանսիական մատերիալիստները և Ֆոյերբախը՝ երջանկությունը, Շոպենհաուերը՝ կարեկցանքը, Նիցշեն՝ ուժը)։ Բ․ քննում է ինչպես իրական, գործնական բարոյական հարաբերությունները, այնպես էլ բարոյական գիտակցության հետ կապված տեսական հարցերը։ Այդ պատճառով էլ հաճախ Բ․ նաև կոչվում է «գործնական փիլիսոփայություն» (Ի․ Կանտ)։ Մինչմարքսյան Բ–յան մեջ բարոյականության հարցերը բաժանում էին երկու խմբի՝ ա․ սուբյեկտների գործնական վարքագծի հարցեր (նորմատիվ էթիկա), բ․ բարոյականության ծագման ու զարգացման հետ կապված տեսական հարցեր (մետաէթիկա)։ Արդի բուրժուական Բ․ այդ բաժանումը հասցնում է ծայրահեղության և նշված կողմերը հակադրում միմյանց։ Մարքսիստական Բ․ մերժում է այդ անհիմն մասնատումը և երևույթները քննարկում իրենց միասնության մեջ։

Բ․ զարգացել է երկու հիմնական ուղղություններով՝ մատերիալիստական և իդեալիստական (կրոնական)։ Նախամարքսյան Բ․ հիմնականում կրել է իդեալիստական բնույթ, բարոյականությունը չի բխեցվել հասարակության նյութական պայմաններից, այլ մակաբերվել է գերբնական, հոգևոր ուժերից, քննարկվել է վերացական ձևով, ոչ պատմականորեն, ուստի և սքողվել է նրա դասակարգային բնույթը (Աոկրատես, Պլատոն, Կանտ և ուրիշներ)։ Այս սահմանափակության հաղթահարումը հնարավոր դարձավ միայն պատմության մատերիալիստական ըմբռնման շնորհիվ, երբ հայտնագործվեցին հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքները։ Դրանով իսկ հնարավորություն ստեղծվեց գիտականորեն հիմնավորելու բարոյական սկզբունքները, հաղթահարելու բարոյականության միակողմանի ըմբռնումները և ստեղծելու բարոյականության գիտական, մատերիալիստական տեսություն։ Մարքսիստական Բ․ ուսումնասիրում է հասարակական հարաբերությունների բարոյական կողմը՝ հասարակական բարու կամ չարի տեսանկյունից։ Այն ուսումնասիրում է բարոյականության ծագման սոցիալական էությունն ու զարգացման օրինաչափությունները ընդհանրապես և կոմունիստական բարոյականության ծագման, զարգացման ու նոր հասարակարգի կառուցման գործում նրա աճող դերի օրինաչափությունները մասնավորապես։ Կոմունիստական շինարարության դարաշրջանում աճում են մարքսիստական Բ–յան տեսական խնդիրները, նրա պրակտիկ նշանակությունը։ Այն ընդհանրացնում և համակարգում է նոր հասարակություն կառուցող մարդու կոմունիստական բարոյականության սկզբունքները։ Մարքսիստական Բ–յան տեսական հիմքը դիալեկտիկական մատերիալիզմն է, իսկ հիմնական խնդիրը՝ կոմունիստական բարոյականության հիմնավորումը և բուրժուական բարոյականության ու Բ–յան արատների քննադատությունը և հաղթահարումը։

Գրկ․ Маркс К․ и Энгельс Փ․, Святое семейство, Соч․, 2 изд․, т․ 2; Նույնի, Немецкая идеология, նույն տեղում, т․ 3; Маркс К․, Морализирующая критика и критизирующая мораль, նույն տեղում, т․ 4; Ленин В․ И․, О коммунистической нравственности, 3 изд․, М․, 1969; Шишкин А․ Ф․, Из истории этических учений, М․, 1959; Նույնի, Основы марксистской этики, М․, 1961; Даниелян М․ С․, Некоторые вопросы марксистско-ленинской этики, Е․, 1962; Дробницкий О․ Г․ и Кузьмина Т․ А․, Критика современных буржуазных этических концепций, М․, 1967․

