Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում ոռոգումը պարտադիր է: Թաղովի խաղողագործության շրջաններում մինչև ձմռան սառնամանիքները վազերը ծածկում են հողով (այգեթաղ), իսկ գարնանը բացում (այգեբաց): Գարնանը էտում են վազերը՝ ձևավորելու նպատակով: Տնկման հաջորդ տարում հիմնադրում են հենակները: Ամենատարածվածը ուղղաձիգ լարային համակարգն է՝ 3–5-հարկանի լարերով (տես Լարային այգիներ): Վազերը ձևավորում են ըստ հողակլիմայական պայմանների և սորտերի, ՀՍՍՀ–ում՝ Արարատյան դաշտում, նախալեռնային, Դարալագյազի գոտում տարածված է բազմաթև հովհարանման ազատ ձևավորումը՝ կարճ բնով: Այգեթաղի և այգեբացի աշխատանքները մեքենայացնելու նպատակով վազը ձևավորում են միակողմանի հովհարանման, հս–արլ. գոտում՝ միջին բարձրության բնով և Դյուոյի երկթևանի համակարգով, Մեղրու շրջանում՝ բարձր բնով Մեղրու տեղական համակարգով, Գորիսի և Ղափանի շրջաններում՝ Դյուոյի միջին բարձրության բնով և փոքր հովհարանման համակարգով: Ամեն տարի միջշարքային տարածությունները աշնանը և գարնանը վարում են, խորը փխրեցնում, իսկ միջվազային տարածությունները՝ փխրեցնում և քաղհանում: 2–3 տարին մեկ այգին պարարտացնում են հանքային պարարտանյութերով (հիմնականում ամոնիակային բորակ, սուպերֆոսֆատ, կալիումական աղ): Ոռոգելի պայմաններում տնկարկները վեգետացիայի ընթացքում ջրում են 3–5, իսկ ՀՍՍՀ կիսաանապատային կլիմայի պայմաններում՝ 8–10 անգամ, երբեմն՝ ավելի: Նոսրացած այգիների դատարկ տարածությունները լրացնում են արմատակալներով կամ անդալիսով: Ցրտից շատ վնասված վազերի վերականգնման համար դրանք բնատում են (ունդ անել) հողի մակերեսին հավասար կամ 8–10 սմ բարձր: Խ–ի հիմնական վնասատուներն են ֆիլոքսերան, մարմարյա բզեզը, ոստայնատիզը, խազողի ողկույզակերը, խաղողի ալյուրավոր որդանը: Հիմնական հիվանդություններն են՝ միչդյու, օիդիում, մոխրագույն փտում, բակտերիալ քաղցկեղ, անտրաքնոզ: (Ս. Խաչատրյան)

Պատկերազարդումը տես 4-րդ հատորի 352–353-րդ էջերի միջև՝ ներդիրում:


ԽԱՂՈՂԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ամպելոթերապիա (< հուն. άμπλος – խաղող և թերապիա), խաղողի օգտագործումը տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Հայտնի է եղել I դ.: ՍՍՀՄ–ում Խ–յան գիտա–տեսական հիմունքները մշակվել են 20-ական թթ., Սեմաշկոյի անվ. ինստ–ում (Յալթա), Ա. Վ. Դյակովի գլխավորությամբ: Կիրառում են Ղրիմի հվ. ափի առողջարաններում (Սուդակ, Եվպատորիա), Մոլդավիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Հայաստանում՝ սովորաբար զուգորդելով կլիմայաբուժության հետ: Օգտագործում են միայն հասուն պտուղներ: Օրաբաժինը՝ 2 կգ պտուղ կամ 1,2 չ հյութ: Խ–յան ընթացքում, ստամոքս–աղիքային համակարգի խանգարումներից խուսափելու նպատակով, չի թույլատրվում օգտագործել ճարպային սնունդ, կաթ, կաթնամթերք, ալկոհոլային խմիչքներ, կվաս, հանքային ջրեր: Խ. օրգանիզմում ակտիվացնում է նյութափոխանակության պրոցեսները (հատկապես ջրա–աղային), արագացնում մեզի արտազատումը, կանոնավորում ստամոքս–աղիքային համակարգի շարժողական գործունեությունը, լավացնում ախորժակը: Նշանակվում է սնուցման անկման (հատկապես տուբերկուլոզի նախնական փուլերում), սրտի, լյարդի, թոքերի հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի, երկրորդային սակավարյունության ժամանակ: Հակացուցված է շաքարախտի, սուր հիվանդությունների, ստամոքսի խոցի, տուբերկուլոզի սրացումների, ճարպակալման, հիպերտոնիայի, քրոնիկ փորլուծության դեպքում:


ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Կիրովի անվան, գտնվում է Արարատի շրջանում: Հիմնվել է 1934-ին: Դյուղատնտ. արտադրության հիմնական ճյուղը այգեգործությունն է: Զբաղվում են նաև պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Հողային ընդհանուր տարածությունը 1131 հա է, որից գյուղատնտ. արտադրության մեջ օգտագործվում է 801 հա, այդ թվում՝ խաղողի այգի՝ 423 հա, պտղատու այգի՝ 92 հա, վարելահողեր՝ 71 հա, արոտավայրեր՝ 215 հա:


ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, գտնվում է Մերձավանում (էջմիածնի շրջան): Հիմնադրվել է 1956-ին: Ունի (1979) 14 բաժին՝ խաղողի ագրոտեխնիկայի, խաղողի սելեկցիայի և խաղողագրության, պտղատու կուլտուրաների ագրոտեխնիկայի, պտղատու կուլտուրաների սելեկցիայի և սորտուսումնասիրման, լեռնային պտղաբուծության, ագրոքիմիայի և հողագիտության, բույսերի պաշտպանության, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, միկրոկենսաբանության, պտուղների վերամշակման և պահպանման տեխնոլոգիայի, գինիների և կոնյակների տեխնոլոգիայի, մեքենայացման, գիտատեխնիկական ինֆորմացիայի, տնկարանային տնտեսության և պատվաստակալների, 3 լաբորատորիա, մեկ փորձակայան, 5 փորձարարական բազա և 1 հենակետ, որոնք ընդգրկում են պտղատու կուլտուրաների և խաղողի մշակության բոլոր գոտիները: Ինստ–ում ուսումնասիրվում են խաղողի, պտուղների և հատապտուղների սորտերի շրջանացման, գինեգործության և պահածոների արդյունաբերության՝ ըստ գոտիների տեղաբաշխման, խաղողի, պտուղների և հատապտուղների տեսակաշարի լավացման, բերքատվության բարձրացման պրոբլեմները: Մշակվել են այգիների ագրոտեխնիկական ու ֆիտոտեխնիկական, կիսաանապատային, քարքարոտ հողերի և զառիթափ լանջերի իրացման միջոցառումներ, գինիների և պահածոների արդյունաբերության տեխնոլոգիայի նոր մեթոդներ: Ինստ–ի սելեկցիոներները ստեղծել են պտղատու կուլտուրաների 40 և խաղողի 65 սորտ, որոնցից 20-ը շրջանացվել են ՀՍՍՀ–ում: Դրանցից են խաղողի Կարմրահյութ, Զվարթնոց, Շահումյանի, Արագածի, Հադիսի, Տոկուն և այլ սորտեր, տանձենու Հեղինե, Լեռնային գեղեցկուհի, Լենինականի ուշահաս, Միչուրինի հիշատակին, դեղձենու Արմինե, գետնաելակի Արևիկ, Լենինականի, Լոռի, Ռուբինե սորտերը: Ինստ–ում մշակված տեխնոլոգիայով ՀՍՍՀ–ում թողարկվում են «Արևիկ», «Նեկտարենի», «Հոկտեմբերյանի դեսերտային», «Հայկական» գինիները, որոնցից «Արևիկ»-ը և «Նեկտարենի»-ն միջազգային մրցույթներում արժանացել են մեդալների: Ինստ–ում թողարկվող «Հադիսի», «Կարմրահյութ», «Տիգրանի», «Մուսկատ» (Վարդաբույր), «Տոկուն» գինիները նույնպես միջազգային և համամիութենական մրցույթներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների: Ինստ–ում աշխատում են Լենինի անվ. ՀամԳԳԱ թղթ–անդամ Մ. Պողոսյանը, ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ Լ. Զանփոլադյանը, ՀՍՍՀ պետ. մրցանակի դափնեկիր Ս. Ագուլյանը: Ինսա–ը ունի ասպիրանտուրա: Լույս է ընծայում «Աշխատություններ…» (հ. 1 – 15, 1950–78…): Հրատարակել է «Հայկական ՍՍՀ ամպելոգրաֆիա» (հ. 1–2, 1947–62), «Հայաստանի պտուղները» (հ. 1–4, 1958–76): 1977-ին պարգեվատրվեյ է «Պատվո նշան» շքանշանով: Ա. Մելքոնյան

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, տես Այգեգործություն:


ԽԱՂՈՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ամպելոգրաֆիա, գիտություն խաղողի տեսակների և սորտերի, դրանց հատկանիշների փոփոխման մասին՝ կապված արտաքին պայմանների և մարդու նպատակաուղղված գործունեության հետ: Որպես կիրառական բուսաբանության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է XIX դ.: 1873-ին Վիեննայում ստեղծվեց խ–յան միջազգային հանձնաժողով, որը սահմանեց խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ: Տարբերում են ընդհանուր խ., որն ուսումնասիրում է խաղողազգիների ընտանիքի կարգաբանության, ծագման, տարածման, տեսակների և սորտերի փոփոխման հարցերը, և մասնավոր խ.»., որն զբաղվում է խաղողի սորտերի և կլոնների (մեկ անհատի գենետիկորեն միասեռ վեգետատիվ սերունդ) բուսաբանական նկարագրությամբ, դրանց կենսաբանական ու տնտ. բնութագրով: Խ. մշակում է գիտական հիմնավորումներ խաղողի սելեկցիայի և սորտաշրջանացման, նոր շրջաններում խաղողի մշակույթի տարածման, սորտերի ծագման ու դասակարգման համար: ՍՍՀՄ–ում 1946–70-ին հրատարակվել է «ՍՍՀՄ ամպելոգրաֆիա» 10-հատորանոց կապիտալ աշխատությունը, որն ընդգրկում է խ–յան տեսական հարցերը և երկրի տնկարկներում եղած շուրջ 2800 սորտերի ու կլոնների, այդ թվում նաև՝ հայկ. խաղողի 171 սորտերի նկարագրությունը: ՀՍՍՀ–ում խ–յան աշխատանքները սկսվել են 1930-ից, 1943-ից ուսումնասիրվել են խաղողի հինավուրց, քիչ տարածված կամ մինչ այդ անհայտ մնացած սորտերն ու կլոնները, ինչպես նաև հայկ. նոր սորտերը: Հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (Ե., 1947 –1962, հ. 1–2) աշխատությունը, ուր նկարագրված են 247 տեղական հին և նոր,