Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

միջուկային էներգետիկայի կարևորագույն բաղադրիչի՝ դեյտերիումի ստացման համար։ Հեղուկ ջրածնով և քսենոնով է լցվում բշտիկային խցիկների աշխատանքային ծավալը։ Հեղուկ հելիումը, ջրածինը և նեոնը կիրառվում են կրիոգենային վակուումային տեխնիկայում։ Տարբեր միջավայրերի Խ. ս–ման համար ավելի ու ավելի լայն տարածում են գտնում միկրոկրիոգենային սառեցնող հարմարանքները։ Հեռանկարային է Խ. ս–ման կիրառությունը էներգետիկայում։ Էլեկտրական տուրբոգեներատորների, էլեկտրաշարժիչների, տրանսֆորմատորների, մագնիսների և էներգիայի կուտակիչների սառեցումը հնարավորություն է տալիս մի քանի (5–6) անգամ փոքրացնել այդ մեքենաների զանգվածն ու չափերը, ավելացնել հզորությունը, կտրուկ նվազեցնել էլեկտրական դիմադրությունը (մինչև 800 անգամ)։ Խիստ հեռանկարային է հեղուկ գազերի օգտագործումը էլեկտրաքիմիական գեներատորներում, բժշկության և կենսաբանության մեջ։

Նկարում` Խոր Վիրապ վանքի ընդհանուր տեսքը հյուսիս–արեմուտքից, աջից՝ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապի վրա XIII դ. կառուցված մատուռը

ԽՈՐ ՎԻՐԱՊ, Խոր վիրապ, Վիրապ, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք–ամրոց Արարատի շրջանի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խ. վ–ի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք–ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները։ Մոտ 642-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտ. Մ. Մնացականյանի կարծիքով, X դ. արաբ պատմիչ Ալ–Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4,4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արմ–ից կից է զանգակատունը։ Եկեղեցին կառուցվել է XVII դ. վերջին, արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ Խ. Վ–ի վանքը եղել է դպրության կենտրոն XIII դ. ունեցել է վարդապետարան՝ մոտ 40 աշակերտով, ուսուցչապետն էր Վարդան Արևելցին, սաներից են եղել Հովհաննես Երգնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խ. Վ–ի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890, էջ 435-440։

ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ԴՊՐՈՑ, վանական բարձր տիպի դպրոց։ Գործել է պատմական Արտաշատի միջնաբերդում կառուցված նույնանուն վանքում։ Որպես գրչության կենտրոն կապվում է Վարդան Արևելցու ուսուցչական գործունեության հետ, որը Խոր Վիրապ է եկել 1260-ական թթ. և գլխավորել Հայոց վարդապետական դպրոցը։ Ըստ վկայությունների՝ դպրոցում սովորում էր 40-ից ավելի աշակերտ, նրանցից նշանավոր են Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Ակեռացին (Լամբրոնացի), Գրիգոր Բջնեցին և ուրիշներ։ Խ. Վ. դ–ից մեզ են հասել մեկտասնյակից ավելի ձեռագրեր. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են պահվում՝ № 3082 (1267, գրիչ՝ Գևորգ Ակևռացի), № 5413 (1663, գրիչ՝ Մուրատ դպիր), № 6752 (գրիչ՝ Մուրատ դպիր), № 7044 (1774, գրիչ՝ Գրիգոր Սյունեցի) ևն։

Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, Կահիրե, 1946։ Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958։ Ա. Մաթևոսյան

ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՄԱՐՄԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍԱՀ Արարատի շրջանում, Արարատ երկաթուղային կայարանից 17 կմ հյուսիս–արևմուտք։ Հայտնի է 1932-ից, մանրամասն հետախուզվել է 1953-ին։ Շահագործվում է 1954-ից՝ բաց եղանակով։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում առկա են վերին դևվոնի քվարցիտները և ստորին կարբոնի մարմարներն ու մանրացված կրաքարերը։ Մարմարները տեղադրված են անտիկլինալ ծալքի հվ–արմ. թևում։ Արդյունավետ շերտի հզորությունը հասնում է 50 մ։ Մարմարի առանձին ենթաշերտեր (հզորությունը՝ 0,3–1,5 մ) թեքված են հորիզոնի նկատմամբ 25–40° անկյան տակ և հետազոտված հորատանցքերով մինչև 120 մ խորությունը։ Ըստ գույնի առանձնացվում են գորշ, մուգ գորշ և սև մարմարներ։ Քիմ. կազմով մարմարի բոլոր տեսակները միասեռ են և պարունակում են միջին հաշվով 95% CaCC3։ Սղոցված սալերի հղկված մակերևույթների վրա, սպիտակ և գունավոր կալցիտային երակիկների շնորհիվ առաջանում են գեղեցիկ պատկերներ։ Բարձր դեկորատիվությամբ աչքի են ընկնում հատկապես սև և մուգ գորշ մարմարները, որոնք կիրառվում են շենքերի և այլ կառույցների ինտերիերների երեսպատման համար։ Հանքավայրի պաշարները կազմում են շուրջ 1 մլն 288 հզ. մ3։

