տեղակալ, ապա՝ պետ, 1928–34-ին՝ «Սովետական Հայաստան», «Բանվոր» (Լենինական), Հյուսիսային Կովկասի երկրային կոմիտեի օրգան «Մուրճ և մանգաղ» ու «Գրոհ» թերթերի խմբագիր: 1934–36-ին Ծ. սկզբում Լենինականի քաղկոմի, իսկ հետո Արթիկի շրջկոմի քարտուղարն էր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
ԾՈՎՈԶՆԻՆԵՐ (Echinoidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Մարմինը մինչև 30 սմ է՝ ծածկված կմախքային թիթեղիկների շարքերով, որոնք զրահ են առաջացնում և կրում շարժունակ ասեղներ ու պեդիցելյարներ: Բաժանվում են 2 ենթադասի. կանոնավոր և անկանոն Ծ.: Առաջինների բերանն ունի ծամող ապարատ, որով քարերի վրայից քերում, պոկում են ջրիմուռները: Անկանոն Ծ. սնվում են դետրիտով և չունեն ծամող ապարատ:
Հատակային սողացող կամ տիղմի մեջ ընկղմված կենդանիներ են: Շարժվում են ամբուլակրալ ոտիկների և ասեղների միջոցով: Բաժանասեռ են, զարգանում են հատակային էխինոպլուտեուս թրթուրով: Առանձին ձևեր կենդանածին են: Հայտնի է ժամանակակից Ծ–ի ավելի քան 800 տեսակ, որից 40-ը՝ նաև ՍՍՀՄ ծովերում: Տարածված են բնականոն աղայնություն ունեցող օվկիանոսներում և ծովերում (մինչև 7000 մ խորության վրա): Ծ–ի որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն, օգտագործվում է խավիարը:
ԾՈՎՔ (այժմ՝ Խազար), լիճ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոսի արևմտյան մասում, 1155 մ բարձրության վրա: Ունի տեկտոնական ծագում: Երկարությունը մոտ 18 կմ է, լայնությունը՝ մոտ 3,5 կմ՝. Մակերեսը՝ 50 կմ2, խորությունը՝ 70–90 մ: Ունի խառը սնում: Ջուրն աղի է: Ծ–ից սկիզբ է առնում Արևմտյան Տիգրիսը:
ԾՈՎՔ, բերդ Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառում, համանուն լճի հարավ–արևմտյան ափի ժայռոտ թերակղզյակի վրա (այժմ՝ ավերակ): Առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում (VII դ.): Գրիգոր Մագիստրոս Պահլավունին իր մի նամակում գրում է, որ XI դ. Ծ. պատկանում էր իր դստեր հետ ամուսնացած Պահլավունի մի իշխանի: Նրան հարոդել է ավագ որդին՝ Ապիրատը: Ըստ մի հիշատակարանի, Անի քաղաքում՝ անապահով կացության պատճառով Հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցին 1106-ին ապաստանեց Ապիրատ իշխանի մոտ և Ծ–ի Սուրբ Նշան եկեղեցին դարձրեց կաթողիկոսանիստ: 1111-ին Ապիրատը զոհվեց Ծ–ի համար կռվում: Ապիրատին փոխարինեց ավագ որդին՝ Վասիլը: Մահից առաջ Բարսեղ Ա Անեցին կաթողիկոս օծեց Ապիրատի կրտսեր որդի 15-ամյա Գրիգորիսին (տես Գրիգոր Գ Պակավունի), որը մոտ 1116-ին եղբոր՝ Ներսես Շնորհալու հետ, իշխան Գող Վասիլի հովանավորությամբ, Կոմմագենեի Տլուք գավառում՝ երեք լճակների ափին, հիմնեց կաթողիկոսանիստ նոր դղյակ, վերջինս հայրենի Ծ–ի անունով կոչեց Ծովք կամ Ծով: Ծ–ից ոչ հեռու՝ համանուն գյուղը XIX դ. վերջին ուներ եկեղեցի (Ս. Նշան), 60 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին գերազանցապես արհեստներով՝ ոստայնանկությամբ, դերձակությամբ, ներկարարությամբ: Տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԾՈՎՔ, Ծով, միջնադարյան դղյակ, Եփրատից արևմուտք, Տլուք գավառում: Կառուցել է Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսը (1113–66), 1116-ին դարձրել Հայոց կաթողիկոսության աթոռանիստ (մինչև 1149): Մ. Չամչյանը, Գ. Սրվանձտյանը այն շփոթել են Ծոփքի Անձիտ գավառի (Խարբերդի) Ծովքի հետ: Բ. Կյուլեսերյանը Ծ. տեղորոշում է Այնթապ քաղաքից հս–արմ., Սոֆ գյուղի տեղում, Հ. Տեր-Ղազարյանը՝ նույն վայրից մոտ 70 կմ հս., երեք լճակների արմ. եզերքին:
ԾՈՐԵՆԻ (Berberis), կծոխուր, ցորենազգիների ընտանիքի թփերի ցեղ: Բույսն ամբողջությամբ պատված է փշերով, տերևները պարզ են, ատամնավոր: Ծաղկում է մայիսին: Ծաղիկները մանր են, դեղին, ողկույզներում հավաքված: Պտուղը հատապտուղ է, կարմիր, թթվաշ: Հայտնի է մոտ 175 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում: ՍՍՀՄ–ում՝ 12, ՀՍՍՀ–ում՝ 3 տեսակ: Մեղրատու է, ներկատու: Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ: Որպես դեկորատիվ թուփ առավել տարածված է սովորական Ծ.: Բուժիչ նպատակով կիրառվում է տերևների թուրմը:
ԾՈՑ, օվկիանոսի, ծովի կամ լճի՝ ցամաքի մեջ մտած մաս: Ծ. հիմնական ջրավազանի հետ պահպանում է ազատ ջրափոխանակություն և ջրաբանական ու ջրաքիմ. հատկանիշներով նրանից չի տարբերվում: Խոշորներից են Ալյասկայի, Բենգալյան, Մեծ Ավստրալիական Ծ–երը: Օվկիանոսի որոշ մասեր ավանդաբար Ծ. են անվանվում, չնայած իրենց ջրաբանական առանձնահատկություններով տիպիկ ծովեր են (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից Ծ–երը ևն):
ԾՈՓՈՐ (Monstera), մոնստևրա,նվիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Լիան է, մագլցող հաստ ընձյուղներով: Տերևները խոշոր են, սրտաձև, սկզբնական շրջանում ամբողջական, այնուհետև վրան անցքեր են առաջանում, ավելի ուշ՝ խոր կտրտվում են: Գոյացնում է մեծ քանակությամբ կախվող օդային արմատներ, որոնք հաճախ կորցնում են կապը հողի հետ և շարունակում են ապրել, ինչպես էպիֆիտները: Ծաղիկները երկսեռ են, միատուն, կողրերում հավաքված: Հայտնի է մոտ 50 տեսակ՝ տարածված արևադարձային Ամերիկայում: Բազմացվում է ցողունային կտրոններով, երբեմն նաև սերմերով: Որոշ դեկորատիվ տեսակներ աճեցվում են ջերմոտներում և բնակարաններում:
ԾՈՓՔ, Ծոփաց աշխարհ, Չորրորդ Հայք (խեթ.Ιšuva, աշշուր. Isua, ուրարտ. Supani, լատ. Sophanenae, ասոր. Sofan), Մեծ Հայքի Երկրորդ նահանգը («աշխարհը») Արևմտյան Տիգրիսի վերին և Արածանու ստորին հոսանքի շրջանում: Հս–ից սահմանակից էր Բարձր Հայք, հվ–ից՝ Աղձնիք, արլ–ից՝ Տուրուբերան նահանգներին, արմ–ից՝ Փոքր Հայքին: Արածանի գետով բաժանվում էր երկու մասի, հվ. կոչվում էր Մեծ Ծ., հս.՝ Շահունյաց (Շահունիք հնամենի իշխանական տոհմանունով) կամ Փոքր Ծ.: Ըստ «Աշխարհացոյց»-ի, Ծ–ի գավառներն էին՝ Խորձյանը, Հաշտյանքը, Պաղնատունը, Բալահովիտը, Ծոփքը (Շահունյաց), Անձիտը, Դեգիքը, Գավրեքը (Գորեք): Որպես կարևոր սահմանային նահանգ՝ Ծ. ունեցել է բազմաթիվ բերդեր ու ամրոցներ (Արտալես, Կողոբերդ, Կթառիճ, Բալու, Պաղին, Խոզան, Անձիտ, էլեգիա, Թմնիս, Հոռե–Բերդ, Քրվիկ, Սոկ, Կռնի ևն): Հին և միջին դարերում կարևոր տնտ. և ռազմավարական նշանակություն է ունեցել Թմնիսի (Տոմիսա) գետանցը (այժմյան Իզոլու գյուղի մոտ): Ծ–ի հնագույն և գլխավոր սրբավայրը գտնվում էր Չմշկածագ (Հեռապոլիս) ավանում: Շրջակա լեռնաշըղթաներից Ծ. տարածվող լեռնաբազուկները բազմազան են դարձնում նրա մակերեվույթը: Ծ. ունի արգավանդ գետահովիտներ, ընդարձակ դաշտեր, որոնցից նշանավոր են Խարբերդի Ոսկեղենիկ (Ալելուա) դաշտը և Բալուի հովիտը կամ Գեղեցիկ դաշտը: Տարածքի կեսից ավելին անտառապատ է: Ունի հարուստ բուսական, կենդանական աշխարհ (զանազան թռչուններ, ձկներ, երեներ, առյուծ), ընդերք (պղինձ, կապար, ցինկ, արծաթ, ակնաբյուրեղ ևն), հանքային ջրեր: Կլիման բազմազան է, տեղումները կազմում են շուրջ 600 մմ:
Մ. թ. ա. II հազարամյակում Ծ–ի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները: Խեթական թագավոր Սուպիլուլիումա I-ի (իշխել է մ. թ. ա. մոտ 1380–1340) արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծ–ի (Իշուվա) միասնական իշխանության մասին, որն ընդդիմացել է խեթական հզոր պետությանը և ապաստան տվել խեթացի դժգոհ տարրերին: Մ. թ. ա. XIII–IX դդ. պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծ–ի զարգացումը: Մ.թ. ա. IX դ. վերջին քառորդից Ծ., ընդգրկվելով Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետության՝ Ուրարտու թագավորության կազմում, նոր վերելք է ապրել, և Ծ–ի ցեղերը դարձել են կազմավորվող հայ ժողովրդի բաղադրամասերից մեկը: Մ. թ. ա. VI դ. սկզբից Ծ. եղել է Երվանդունիների հայկական պետության կազմում: Մ. թ. ա. VI դ. վերջից, երբ Հայաստանում հաստատվել է Աքեմենյան Իրանի գերիշխանությունը, Ծ. մտել է 13-րդ սատրապության մեջ: Ծ–ով (Խարբերդի դաշտով) անցնող Դարեհ 1-ի կառուցած Արքայական ճանապարհը նըպաստել է նրա տնտ. վերելքին: Մ» թ. ա. IV դ. վերջին քառորդին, հունա–մակեդոնական նվաճումներից և Աքեմենյան աշխարհակալության քայքայումից հետո, Ծ. մնում էր անկախությունը վերականգնած Երվանդունիների հայկական թագավորության կազմում: Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին և ենթարկվելով հելլենիզմի