կապն էր պետական վարկի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմն արագացրեց բանկային կապիտալի հետ արդյունաբերական կապիտալի սերտաճման պրոցեսը, որի հետևանքով արագորեն ձևավորվեց ֆինանսական օլիգարխիան։ Իր հերթին առևտրա–արդյունաբերական կապիտալը նույնպես վերաճեց արդյունաբերական–բանկայինի։ Սակայն իմպերիալիզմը պրոլետարական հեղափոխության շնորհիվ չհասցրեց լրիվ ձևավորվել։ Ռուսաստանում իմպերիալիզմի առանձնահատկությունների հետևանքով նախադրյալներ ստեղծվեցին կապիտալիզմի թերահաս զարգացման պայմաններում ռուսական կապիտալիզմի վերնախավի վաղաժամ նեխման համար։ 19-րդ դարում Ռուսաստանում մոնոպոլիաները, որպես կանոն, արտադրությունը կարգավորում էին նրա սահմանափակման և նույնիսկ կրճատման ճանապարհով։ 20-րդ դարի սկզբին ֆինանսական կապիտալն արագ թափով սերտաճում էր խոշոր կալվածատիրության հետ։ Տնտեսական կյանքի զարգացման էվոլյուցիան խորացնում էր զարգացող բուրժուազիայի և ֆեոդալական կարգերի հակասությունները։ Ռուսական իմպերիալիզմի զարգացման ամենակարևոր արդյունքը եղավ այն, որ իր յուրահատկությունների հետևանքով ի հայտ բերեց սոցիալ–դասակարգային նոր կառուցվածք, ստեղծեց արդյունաբերական պրոլետարիատի հզոր բանակ, որը կոչված էր տապալելու Ռուսաստանում իշխող ռազմաֆեոդալական իմպերիալիզմը և դնելու նոր դարաշրջանի սկիզբը։
Անդրկովկասում և Հայաստանում իմպերիալիզմը կրում էր ռուսական իմպերիալիզմին բնորոշ առանձնահատկությունների կնիքը։ Անդրկովկասի գաղութացման ցարիզմի քաղաքականության սոցիալական հենարան հանդիսացող տեղացի կալվածատերերն ունեին ռուս ազնվականության իրավունքներն ու արտոնությունները։ Մեծ ու միջակ կապալառուները, որպես ինքնատիպ կապիտալիստների դասակարգ, հողատեր ազնվականների հետ հաստատել էին իրենց տնտեսական և քաղաքական գերիշխանությունը։
Արդյունաբերության մեջ կապիտալիստական հարաբերություններն Անդրկովկասում ուշ ձևավորվեցին, բայց զարգացան արագ տեմպերով։ Անդրկովկասը դարասկզբին արդեն Ռուսաստանի արդյունաբերական խոշոր շրջաններից էր․ Ճիաթուրիի հանքերում արտադրվում էր մանգանի համաշխարհային հանույթի 35–40%–ը։ Բաքուն տալիս էր Ռուսաստանի նավթարդյունաբերության արտադրանքի շուրջ 80%–ը, Հայաստանը՝ պղնձի արտադրության 16,6%-ը և ավելի շատ կոնյակ, քան Ռուսական կայսրության մյուս բոլոր շրջանները։ Անդրկովկասում արդյունաբերությունը զարգանում էր արտադրության համակենտրոնացման ու կենտրոնացման պայմաններում՝ օտարերկրյա (շվեդական, ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, բելգիական) կապիտալի գերիշխանության ներքո։ Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ առաջին փայատիրական ընկերությունը հիմնվել է 1887 թվականին, իսկ 1897 թվականին ներառվել «Կովկասի արդյունաբերական մետաղագործական ընկերության» (ԿԱՄԸ) մեջ։ Վերջինս 1910 թվականին իրեն է միացրել «Շահալի–էյլար» ֆրանսիական ընկերությունը (հիմնըված 1902 թվականին) և 1913 թվականին տվել Հայաստանի պղնձարդյունաբերության արտադրանքի 85,4 % –ը։ Պղնձարդյունաբերության հետագա ընդլայնման և համակենտրոնացման շնորհիվ 1907 թվականին ստեղծվեց Պղնձի համառուսական սինդիկատը, որն Անդրկովկասում ընդգրկում էր ԿԱՄԸ, Կովկասի պղնձարդյունաբերության ընկերությունը, Միմենսի ժառանգների Գեդաբեկի ու Կվարցխանայի և Ա․ Մելիք–Ազարյանցի ձեռնարկությունները։ Պղնձարդյունաբերության ձեռնարկություններն իրենց արտադրանքն իրացնում էին անգլո–ռուսական ՎՕԴԱՈԻ ընկերության (Մոսկվա–Պետերբուրգ–Լոնդոն) միջոցով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Անդրկովկասի նավթային արդյունաբերության մեջ գերիշխում էր անգլո–ամերիկյան, երկաթուղային տրանսպորտում՝ անգլո–բելգիական կապիտալը։ Ռուս խոշոր կապիտալիստ Շուստովի ձեռնարկությունները 1913 թվականին տալիս էին Հայաստանում գինու, օղու և կոնյակի արտադրության 61%-ը։ Կապիտալի կենտրոնացման յուրահատուկ պրոցես էր տեղի ունենում նաև վարկային գործում, ուր իշխում էր ռուսական կապիտալը։ Ռուսաստանի խոշորագույն բանկերն իրենց բաժանմունքներն ունեին Անդրկովկասի բոլոր մեծ քաղաքներում։ 1914 թվականին Երևանի նահանգում գործում էր շուրջ տասը բանկային հաստատություն, Երևան քաղաքում՝ Վոլգա–Կամայի, Թիֆլիսի, Ազովի–Դոնի առևտրական բանկերի բաժանմունքները։ Վերջինիս միջոցները Հայաստանի վարկային համակարգի բոլոր հաստատությունների կապիտալի կեսից ավելին էին։ Բանկերը, վարկային գործառնություններից բացի, բազմաթիվ փայատիրական ձեռնարկություններում խոշոր կապիտալ ներդրումների միջոցով, ծավալում էին առևտրա–արդյունաբերական լայն գործունեություն։ Բանկային և արդյունաբերական կապիտալի միաձուլումը գաղութային ծայրամասերում հաստատում էր մետրոպոլիայի ֆինանսական կապիտալի գերիշխանություն։ Ցարիզմը, Արևելքը տիրելու քաղաքականությունն իրականացնելու համար, Անդրկովկասը կամուրջ է համարել։ Եվրոպական պետությունների թվում Ռուսաստանը նույնպես օգտագործում էր «Հայկական հարցը»։ Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի հետևանքներ ունեցավ հատկապես հայ ժողովրդի համար։ Թուրքական իշխանություններն իրագործեցին հայերի բնաջնջման հրեշավոր ծրագիր, ոչնչացվեց 1,5–2 միլիոն մարդ և ավերվեց երկրի տնտեսությունը։ Սոցիալական հակասությունների խորացման ընթացքում հասունանում էր հեղափոխական իրադրությունը։ Հեղափոխական շարժումները կայսրության մյուս ծայրամասերի թվում տարածվում էին նաև Հայաստանում։ Կալվածատիրական բռնությունների և ցարական աստիճանավորների դեմ գյուղացիության բողոքները մի շարք դեպքերում ընդունում էին զինված ընդհարումների տեսք (Հաղպատում, Էջմիածնի, Նոր Բայազետի և այլ շրջանների գյուղերում), սրվում էր դասակարգային պայքարը։ Դարասկզբին Հայաստանի մի շարք մարզային կենտրոններում ստեղծվեցին սոցիալ–դեմոկրատական կազմակերպություններ, որոնք եռանդուն գործունեություն էին ծավալում աշխատավորների պայքարի կազմակերպման ու ղեկավարման գործում։ Բանվորական շրջաններում ծավալվող գործադուլները (Ալավերդիում, Ղափանում, Երևանի նահանգի երկաթուղային հանգույցներում) աշխատավորության շարժումները դարձնում էին զանգվածային, դրանց հաղորդում քաղաքական, հեղափոխական բնույթ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, Ռուսաստանում տապալելով ցարիզմը, պայմաններ ստեղծեց նաև հայ ժողովրդի վերածննդի համար:
Գրականություն Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկեր, հատոր 22։ Նույնի, Եվրոպայի Միացյալ Նահանգների լոզունգի մասին, Երկեր, հատոր 21։ Նույնի, Իմպերիալիզմը և սոցիալիզմի պառակտումը, Երկեր, հատոր 23։ ՍՄԿԿ ծրագիրը, Երևան, 1974 (առաջին մաս)։ Իմպերիալիզմի դեմ մղվող պայքարի խնդիրները արդի էտապում և կոմունիստական ու բանվորական կուսակցությունների, բոլոր հակաիմպնրիալիստական ուժերի գործողությունների միասնությունը։ (Կոմունիստական ու բանվորական կուսակցությունների Մոսկվայի միջազգային խորհրդակցության կողմից 1969 թ․ հունիսի 17-ին ընդունված հիմնական փաստաթուղթը), Երևան, 1969։ Ադոնց Մ․ Հ․, Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը 20-րդ դարի սկզբին, Երևան, 1968: Лященко П. И., История народного хозяйства СССР, 1956, 4 издание, том 2, Mосква; Цыперович Г., Синдикаты и тресты в дореволюционний Росии и в СССР, Ленинград, 1927; Материалы по истории СССР. [C6орник документов], том 6, Mосква, 1959; В. И. Ленин о социальной структуре и политическом строе капиталистической России [Cборник статей], Mосква, 1970. Կաղապար:ХСХ хеь
«ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՏԱԴԻԱ», Վ․ Ի․ Լենինի աշխատությունը, բովանդակում է իմպերիալիզմի մասին նրա ուսմունքի համակարգված շարադրանքը։ Գրել է Շվեյցարիայում (1916 թվականի հունվար–հունիս)։ Լույս է տեսել 1917 թվականի կեսերին Պետրոգրադում։ Աշխատությունը բաղկացած է երկու առաջաբանից (գրված 1917 թ և 1920-ին) և տասը գլխից։
Լենինն աշխատության մեջ բացահայտել է իմպերիալիզմի փուլում մոնոպոլիաների (տես Մոնոպոլիա կապիտալիստական) առաջացման անխուսափելիությունը, բնորոշել մոնոպոլիաների ձևերը, վեր հանել մրցակցության բնույթի ու եղանակների փոփոխությունները և եզրակացրել՝ մոնոպոլիաների առաջացումը կապիտալիզմի նոր փուլի ամենախոր տնտեսական հիմքն է, նրա տնտեսական գլխավոր հատկանիշը։ Մոնոպոլիաները կապիտալիստական էկոնոմիկայի և քաղաքականության մեջ ծնում են նոր երևույթներ, որոնք իրենց ամբողջության մեջ բնորոշում են կապիտալիզմից անցումն իմպերիալիզմին։ Արտադրության ոլորտում կատարվող պրոցեսները նոր երևույթներ են առաջացնում նաև շրջանառության ոլորտում, փոխում բանկերի դերը, որոնք համեստ միջնորդից վերաճում են ամենազոր մոնոպոլիստների։ Բանկերի և արդյունաբերության շահերը սերտորեն միահյուսվում են։