Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասամբ նաև բերովի սորտեր: Հայկ. խաղողի 26 սորտեր նկարագրված են նաև Միջազգային գրանցման մատյանում, իսկ հայկ. խաղողի 21 հին և սելեկցիոն նոր սորտեր՝ «ՍՍՀՄ խաղողի լավագույն սորտերը» ալբոմում (Մ., 1972):


ԽԱՂՈՂԱԹԹՈՒ, C8H8O6•H2O, երկհիմն օրգանական թթու: Աջ (D) և ձախ (Լ) գինեթթուների ռացեմիկ խառնուրդն է: Անգույն բյուրեղներ են, լուծվում են ջրում, հողմահարվում՝ օդում: Անջուր խ. հալվում է 203–204°C-ում: Օպտիկապես ակտիվ չէ: Կոտորակային բյուրեղացումից ճեղքվում է աջ և ձախ գինեթթուների: Առաջանում է մեզոգինեթթվի հետ աջ գինեթթուն ալկալու լուծույթում տաքացնելիս: Ստացվում է աջ և ձախ գինեթթուների հավասար քանակով լուծույթները միմյանց խառնելիս: Կիրառվում է վերլուծական քիմիայում, ինչպես նաև գործվածքներ ներկելիս:


ԽԱՂՈՂԱՊՏՂԱԲՈՒԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Միկոյանի անվան, գտնվում է էջմիածնի շրջանում: Հիմնվել է 1921-ին: Ընդհանուր հողային տարածությունը 1033 հա է, որից գյուղատնտեսության մեջ օգտագործվում է 759 հա (այդ թվում խաղողի այգիներ՝ 350 հա, պտղատու այգիներ՝ 195 հա, վարելահողեր՝ 62 հա, արոտավայրեր՝ 152 հա):


ԽԱՂՈՂԻ ՈՂԿՈՒՅԶԱԿԵՐ (Polychrosis botrana), տերևաոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վտանգավոր վնասատու: Թևերի բացվածքը 10–13 մմ է: Տարածված է Արևմտյան Եվրոպայում, ՍՍՀՄ–ում՝ Ուկրաինայի հվ–ում, Կովկասում, Անդրկովկասում, Ն. Պովոլժիեում, Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում՝ բոլոր խաղողագործական շրջաններում, հատկապես՝ Արարատյան դաշտում: Թրթուռները մետաքսե ոստայնով պատում են ծաղկաբույլերը, ուտում ծաղկակոկոնները, ապա նաև՝ հատապտուղները: Վնասված պտուղները գորշանում, չորանում և թափվում են: Պայքարի միջոցները. լարային այգիների հիմնում, փայտե սյուների փոխարինում բետոնե սյուներով, այգիների սրսկում միջատասպան թունաքիմիկատներով, ագրոտեխնիկական միջոցառումներ:


ԽԱՂՏԻՔ, Խաղտյաց երկիր, Խաղտյաց աշխարհ, խաղտյաց գավառ, պատմական երկիր Փոքր Ասիայում, հին և միջին դարերում: Խ. հույները կոչել են խալիբ կամ Արմենոխալիբ, իսկ բնակիչներին՝ արմենոխալիբներ: Գտնվում էր Սև ծովի հվ–արլ. ափին: Խ–ի սահմանները եղել են հվ–ից՝ Բարձր Հայքի Սպեր, արլ–ից՝ Տայքի Ոքաղե և Արսեաց փոր գավառները, հս–արմ–ից՝ Պոնտական Կապադովկիան: Խ–ի տարածքը համապատասխանում է Լազիստանին (Թուրքիա): Խ. հս–ից շրջապատված է Պարխարի ու Համշենի, իսկ հվ–ից՝ Դերջանի լեռներով, որոնց միջև ընկած տարածքը կոչվել է նաև Խաղտո ձոր, որտեղից հոսում է Ճորոխ (Ակամսիս) գետը: Չնայած Խ. վարչականորեն չի մտել Մեծ Հայքի կազմի մեջ, բայց հնում որոշ ժամանակ ենթարկվել է հայկ. պետությանը և, սահմանակից լինելով Բարձր Հայք և Տայք նահանգներին, միշտ բնակեցված է եղել հայերով, ընդհուպ մինչև 1915-ի Մեծ եղեռնը: Արտաշեսյանների պետության վերացումից հետո Խ. ընկավ Պոնտոսի պետության, Սասանյան Պարսկաստանի և Հռոմի տիրապետության տակ: Այնուհետև Խ. տիրել են ՝բյուզանդացիները, սելջուկները, օսմանյան թուրքերը (XVI դ.): Հետագա դարերում այստեղ բնակվել են նաև թուրքեր: Հայ մատենագիրները, ի նկատի ունենալով Խ–ի խիտ անտառներն ու խոնավ կլիման, այն կոչել են «անլոյս երկիրն խաղտեաց»:

Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806, էջ 378-440:


ԽԱՂՏՅԱՅ ԼԵՌՆԵՐ, տես Լազիստանի լեռներ:


ԽԱՂՏՏՆԻԿՆԵՐ (Motacilla), ճնճղուկազգիների կարգի խաղտտնիկների ընտանիքի թռչունների սեռ: Փոքր չափի, երկար պոչով թռչուններ են: Խ–ի քաշը 20–25 գ է: Գունավորումը՝ սպիտակ, դեղին, մոխրագույն և սև երանգներով: Հայտնի է 11 տեսակ: Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում: ԱՍՀՄ–ում ապրում է 5 տեսակ, որից 3-ը՝ սպիտակ, դեղին և լեռնային, նաև ՀՍՍՀ–ում: Բնադրում են գետնին, շենքերի տանիքներին ու ճեղքերում, դնում են 4–6 ձու: Սնվում են միջատներով, դրանց հարսնյակներով, թրթուրներով, մանր խեցգետնակերպերով:


ԽԱՃԱՊՈՒՐԻՁԵ Գեորգի Վասիլիի (1892–1958), վրաց սովետական պատմաբան, ՍԱՀՄ ԳԱ թղթ–անդամ (1939), Վրացական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941): ՍՄԿԿ անդամ 1920-ից: 1918-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը, 1932-ից՝ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր: Գլխավորապես զբաղվել է Վրաստանի XIX–XX դդ. պատմության հարցերով: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Երկ, Борьба грузинского народа за ycтaновление Советской бласти, 3 изд., испр. и доп., М., 1956.


