Ծալկայի ջրամբարը: Ծ. ս–ի բարձր մասերը հարուստ են մարգագետիններով, ցածրադիր շրջանները՝ գյուղատնտեսական կուլտուրաների ցանքատարածություններով:
ԾԱԼՔԱՎՈՐ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, միաձույլ միակցված հարթ սալերից բաղկացած տարածական կոնստրուկցիաներ: Ծ. կ. գլանային թաղանթների հետ հավասարապես կարող են օգտագործվել զգալի (ավելի քան 20 մ) թռիչքներ ծածկելու համար: Լինում են միաթռիչք և բազմաթռիչք: Ժամանակակից շինարարությունում հիմնականում օգտագործվում են միաձույլ և հավաքովի երկաթբետոնե Ծ. կ.:
ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, երկրաբանական տերմին, որն օգտագործվում է երկու իմաստով, որպես երկրակեղևը կազմող շերտերի ճմլման ու դեֆորմացման պրոցես (ծալքագոյացում) և այդ պրոցեսի հետևանքով առաջացած ծալքերի միակցություն, ծալքավոր կառուցվածք: Կա Ծ–յան երկու հիմնական մորֆո–գենետիկական տիպ՝ ընդհատվող կամ պլատֆորմային, և լրիվ (գծային) կամ գեոսինկլինալային: Առաջին տիպը բնորոշվում է շերտերի կլորավուն կամ ձվաձև, ցաքուցրիվ գալարներով, որոնք ըստ թևերի անկման անկյան սովորաբար լինում են ոչ սիմետրիկ և ավելի զառիթափ թևում բարդացված են ֆլեքսուրաներով ու խզումներով (գմբեթներ, կամարներ): Այդպիսի ծալքերը տարածված են հին պլատֆորմներում (Արևելա–Եվրոպական, Սիբիրական) և ծագմամբ կապված են պլատֆորմային հիմքի խզումնային խախտումների հետ: Գեոսինկլինալային տիպի Ծ–յանը հատուկ են իրար զուգահեռ, ավելի երկար ձգվող ու ավելի ուժգին ճմլված անտիկլինալ ու սինկլինալ ծալքեր, որոնք ունեն տարածման որոշակի ուղղություն և բնորոշ են գեոսինկլինալային ծալքավոր գոտիներին (Կովկաս, Հիմալայներ, Ալպեր, Ուրալ): Անտիկլինալ ու սինկլինալ ծալքերը, խմբավորվելով, կազմում են ավելի մեծ տեկտոնական կառուցվածքներ՝ անտիկլինորիումևեր և սինկլինորիումներներ: Մի շարք ծալքեր (դիապիրային, արկղաձև, կատարաձև) անցողիկ են եր– կու հիմնական տիպերի միջև և զարգացած են գլխավորապես նախալեռնային իջվածքներում ու գեոսինկլինալային գոտիների ավելի թույլ ծալքավորված մասերում: Ծալքավոր կառուցվածքներն առաջանում են երկրակեղևի հորիզոնական և ուղղաձիգ տեկտոնական շարժումների հետևանքով, որոնք հարատև են, սակայն առանձին երկրաբանական ժամանակաշրջաններում ուժգնանում են (տեկտոնական փուլեր) և առաջ բերում որակական փոփոխություններ երկրակեղևի կառուցվածքում: Երկրակեղևի արդի տեկտոնական կառուցվածքը ձևավորվել է բազմաթիվ (ավելի քան 30) տեկտոնական փուլերի հետևանքով, որոնք խմբավորվում են լավրենտյան, ալգոնյան, բայկալյան, կալեդոնյան, հերցինյան և ալպյան տեկտոնական ժամանակաշրջաններում: Վերջիններս միմյանցից տարբերվում են տևողությամբ, տեղաբաշխմամբ, ծալքավորման պլանով և ուժգնությամբ, մագմատիզմով, մետաղածնությամբ ևն: Ծալքավոր պրոցեսները հիմնականում կատարվում են գեոսինկլինալային մարզերում, որոնք Ծ–յան հետևանքով կորցնում են իրենց