Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿՈՒՇ (Kusch), Կաշ, Պոլիկարպ (ծն.1911 թ. հունվարի 26, Բլանկենբուրգ, Գերմանիա - 1993 թ. մարտի 20, Դալլաս, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան ֆիզիկոս: Ավարտել է Քլիվլենդի տեխնոլոգիական ինստիտուտըը (1931 թ.): 1946 թ.-ից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1949 թ.-ից՝ պրոֆեսոր): Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային: Ատոմային փնջերում մագնիսական ռեզոնանսի մեթոդի օգնությամբ ստացել է էլեկտրոնի սեփական մագնիսական մոմենտի արժեքը, որը մեծ ճշտությամբ համապատասխանում է ժամանակակից քվանտային էլեկտրադինամիկայի հիման վրա հաշվարկված տեսական արժեքին: Արժանացել է նոբելյան մրցանակի (Ու. Լեմբի հետ, 1955 թթ.):

ԿՈՒՇԻՆԳ (Cushing) Հարվի Ուիլյամ (1869 թ. ապրիլի 8, Կլիվլենդ – 1939 թ. հոկտեմբերի 7, Նյու Հեյվեն), ամերիկացի նյարդավիրաբույժ, Ամերիկայի ԳԱ (1914 թ.) և Նյու Յորքի բժշկական ակադեմիայի (1926 թ.) անդամ: Բժշկական կրթությունն ստացել է Հարվարդի համալսարանում (Բոստոն): Աշխատանքները հիմնականում վերաբերում են գլխուղեղի վիրաբուժության, հատկապես էլեկտրավիրաբուժության հարցերին: Կուշինգն ապացուցել է, որ ներգանգային հեղուկի ճնշման բարձրացումը հանգեցնում է անոթային ճնշման կոմպենսատոր բարձրացման («Կուշինգի օրենք»): Նկարագրել է հիպոֆիզի բազոֆիլային ադենոման («Կուշինգի հիվանդություն»):

ԿՈՒՇԻՆԿԱ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 44կմ հարավ: Բնակչությունն զբաղվում է փայտամշակությամբ: Ունի ութամյա դպրոց: Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1895 թ.-ին:

ԿՈՒՇԿԱ, քաղաք (1967 թ.-ից) Թուրքմենական ՍՍՀ Մարիի մարզում: Գտնվում է Կուշկա գետի հովտում: Կուշկայով է անցնում Մարի–Կանդահար (Աֆղանստան) ավտոճանապարհը: Մարիի երկաթուղագծի վերջին կայարանն է: 5,3 հազ. բնակիչ (1973 թ.): Կուշկայի շրջանում է ՍՍՀՄ ծայր հարավային կետը:

ԿՈՒՇՉԻ (մինչև 1936 թ.-ը՝ Խաչակապ), հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Դաշքեսանի շրջանում, Կոշկարչայ գետի հովտում, շրջկենտրոնից 6,5կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 3 գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ, մանկամսուր: Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և Թարգմանչաց վանքի կենտրոնական շինությունը (10-րդ դ.): Կուշչիում է ծնվել գեներալ–մայոր, Սովետական Միության հերոս Գ. Բաղյանը:

ԿՈՒՇՉԻ ԱՐՄԱՎԻՐ (մինչև 1936 թ.-ը՝ Խաչակապ), հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանում, Քյուրակչայ գետի աջ ափին, շրջկենտրոնից 22կմ հարավ–արևելք: Միավորված է Մարտունաշենի սովետական տնտեսությանը: Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ: Հիմնադրել են Դաշքեսանի շրջանի Կուշչի գյուղից եկած հայերը, 1888 թ.-ին:

ԿՈՒՇՏՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում: 1909 թ.-ին ուներ 249 (27 ընտանիք) բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԿՈՒՉԵՐՈՎ Միխայիլ Գրիգորևիչ (1850–1911 թթ.), ռուս քիմիկոս–օրգանիկ: 1871 թ.-ին ավարտել է Պետերբուրգի երկրագործության (1877 թ.-ից՝ անտառային) ինստիտուտը և աշխատել այդ տեղում մինչև 1910 թ.-ը: Հիմնական աշխատանքները նվիրված են չհագեցած ածխաջրածինների ուսումնասիրությանը: 1881 թ.-ին հայտնաբերել է հետագայում իր անունը կրող ռեակցիան (տես Կուչերովի ռեակցիա), որի համար արժանացել է (1885 թ.) Ռուսաստանի ֆիզիկա–քիմիական ընկերության մրցանակին:

Գրականություն՝ Есафов В.И., М.Г. Кучеров, М., 1972.

ԿՈՒՉԵՐՈՎԻ ՌԵԱԿՑԻԱ, ացետիլենային միացությունների հիդրատացմամբ կարբոնիլային միացությունների ստացման եղանակ: Ացետիլենի հիդրատացումից ստացվում է քացախալդեհիդ, իսկ տեղակալված ացետիլեններից՝ գլխավորապես կետոններ.

H2O

HC≡CH [CH2= CHOH]

→CH³CHO;

H2O

RC≡CH [RC(OH)= CH2]→

RCOCH³

Կուչերովի ռեակցիան կատալիզվում է սնդիկի (Hg2+) աղերով: Ռեակցիան հայտնագործել է Մ. Գ. Կուչերովը, 1881 թ.-ին:

ԿՈՒՉԻՆՍԿԻ (Kuczynski) Յուրգեն (1904 թ. սեպտեմբերի 17, Էլբերֆելդ, Գերմանիայի կայսրություն - 1997 թ. օգոստոսի 6, Բեռլին, Գերմանիա), գերմանացի (ԳԴՀ) տնտեսագետ, պատմաբան և հասարակական գործիչ: Քաղաքատնտեսության պրոֆեսոր Բեռլինի համալսարանում (1946 թ.), Գերմանիայի ԳԱ անդամ (1955 թ.) Բեռլինում: ԳՍՄԿ անդամ 1946 թ.-ից: ԳԴՀ Ազգային մրցանակի դափնեկիր (1949 թ.): Հիմնական աշխատությունները վերաբերում են կապիտալիզմի պայմաններում բանվոր դասակարգի կենսամակարդակի բնութագրմանը, կապիտալիստական շահագործման էության ու մեթոդների բացահայտմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը, Գերմանիայի տնտեսության պատմությանը:

ԿՈՒՊԱԺ, կուպաժավnրում (ֆրանսերեն coupage), որոշակի հարաբերությամբ տարբեր գինիների խառնում՝ գինու որակը բարելավելու, թերություններն ուղղելու, որոշակի տիպի և բաղադրության գինիներ ստանալու, մեծ քանակությամբ միասեռ գինիներ թողարկելու համար: Կուպաժը գինեգործից պահանջում է մեծ փորձ և հմտություն: Կատարվում է գինենյութի յուրաքանչյուր նմուշի ֆիզիկաքիմիական անալիզների և դեգուստացիոն գնահատականի տվյալների հիման վրա: «Կուպաժ» տերմինը կիրառվում է նաև սննդի արդյունաբերության այլ ճյուղերում:

ԿՈՒՊԱԼԱ Յանկա [իսկական անուն–ազգանունը՝ Իվան Դոմինիկովիչ Լուցևիչ, 1882 թ. հունիսի 25 (հուլիսի 7), Վյազինկա – 1942 թ. հունիսի 28, Մոսկվա], բելոռուս սովետական բանաստեղծ, ԲՍՍՀ ժողովրդական բանաստեղծ (1925 թ.), ԲՍՍՀ (1928 թ.) և ՈւՍՍՀ (1929 թ.) ԳԱ ակադեմիկոս: Բելոռուսական նոր գրականության հիմնադիրը (Յա. Կոլասի հետ): Սերտորեն կապված է եղել ժողովրդական զանգվածների հեղափոխական ազատագրական շարժման հետ («Սրինգ», 1908 թ., «Տավղահարը», 1910 թ., «Կյանքի ճանապարհով», 1913 թ., բանաստեղծությունների ժողովածուներ, «Հնամենի երգ», 1910 թ., «Նա և ես», 1913 թ., «Առյուծի գերեզմանը», 1913 թ., քնարաէպիկական ու դրամատիկական պոեմներ, «Պավլինկա», 1913 թ., «Ավերված բույնը», 1919 թ., պիեսներ): Սովետական շրջանում պատկերել է բելոռուս ժողովրդի կյանքի արմատական փոփոխությունները. «Ժառանգություն» (1922 թ.), «Շքանշանակիր Բելոռուսիային» (1937 թ.), «Սրտաբուխ ձայնով» (1940 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.) և այլ ժողովածուներ, «Օրեսա գետի վրա» (1933 թ.), «Տարասի բախտը» (1939 թ.) պոեմները և այլն: 1941–1945 թթ.-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասսայականություն են վայելել Կուպալայի հայրենասիրական հրապարակախոսությունը և կրակոտ բանաստեղծությունները: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: 1945 թ.-ին Մինսկում բացվել է Կուպալայի թանգարանը:

Երկեր՝ Հատընտիր, Ե., 1951:

ԿՈՒՊԵՐ (Cooper) Գորդոն (1927 թ. մարտի 6, ք. Շոնի, Օկլահոմայի նահանգ - 2004 թ. հոկտեմբերի 4, Վենտուրա, Կալիֆորնիա, ԱՄՆ), ԱՄՆ–ի տիեզերազնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ: Ավարտել է ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը (1956 թ.), փորձարկող օդաչուների դպրոցը (1957 թ.): ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1959 թ.-ից: Առաջին թռիչքը կատարել է 1963 թ.-ի մայիսի 15– 17-ը, «Մերկուրի» տիեզերանավով, որը Երկրի շուրջը պտտվել է 22 անգամ՝ անցնելով 879 հազ. կմ: 1965 թ.-ի օգոստոսի 21–29-ին Կուպերը երկրորդ թռիչքը կատարել է Չ. Կոնրադի հետ, որպես «Ջեմինի–5» տիեզերանավի հրամանատար: Տիեզերանավը Երկրր շուրջը կատարել է 120 պտույտ, անցել 5,3 մլն կմ:

ԿՈՒՊԵՐ (Cooper) Լեոն (ծնված 1930 թ. փետրբարի 28, Նյու Յորք), ամերիկացի ֆիզիկոս–տեսաբան: Ավարտել է Կոլումբիայի համալսարանը (1951 թ.): 1954–1955 թթ.-ին աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, 1955–1957 թթ.-ին՝ Իլինոյսի, 1958 թ.-ից՝ Պրովիդենսի Բրաունի համալսարաններում: Զարգացրել է գերհաղորդականության միկրոսկոպիկ տեսությունն իր այն վարկածի հիման վրա, ըստ որի՝