ԽՈՐ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, խորատիպ, տպագրության տեսակ, երբ տպաձևի տպագրվող տարրերը խորացված են։ Որքան խոր են տպագրվող տարրերը, այնքան շատ ներկ է տպաձևից անցնում թղթի վրա, և այնքան մուգ է ստացվում պատկերի այս կամ այն հատվածը։ Խ. տ. հիմնականում կիրառում են նկարազարդ հանդեսներ և մեծ քանակությամբ նրբերանգային պատկերներով այլ հրատարակություններ տպագրելու համար։

ԽՈՐԱ ԱՆԱՊԱՏ, խորին անապատ, XIII դարի Կիլիկիայի նշանավոր վանքերից։ Գտնվում էր Բարձրբերդի և Լևոնիբերդի միջև։ Նորոգել է Կոստանդինի որդի Թորոս իշխանը։ Այժմ ավերակ է։

ԽՈՐԱԳԻՐ (վերտառություն, վերնագիր), որևէ գրվածքի, գրքի կամ նրա մի մասի անվանումը։ Հնում ձեռագրի միայն անունն էր դրվում սկզբում՝ մեծ մասամբ կամարաձև կամ խորանաձև զարդանկարի մեջ։ Այստեղից էլ՝ խորանագիր, խորագիր։ Խ. են նաև դրամների մակագրությունները, հաստատությունների ու հիմնարկների բլանկների, պայմանագրերի, գրագրությունների համար պատրաստված թերթիկների վերևում գրված մասը, որտեղ նշվում է հիմնարկի անունը, հասցեն, հեռախոսը։ Տես նաև Վերնագիր։

ԽՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՅՔ, Մեծ Հայքի Տայք նահանգի անվանումը բյուգանդական տիրապետության ժամանակ՝ VI դարի վերջից մինչև արաբական նվաճումը (VII դ. կես)։ Նախկին Պարսկահայաստանի մեծ մասը գրաված հայկ. մարզերում բյուգանդական Մորիկ կայսեր կատարած վարչական նոր բաժանումներից երկրամասերն ու գավառներն ստացան նոր անվանումներ, մասնավորապես Տայքը կոչվեց «Խորագույն Հայք»։ Ռ. Մաթևոսյան

ԽՈՐԱԼ (լատ. choralis – երգչախմբային, երգչախմբի հատկացված), կաթոլիկական եկեղեցում կրոնական երգասացությունների տեսակ՝ Աստվածաշնչից քաղված խոսքերով. Գրիգորյան խ–ում՝ լատիներեն, բողոքական խ–ում՝ որևէ տեղական (օրինակ, գերմաներեն) լեզվով։ Երգվում է միաձայն՝ ակապելլա խմբով, բողոքականը՝ քառաձայն, երգեհոնի նվագակցությամբ։ Գրիգորյան խ. քրիստոնեական բազմաթիվ երգասացությունների ընտրության և վերամշակման արդյունք է, իրականացվել է Հռոմում, VII դ. 2-րդ կեսին (ավանդաբար վերագրվում է Գրիգոր Ա պապին, թեև սա մահացել է 604-ին) և դարձել կաթոլիկական եկեղեցու երաժշտության հիմքը։

ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ, XIII դարի ճարտարապետական հուշարձանախումբ Թումանյանի շրջանի Չանախչի գյուղի մոտ՝ տեղադրված Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը ենթադրել են տալիս, որ այդտեղ է եղել խորակերտ կամ խոռա–