շարժունակությունը և վերածվում ծալքավոր–բեկորային լեռների: Մեր մոլորակի երկրաբանական պատմության ընթացքում, Արխեյան դարաշրջաններից մինչև այժմ, հաջորդաբար կատարվել է գեոսինկլինալային մարզերի կրճատում: Ներկայումս գեոսինկլինալային տիպի ռեժիմ պահպանվել է լոկ Շուրջխաղաղօվկիանոսյան գոտում և Ալպ–Հիմալայան գոտու որոշ (Միջերկրածովային) մասերում: Երկրակեղևի տեկտոնական զարգացման պատմությունը փաստորեն գեոսինկլինալների Ծ–յան, կարծրացման և ապա ծալքավորբեկորային լեռների վերածվելու պատմությունն է: Ծ–յան պրոցեսների հիմնական պատճառները տակավին պարզաբանված չեն: Ծ–ների մանրազնին ուսումնասիրություններն ունեն ոչ միայն տեսական, այլ նաև կարևոր գործնական նշանակություն, քանի որ ծալքավոր դեֆորմացիաները վերահսկում են նավթի, գազի և բազմաթիվ այլ օգտակար հանածոների տեղաբաշխումը: Ծ–յան պրոցեսները և դրանց հետևանքով գոյացած երկրաբանական կառուցվածքները հետազոտվում են երկրաբանական հանույթի, հատուկ կառուցվածքային ուսումնասիրությունների, հորատանցքերի, ինչպես նաև լաբորատոր մոդելավորման օգնությամբ: Այժմ լայն կիրառություն են գտնում ծալքավոր կառուցվածքների հետազոտման աերո–, երկրաֆիզիկական և տիեզերական հանույթի մեթոդները: ՀՍՍՀ տարածքում լայնորեն զարգացած են ամենատարբեր տիպի ծալքավոր կառուցվածքներ:
Գրկ. Белоусов В. В., Основы геотектоники, М., 1975; Хаин В. Е., Общая геотектоника, 2 изд., М., 1973.
ԾԱԼՔԵՐ, երկրակեղևը կազմող շերտերի ալիքաձև գալարներ, որ առաջանում են տեկտոնական ուժերի ներգործման հետևանքով: Ուռուցիկ Ծ. կոչվում են անտիկլինալներ, իսկ գոգավորները՝ սինկլինալներ: Ծ–ի կարևոր տարրերն են՝ միջուկը, թևերը և փականը (տես նկ.): Ծ–ի մորֆոլոգիական տիպերը բազմազան են և միմյանցից տարբերվում են ըստ ձևի, չափի, փոխհարաբերության ու հասակի: Ծ. լինում են. ըստ առանցքային մակերեվույթի ու թևերի հորիզոնական հարթության նկատմամբ ունեցած դիրքի՝ ուղիղ, թեք, պառկած, շրջված, ըստ թևերի առանցքային մակերևույթի նկատմամբ ունեցած դիրքի՝ նորմալ (բաց), իզոկլինալ, հովհարաձև, ըստ շերտերի ոլորման ձևերի՝ սովորական, անկյունավոր (սուր), կլորավուն, սնդուկաձև, արկղաձև, կատարաձև, ըստ եզրագծերի՝ գծային, ձվաձև (բրախիծալք), գմբեթաձև, ըստ առանցքային մակերևույթի դիրքի՝ սիմետրիկ, ասիմետրիկ ևն: Կախված չափերից՝ առանձնացվում են առաջին, երկրորդ և երրորդ կարգի Ծ., իսկ ըստ ծագման՝ ներծին (տեկտոգեն, մագմատոգեն) և արտածին: ՀՍՍՀ–ում տարածված են Ծ–ի համարյա բոլոր տիպերը:
ԾԱխս, տես Դեբիտ:
Ծախսաչափ, գազերի, հեղուկների և սորուն նյութերի ծախսը որոշող սարք: Լինում է ինդուկցիոն, ջերմային, զանգվածային, պտուտանային ևն: Ինդուկցիոն Ծ–ով որոշվում է խողովակաշարի առանցքին ուղղահայաց մագնիսական դաշտում հոսող հեղուկի (խյուսի) ծախսը՝ այդ հոսքում առաջացող էլշու–ի արժեքով: Ջերմային Ծ. հեղուկի ծախսը չափում է հեղուկով ջերմային էներգիայի փոխադրման ինտենսիվությամբ: