Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խական դեմոկրատ: Օսեթական գրականության հիմնադիրը: Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ, հոդվածներ (օսերեն և ռուսերեն): Լույս են տեսել Խ.-ի «Բանաստեղծություններ» (1895, ռուս.)» «Օսեթական քնար» (1899) ժողովածուները: Խ–ին հուզել է իր ժողովրդի ճակատագիրը («Ֆաթիմա», 1889, «Դատարանի առջև», 1893, «Արտասվող ժայռը», 1894, պոեմներ են): Խ. նաև օս առաջին նկարիչներից է: Երկ. Օսեթական քնար, Ե., 1959:

նկարում` Կ. Լ. Խեթագուրով


ԽԵԹԱ–ԼՈՒՎԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, անատոլիական լեզուներ, Փոքր Ասիայի բնիկ հնդեվրոպական լեզվախումբ, որի մեջ մտնում են սեպագրային խեթերեն (նեսերեն), գաղափարագրային խեթերեն, լիդիերեն, կարիերեն, գաղափարագրային չուվիերեն, սեպագրային լուվիերեն, Ա և Բ լիկիերեն, պալայերեն լեզուները: Մ. թ. ա. III հազարամյակից Փոքր Ասիայում պահպանված ասուրական արձանագրություններում կան Խ–լ. լ–ից կատարված փոխառություններ: Հնդեվրոպական լեզուներից պահպանված հնագույն հուշարձանները Խ–լ. լ–ով են (մ. թ. ա. II հազարամյակից սկսած): Գործածվել են Փոքր Ասիայի կենտրոնական, արմ. ու հվ. շրջաններում և Հյուսիսային Ասորիքում: Չեն գործածվում սկսած մ. թ. ա. II դարից: Ռ. Իշխանյան

նկարում` Սֆինքսարդ դարպաս Ալաջա–Հյույուկում, մի մաս (մ. թ. ա. XV–XIII դդ.) նկարում` Կնոջ արձանիկ Հասանօղլանի դամբարանից (մ. թ. ա. մոտ 2000,, Հնագիտական թանգարան, Անկարա) նկարում` Գետնփր անցում Խաատուսայի ամրոցում (մ. թ, ա. մոտ 1350–1250)


ԽԵԹԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, խեթական արվեստի հնագույն նմուշները (մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կես) ոսկե, բրոնզե, պղնձե կնիք–խորհրդապատկերներ են, կենդանիների արձանիկներ, խեցեղեն իրեր: Մ. թ. ա. II հազարամյակում միակտուր քարերից կառուցվել են ամրությունների բարդ համակարգով, հատակագծում շրջանաձե ամրոց–բնակավայրեր և ամրոց–ապաստարաններ: Բնակելի տները (երբեմն երկհարկանի) ունեցել են հարթ ծածկ, ճակատի կողմից՝ բաց բակ: Տարածված է եղել կառույցի (տներ, պալատներ, տաճարներ) «բիտ–հիլանի» տիպը, որը երկայնական կողմում ունեցել է ուղղանկյուն կողային աշտարակներով և սյունազարդ պորտիկով մուտք: Պատերի ներքևի մասը հաճախ արտաքինից երեսապատվել է քանդակազարդ քարե ուղղադիր սալերով (այսպես կոչված՝օրթոստատներով): Բարձր զարգացման հասցված բոլորաքանդակը և բարձրաքանդակը, որպես կանոն, կերտվել են քարի խոշոր բեկորից (առյուծների և սֆինքսների կիսաֆիգուրներ Խատտուսայի դարպասներին, մ. թ. ա. XVIII դ., աստվածների զանգվածեղ արձաններ): Օրթոստատների և կոթողների հարթաքանդակները (սրբազան կենդանիներ, աստվածներ, աղոթող թագավորներ, պալատական կյանքի տեսարաններ) աչքի են ընկնում մոնումենտալությամբ, ստատիկությամբ, կերպարների խստորոշ հզորությամբ, ազատ կոմպոզիցիայով: Առավել կանոնիկ են սրբազան ժայռաքանդակները: Մ. թ. ա. IX–VIII դդ. խեթերի արվեստը հետզհետե կորցրել է ինքնատիպությունը՝ կրելով ասուրական ու արամեական մշակույթների ազդեցությունը:


ԽԵԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Խատտի, Հաթի, հնագույն պետություն Փոքր Ասիայում: Ստեղծվել է մ. թ. ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք–պետությունները, գրավել Նեսան, Խատտուսան ևն: Մ. թ. ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել Խ. պ. (Հին թագավորություն, մ. թ. ա. XVIII–XVII դդ.): Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս: Խ. պ. ընդգրկել է մոտ. Հալիս գետի ավազանը: Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են Խ. պ–յան սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ: Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը (ժամանակակից Հալեպը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները: Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն: Մ. թ. ա. XVI դ. սկսվել է Խ. պ–յան պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված: Ենթադրվում է, որ այս շրջանում Խ. պ–ում ուժեղացել է խուռիների ազդեցությունը: Մ. թ. ա. XV դ. վերականգնվել է Խ. պ. (Նոր թագավորություն, մ. թ. ա. XV–XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արմ. շրջանները և Հյուսիսային Ասորիքը: Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև): Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, խուռիններին: Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա–փռյուգիական ցեղերը կործանեցին Խ. պ.:

Խ. պ. վաղ ստրկատիրական պետություն էր: Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը: Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով: Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր: Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները: Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտ. պարտույթ (սահհան) կամ զինծառայություն: Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին: Թագավորից, թագավորական տան ան–