ԽԱՃԱՐ, Խաճառ, Կաճառ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, համանուն քաղաքից 12 կմ հեռավորության վրա: 1915-ին ուներ 26 տուն (206 շունչ) հայ բն.: Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Խ–ի քրդերը տեղահանվել են 1938-ին: Ներքին Խաճար և Վերին Խաճար անունով գյուղեր հիշատակվում են նաև Չարսանճագի Փերին գավառակում:


ԽԱՄ ՈՒ ԽՈՊԱՆ ՀՈՂԵՐ, բնական բուսական ծածկոցով, բոլորովին չհերկված (խոպան) կամ վարելուց ու մշակելուց հետո երկար ժամանակ անմշակ թողնված (խամ) հողեր: Դրանք հարուստ են հումուսով, ազոտով և հանքային այլ նյութերով, ամրացած են, ունեն լավ ստրուկտուրա, ինքնատիպ ջրային ռեժիմ: ՍՍՀՄ–ում Խ. ու խ. հ. կան Ղազախստանում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Մերձուրալյան շրջաններում, Մերձվոլգյան տափաստաններում, մասամբ՝ Հյուսիսային Կովկասում, Հեռավոր Արևելքում (մոտ 40 մլն հա): 1954-ի ՄՄԿԿ մարտյան պլենումը հացահատիկի արտադրությունը երկրում վճռականորեն բարձրացնելու նպատակով որոշում կայացրեց ընդլայնել հացահատիկի ցանքատարածությունն այս հողերի իրացման հաշվին: Միայն առաջին 2 տարվա ընթացքում իրացվեց 35 մլն հա հող: Առանձնացվում են խոպան հողերի հետևյալ տիպերը. 1. տափաստանային խոպան՝ սևահողերի և շագանակագույն հողերի սահմաններում, ունի համատարած բնական խոտածածկ: ՍՍՀՄ եվրոպական մասում այդպիսի խոպան հանդիպում է բացառապես արգելանոցներում: 2. Հվ. տափաստանների և կիսաանապատների խոպան հողեր, գտնվում են ուժեղ երաշտի, բաց շագանակագույն, գորշ և մոխրագույն հողերի շրջաններում, պատված են նոսր խոտային և կիսաթփուտային բուսականությամբ: Դրանցից կան Կենտրոնական և Հարավային Ղազախստանում, Միջին Ասիայում, Ադրբեջանական ՍՍՀ–ում, ՀՍՍՀ որոշ շրջաններում: Հողն այստեղ աղքատ է հումուսով, խոնավությունն անբավարար է: 3. Գետահովտային հողեր, հանդիպում են տարբեր բնական գոտիներում (մեծ մասամբ ոչ սևահողերում): Հարուստ են հումուսով, ունեն բավարար խոնավություն: Հաճախ ճահճացած են՝ ծածկված թփուտով և անտառով: Իրացման համար անհրաժեշտ է դրանք չորացնել և մաքրել ծառերից: 4. Տարբեր տիպի տորֆաճահճային հողեր, ընդարձակ զանգվածներ կան ՌՍՖՍՀ եվրոպական մասի ոչ սևահողային գոտում, Բելոռուսական ՍՍՀ–ում, Մերձբալթիկայում, Ուկրաինական ՄՄՀ–ում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Վրացական ՍՍՀ–ում (Կոլխիդա) և այլուր: 5. Անջրդի մարգագետիններ և արոտավայրեր, գտնվում են գլխավորապես ճահճա–պոդզոլային տիպի հողերի սահմաններում: 6. Մանրանտառով և թփուտներով պատված հողեր, մասամբ օգտագործում են որպես արոտավայր: Տարածված են Սիբիրի և Հեռավոր Արևելքի տայգայի ու ենթատայգայի շրջաններում: Խոպան հողերի ոչ մեծ զանգվածներ կան մերձարևադարձային պոդզոլների ու կարմրահողերի սահմաններում: ՀՍՍՀ–ում կան անմշակ կիսաանապատային, քարքարոտ հողեր և աղուտներ, որոնք աստիճանաբար բարելավվում են, ոռոգվում և մշակվում: Խ. Միրիմանյան.


ԽԱՄԱՐ ԴԱԲԱՆ, լեռնաշղթա Բայկալ լճի հարավային և հարավ–արնելյան ափերին, գլխավորապես Բուրյաթական ԻՍՍՀ–ում: Երկարությունը 350 կմ Է, բարձրությունը՝ մինչև 2370 մ: Հս. լանջերը կտրտված են կիրճերով և ծածկված սոճու–մայրու տայգայով, հվ. լանջերը՝ սոճու, կուենու անտառներով: 2000 մ–ից բարձր՝ լեռնատունդրային բուսականություն է:


ԽԱՄԼԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրգրումի վիլայեթի Դերջան գավառում: 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա–