Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյանն է ենթարկել Ա.։ Այնուհետև Ա–ում իշխել են Մրվանյան ամիրաները։ 1000-ից Ա–ի ամիրաները կախման մեջ են եղել Վասպուրականի թագավորներից (քաղաքին տիրում էին Մրվանյանները)։ 1021-ին Ա․ միացվել է Բյուզանդական կայսրությանը։ 1023-ին Վասպուրականի բյուզանդական կառավարիչ Նիկեփորոս Կոմնենոսը արաբ ամիրաներին զրկել է Ա–ում ունեցած իշխանությունից։
Ըստ Մատթեոս Ուռհայեցու, 1054-ին սելջուկյան սուլթան Տուղրիլ բեկը գրավել է Ա․։ 1110-ից Ա․ մտել է Շահ–ի–Արմենների ամիրայության, իսկ 1208-ից՝ Էյուբյան ամիրայության մեջ։ Ըստ արաբ մատենագիր Իբն ալ–Ասիրի և ասորի ժամանակագիր Աբուլ Ֆարաջի, 1209-ին, հայ–վրացական զորքերը գրավել են Ա․։ 1228-ին Խորեզմի շահի որդի Զալալեդդինը, փախչելով մոնղոլների հետապնդումից, զորքով ներխուժեց Հայաստան, գրավեց Ա․ և ավերեց, իսկ բնակիչները ցրվեցին այլևայլ վայրեր։ Զալալեդդինը միառժամանակ մնաց Ա–ում, նորոգեց ավերված պարիսպները, լճակողմի բերդը, ապա շարժվեց Իկոնիայի սուլթանության դեմ։ 1231-ին Զալալեդդինին հետապնդող մոնղոլական զորաբանակը մտավ Հայաստան և գրավեց նաև Ա․։ Չնայած օտար տիրապետությանը և դառնաղետ իրավիճակին, հայությունը Ա–ում միջին դարերում պահպանել է բացարձակ մեծամասնություն։ Արաբ աշխարհագիր Յակուտը (1178-1229) իր «Աշխարհագրական բառգիրք»-ում գրում է, որ Ա․ «Հին քաղաք է Մեծ Արմինիայում, Խլաթի մոտ։ Նրա բնակիչները մեծ մասամբ հայ քրիստոնյաներ են»։
XIV-XV դդ․ Ա․ ենթարկվել է Կարա–Կոյունլուների և Ակ–Կոյունլուների տիրապետությանը։ 1425-ին Ակ–Կոյունլուների պետության տիրակալ Կարա–Օթմանը ստվար զորաբանակով ներխուժեց Ա․, բնաջնջեց և գերեվարեց բնակիչներին։ Այս ժամանակներից Ա․ ընկել է քուրդ Պագուկի ցեղի գերիշխանության տակ։ Ա–ի տիրակալները հաճախ բախումներ են ունեցել հարևան ցեղերի պարագլուխների հետ, որի հետևանքով քաղաքի բնակչությունը ենթարկվել է կոտորածների և անխնա ավարառությունների։ Ա․շատ է տուժել նաև XVI դ․ թուրք–պարսկական կռիվներից։ 1554-ին պարսից շահ Թահմազը արշավել է Հայաստան։ Չորս ամիս պարսից զորքը պաշարել է Ա․, որի բնակիչները, հակառակ բերդի քուրդ խանի, համաձայնվել են հանձնել բերդը։ 1639-ի թուրք–պարսկական պայմանագրով Ա․ անցել է Թուրքիային, դարձել համանուն սանջակի կենտրոն։ Սանջակը կոչվել է Ա–ի անունով (հայկական աղբյուրներում՝ Ա–ի գավառ)։ Ծանր պայմանների պատճառով քաղաքի հայ բնակչությունն աստիճանաբար նվազել է։ XIX դ․ սկզբին Ա․ ուներ 1500 տուն, բնակիչների զգալի մասը հայեր էին։ XIX դ․ կեսին Ա․ ծածկվել է Վանա լճի ջրերով։ Ծովախորշի ափին մինչև այժմ էլ պահպանվել է ավերակների որոշ մասը։ XIX դ․ կեսերին Ա–ից հեռացած բնակիչների մի մասը նրանից հս․ հիմնել է նոր բնակավայր՝ Արճեշ անունով (թուրք. Էրջիշ)։ Ա․ եղել է հայ գրչության կենտրոն։
Արճեշի ավերակները հյուսիսից
Արճեշի ավերակները հարավից
Քաղաքի անունով Վանա լիճը երբեմն կոչվել է Արճեշի ծով։ Ա–ում հայտնաբերվել են քարի դարի գործիքներ, բրոնզի դարի խեցեղեն։ Ա–ում է ծնվել գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը։
Գրկ․ Ղևոնդ Մեծ, Պատմութիւն, 2 հրա․, ԱՊԲ, 1887։ Աեբեոս, Պատմութիւն, 4 հրտ․, Ե․, 1939։ Մանր ժամանակագրություններ XIII -XVIII դդ․, հ․ 1, Ե․, 1951։ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե․, 1965։ Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։ Шараф Xанибн Шамсаддин Битлиси, Шарафнаме, т․ 1, М․, 1967․


ԱՐՃԵՇ, քաղաք Ռումինիայում։ Տես Կուրանա դե Արճեշ։


ԱՐՃԵՇԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, գործել է XIII - XVII դարերում, Մեծ Հայքի Արճեշ քաղաքում։ Հիշատակվող առաջին գրիչը Ստեփանոսն է։ Սակայն գրչության ծաղկումը կապվում է Սիմեոն Արճիշեցու անվան հետ, որը խոր հետք է թողել ոչմիայն Արճեշի, այլև ողջ Վասպուրականի գրչության՝ հատկապես մանրանկարչության արվեստում։ Նրանից պահպանվել է 5 ձեռագիր, 4-ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, մեկը՝ ԱՄՆ–ում (Քյուրդյանի հավաքածու)։ Հիշվում է Գրիգոր Տաուշեցի գրիչը (1287)։ XIII դ․ վերջերին և XIV դ․ սկզբներին Արճեշում ընդօրինակություններ են կատարել, կազմարարությամբ և մանրանկարչությամբ զբաղվել Աբրահամ, Խաչատուր, Ստեփանոս և Հակոբ գրիչները։ Նրանց գործը շարունակել են աշակերտները։ Հայտնի են Սիմեոնի որդի Դեոսկուրոսը և նրա ընկեր Հովհաննեսը, որոնցից մեզ են հասել երկու մեծ ճաշոց։ Արճեշում գրչությունը առավել զարգացման է հասել XV դ․ առաջին կեսին, երբ Մեծոփավանքում սկսել է գործել Գրիգոր Տաթևացու հիմնադրած և Թովմա Մեծոփեցու գլխավորած բարձր տիպի գրչության դպրոցը։ Արճիշեցի Կարապետ գրիչը հետագայում դարձավ Մեծոփավանքի դպրոցի ուսուցիչ։ Նրան աշակերտել են իր որդիներ Ստեփանոսը, Ազարիան, Մանկասարի որդի Հովհաննեսը, որոնք դպրոցն ավարտելուց հետո վերադարձել են Արճեշ։ Այստեղ էին նաև նույն դպրոցի սաներ Մինասը, կազմարար Հերպերը, Խալիֆան և ուրիշներ, որոնց ջանքերով XV դ․Արճեշը հռչակվեց որպես հայ գրչության արգասավոր կենտրոն։ Հովհաննես Մանկասարենց գրիչը ընդօրինակել է 132 ձեռագիր, որի մեծ մասը՝ Արճեշում։ Մանկասարենցի դպրոցից հայտնի է 10 աշակերտ, որոնց մի մասը Արճեշում շարունակեց իրենց ուսուցչի գործը։ Ա․ գ․ կ–ից մեզ հասած ձեռագրերից մոտ 40-ը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Մի քանիսի միայն հիշատակություններն են պահպանվել։
Ա․ Մաթևոսյան


ԱՐՃԵՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 775, տեղի է ունեցել ապրիլի 15-ին, ապստամբած հայերի և արաբական խալիֆայության զորքի միջև։ Հայերը որոշել էին 775-ի գարնանը գրավել Արճեշը։ Արծրունի իշխան Համազասպը, օգնության կանչելով Վասակ Բագրատունուն, Ամատունի, Տրունի և այլ նախարարների զորամասերի հետ Բերկրիից շարժվել է դեպի Արճեշ։ Համազասպը իր հետ տարել է աշխարհազորը։ Արճեշի արաբներն այդ մասին տեղեկացրել էին Խլաթում գտնվող արաբ զորապետ Ամրին, որը 30-հազարանոց զորքով նոր էր եկել Միջագետքից։ Երբ հայերը հարձակվել են Արճեշի վրա, դարանամուտ արաբները անսպասելի գրոհել և պարտության են մատնել նրանց։ Սպանվել է 1500 հայ ռազմիկ, այդ թվում՝ չորս զորապետ–նախարար։
Գրկ․ Ղևոնդ Մեծ, Պատմութիւն, 2հրտ․, ՍՊՐ, 1887, էջ 146 - 47։
Ա․ Տեր–Ղևոնդյան


ԱՐՃԻՇԱԿ (թուրք․ Մահմեդիկ), գետ Վանա լճի ավազանում։ Երկարությունը 55 կմ է։ Երեք վտակով սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի) լեռնաշղթայի արմ․լանջերից, հոսում դեպի արմ․ և Վան քաղաքից հս–արլ․ թափվում Արճակ լիճը։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ հունիսին։ Ա–ի ավազանում էր պատմական Թոռնավան գավառի Սևան ամրոցը։
Գ․ Աբրահամյան


ԱՐՃԻՇԱԿ, լիճ Արևմտյան Հայաստանում։ Տես Արճակ։


ԱՐՃԻՇԱԿՈՎԻՏ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում՝ Տոսպ գավառից հս–արլ․, Արճիշակ (Արճակ) լճի ավազանում, որից և ստացել է իր անունը։ Հիշատակվում է VII դ․ «Աշխարհացոյց»-ում Թովմա Արծրունու «Պատմության» մեջ։ Համընկնում է հետագայի Արճակ գավառին։


ԱՐՃԻՍ (ն․ Արճեշ), գյուղ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի աջ ափին, շրջկենտրոնից 12 կմ
Արճիս