Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՆԱՎ ԼԵՌՆԵՐ, լեռնաշղթա Հայկական ՍՍՀ հյուսիս–արեմուաքում։ Տես Ջավախքի Լեռնաշղթա։

Նկարում` Պարզագույն խոնավաչափ. 1. չոր ջերմաչափ, 2. թրջած ջերմաչափ, 3. գործվածք, 4. ջրով բաժակ

ԽՈՆԱՎԱՉԱՓ, հեղուկների, գազերի և պինդ մարմինների (այդ թվում՝ սորուն) խոնավությունը չափելու սարք։ Օդի խոնավությունը սովորաբար չափում են հիգրոմետրերով և պսիխրոմետրերով (նկ. )։ Հեղուկների (որոնց հիմնական բաղադրիչը ջուրը չէ, օրինակ, նավթի, ալկոհոլի) խոնավությունը չափելու համար կիրառվում են ծավալային և կոնդուկաոմետրական Խ–եր, որոնց աշխատանքը համապատասխանաբար հիմնված է հեղուկի դիէլեկտրիկ հաստատունի կամ դիէլեկտրիկ կորուստների և հեղուկի էլեկտրահաղորդականության որոշման վրա։ Պինդ մարմինների խոնավությունը չափելու համար կիրառվում են ծավալային, կոնդուկտոմետրական և ռադիոիզոտոպային, ինչպես նաև այնպիսի Խ–եր, որոնց աշխատանքը հիմնված է ջրի կազմի մեջ մտնող ջրածնի միջուկի կողմից ռադիոալիքների ռեզոնանսային կլանման երևույթի վրա։

ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, տես Ջրի շրջապտույտ։

ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՐԴ, օդերևութաբանական հասկացություն։ Տես Օդի խոնավություն։

Նկարում` ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՀԱՐԱՑՈԻՅՑ

ԽՈՆԱՐՀՈՒՄ, բայի այն ձևափոխությունը, որով արտահայտվում են գործողության ժամանակի, եղանակի, դեմքի, թվի, որոշ լեզուներում (հին հունարեն, լատիներեն) նաև կերպի կարգեր։ Խ–ման ձևերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Տարբեր լեզուներում բայի եղանակների և ժամանակների, հետևաբար, սրանց համապատասխան բայաձևերի, քանակը տարբեր է։ Արդի հայերենն ունի հինգ եղանակ, սրանցում բաշխված բացարձակ կամ իրադրական երեք գլխավոր ժամանակների (ներկա, անցյալ, ապառնի) և անցյալ ժամանակների նկատմամբ առնված հարաբերական ժամանակների բավականին ներդաշնակ համակարգ։ Հայերենի Խ–ման ձևերը կազմվում են բայի ներկայի և անցյալ կատարյալի հիմքերից։ Ըստ անորոշ դերբայի լծորդության՝ բայերը լինում են «ա» կամ «ե», արևմտահայերենում՝ նաև «ի» Խ–ման։ Ըստ ստորոգման բովանդակության Խ. լինում է դրական և ժխտական, ըստ կազմության օրինաչափությունների՝ կանոնավոր և անկանոն։ Խ–ման համակարգը պատմականորեն փոփոխվող երևույթ է։ Արդի արևելահայերենի Խ., առաջացած լինելով «ում» ճյուղի բարբառների Խ–ից, միաժամանակ գրաբարի Խ–ման պատմական զարգացման արդյունքն է։ Արևմտահայերենի Խ. որոշ կողմերով ավելի հարազատ է գրաբարին, քան արևելահայերենինը։ Գրաբարի Խ–մանը բնորոշ են բայաձևերի համադրական կազմությունը, եղանակա–ժամանակային ձևերի բազմիմաստությունը, այլաձևությունները։ Արևելահայերենի Խ. առավելապես դերբայական է, կանոնավոր և ունի եղանակա–ժամանակային իմաստների հատուկ տարբերակում։

Գրկ. Աճաոյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի…, հ. 4, գիրք 1 – 2, Ե., 1953–61։ Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։ Բարսեդյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Ե., 1953։ Աղայան Է., ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե., 1967։ Ջահուկյան Գ., ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, Ե., 1974։ Բարսեդյան

ԽՈՆԳԽԱ (Ցուանցզյան, Աոնգկոյ), Կարմիր գետ, Վիետնամում և Չինաստանում։ Երկարությունը 1183 կմ է, ավազանը՝ 158 հզ. կմ2։ Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից, թափվում Հարավ–Չինական ծովի Բակբո ծոցը։ Հիմնական վտակները՝ Լո և Դա։ Սնումը անձրևային է, վարարումը՝ ամռանը։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3800 մ3/վ է, առավելագույնը՝ մինչև 35 հզ. մ3/վ։ Տարեկան ծովն է հասցնում մոտ 130 մլն տ բերվածք, որը ջրին տալիս է կարմիր երանգ։ Օգտագործվում է ոռոգման համար։ Նավարկելի է մինչև Հանոյ (175 կմ՝ ծովից)։ Խ–ի վրա են Հակոու, Լաոկայ, Ենբայ, Հանոյ քաղաքները և Հայֆոն ծովային նավահանգիստը։

ԽՈՇԱԲ (պատմ. Հայոց ձոր), գետ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ավազանում։ Երկարությունը մոտ 113 կմ է։ Սկիզբ է առնում Աղբակի (Մենգենե) լեռների Ակունիք գագաթի արմ. լանջից, մոտ 2940 մ բարձրությունից, հոսում դեպի հս., ապա՝ արմ. և թափվում Վանա լիճը։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ մայիսին։ Խ–ի վրա կա ուրարտական ժամանակաշրջանում կառուցված ջրանցույց (Շամիրամի առու)։ Գ. Աբրահամյան

ԽՈՇԱԲ, Խոշապ, բերդ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբ գավառի կենտրոնում, համանուն գետի ափին։ Բերդն իր անունն ստացել է Խոշաբ գետի անունից։ XIII դ. արաբ մատենագիր Յակուտը Խ. հիշում է «Խավշաբ» ձևով՝ Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Բերդի շուրջը բերդաքաղաքն էր՝ երեք կողմից շրջապատված լեռներով։ XIX դ. կեսին կանգուն էին միայն աշտարակները։ Մինչև 1850-ական թթ. Խ. բերդաքաղաքն ունեցել է մոտ 1500 ընտանիք, որից 1000-ը՝ հայ։ Մինչև 1847-ը այդտեղ ապրում էին նաև քուրդ կիսանկախ բեկեր, սակայն հենց այդ նույն տարին թուրք. կառավարությունը, գրավելով բերդը՝ վերացրեց նրանց կիսանկախ հյուքումեթությունը։ Խ–ի հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, իսկ քրդերը՝ անասնապահությամբ։ Խ–ում կար երկու հայկ. եկեղեցի, որոնք հայերի հեռանալուց հետո ավերվել են։ XX դ. սկզբին Խ. ամայացել է։ Այնտեղ ապրում էր ընդամենը 40 տուն քուրդ։ Ավերվել է նաև Խ–ի բերդը։

Նկարում` Խոշաբի բերդը

ԽՈՇԳՅԱԼԴԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

ԽՈՇԽԱՊԵՐ, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Երևանի նահանգի Սուրմալու գավառում։ XX դ. սկզբին ուներ 617 (92 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ։

ԽՈՇՄԱԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, համանուն քաղաքից 6 կմ հյուսիս–