Հ․ Խտրյան

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, մարդկանց բարոյական հատկությունների և վարքագծի կազմավորման նպատակասլաց պրոցես, որը ձևավորում է անձի բարոյական գիտակցությունը, զարգացնում նրա զգացմունքները և համոզմունքները, մշակում վարքագծի հմտություններ ու սովորույթներ։ Բ․ դ–յան գիտական հիմքը մարքս–լենինյան բարոյագիտությունն է, որն ուսումնասիրում է բարոյականության առաջացման և զարգացման պատմական ձևերը, կոմունիստական բարոյականության զարգացման օրինաչափությունները (տես նաև Կոմունիստական դաստիարակություն)։ Մարդը ենթարկվում է բարոյական դաստիարակության ազդեցությանը իր ողջ կյանքի ընթացքում, հատկապես մանկության, դեռահասության և պատանեկության տարիներին՝ ուսուցման շրջանում։ Բ․ դ․ բարդ պրոցես Է, որի հաջողությունը կախված է բարոյական դաստիարակության համակարգից, նրա տարբեր գործոնների ճիշտ զուգակցումից, անձի կյանքը, գործունեությունը և վարքագիծը խելացիորեն կազմակերպելուց։ Սովետական մարդու Բ․ դ–յան ծրագիրը կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսն Է, որը պահանջում է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ ձևավորել հայրենասիրության, կոլեկտիվիզմի, մարդասիրության, ինտերնացիոնալիզմի, աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության, նպատակասլացության, բարոյական անաղարտության և այլ որակներ։

Ա․ Բալյան

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հասարակական գիտակցության ձև, որը կատարում է մարդկանց վարքի կառավարման ֆունկցիա։ Բ․ ձգտում է մարդկանց գործունեությանը հաղորդել սոցիալապես նպատակահարմար ուղղություն և դրանով ապահովել հասարակական շահերի անհրաժեշտ գերիշխանությունը անհատական շահերի նկատմամբ։ Բ–յան մեջ սոցիալական անհրաժեշտությունը արտահայտվում է անհատի բարոյական պարտքը որոշող պահանջների, կանոնների, նորմերի միջոցով։ Մարդկային վարքի ու գործունեության կառավարման այլ եղանակներից (իրավունք, պետական դեկրետներ, ժողովրդական ավանդույթներ ևն) Բ․ տարբերվում է իր նորմերի բնույթով և նրանց իրականացման եղանակով։ Այդ նորմերը չեն թելադրում որոշակի կատարելիք արարքներ (ինչպես ավանդույթի նորմերը՝ սովորույթները) և չեն կոնկրետացնում այն իրավիճակը, որի դեպքում ուժի մեջ է մտնում այս կամ այն նորմը (ինչպես այդ արվում է իրավունքի շրջանակներում)։ Դրանք վերաբերում են անհատական կամքի ոչ այնքան արտաքին դրսևորումներին (գործողություններին), որքան նրա ներքին բովանդակությանը։ Ձևակերպվելով բարու–չարի, արդարի–անարդարի, վայելուչի–անվայելուչի և այլ արժեքային գաղափարների միջոցով՝ Բ–յան նորմերը բովանդակալից են դառնում և իրականացվում են միայն անհատի կողմից իմաստավորվելով և վերածվելով նրա վարքի ներքին խթանների, նրա անձնավորության կայուն հատկանիշների՝ Բ–յան նորմերի տեսանկյունից արարքները գնահատվում են այնքանով, որքանով նրանք բացահայտում են այդ արարքները կատարած մարդկանց անձնավորությունը, նրանց մտադրություններն ու մղումները։ Ի տարբերություն ավանդույթի և իրավունքի, որոնց նորմերը հաստատվում են սոցիալական ավտոմատիզմի կամ հատուկ պետական մարմինների ուժով, Բ–յան նորմերի իրականացման գործում վճռական դեր է խաղում անհատի գիտակցությունը, իր վարքագծի հասարակական նշանակությունն ըմբռնելու, սեփական արարքները գիտակցաբար ընտրելու, արժեքավորելու և վերահսկելու մարդու ունակությունը։ Բ–յան նորմերի կենսագործումը իրականացվում է անհատի գիտակցության և հասարակական կարծիքի սերտ համագործակցության շնորհիվ։ Հասարակական կարծիքը հանդես է գալիս որպես անհատի խղճի, պատասխանատվության և պարտքի, բարու, արդարի, մարդկային արժանապատվության և կատարելության (բարոյական իդեալ) պատկերացումներին