Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հույներից): Հիմնականը և հնագույնը հիերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»: Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հզ. հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը): Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից ներկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օր. pr, mn, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օր. k, r, f, b. ընդամենը 24): Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նաև գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն՝ առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հնչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և՝ վերից վար, և՝ հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ. թ. ա. XXXII դ. մ. թ. III դ.։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է ժ. Ֆ. Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ, դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ. թ. ա. VIII-VII դդ, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։

Վերջին դեմոտիական տեքստերը վերաբերում են մ. թ. V դ.։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ. թ. ա. XXX դարից։

Գրկ. Коростовцев М.А., Египетский язык, М., 1961; Истрин В. А., Возникновение и развитие письма, М., 1965; Lacau Р., Sur le systеmе hieroglyphique, Le Carie, 1954.

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ Zea mays հացազգիների ընտանիքի միամյա բույսերի տեսակ։ Ըստ հատիկի ներքին կառուցվածքի և մորֆոլոգիական առանձնահատկությունների, Ե. բաժանվում է բուսաբանական 9 խմբի, կարծր (Z. m. indurata), ատամնաձև (Z. m. indentata), կիսա ատամնաձև (Z. m. semidentata), լայնորեն տարածված են մշակության մեջ. ճայթող (Z. m. everta), շաքարային (Z. m. saccharata), օսլային (Z. m. amylacea), օսլա-շաքարային (Z. m. amyleosaccharata), մոմային (Z.m. ceratina)՝ քիչ է տարածված, թեփուկավոր (Z. m. tunicata)՝ արտադրական մշակում չունեն։ Ե. միատուն, բաժանասեռ, խաչաձև փոշոտվող բույս է։ Հայտնի է միայն մշակության մեջ. վայրի ձևերն անհետացել են։ Հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է։ Արմատային համակարգը փնջաձև է (թափանցում է մինչև 100-150 սմ): Ցողունի ստորին հանգույցներից առաջանում են նաև հենակային կամ օդային արմատներ, որոնք բույսը պահպանում են պառկելուց, բուկլիցի ժամանակ մատակարարում են ջուր և սննդարար նյութեր։ Ցողունը կանգուն է, բարձրությունը 50- 80 սմ-ից մինչև 5-6 մ է։ Տերևները (8- 42 հատ) հերթադիր են։ Արական ծաղկաբույլը հուրան է, գտնվում է ցողունի գագաթում, իգականը՝ հասկ (կողր), գտնվում է տերևածոցում։ Կողրի երկարությունը 4-50 սմ է, տրամագիծը՝ 2-10 սմ, զանգվածը՝ 30-500 գ, յուրաքանչյուր բույսի վրա զարգանում և լրիվ հասունանում է 1-2, հազվադեպ 3 կողր։ Պտուղը հատիկ է։ Ե. ջերմասեր է, հատիկները ծլում են մոտ 10°C: Մատղաշ ծիլերը կարող են դիմանալ 5-6°C սառնամանիքների։ Աճի և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը 20-24°C է։ Կարճ օրվա բույս է։ Բարձր բերք է տալիս սննդանյութերով հարուստ հողերում։ Վնասվում է բշտիկավոր մրիկից, փոշեմրիկից, ժանգից ևն։ Սերմանյութն ընտրվում է կողրի միջին մասի հատիկներից, ախտահանվում գրանոզանով (1 տ հատիկին՝ 1 կգ գրանոզան): Ցանքի նորման՝ 10-25 կգ հա։ Բերքը հատիկի համար հավաքում են լրիվ հասունացման փուլում, սիլոսի համար՝ կաթնամոմային հասունացման փուլում։ Ե. արդյունավետ բույս է։ Հատիկը պարունակում է 9-12% սպիտակուց, 4-6% ճարպ (սաղմում մինչև 40%), 65-70% ածխաջրեր, դեղնահատիկ սորտերում՝ շատ պրովիտամին A: Օգտագործվում է սննդի (ստանում են ալյուր, ձավար, ձողիկներ ևն), oսլայի, գարեջրի, սպիրտի և պահածոների արդյունաբերության մեջ։ Հատիկը, կանաչ զանգվածը և սիլոսը սննդարար կեր են։ Ե-ի ցողունի և կողրերի վերամշակումից ստանում են թուղթ, լինոլեում, արհեստական թելանյութ, մեկուսիչ նյութեր, արհեստական խցան, կինոժապավեն ևն։

ԵԳԻՊՏԵՐԵՆ հին եգիպտացիների լեզուն։ Պատկանում է սեմա-քամյան ընտանիքի քամյան ճյուղին։ Մ. թ. V դարից՝ մեռած լեզու։ Գրավոր աղբյուրները հայտնի են մ. թ. ա. IV հազարամյակից։ Զարգացման հիմնական փուլերն են՝ հին Ե. (մ. թ. ա. XXXII-XXII դդ.), միջին կամ դասական Ե. (մ. թ. ա. XXII-XVI դդ.), նոր Ե. (մ. թ. ա. XVI-VIII դդ.), դեմոտական Ե. (մ. թ. ա. VIII - մ. թ. V դդ.): Մ. թ. մոտ III դ. սկսում է ձևավորվել եգիպտերենը։ Հնչյունական համակարգը քիչ է ուսումնասիրված։ Ե-ի գրության մեջ ձայնավորները չեն արտահայտվել։ Կողմնակի տվյալներից (ղպտիական, հուն, տառադարձումներ ևն) ենթադրում են, որ միջին Ե. ունեցել է երեք հիմնական ձայնավոր։ Վանկը սկսվել ու ավարտվել է մեկական բաղաձայնով։ Բացվանկային ձայնավորը երկար է հնչել, փակվանկայինը՝ կարճ։ Շեշտը դրվել է հիմնականում վերջին, մասամբ՝ վերջընթեր վանկում։ Ունեցել է մոտ 3200 արմատ։ Բառակազմությունը սովորաբար կատարվել է մասնիկավորմամբ, բառիմաստների տարբերակումը՝ նաև ներքին թեքումով (արմատահնչյունի փոփոխությամբ): Քերականական կարգերից են եղել սեռը (արական և իգական), թիվը (եզակի, երկակի, հոգնակի), մասնիկավորմամբ հոլովումը բացակայել է։ Բայը ունեցել է երկու սեռ՝ ներգործական և կրավորական։ Խոնարհման համակարգին առավել բնորոշ են կերպային, քան ժամանակային տարբերակումները։ Նոր Ե-ում գոյացել են որոշյալ և անորոշ առումների կարգեր։ Հին եգիպտացիները նախապես գործածել են պատկերագիր, ապա՝ հնչյունագրի զարգացում ապրող գաղափարա գիր։

Գրկ. Петровский Н. С., Египетский язык, Л., 1958; Коростовцев М. А., Египетский язык, М., 1969; Lefebvre G., Grammaire de l’egyptien classique, Le Caire, 1955; Gardiner A., Egyptian Grammar, L., 1957. Տ Պետրոսյան

ԵԳԻՊՏՈՍ Հին, հնագույն պետություն հյուսիս-արևելյան Աֆրիկայում, Նեղոս գետի ստորին հոսանքում (առաջին սահանքից մինչև Միջերկրական ծով): Պատմական ակնարկ։ Ի զանազանություն շրջակա անապատային կամ «կարմիր» հողերի, եգիպտացիներն իրենց երկիրն անվանել են Սև (Քեմեթ) կամ Սիրելի հող։ «Եգիպտոս» բառը Ե-ի մայրաքաղաք Մեմփիսի բանաստեղծական անվան՝ Հեկաոս-Պտաքսի (Պտաքս աստծո ոգու բերդ) հին հունարեն արտասանությունն է։ Նեղոսի հովիտը անապատներով օղակված դալարավայր է (4-20 կմ լայնությամբ), որն ընդարձակվում է հսում, ուր գետը տրոհվում է բազմաթիվ բազուկների ե, դելտա կազմելով, թափվում Միջերկրական ծով։ Հին հույները Ե. համարել են Նեղոսի պարգևը։ Ամեն տարի հուլիսից Նեղոսը վարարում է և ողողում գրեթե ամբողջ Ե. (այդ պատճառով մարդիկ այստեղ բնակություն են հաստատել բարձրադիր վայրերում): Ջրի մակարդակը իջնելուց (նոյեմբերին) հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով։ Հին եգիպտացիները, ի տարբերություն Միջագետքի բազմացեղ բնակչության, արդեն մ. թ. ա. IV հազարամյակում միասնական և համալեզու ժողովուրդ էին (պատկանել են սեմաքամյան խմբի քամյան ճյուղին): Եղել են վայելչակազմ՝ թխա֊